Լրահոս
Մամուլի տեսություն
16:11
25.10.21
53

Նոր օրենքը սահմանափակում է խոսքի ազատությունը. Լրագրողական միջազգային կազմակերպությունները միանում են ՀԺՄ պահանջին

Img default alt hy

2021 թվականի հոկտեմբերի 5-ին Հայաստանում ուժի մեջ մտավ մի նոր օրենք՝ բարձրացնելով «վիրավորանքի» և «զրպարտության» համար նախատեսված  տուգանքների առավելագույն շեմը նախկինից երեք  անգամով:  Լրագրողների միջազգային ֆեդերացիան (IFJ)  և Լրագրողների եվրոպական ֆեդերացիան (EFJ) միացել են իրենց  գործընկեր  Հայաստանի ժուռնալիստների միությանը (UJA)՝ դատապարտելով այս օրենքը և դրա ազդեցությունը խոսքի ազատության իրավունքի վրա։

Զրպարտության մասին օրենքն ընդունվել է Ազգային ժողովի կողմից 2021 թվականի մարտին՝ այն բանից հետո, երբ  Ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատերերից մեկը վարչապետի նկարի ներքո մեկնաբանություն էր հրապարակել, որը դիտարկվել էր՝ որպես վիրավորական: Օրենքը  ՀՀ Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչեց այս ամիս: Այն սահմանում է, որ «վիրավորանքի» համար առավելագույն տուգանքը կկազմի 5400 եվրո, իսկ «զրպարտության» համար՝ գրեթե 11 հազար եվրո:

Սույն օրենքը ՍԴ էր ուղարկվել այն բանից հետո, երբ նախագահ Արմեն Սարգսյանը մերժել էր այն ստորագրել՝ օրենքի սահմանադրականության և մամուլի ազատության վրա դրա հնարավոր ազդեցության վերաբերյալ մտահոգություններ հայտնելուց հետո։ «Այս օրենքն ակնհայտորեն սահմանափակում է խոսքի ազատության իրավունքը, որը ժողովրդավարության ամենակարևոր հիմնասյուներից է, դրա զարգացման և յուրաքանչյուր անձի ինքնադրսևորման հիմնական պայմաններից մեկը»,- հայտարարության մեջ նշել է Հայաստանի ժուռնալիստների միությունը:

Հայաստանի Ժուռնալիստների միությունը բազմիցս զգուշացրել է օրենքի հետևանքների մասին և իր մտահոգությունը  հայտնել լրատվամիջոցների նկատմամբ դրա ազդեցության վերաբերյալ: ՀԺՄ-ն հավելել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նախատեսում է նման տուգանքներ նշանակելիս երկրի և մեղադրյալների տնտեսական վիճակը հաշվի առնելու անհրաժեշտություն։

IFJ-ի գլխավոր քարտուղար Էնթոնի Բելանջերն ասել է.

«Մենք ՀԺՄ-ի կողքին ենք  ընդդեմ մի օրենքի, որն ունի հստակ քաղաքական նպատակ և դրամատիկ հետևանքներ կունենա մամուլի և լրատվամիջոցների աշխատողների վրա»:

EFJ գլխավոր քարտուղար Ռիկարդո Գուտիերեզն իր հերթին նշել է.

«Այլ երկրների փորձառությունից մենք գիտենք, որ նման բարձր տուգանքները օգտագործվում են լրագրողներին վախեցնելու և լռեցնելու համար։ Մենք խստորեն կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին վերանայել օրինագիծը՝ մեր գործընկերների հետ երկխոսելով»: