Լրահոս

2022-09-09
  • Img default alt hy
    Քաղաքական
    Շառլ Միշելը ողջունել է հայ ռազմագերիների ազատ արձակումը
    Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունել է հինգ հայ ռազմագերու ազատ արձակումը, որը հետևել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների օգոստոսի 31-ին Բրյուսելում կայացած հանդիպմանը: «Ողջունում եմ ևս հինգ հայ գերիների հանձնումը: Այն տեղի է ունեցավ երկկողմ ձևաչափով բանակցության արդյունքում, ինչի համար ողջունում եմ և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին: Հումանիտար բոլոր առկա խնդիրների լուծումը առանցքային առաջնահերթություն է»,- շեշտել է Միշելը Թվիթերի իր էջում:
    11:59
    09.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ազգականներին Շիրակում պաշտոնների է նշանակում
    168․am-ը գրում է․ Իր պաշտոնավարման սկզբում պարբերաբար 100 փաստ հրապարակող Նիկոլ Փաշինյանը հաճախ էր առիթ-անառիթ անդրադառնում նրան, որ իր իշխանության օրոք իսպառ վերացել է աշխատանքի տեղավորման խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքը: Անգամ Ազգային ժողովում ելույթի ժամանակ էր այդ մասին խոսել: Հետո, իհարկե, տարբեր առիթներով ԶԼՄ-ները բազմաթիվ փաստեր են բերել, որոնք ապացուցել են՝ Նիկոլ Փաշինյանը ստում է, և ոչ միայն մանր ու մեծ բոլոր պաշտոններն են իր թիմակիցները, նրանց ընկերները, ընտանիքի անդամները, խնամիները, բարեկամների բարեկամներն ու ընկերները զբաղեցնում, այլև բոլոր խոշոր բիզնեսները, եկամտաբեր գործարքները նույնպես մեկ անձից գնման ընթացակարգով տնօրինում են Նիկոլ Փաշինյանի մերձավորները: Բավական է Ազգային ժողովում ՔՊ-ական պատգամավորների անունները թերթել՝ տեսնելու համար՝ ով ում բարեկամն, աներձագն ու քարտուղարուհին է: Մասնավորապես, 168.am-ը տեղեկացրել էր, որ Շիրակի մարզում ժամանակին կադրային քաղաքականությունը, բոլոր շարժերն ու նշանակումները Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ համակարգվում էր Ազգային ժողովի (ԱԺ) Շիրակի մարզը ներկայացնող պատգամավոր, նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանի կողմից: Հիմա, պարզվում է, Կարեն Սարուխանյանը լուրջ մրցակից ունի, և կոնկրետ Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում կադրային հարցեր լուծելու քարտ-բլանշը տրված է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանին, ով ջանք ու եռանդ չի խնայում իր բարեկամությանը տեղավորել բոլոր նշանակալից պաշտոններում: Մասնավորապես, վերջին 1-1.5 ամսում Ախուրյանում Համբարձում Մաթևոսյանի բարեկամներին պաշտոնատեր դարձնելու շքերթը բացվել ու ոչ մի կերպ չի փակվում: Այսպես, 168.am-ի տեղեկություններով՝ փոխվարչապետ Մաթևոսյանի մորաքույրը՝ Լուիզա Կարապետյանը, նշանակվել է Ախուրյան խոշորացված համայնքի Նոր Ախուրյան գյուղի դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Բացի դրանից, Ախուրյանի թիվ 1 դպրոցի տնօրենի ժ/պ-ն էլ նշանակվել է Համբարձում Մաթևոսյանի մորաքրոջ ամուսնու եղբայրը՝ Հայկ Ռուշանյանը, ով երկար տարիներ այդ դպրոցում աշխատել է՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ, և Շիրակի պետական համալսարանում՝ որպես ֆիզպատրաստության դասախոս: Ցանկը շարունակում է Ախուրյանի փոխոստիկանապետ նշանակված Համբարձում Մաթևոսյանի մորաքրոջ ամուսինը՝ Հովհաննես Ռուշանյանը: Ի դեպ, գործող փոխոստիկանապետին ուղարկել են «վաստակած հանգստի»: Հատկանշական է, որ Ախուրյանի տարածաշրջանում Համբարձում Մաթևոսյանի բարեկամներն ու հարազատներն այնպես են դիրքավորված, կարծես թե իրենց ապրածով ու ունեցած ավանդով վաստակել են բարձր պաշտոններ զբաղեցնելու իրավունքը, սակայն փաստ է, որ այդ պաշտոնները նրանք ստանում են Համբարձում Մաթևոսյանի բացահայտ հովանավորության պայմաններում, և, իհարկե, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի գործուն մասնակցության շնորհիվ: Այսպես, Ախուրյանի թիվ 1 դպրոցի տնօրենի մրցույթը պետք է տեղի ունենար սեպտեմբերի 13-ին: Մեր տեղեկություններով՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունն ահազանգերի արդյունքում մի քանի խախտումներ է բացահայտել, մասնավորապես, դպրոցի կառավարման խորհրդի կազմի հետ կապված, և Նազելի Բաղդասարյանին հրահանգել ուղղել այդ սխալները, ինչը կարծես թե Շիրակի մարզպետը չի շտապում անել: Թերևս, խիստ անհրաժեշտ է, որ Համբարձում Մաթևոսյանի բարեկամները ժամանակավոր պաշտոնակատարներից դառնան հիմնական տնօրեններ: Այսպես, դպրոցի կառավարման խորհրդի կազմում են Ախուրյանի հիվանդանոցի տնօրենը, Նազելի Բաղդասարյանի հարազատ եղբայրը, ով նույնպես գեթ մեկ ժամ դպրոցում չի աշխատել: Դպրոցի կառավարման խորհրդում մրցույթից առաջ ընդգրկվել է նաև Համբարձում Մաթևոսյանի հորեղբոր որդին՝ Աղասի Մաթևոսյանը, ում Գյումրիում շատ լավ են ճանաչում: Մեր տեղեկություններով՝ վերջինս ընթացակարգային կոպտագույն խախտումներով է դարձել կառավարման խորհրդի անդամ, և ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հրահանգել է փոխել կազմը, սակայն, ինչպես արդեն նշեցինք, Նազելի Բաղդասարյանն այդ հրահանգին ընթացք չի տվել: Խնդիր կա նաև ծնողական համայնքի անդամներից մեկի հետ կապված, սակայն դա ըստ ամենայնի Շիրակի մարզպետարանում ոչ ոքի չի հուզում: Համբարձում Մաթևոսյանի մորաքրոջ տեգրը պետք է դառնա դպրոցի տնօրեն: Այսինքն՝ ամեն ինչ արվում է պետական ռեսուրսները ծառայեցնելով, պաշտոնական դիրքն օգտագործելով՝ Համբարձում Մաթևոսյանի ազգականի համար դպրոցի տնօրենի պաշտոն ապահովելու համար: Հետաքրքիր կապվածություն ունի Համբարձում Մաթևոսյանն իր մորաքրոջ ընտանիքի ու նրանց խնամիական կազմի հետ: Թերևս, ուշագրավ է նշել, որ 2017թ. հոկտեմբերին Շիրակի պետական համալսարանում ԿԳՆ-ի կողմից անցկացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Համբարձում Մաթևոսյանի մորաքրոջ սկեսրայրը՝ Ավագ Ռուշանյանը, որ երկար տարիներ նույն համալսարանում աշխատել է՝ որպես ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանի վարորդ, իրականում ՇՊՀ հաստիքացուցակում չի էլ եղել: Պարզվել է՝ նրա փոխարեն գրանցված է եղել Ավագ Ռուշանյանի եղբայրը՝ Համբարձում Մաթևոսյանի մորաքրոջ ամուսնու հորեղբայրը, սակայն փաստացի աշխատել է մորաքրոջ սկեսրայրը: 168.am-ին ասացին՝ անգամ քրեական վարույթ կա հարուցված, որը քննվում է Հակակոռուպցիոն կոմիտեում, և ՇՊՀ-ում պտտվող համառ լուրերի համաձայն՝ Ավագ Ռուշանյանն իր հարսի՝ Համբարձում Մաթևոսյանի մորաքրոջ միջոցով փոխվարչապետին խնդրել է, որ նա Սասուն Խաչատրյանի միջոցով փակել տա այս գործը: Այսքանով, սակայն, Համբարձում Մաթևոսյանի պաշտոնյա ազգականների ցանկը չի ավարտվում: Պարզվում է՝ նրա մերձավոր ազգական Գրիգոր Մաթևոսյանը նշանակվել է Գյումրու քաղաքապետարանի կողմից ձևավորված Գյումրու ավտոբուսային պարկի տնօրեն: Պարզ է, որ Համբարձում Գալստյանը Նիկոլ Փաշինյանի առնվազն գիտությամբ ու համաձայնությամբ է համարձակորեն կադրային տեղաշարժեր անում իր հարազատ մարզում: Տեղին է հիշեցնել, որ ըստ «Հրապարակ» օրաթերթի՝ Համբարձում Մաթևոսյանը դեռևս հունիսի 9-ին որոշել է (9 հունիսի 2022, որոշում 403-Ա) բարեգործական որակել Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի 148,22 միլիոն դրամ արժողությամբ «Քվանտա» մագիստրոսական կրթություն» ծրագիրը, ինչը նշանակում է, որ Աննա Հակոբյանն օգտվելու է «Բարեգործության մասին» օրենքի 16-րդ հոդվածից և հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով արտոնություններ է ստանալու: Կայքը գրել էր նաև, որ «Սա Աննա Հակոբյանին «քաղցր աչքով մտիկ անելու»՝ անորոշ տվյալներով ու միլիոնների հասնող բյուջեով ծրագիր հաստատելու արդեն երկրորդ դեպքն է: Առաջինը մայիսի 17-ին էր, երբ Նիկոլ Փաշինյանի կինը խոստացել էր Շիրակի մարզում բնակվող, 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած զինվորների համար մասնագիտական կողմնորոշման ճամբար, վերապատրաստումներ կազմակերպել, ծախսել 39,02 միլիոն դրամ: Բայց ինչպես և «Քվանտա» ծրագիրը, նշված չէ, թե քանի հոգի է մասնակցելու ծրագրին»:
    11:55
    09.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արտակարգ դեպք՝ Երևանում․ աշխատակիցը մոտ 6 մետր բարձրությունից ընկել է
    Երեկ՝ սեպտեմբերի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։15-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ ստացվել, որ Արցախի պողոտա 75 հասցեում գործող «Մաքուր երկաթ» գործարանի տարածքում աշխատակիցը բարձրությունից ընկել է։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/09/09/1221770/
    11:53
    09.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում և ևս հինգ մարզում լույս չի լինի
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի քաղաքի՝ 10:00-16:00 Բաշինջաղյան փ. 3, 181, 183, 185 շենքեր, Բաշինջաղյան 1-ին նրբ․ 5, 7 շենքեր, Նոր Նորք 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 8, 41, 45, 49, 53, 55, 55ա, 55բ, 57, 63, 65, 67/1, 71 շենքեր, թիվ 197 դպրոց, թիվ 104 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-15:00 Դավիթ Բեկի փ. 45-104 սեփական տներ, Դավիթ Բեկի 2-րդ նրբ. 1-43 սեփական տներ, 11:00-17:00 Կոմիտասի պող. 37 շենք, Վրացական փ. 15, 17 շենքեր, Ա.