Լրահոս
Հայաստան
13:27
10.08.21
60

Նոյեմբերի 9-ը՝ Արարատ Միրզոյանի վրա հարձակման օրը չէ, այլ հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական օրերից մեկն է․ Սաղաթելյանը՝ իշխանությանը

Img default alt hy

ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի խոսքով, իշխանության ներկայացուցիչները ԱԺ ամբիոնից ասում են. Արցախը նախկիններն են հանձնել ու  իրենք կապ չունեն այդ ամենի հետ։

«Մենք ասում ենք՝ թշնամին երկու ուղղություններով մտել է Հայաստանի ինքնիշխան տարածք,  վտանգված է մեր երկրի տարածքային ամբողջականությունը, գալիս կանգնում եք այս ամբիոնի մոտ և ասում եք՝ դուք 2010 թվականին ինչ-որ վարչատարածքային բաժանումներով այդ տարածքները տվել եք Ադրբեջանին, բա եղա՞վ, ինչքա՞ն կարելի է մարդկանց ձեռք առնել»,- նկատեց Սաղաթելյանը:

Սաղաթելյանը ընդգծեց, որ ընդդիմությունը խոսում է բանակի բարեփոխումներից ու երկրի առաջ ծառացած խնդիրներից, իսկ իշխանությունները՝ մարտի 1-ից ու հոկտեմբերի 27-ից:

«22 տարի առաջ այս դահլիճում տեղի է ունեցել ողբերգություն։ Հետաքրքիր զուգատիպությամբ շատ պաշտոնյաներ, որոնք այն ժամանակ պաշտոնի էին, հիմա էլ են պաշտոնյա՝ Անդրանիկ Քոչարյան, Գագիկ Ջհանգիրյան, Վաղարշակ Հարությունյան»,- ասաց Սաղաթելանն ու  շեշտեց, որ այն ժամանակ էլ և այսօր՝ իրենք իշխանության են և կարող էին բացահայտել թե՛ հոկտեմբերի 27-ը, թե՛ մարտի 1-ը:

«Կա՞ ձեզանից որևէ մեկը, որ կարող է գա այս ամբիոնին կանգնի, պատասխանատու կերպով մեզանից որևէ մեկին մեղադրի «հոկտեմբերի 27»-ի կամ «մարտի 1»-ի համար: Օդի մեջ չէ, փաստերով է»,- ասաց ԱԺ փոխնախագահը։

Եզրափակելով իր ելույթը, Սաղաթելյանն անդրադարձավ Ռուբեն Ռուբինյանի՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կապիտուլացիա չհամարելու մասին կոչին ու ասաց, որ նոյեմբերի 9-ը՝  Արարատ Միրզոյանի վրա հարձակման օրը չէ, այլ հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական օրերից մեկը։