Լրահոս

2022-02-10
  • Img default alt hy
    Հայաստան
    Շղթայական ավտովթար Սյունիքում. բեռնատարի կցորդիչը կախվել է դեպի ձորը
    Սյունիքի մարզի Ծղուկ գյուղի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել ձորի եզրին` երթևեկությունը դարձելով միակողմանի: Տեղեկությունը հայտնում են ԱԻՆ–ից։ Այսօր` ժամը 12:36-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել ՃՏՊ–ի մասին։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Բոչկայի ձոր» կոչվող տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է մոտ 6 ավտոմեքենա, ինչի հետևանքով «Volvo» մակնիշի բեռնատարի (վարորդ՝ Ն. Ա.) կցորդիչը կախվել է դեպի ձորը։ Մոտակայքում մոտ 60 տրանսպորտային միջոց արգելափակվել է։ Տուժածներ չկան: Փրկարարները ոստիկանության և ՃՇՇ-ի աշխատակիցների հետ «Volvo» մակնիշի բեռնատարը դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված, արգելափակումից դուրս բերել 68 ավտոմեքենա և 15 քաղաքացու տեղափոխել Գորայքի ժամանակավոր հենակետ։ Երկկողմանի երթևեկությունը վերականգնվել է։
    22:35
    10.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Օդի ջերմաստիճանը փետրվարի 11-ին կբարձրանա 4-6 աստիճանով
    Հանրապետության տարածքում փետրվարի 11-ի գիշերը լեռնային առանձին շրջաններում և լեռնանցքներում սպասվում է բուք։ Փետրվարի 11-ին, 14-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով: Փետրվարի 12-13-ը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վ: Փետրվարի 13-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 11-13-ի ցերեկը 4-6 աստիճանով կբարձրանա: Մայրաքաղաքում փետրվարի 11-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
    22:25
    10.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սալեմի վհուկները և հարեմի դատավորները․ Վահե Հովհաննիսյան
    Պատմությանը հայտնի ամենաողբերգական դատավարությունների շարքում 1692-1693 Սալեմ քաղաքում(ներկայիս ԱՄՆ տարածքում) վհուկների դատավարությունը մի քանի պատճառով իր ուրույն տեղն ունի։ Դատավորները 20 մարդու մահապատժի են ենթարկել, մոտ 200-ին կալանավորել, բանտարկության ընթացքում նրանց մի մասը մահացել է։ Հարյուրներով ենթարկվել են կտտանքների և խոշտանգումների։ Խորհուրդ կտամ այսօրվա մեր դատավորներին, դատախազներին, ԲԴԽ-ներին, վարչապետի օգնականներին՝ կարդալ այս պատմությունը։ Պատմությունը սկսվել է, երբ քաղաքի քահանայի դուստրերը հիվանդացել են այն ժամանակ գիտությանն անհայտ մի հիվանդությամբ, հետո հիվանդացել են ուրիշները։ Բժիշկը, անծանոթ հիվանդությունը չհասկանալով, հայտարարել է, որ դա հիվանդություն չէ, այլ այդ մարդիկ ենթարկվել են Սատանայի ներգործությանը. Նրանք վհուկներ են։ Եվ այդպես սկսվել է անմեղ, պարզապես հիվանդ մարդկանց դատավարությունը, տանջանքները և մահապատիժները։ Մի քանի տարի անց՝ 1697 թվականին, դատավորներն ընդունել են իրենց մեղքը, և որոշումները ճանաչվել են անվավեր։ Հետագայում այս դատավարությունը հեղինակավոր պատմագրի կողմից համարվել է այն ժայռը, որի վրա ջախջախվեց թեոկրատիան։ Այսօրվա Հայաստանում ընթացող դատավարությունները իրենց այլանդակությամբ քիչ են տարբերվում այս պատմությունից, պարզապես 21-րդ դար է և մահապատժի փոխարեն զանգվածաբար օգտագործվում են կալանքը՝ որպես խափանման միջոց և քրեական գործերը՝ որպես ընդդիմախոսներին ճնշելու եղանակ։ Ի՞նչ տարբերություն Սալեմի բժշկի «ախտորոշման» և այսօրվա հրահանգների միջև։ Ի՞նչ տարբերություն Սիլվայի ցուցմունքների և Սալեմի վկաների միջև, որոնք ասում էին, թե տեսել են՝ ինչպես է Սատանան այցելում հիվանդ մարդկանց։ Ի՞նչ տարբերություն 1692 թվականի դատավորների և 2022-ի դատավորների միջև, որոնք անում են այն ամենը, ինչը նրանց հրահանգվում է՝ առանց մասնագիտականամոթի և մարդկային խղճի խայթի։ Ի՞նչ տարբերություն օրենքից խոսող ԲԴԽ-ի, Արդարադատության նախարարության և 1692-ին Աստծո անունից խոսող ու մարդկանց տանջամահ անող արդարադատների միջև։ Այնուհանդերձ, մի տարբերություն կա։ 1692-ին հնարավոր չէր ունենալ Ալեքսանդր Ազարյան ,Դավիթ Գրիգորյան, Արսեն Նիկողոսյան, Դավիթ Բալայան, Զարուհի Նախշքարյան, Բորիս Բախշիյան, Արման Հովհաննիսյան, Սերժիկ Ավետիսյան, Վազգեն Ռշտունի, Վահե Միսակյան, Դավիթ Հարությունյան, Սերգեյ Մարաբյան, Վարդան Գրիգորյան, Հարություն Մանուկյան, Տաթևիկ Գրիգորյան, Արշակ Վարդանյանի նման դատավորներ։1692-ին չկար ընտրության հնարավորություն, իսկ հիմա կա։ Հետևաբար՝ կրկնակի անգամ ծանրանում է կամակատար դատավոր լինելու մեղքը։ Ի՞նչ տարբերություն դատական օրենսգիրքը և մյուս օրենքները սեփական շահերին մեկ վայրկյանումհարմարացնելու՝ այսօրվա մոլուցքի և 1692-ին վհուկների անվան տակ այլանդակությունների։ Տարբերությունն այն է, որ այսօր դարն ավելի լուսավոր է, և բոլոր նման քայլերն արվում են ի սկզբանե սեփական հանցանքի գիտակցմամբ, այնպես որ, եթե Արդարադատության նախարարությունում այսուհետ Նիկոլի 3D նկարն էլ դնեն, միևնույն է, կատարողները չեն դառնալու ավելի ազնիվ և ավելի արդար։ Մղձավանջի վերջը Բոլոր այլանդակությունները, անօրինականությունների բոլոր փուլերը մի օր վերջանում են։ Ի՞նչ, ի՞նչ կորուստների և տառապանքների գնով, դա այլ հարց է։ Ո՞ր դատով, ո՞ր ողբերգությունից հետո կավարտվի այս փուլը դժվար է ասել։ Երբ դատում էին Քոչարյանին և գեներալներին, ասում էինք, որ սա բերելու է մեծ աղետի։ Լսող չեղավ, աղետը եկավ, սարսափելի աղետը, բայց էլի կա Նիկոլը, նրա դատախազները,նրա ՀՔԾ-ն, նրա դատավորները կան։ Ո՞ր ողբերգությունն է այն ժայռը, որի վրա փլուզվելու է այսօրվա մղձավանջը։ Նրանց հռչակած պետությունը՝ «Նոր Հայաստանը», վաղուց փլուզվել է, բայց նրանք դեռ կան։ Հաց բերողի մահվան պատճառ դարձած դատաիրավական բարձրաստիճան պաշտոնյաները 2018-ից հետո սահուն սկսեցին սպասարկել« Նոր Հայաստանին», բոլոր այն դատավորները, որոնք տասնամյակներ շարունակ այլանդակ վճիռներ են կայացրել, 2018-ից հետո սկսեցին սպասարկել նորերին։ Նիկոլին դատողը դարձել է Նիկոլի համար դատող։ Մի տեղ այդ շղթան պետք է կտրվի։ Եվ երբ ես ասում եմ, որ մեզ հաջողության համար պետք է ոչ թե գոռգոռոց,այլ՝ քաղաքական բովանդակություն, նաև այս թեզը նկատի ունեմ. դատաիրավական համակարգի բոլոր՝ անօրինականություններ թույլ տված ներկայացուցիչները պատասխանատվության են ենթարկվելու։ Սա սկզբունքային բովանդակային թեզ է։ Հակառակ դեպքում հաջորդ իշխանության օրոք էլ կկախեն հաջորդ ղեկավարի նկարը, և այլանդակությունները կշարունակվեն։ Ինչ-որ մի պահից մեր երկրում պետք է հստակություն մտնի. կան բաներ, որ չի կարելի անել, որ անպատիժ չի կարող մնալ։ Սալեմի դատավարությունը միմիստիկ-խորհրդանշական պատմություն էլ ունի։ Կախաղան բարձրացողներից մեկը կյանքի վերջին վարկյաններին դիմել է դատավարությա ն առանցքային դեմքերից մեկին՝ ասելով. «Դու ստախոս ես... զրկիր ինձ կյանքից, և Աստված քեզ կպատժի արյունով»։ Տարիներ անց մարգարեությունը կատարվում է. անմեղ մարդկանց դատապարտած անձըմահացել է գլխուղեղի արյունահոսությունից՝ սեփական արյան մեջշաղախվելով։ Սա կարող է լեգենդ համարվել, սակայն կա արյան ու տառապանքի մի ծավալ, որը մշտապես բերում է պատասխան պայթյունի, սա գրեթե ֆիզիկա է։ Այսօրվա Հայաստանում արյունն ահռելի չափերի է հասել։ Այս վիճակը պետք է դադարեցնել։ Վրեժը, անեծքը, քենը ամենուր են, սա բերելու է նոր աղետի։ Ես չգիտեմ՝ ինչ է մտածում վատառողջ պրոֆեսոր Չարչյանին կալանավորող դատավորը և նրան դա անել հրահանգողը, ես չգիտեմ, թե ինչ է մտածում Ա.Դանիբեկյանը՝ նոյեմբերի 9-ից հետո անվրդով շարունակելով իր դատը, ես չգիտեմ՝ ինչ են մտածում Առուշին, Մանթաշյանին, Բախշիյանի ն , Փարամազյանին և այլոց կալանավորող դատավորները և նրանց հրահանգավորողները, բայց նրանք խտացնում են արյունը և ցավը մեր երկրի՝ առանց այդ էլ արնաքամ հողի վրա։ Հայաստանում արյան և վրեժի հոգեբանությամբ կառավարումը և ընդհանրապես մթնոլորտը պետք է փոխվի։ Սա ոչ մեկին շահավետ չէ։ Սա էլ՝ փոփոխությունների բովանդակության հաջորդ սկզբունքը։
    22:10
    10.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Նազիկ Ավդալյանը կրկին Արցախում է
    Արդեն մի քանի օր է` Արցախում է ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանը: «Արցախպրես»-ին Նազիկ Ավդալյանն ասել է, որ պատերազմից հետո Ստեփանակերտում շատ է եղել, բայց այս անգամ որոշել է այցելել Արցախի շրջաններ. արդեն եղել է Մարտունիում և Մարտակերտում:
    22:00
    10.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ե՞րբ կհանվի QR կոդով ժամանցի վայրեր այցելելու սահմանափակումը. նախարարի պատասխանը
    QR կոդով սրճարան, թատրոն կամ այլ ժամանցի վայր այցելելը ժամանակավոր սահմանափակում է, և առողջապահության նախարարությունն այս սահմանափակումը կհանի, եթե կորոնավիրուսի դեպքերը նվազեն։ «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք նախարարությունն առաջիկայում չի պատրաստվում չեղարկել QR կոդով կամ թեստի պատասխան ներկայացնելով ժամանցի վայրեր այցելելու կարգը։
    21:56
    10.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նոյեմբերի 16-ին գերեվարվածների նկատմամբ Ադրբեջանում անմարդկային վերաբերմունքի հետևանքով ռազմագերի Մարտիրոսյանը զոհվել է
    Նոյեմբերի 16-ին գերեվարված զինծառայողների նկատմամբ Ադրբեջանում ցուցաբերվել է անմարդկային, նվաստացուցիչ վերաբերմունք, պատճառվել են տառապանքներ, թողել առանց բուժօգնության, որի հետեւանքով ռազմագերի Արթուր Մարտիրոսյանը զոհվել է, «Փաստինֆո»-ին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։ «Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել 2021թ նոյեմբերի 16-ին գերեվարված զինծառայողների խոշտանգման, նրանց նկատմամբ անմարդկային, նվաստացուցիչ վերաբերմունք դրսևորելու, դիտավորությամբ լուրջ տառապանքներ պատճառելու, վիրավոր զինծառայողին անօգնական վիճակում թողնելու և անհրաժեշտ բժշկական օգնություն չցուցաբերելու պայմաններում ռազմագերի Արթուր Ջիվանի Մարտիրոսյանի զոհվելու վերաբերյալ։ Նշված փաստերի առթիվ 2021թ դեկտեմբերի 20-ին քրեական գործի նյութերով հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով և միացվել մայր գործին»,- լրատվամիջոցի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՔԿ-ից։ ՀՀ քննչական կոմիտե ուղարկված հարցմամբ՝ լրատվամիջոցը խնդրել է նաև տեղեկացանել, թե ՔԿ վարույթում քանի՞ քրեական գործ է քննվում՝ Ադրբեջանում հայ ռազմագերիների, այդ թվում՝ քաղաքացիական անձանց սպանության հատկանիշներով, քրեական գործերով քանի՞ անձ է տուժող ճանաչվել, քանի՞ անձ է ներգրավվել որպես մեղադրյալ՝ հայ ռազմագերիների սպանության համար, որևէ անձի նկատմամբ հետախուզում հայտարարվե՞լ է, թե՞ ոչ, Ադրբեջանի քանի՞ ռազմական գործչի նկատմամբ է միջազգային հետախուզում հայտարարվել և քրեական օրենսգրքի ո՞ր հոդվածների հատկանիշներով, ՔԿ վարույթում քանի՞ քրեական գործ է քննվում՝ Ադրբեջանում գերության մեջ գտնվող անձանց զինծառայողների և քաղաքացիական անձանց խոշտանգման հատկանիշներով, քանի՞ անձ է ներգրավվել որպես մեղադրյալ՝ հայ ռազմագերիների խոշտանգման համար, արդյոք հետախուզում հայտարարվե՞լ է, թե՞ ոչ։ Նախաքննական մարմնից հայտնել են, որ Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, ռազմական գործողությունների ընթացքում նախապես հավաքագրված վարձկաններ օգտագործելու, պատերազմ վարելու արգելված մեթոդներ և միջոցներ կիրառելու, քաղաքացիական բնակիչներին զինծառայողներից չտարբերակելու և Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ դարձնելու, մասնավորապես՝ խորը թիկունքում գտնվող քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական օբյեկտները ոչ ընտրովի թիրախներ դարձնելու և հրետակոծելու, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ կատարելու, այդ թվում՝ ռազմագերիների նկատմամբ, փաստերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ Քրեական վարույթի շրջանակներում քննության առարկա են դարձվել ագրեսիայի ակտի հետևանքով հայ զինծառայողների նկատմամբ իրականացված միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքների կատարման դեպքերը, այդ թվում՝ սպանությունների, խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի, դիտավորությամբ լուրջ տառապանք պատճառելու կամ անձի ֆիզիկական կամ հոգեկան վիճակին սպառնացող այլ գործողություններ կատարելու փաստերը։ ՔԿ-ի փոխանցմամբ՝ մի շարք դեպքերում պարզվել են նաև հանցագործություն կատարած անձանց ինքնությունները, վերջիններս ներգրավված են որպես մեղադրյալ և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված կալանավորումը։ Մեղադրյալ ներգրավված ադրբեջանցի զինվորականների թիվը ՔԿ-ն չի տրամադրել՝ նշելով, որ առավել մանրամասն տեղեկություն չի կարող տրամադրվել, քանի որ այն պարունակում է հրապարակման ոչ ենթակա տեղեկատվություն։
    21:48
    10.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    «Սպասելի որոշում էր». Մամիկոն Ասլանյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարացվեց
    Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, այսօր՝ փետրվարի 10-ին, Վանաձորի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանքի ժամկետը եւս 2 ամսով երկարաձգելու որոշում է կայացրել։ Այս մասին «NEWS.am»-ի հետ զրույցում ասել է նրա փաստաբան Երվանդ Վարոսյանը։ Փաստաբանը նշեց, որ իրենց համար սպասելի էր դատարանի այդ որոշումը։ Ասլանյանի փաստաբանները դատավորին ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել, ինչը, սակայն դատարանը մերժել էր։ «Սպասելի որոշում էր։ Դեռեւս նախկին քննարկման ժամանակ պարզ դարձավ, որ դատավորին չի հետաքրքրում՝ ինչ է տեղի ունենում դատական նիստերի դահլիճում, կապ չուներ քննարկումը տեղի ունեցողի հետ։ Ի դեպ, դատավորը նախկինում կայացրած որոշման մեջ անմեղության կանխավարկած էր խախտել։ Դատավորը ժամանակին քննարկել էր նաեւ կալանավորման հարցը, որը նույնպես բավարարել էր։ Այս առումով դատավորն իր քիմքին հաճելի որոշում է կայացրել»,- ասել է Վարոսյանը։ Դեկտեմբերի 17-ին նախատեսված էր Վանաձորի նորընտիր ավագանու առաջին նիստը։ Բայց դրանից մեկ օր առաջ Մամիկոն Ասլանյանը ձերբակալվել, ապա կալանավորվել էր։ Նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով։ Մամիկոն Ասլանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, փաստաբաններն էլ պնդում են՝ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։
    21:24
    10.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Քաղաքացին կոտրելով «Արցախբանկ»-ի դռան ապակիները՝ մտել է բանկ
    Ժամը 18:30-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ հարձակում է տեղի ունեցել Բաղրամյան պողոտա 53 հասցեում գործող «Արցախբանկ»-ի վրա: Դեպքի վայրից Գագիկ Շամշյանը հայտնում է, որ մի քաղաքացի կոտրել է բանկի դռան ապակիները, մտել ներս և ինչ-որ պահաջներ է դրել բանկի աշխատակիցների առջև, սակայն նա չի կարողացել այլ գործողություններ կատարել, քանի որ պարեկներ Ռաֆիկ Պետրոսյանն ու Կարեն Սարդարյանը կարողացել են մտնել բանկ և վնասազերծել այդ քաղաքացուն, որից հետո ոստիկանության Արաբկիրի բաժնի պահպանության ծառայողների հետ նրան բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին:
    21:20
    10.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մարդու իրավունքների պաշտպանի և Հ1-ի հակամարտությունը անընդունելի է․ ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմին
    ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը հայտարարություն է տարածել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի և Հանրային հեռուստաընկերության հարաբերությունների մասին, որում նշված է․ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը 2021 թվականի դեկտեմբերի 28-ին դիմել էր Հանրային հեռուստաընկերությանն ու Հանրային հեռարձակողի խորհրդին՝ պարզաբանումներ պահանջելով «Լուրեր» ծրագրի թողարկումներում Պաշտպանի հրապարակումները չլուսաբանելու առնչությամբ։ Դրա վերաբերյալ Հանրային հեռարձակողի խորհուրդը հանդես է եկել պաշտոնական պարզաբանմամբ։ Այդ պարզաբանման որոշ ձևակերպումների առնչությամբ Դիտորդ մարմնին է դիմել նաև իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։ Սակայն, մինչ այդ դիմումը, Դիտորդ մարմինն արդեն ձեռնարկել էր քննարկումը, և, կարծում ենք, Զարուհի Հովհաննիսյանը սույն հայտարարության մեջ կարող է ստանալ նաև իր հարցադրումների պատասխանները։ Դիտորդ մարմինն արդեն մեկ անգամ՝ 2021 թվականի հուլիսի 12-ին, Հանրային հեռուստաընկերության դիմումով փորձագիտական կարծիք է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանի և Հանրային հեռուստատեսության հարաբերությունների վերաբերյալ։ Սակայն վերջին զարգացումները ցույց են տալիս, որ խնդիրը չի լուծվել և նույնիսկ սրվել է, ուստի Դիտորդ մարմինը որոշեց սեփական նախաձեռնությամբ մեկ անգամ ևս անդրադառնալ երկու հանրային կառույցների հակասություններին։ Դիտորդ մարմինը 2022թ. հունվարի 17-ի առցանց նիստում ԴՄ անդամներ Բորիս Նավասարդյանին, Նունե Սարգսյանին և Շուշան Դոյդոյանին պատվիրակեց հանդիպել Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների և Հանրային հեռուստատեսության գործադիր ղեկավարության հետ՝ խնդրի վերաբերյալ վերջիններիս դիրքորոշումները ստանալու ակնկալիքով։ Բացի այդ հանդիպումից, Դիտորդ մարմինը նաև ուսումնասիրեց հանրային հեռարձակողի խորհրդի պաշտոնական պարզաբանումը։ Ելնելով կողմերի դիրքորոշումների ուսումնասիրության արդյունքներից՝ ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը հայտարարում է. 1. Երկու կարևոր հանրային կառույցների՝ Մարդու իրավունքների պաշտպանի և Հանրային հեռուստատեսության հակամարտությունը, որը ժամանակ առ ժամանակ սուր բնույթ է ստանում, մտահոգիչ է և անընդունելի։ Դիտորդ մարմինը մեկ անգամ ևս շեշտում է, որ այդ կառույցների միջև հակասությունները կարող են լուծվել ոչ թե հրապարակային փոխադարձ մեղադրանքների, այլ գործընկերային մթնոլորտում՝ քննարկումների միջոցով։ 2. ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինն ի գիտություն է ընդունում ՄԻՊ-ի գործունեության լուսաբանման վերաբերյալ ներկայացված վիճակագրությունը, ինչպես նաև Հանրային հեռարձակողի խորհրդի և գործադիր ղեկավարության այն պարզաբանումները, որ իրենց կողմից փորձ է արվել ՄԻՊ-ի գործունեության լուսաբանման վերաբերյալ բանավոր համաձայնությունների հասնել, սակայն դրանք հետագա համատեղ աշխատանքի հիմք չեն դարձել։ 3. Այսուհանդերձ, Դիտորդ մարմինը համարում է, որ Հանրային հեռարձակողի խորհրդի պարզաբանման հետևյալ հատվածը՝ «Մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներով Հայաստանում զբաղվում են պետական և հանրային շատ հաստատություններ, օրինակ՝ դատարանները, ոստիկանությունը, սոցիալական ապահովության կառույցները, տեսչական մարմինները, իրավապաշտպան ՀԿ-ները և այլն։ Այս ամենը նույնպես լուսաբանվում է «Լուրերով», և ՄԻՊ-ի գործունեությունը ակնհայտորեն միակը չէ՝ Մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում», անհարկի հավասարության նշան է դնում Մարդու իրավունքների պաշտպանության անկախ ինստիտուտի և պետական կառույցների, ինչպես նաև ՄԻՊ-ի և հասարակական կազմակերպությունների միջև։ Այդ կառույցներից յուրաքանչյուրն իր գործառույթներն ունի, և նրանցից որևէ մեկի գործունեությանն անդրադառնալը չի փոխարինում մյուսի գործունեության լուսաբանմանը։ 4. Ինչ վերաբերում է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների այն պարզաբանմանը, թե կոնկրետ սահմանային իրավիճակի մասին ՄԻՊ հայտարարության փոխարեն ՊՆ պարզաբանումներն են ներկայացվել, ապա Դիտորդ մարմինը կարծում է, որ, համակողմանի լուսաբանման սկզբունքից ելնելով, կարելի էր ՄԻՊ հայտարարությանն անդրադառնալուց հետո միայն ներկայացնել ՊՆ պարզաբանումը։ Այլապես, ստացվում է հերքում՝ առանց հերքվող նյութի։ 5. Ի գիտություն ընդունելով հանրային հեռարձակողի ղեկավարության այն մեկնաբանությունը, որ իրենք իրավունք ունեն ընտրելու, թե որ աղբյուրին հղում կատարեն, և ձեռնպահ մնալով լրատվամիջոցի խմբագրական քաղաքականությանը միջամտելուց, Դիտորդ մարմինը, միևնույն ժամանակ, հիշեցնում է տարբեր, մանավանդ՝ երկու պաշտոնական աղբյուրների տեղեկությունները հաշվի առնելու պրոֆեսիոնալ լրագրողական նորմը։ Ընդսմին, դա լրատվամիջոցին չի ազատում հակասական տեղեկություններ ունենալու պարագայում փաստերը մի երրորդ աղբյուրից ևս ճշտելու կամ սեփական ուժերով փաստերը ստուգելու պարտականությունից, մանավանդ, երբ հարցը վերաբերում է մարդկանց ճակատագրերին։ 6. Նույնպես, չցանկանալով միջամտել Հանրային հեռարձակողների խմբագրական անկախությանը, ԴՄ-ն, այդուհանդերձ, առաջարկում է քննարկել Մարդու իրավունքների պաշտպանի և Հանրային հեռարձակողի խորհրդի միջև համագործակցության հուշագիր ստորագրելու հնարավորութունը, որը կներառեր ՄԻՊ գրասենյակի գործունեության լուսաբանման սկզբունքներն ու կանոնակարգումը։ Դիտորդ մարմինը պատրաստ է խորհրդատուի կարգավիճակով մասնակցել նման հուշագրի մշակմանը, եթե կողմերը դա նպատակահարմար գտնեն։ 7. ԴՄ-ն ընդունում է, որ Հանրային հեռարձակողն իր ընտրությամբ կարող է որոշել՝ որ հաղորդաշարերի միջոցով անդրադառնալ այս կամ այն կառույցին, այդուհանդերձ, Հանրային հեռուստաընկերության ղեկավարությանը և ՄԻՊ-ի գրասենյակին առաջարկում է դիտարկել Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության լուսաբանման հատուկ հաղորդաշար ունենալու և որոշակի պարբերականությամբ այն հեռարձակելու հարցը։ 8. Կարևորելով հանրային ինստիտուտների՝ միմյանց նկատմամբ չանձնավորված վերաբերմունքը, նրանց միջև կայուն և արդյունավետ համագործակցությունը, Դիտորդ մարմինը խնդրո առարկային վերաբերող կուտակված խնդիրների հաղթահարման ուղղությամբ դրական քայլ կհամարեր պաշտոնը թողնող Պաշտպան Արման Թաթոյանի հետ նրա վեցամյա գործունեությանը նվիրված ամփոփիչ հարցազրույցի անցկացումը, պայմանով, որ այն զերծ կլինի փոխադարձ մեղադրանքներից ու անհարկի ագրեսիայից և կվերաբերի միայն ՄԻՊ-ի գործունեությանը։ Ընդունվել է 2022թ. փետրվարի 02-ին, ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի հետևյալ կազմով՝ Դավիթ Ալավերդյան՝ «Մեդիամաքս» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, Նարինե Ավետիսյան՝ Վանաձորի «Լոռի» հեռուստաընկերության գործադիր տնօրեն, Կարինե Հարությունյան՝ Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերության գործադիր տնօրեն, Մեսրոպ Հարությունյան՝ մամուլի փորձագետ, Արա Ղազարյան՝, իրավաբան, Աշոտ Մելիքյան՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ, Գնել Նալբանդյան՝ «Արմենիա» հեռուստաընկերության օմբուդսման, Բորիս Նավասարդյան՝ Երևանի մամուլի ակումբի նախագահ, Անժելա Ստեփանյան՝ Արմավիրի «Ալտ» հեռուստաընկերության խմբագիր, Գեղամ Վարդանյան՝ Media.am-ի պրոդյուսեր ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը ձևավորվել է ինքնակարգավորման նախաձեռնությանը միացած լրատվամիջոցների կողմից, որոնք այս պահին թվով 69-ն են: ԴՄ-ն իր եզրակացություններում ղեկավարվում է Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների Կանոնագրով, որն ընդունվել է 2007 թվականի մարտի 10-ին, վերախմբագրվել՝ ինքնակարգավորման նախաձեռնությանը միացած լրատվամիջոցների 2015 թվականի մայիսի 16-ի ընդհանուր ժողովում»։
    21:19
    10.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հայաստանը չի դիմի ՀԱՊԿ-ին՝ Ադրբեջանի հետ խնդիրները լուծելու համար․ Գուրգեն Արսենյան
    Հայաստանի կառավարությունը վերահսկում է իրավիճակը և չի դիմելու ՀԱՊԿ-ին՝ օգնության խնդրանքով, «Ռիա Նովոստի»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Գուրգեն Արսենյանը։ «Հայաստանում այն իրավիճակը չէ, որ ստիպված լինենք դիմել ՀԱՊԿ-ի օգնությանը։ Մեր երկրում բավականին բարդ իրավիճակ է, բայց Հայաստանի իշխանություններն այն վերահսկում են»,- ասել է Արսենյանը։ Նա հավելել է, որ Հայաստանը Ադրբեջանի հետ «սահմանային միջադեպերի» պատճառով ՀԱՊԿ-ին չի խնդրի իր տարածք ռազմական ուժ մտցնել։ «Առկա սպառնալիքը համակարգային է։ Մենք ի վիճակի ենք այն չեզոքացնել։ Փաշինյանի գլխավորած քաղաքական իշխանության ուժը նրանում է, որ նախընտրում է խնդիրները կարգավորել բանակցությունների, ոչ թե կրակոցների միջոցով»,- ասել է Արսենյանը։
    21:09
    10.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Մարտունու շրջանից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն
    Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Մարտունու շրջանում։ Որոնումների ընթացքում ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարարները հայտնաբերել և տարհանել են ևս մեկ աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Հիշեցնենք, որ զինադադարից հետո` 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում՝ հաստատվել է ընդհանուր 1710 աճյուն։ Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։
    20:55
    10.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ArmNews-ը, Tert.am-ը, ArmNews FM-ը դադարեցնում են գործունեությունը
    «Քառյակ մեդիայի» հիմնադիրները հայտարարություն են տարածել՝ հայտնելով, որ ArmNews-ը, Tert.am-ը, ArmNews FM-ը դադարեցնում են գործունեությունը Հայտարարությունում նշված է․ «ArmNews-ի հարգելի՛ հեռուստադիտողներ, Tert.am-ի ընթերցողներ, ArmNews ռադիոյի ունկնդիրներ, Երկար ժամանակ մենք կանգնած էինք ծանր որոշման առաջ՝ ինչպես շարունակել մեր գործունեությունը։ Այս ընթացքում ստացել ենք գործակցության բազմաթիվ քաղաքական առաջարկներ ու մերժել, քանի որ դրանք տարբերվել են մեր սկզբունքներից։ Մենք քննարկել ենք նաև վաճառքի մի քանի առաջարկներ, բայց չի հաջողվել գտնել այնպիսիք, որոնք թույլ կտային պահպանել որդեգրած քաղաքականությունն ու հավատարիմ մնալ անցած ճանապարհին: Այդ պատճառով կայացրել ենք մեզ համար ցավալի, բայցև ամենաբնական որոշումը. «Քառյակ մեդիան» դադարեցնում է գործունեությունը։ Վերջին 3.5 տարիներին թիմն արել է ուժերի ներածին չափով առավելագույնը՝ կանխատեսելով, պատմելով, բացատրելով, բացահայտելով և զգուշացնելով առկա և սպասվելիք իրողությունների մասին. վեր են հանվել խնդիրներն ու ներկայացվել փաստերը՝ քաղաքական, հասարակական և պատերազմական գործընթացների ամենաթեժ կետերից: Թե որքան պրոֆեսիոնալ, նվիրումով և անձնուրաց ենք աշխատել, թողնում ենք հանրության դատին: Հայաստանում իրականությունը և սկզբունքներն այլևս, ցավոք, երկրորդական են դարձել. առաջնային են երևույթներ, որոնք աղերս չունեն մեր հավատամքի և էության հետ։ Իսկ մեդիան, որպես փաստերի հայթայթման և լուսաբանման հարթակ, իրեն էապես սպառել է, որովհետև այլևս չկան չպարզաբանված փաստեր ու էական հանգամանքներ. բոլորը բոլորի մասին ամեն ինչ գիտեն: Համընդհանուր չեզոքությունը, հանրային ապատիան, քաղաքական դերակատարների անհիմն պասիվությունը, քաղաքական պայքարի ինքնանպատակ լինելը մեզ չեն թողնում այլ ընտրություն։ Մենք չենք հեռանում, բայց առկա և առաջարկվող օրակարգերը մերը չեն. առնվազն այս ձևաչափով ու գործիքակազմով աշխատելը ճիշտ չէ առաջին հերթին ինքներս մեզ համար, ուստի, մեր որոշումը թեև չափազանց ցավոտ, բայց ազնիվ է: Մնացեք բարով, ցտեսություն: Հարգանքով՝ «Քառյակ մեդիայի» հիմնադիրներ»։
    20:45
    10.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Կամ Աշոտ Մինասյանը անօրինական է առնվազն 27 օր պահվել կալանքի տակ, կամ ՀՀ գլխավոր դատախազությունը ստում է․ փաստաբան
    Փաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Կամ Աշոտ Մինասյանը անօրինական է առնվազն 27 օր պահվել կալանքի տակ, կամ ՀՀ գլխավոր դատախազությունը ստում է․ փաստաբան «Կամ Աշոտ Մինասյանը անօրինական է առնվազն 27 օր պահվել կալանքի տակ, կամ ՀՀ գլխավոր դատախազությունը ստում է։ Քիչ առաջ տեղեկացա, որ ՀՀ գլխավոր դատախազությունը հանրությանը տեղեկացրել է, որ Աշոտ Մինասյանի գործով Բորիս Բախշիյանի որոշմանը համաձայնել են և այն չեն բողոքարկում, իսկ Բորիս Բախշիյանի հետ կատարվողը կապել Աշոտ Մինասյանի գործով կայացված որոշման հետ, անմտություն է։ Ընդ որում, դատախազության հարգելի ներկայացուցիչը, պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք հնարավո՞ր է, որ ազատ արձակելու ակտը չբողոքարկելով՝ փորձում են հաստատել այն վարկածը, որ Բորիս Բախշիյանի հետ կատարվողը կապ չունի Աշոտ Մինասյանին ազատ արձակելու հետ, հայտնել է, որ դատախազությունում «շախմատով» զբաղվելու ժամանակ չունեն։ Այժմ ներկայացնեմ մի քանի փաստ. Աշոտ Մինասյանի վերաբերյալ ՀՀ ԱԱԾ-ում քննված քրեական գործը մեղադրական եզրակացությամբ 29.12.2021 թվականին ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն, ուր և նույն օրը ներկայացրել եմ Աշոտ Մինասյանի նկատմամբ կիրառված կալանավորումը վերացնելու կամ փոփոխելու միջնորդություն։ Ընդ որում, պետք է նշեմ, որ ՀՀ գլխավոր դատախազությանը խնդրել էի վերացնել կամ փոփոխել Աշոտ Մինասյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը, իսկ փոփոխման դեպքում կիրառել այլ, ազատության սահմանափակման հետ չկապված խափանման միջոց, այդ թվում՝ չհեռանալու մասին ստորագրություն, գրավ, ընդհուպ մինչև Հրանտ Թոխատյանի, Գրիգորի Խաչատուրովի և Բագրատ Սրբազանի անձնական երաշխավորությունը, որն, անկասկած, գործիքակազմով պայմանավորված ամենաարդյունավետ խափանման միջոցն է։ 03.01.2022 թվականին ՀՀ գլխավոր դատախազությունում որոշել են մերժել ներկայացված միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ Աշոտ Մինասյանին կալանավորելու հիմքերը պահպանվում են, իսկ գործը հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Այսինքն, քրեական գործի նախաքննության ավարտից՝ 24.12.2021 թվականից մինչև դատախազության կողմից որոշման կայացման օրը՝ 03.02.2022 թվականը և դրանից հետո՝ մինչև Բորիս Բախշիյանի կողմից որոշման կայացման օրը՝ 26.01.2022 թվականը, Աշոտ Մինասյանի գործով որևէ էական կամ ոչ էական հանգամանք չի փոփոխվել, այսինքն, 26.01.2022 թվականին դատավոր Բորիս Բախշիյանը Աշոտ Մինասյանի խափանման միջոցի հարցը քննել է բացառապես այն փաստերի շրջանակում, որոնք առկա են եղել դատախազության 03.01.2022 թվականի որոշման կայացման ժամանակ։ Այս փաստերի հիման վրա դատարանը կայացրել է տրամագծորեն հակառակ որոշում, ինչի հետ ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցչի խոսքերի համաձայն՝ իրենք ռետրոսպեկտիվ համաձայն են։ Ստացվում է, որ նույն փաստերի շրջանակում ՀՀ գլխավոր դատախազությունը 03.01.2022 թվականին գտել է, որ Աշոտ Մինասյանը պետք է կալանավորված մնա, իսկ 26.01.2022 թվականին գտնում է, որ դատարանը ճիշտ է վարվել՝ Աշոտ Մինասյանին ազատ արձակելով։ Արդյունքում պետք է փաստել, որ կամ դատախազության ապօրինի գործողությունների (միջնորդությունը չբավարարելու) արդյունքում Աշոտ Մինասյանը անօրինական էր կալանքի տակ պահվում, կամ Աշոտ Մինասյանին ազատ արձակելու ակտը չբողոքարկելով՝ դատախազությունն իրեն «մաքրում է» Բորիս Բախշիյանին ապօրինի կալանավորելու գործով։ Հ. Գ. Մի հարցում համաձայն եմ. շախմատն իրոք ձերը չէ»։
    20:14
    10.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Արմեն Գիչյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, քանի որ չի դիմավորել Ալեն Սիմոնյանին
    Օրերս ՀՀ նախագահի պաշտոնակատար Ալեն Սիմոնյանը parliamentmonitoring.am-ին տված հարցազրույցում ասել էր, որ Արմեն Սարգսյանի խորհրդական, նախկինում նախագահի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ Արմեն Գիչյանը հեռացել է իր խնդրանքով։ «Իմ խնդրանքով է Արմեն Գիչյանը հեռացել: Ես չգիտեմ՝ ինքը պատրաստ էր աշխատել, թե ոչ, բայց ես խնդրել եմ իրեն հեռանալ», - ասել էր Սիմոնյանը։ «Politik.am»-ին հաջողվել է պարզել, որ Արմեն Գիչյանն ազատվել է աշխատանքից, քանի որ առաջին օրը, երբ Ալեն Սիմոնյանը գնացել է նախագահականի շենք, Արմեն Գիչյանը, լինելով նախագահի խորհրդական, նրան չի դիմավորել։ Հաջորդ օրը Ալեն Սիմոնյանը Գիչյանին հրավիրել է իր մոտ և, մատնացույց անելով դրվագը, խնդրել է դիմում գրել, Գիչյանն էլ , առանց որևէ կերպ արդարանալու, գրել է ազատման դիմումը և դուրս եկել։
    20:11
    10.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Թաթոյանը հարկ չի համարել գործի մասին օբյեկտիվ պատկերացում կազմելու համար ստանալ Խորհրդի դիրքորոշումը․ ԲԴԽ
    Բարձրագույն դատական խորհուրդը, ծանոթանալով 2022 թվականի փետրվարի 10-ին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի կողմից հրապարակված հայտարարությանը, դրա մի շարք դրույթների կապակցությամբ տեղին է համարում նշել, որ խնդրահարույց են հայտարարության մեջ պարունակվող մի շարք դատողություններ, որոնք վերաբերում են ՀՀ դատարաններում քննվող և հետագայում հնարավոր քննության առարկա հանդիսացող քրեական գործի հանգամանքներին և դրանց գնահատմանը: Խորհուրդն անընդունելի է համարում այն հանգամանքը, որ Մարդու իրավունքների պաշտպանը, իր հայտարարության մեջ անդրադառնալով Բարձրագույն դատական խորհրդին և վերջինիս գործունեությանը, հարկ չի համարել գործի մասին օբյեկտիվ պատկերացում կազմելու համար ստանալ Խորհրդի դիրքորոշումը։ Կոնկրետ քրեական գործով միայն շահագրգիռ՝ պաշտպանական կողմի մոտեցումների վերարտադրման արդյունքում կատարված եզրակացությունները որպես սահմանադրական մարմնի դիրքորոշում ներկայացնելը անուղղակի միջամտություն է դատական իշխանության անկախությանը։ Գտնում ենք, որ պարոն Թաթոյանի նման գործելակերպը չի կարող նպաստել Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես սահմանադրական մարմնի անաչառության և օբյեկտիվության ապահովմանը, և կոչ ենք անում վերջինիս չձեռնարկել քայլեր, որոնք կարող են դիտվել որպես Մարդու իրավունքների պաշտպանի կողմից դատական իշխանության գործունեությանը միջամտություն։
    20:06
    10.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Թուրքիայից Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվն ավելացել է
    Հայաստան 2021 թվականին ժամանել է 870 հազար 308 զբոսաշրջիկ: ArmLur.am-ը պարզեց, որ Հայաստան Ռուսաստանից զբոսաշրջիկների թիվը 212 հազար 967-ով ավելացել է: Անցյալ տարվա ընթացքում ՀՀ ՌԴ-ից այցելել է 350 հազար 569 զբոսաշրջիկ, իսկ 2020-ին այդ թիվը կազմել է 137 հազար 602: Բացի այս, 11 հազար 372-ով ավելացել են Ֆրանսիայից, 9853՝ Գերմանիայից Հայաստան այցելած զբոսաշրջիկները: Նկատենք, որ Ուկրաինայից եւս ավելացել է ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվը: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ 19 հազար 453-ով ավելացել է Վրաստանից մեր հանրապետություն այցելած զբոսաշրջիների քանակը: Ի դեպ, անցյալ տարի 1451-ով ավելացել է Թուրքիայից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը: Եթե 2020 թվականին ՀՀ Թուրքիայից ժամանել է 2278 զբոսաշրջիկ, ապա 2021-ին նրանց թիվը կազմել է 3729: Սրան զուգահեռ նկատենք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվն է զգալի ավելացել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ 2020-ին Հայաստան այցելել է 18 հազար 278 իրանցի զբոսաշրջիկ, իսկ անցյալ տարի այդ թիվը կազմել է 91 հազար 148: Չի բացառվում, որ առաջիկայում եւս իրանցի զբոսաշրջիկների մեծ հոսք կլինի, քանի որ մարտի 15-ից սկսած՝ իրանցիները Հայաստան են գալիս Նովրուզը նշելու համար: Ի դեպ, զգալի ավելացել է Ամերիկայի Միացյալ Նահանգներից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը. մեկ տարվա ընթացքում 5826-ից՝ հասնելով 31 հազար 662: Իսկ մինչ այդ նկատենք, որ ըստ Վիճակագրական կոմիտեի` Հայաստանից մեկնողների թիվը եւս ավելացել է 40.5 տոկոսով: Անցյալ տարի մեր երկրից մեկնել է 423 հազար 380 զբոսաշրջիկ` 2020-ի 301 հազար 326-ի դիմաց:
    18:50
    10.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Վաճառվել է «Գոլդեն փելիս» հյուրանոցային համալիրը. հայտնի են գնորդն ու արժեքը
    ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ այսօր իր հրամանով ստեղծված մրցութային հանձնաժողովի նիստում հանձնաժողովն ամփոփել է Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն փելիս» հյուրանոցային համալին օտարելու նպատակով հայտարարված մրցույթի արդյունքները: Այն վաճառվել է 5 միլիարդ դրամով, գնորդը «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն է: «29.10.2021թ. դրությամբ գույքի գնահատված շուկայական արժեքը կազմել է. անշարժ գույք (ներառյալ հողամասի շուկայական արժեք) - 5 602 293 000 ՀՀ դրամ, շենք-շինությունների ներսում առկա 3 257 միավոր շարժական գույք՝ 305 757 000 ՀՀ դրամ։ Մրցույթով օտարման ենթակա Գույքի վաճառքի նվազագույն գինը սահմանվել է 5 միլիարդ ՀՀ դրամ՝ միաժամանակ սահմանվելով նաև, որ Գույքի մրցույթի արդյունքում ձևավորված օտարման արժեքը ենթակա է վճարման 5 տարվա ընթացքում հավասարաչափ՝ ըստ հետևյալ ժամանակացույցի, 1-ին վճարումը՝ մրցույթի արդյունքների ամփոփումից հետո մեկամսյա ժամկետ՝ ներառյալ մրցույթի նախավճար սահմանված 250 000 000 ՀՀ դրամը, 2-րդ վճարում՝ ոչ ուշ քան 2023 թվականի հուլիսի 1-ը, 3-րդ վճարում՝ ոչ ուշ քան 2024 թվականի հուլիսի 1-ը, 4-րդ վճարում՝ ոչ ուշ քան 2025 թվականի հուլիսի 1-ը, 5-րդ վճարում՝ ոչ ուշ քան 2026 թվականի հուլիսի 1-ը, Հայտարարված մրցույթին ներկայացվել է 1 մասնակցության հայտ՝ «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ի կողմից ։ Ընկերության կողմից, Գույքի գնման նպատակով, ներկայացվել է սահմանված 5.0 մլրդ ՀՀ դրամ գնային առաջարկ, ինչպես նաև առաջիկա 5 տարիների ընթացքում լրացուցիչ 4.5 մլրդ. ներդրումային ծրագիր։ Մրցութային հանձնաժողովի կողմից ներկայացված հայտի ուսումնասիրության արդյունքում, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի փողոց թիվ 34/1 հասցեի անշարժ և շենք-շինությունների ներսում գտնվող շարժական գույքի օտարման նպատակով հայտարարված մրցույթի հաղթող է ճանաչվել «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ին»,-ասվում է հայտարարության մեջ: Նշենք, որ 2019 և 2020թթ-ին պետությունն արդեն 6 աճուրդ էր կազմակերպել, սակայն հայտարարված բոլոր աճուրդներն էլ չեն կայացել հայտեր չլինելու պատճառով։ Հիշեցնենք` 2019թ–ի սեպտեմբերի 26–ի նիստում ՀՀ կառավարությունը որոշում էր կայացրել Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին պատկանող Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցն ընդունել որպես նվիրատվություն։
    18:45
    10.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գլխավոր դատախազն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին
    Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:📌📌 Վերջինիս ուղեկցում էին ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի տնօրեն Ալեքսիս Հաֆթվանը և ԱՄՆ դեսպանատան մարդու իրավունքների և քաղաքացիական հարցերով պատասխանատու Քրիստինա Հանսելը: ՀՀ գլխավոր դատախազը բարձր է գնահատել իրավական ոլորտում երկկողմ համագործակցության խորացմանը, կոնկրետ ուղղություններով ՀՀ դատախազության կարողությունների զարգացմանը միտված ԱՄՆ կառավարության և անձամբ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի գործադրած ջանքերը: Հատկապես կարևորվել է Հայաստանում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրման և կայացման, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության, ապօրինի հարստացման, հիպերհանցագործությունների դեմ պայքարում և այլ ուղղություններով ՀՀ դատախազների վերապատրաստումներին ցուցաբերված խորհրդատվական, տեխնիկական օժանդակությունը: Արթուր Դավթյանը նշել է, որ ՀՀ դատախազությունը հետևողական է կոռուպցիայի դեմ պայքարում և հատկապես պետությունից հափշտակված և դուրս բերված ակտիվները Հայաստան վերադարձնելու հարցում, ընդգծել է իրավական փոխօգնության շրջանակում ԱՄՆ-ի հետ համագործակցության առավել խորացման նշանակությունը: Դեսպան Թրեյսին շնորհակալություն է հայտնել հանդիպման և հետաքրքրող հարցերի շուրջ քննարկում ունենալու հնարավորության համար: Նա ընդգծել է, որ նշվում է հայ-ամերիկյան գործընկերության 30-ամյակը և փոխանցել է ԱՄՆ վարչակազմի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը ժողովրդավարական ինստիտուների զանգարցմանը, մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերի ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում ՀՀ իրավասու մարմինների գործադրած ջանքերին: Հանդիպման ընթացքում կողմերն իրենց պատկերացումներն ու ակնկալիքներն են հայտնել իրավական փոխօգնության, քննչական հարցումների կատարման, էքստրադիցիայի, ՀՀ դատախազության կարիքների գնահատմամբ նոր ծրագրերի իրականացման ոլորտներում համագործակցության հեռանկարների և այլ հարցերի շուրջ: Դեսպան Թրեյսիի կողմից բարձրացված առանձին իրավական հարցերի շուրջ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում:
    18:21
    10.02.22
    Ավելին