Խաչատրյան փ. 24/1, 26/1, 26/2, 26/3 շենքեր, Աճառյան փ. 35/20-91, 35/5-37/49 շենքեր, Ծարավ Աղբյուրի փ. 2/3- 188/7 շենքեր և 49/2-135/8 սեփական տներ, Մուրադյան փ. 16, 23, 35 շենքեր և 16-41/5 սեփական տներ, Գրիգոր Լուսավորչի փ. 3, 3/1, 3/2, 3/3 շենքեր և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Ներքին Չարբախ թաղ. 1, 3, 5, 6, 7, 12, 15 փողոցների սեփական տներ, Ներքին Չարբախ թաղ. 3-րդ փողոցի 2-րդ նրբանցքի սեփական տներ. Ներքին Չարբախ թաղ. 12 փողոցի 3-րդ նրբանցքի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արարատի մարզի` 10:00-12:00 Նոյակերտ գյուղ մասնակի, 10:00-16:00 Ուրցաձոր գյուղ մասնակի, 10:30-16:00 Այգեզարդ գյուղ մասնակի, Կոտայքի մարզի՝ 11:00-16:00 Պռոշյան գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Զին/մաս, «Եթեր» խմբագրություն, «Սև քար» իջևանատուն, Սեփականատեր «Կ․Սարգսյան», Սեփականատեր «Արթուր Տոնոյան» Սեփականատեր «Արթուր Հակոբյան», Սեփականատեր «Մ․ Հանոյան», Սեփականատեր «Ա․ Ազաբեկյան», Սեփականատեր «Ա․ Ղուկասյան», Սեփականատեր «Հ․ Հարությունյան», Սեփականատեր «Գ․ Գրիգորյան», Հուշարձան թաղամաս, Նոր թաղամաս, Վերին թաղ, Արևմտյան թաղամաս, Վերին թաղ-2, 11։00-17։00 Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի, Գեղաշեն և Կոտայք գյուղեր մասնակի, 14:30-16:30 Կամարիս, Սևաբերդ, Ակունք գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տավուշի մարզի՝ 10:30-11:00 Դիլիջան քաղաք` Շամախյան թաղամաս, 12:30-13:00 Դիլիջան քաղաք` Անդրանիկի թաղամաս և Գորկի փողոց մասնակի, Շիրակի մարզում՝ 10:00-14:00 Աշոցքի տարածաշրջան՝ Թավշուտ գյուղի «Ներքևի գյուղ» հատված, Թորոսգյուղ գյուղի «Ներքևի գյուղ» հատված, Սյունիքի մարզում՝ 10:00-12:00 Տեղ գյուղ մասնակի, 12:30-17:00 Տեղ գյուղ մասնակի: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    11:48
    09.09.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 09.09.22
    11:48
    09.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ավտովթար՝ Երևանում․ 30-ամյա վարորդը Ford Mustang-ով բախվել է եղևնուն
    Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 30-ամյա Հարություն Աբգարյանը իր վարած Ford Mustang մակնիշի ավտոմեքենայով Սայաթ Նովա Պողոտայում Կենտրոնի թաղապետարանի հարևանությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին և հայտնվել կանաչ գազոնում ու բախվել եղևնուն։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/09/09/1221767/
    11:44
    09.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    5 ռազմագերիները վերադարձել են առանց միջնորդի․ Տոյվո Կլաար
    Ադրբեջանը հինգ հայ ռազմագերիների է փոխանցել Հայաստանին առանց միջնորդների։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ «Մենք ողջունում ենք օգոստոսի 31-ին Բրյուսելում ղեկավարների միջեւ կայացած հանդիպումից հետո Ադրբեջանի կողմից հինգ հայ ռազմագերիների փոխանցումը։ Սա կարեւոր մարդասիրական ժեստ է, եւ հատկանշական է նաեւ, որ փոխանցումը տեղի է ունեցել առանց միջնորդների»,-գրել է նա։
    11:41
    09.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ԱԱԾ-ն պետական դավաճանության գործից նոր մանրամասներ է ներկայացրել
    Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում պետական դավաճանության և լրտեսության դեպքերի առթիվ հարուցված քրեական վարույթների նկատմամբ հանրային լայն շրջանակների հետաքրքրությունը հաշվի առնելով՝ տեղեկացվում է, որ պետական դավաճանության հատկանիշներով հարուցված վարույթներից մեկով կազմվել է եզրափակիչ դատավարական ակտ և կալանքի տակ գտնվող անձի մասով քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատարան։ «Քննչական դեպարտամենտում կատարված համակողմանի քննությամբ պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին հավաքագրված լինելով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների կողմից՝ վերջիններին փոխանցել է ծառայության բերումով իրեն հայտնի դարձած ռազմական բնագավառին վերաբերող բազմապիսի տեղեկություններ, որից հետո պարտավորագիր է գրել հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ համագործակցության վերաբերյալ, ստացել համապատասխան ծածկանուն և յուրաքանչյուր ամսվա համագործակցության դիմաց 500 ԱՄՆ դոլար վարձատրության խոստում: Դրանից հետո, հիշյալ անձը 44-օրյա պատերազմի ընթացքում զորամասի կազմով ընդգրկված լինելով պաշտպանության տարբեր տեղամասերում մարտական գործողությունների իրականացմանը, հակառակորդի կողմն անցնելով և նպատակ ունենալով գործել ի վնաս Հայաստանի Հանրապետության անվտանգության և տարածքային անձեռնմխելիության, ունենալով հրթիռավորի մասնագիտությամբ բարձրագույն զինվորական կրթություն, տիրապետելով ռեակտիվ համակարգից մարտական արձակումների հմտություններին և ղեկավարելով զորամասի հաշվեկշռում գտնվող ռեակտիվ համակարգերից մեկը, ՀՀ ՊՆ համար N զորամասի համապատասխան ծառայության կողմից տրված և վերստուգված ճշգրիտ կոորդինատների առկայության պայմաններում իր ղեկավարած մարտական ռեակտիվ համակարգից դիտավորությամբ կատարել է ոչ նպատակային կրակային արձակումներ և չի խոցել հակառակորդի կրակային նշանակետերը, ինչի արդյունքում հնարավոր չի եղել կատարել հաշվարկի առջև դրված մարտական առաջադրանքը։ Ընդ որում, հանդիպման ընթացքում Հայաստանի Հանրապետության հակահետախուզական գործունեություն իրականացնող մարմինների տեսադաշտում հայտնվելուց, բացահայտվելուց խուսափելու նպատակով օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցները հիշյալ անձին տրամադրել են իրենց հաղորդակցական կապը քողարկող հավելվածով ծրագրավորված բջջային հեռախոս՝ հանձնարարելով այն չօգտագործել հաղորդակցման նպատակներով, մշտապես պահել «թռիչքային» ռեժիմում, տեղեկությունները փոխանցելիս օգտվել հանրային վայրերում տեղակայված համացանցի միացման հնարավորություններից և այլն: Արդյունքում, քրեական հետապնդման ենթակա անձը հավաքել և քողարկված ինտերնետային կապի միջոցով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին տեղեկություններ է տրամադրել հայրենիքի կողմից ձեռքբերված ռազմական տեխնիկայի, ռազմամթերքի, պատերազմի ընթացքում ունեցած զինտեխնիկայի կորստի վերաբերյալ՝ տրամադրելով նաև իր ծառայության զորամասի դիվիզիոնի զինծառայողների՝ անձնակազմի քանակի, զբաղեցրած հաստիքների, ամրակցված զենք-զինամթերքի վերաբերյալ տեղեկություններ պարունակող հաստիքացուցակը, զինծառայության անցնելու պայմանների վերաբերյալ ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի կողմից շրջանառության մեջ դրված փաստաթղթերը: Բացի այդ, հիշյալ անձը խոստացել է հավաքել ու 4.000 ԱՄՆ դոլար վարձատրության դիմաց վերջիններին հանձնել պետական գաղտնիք հանդիսացող ՀՀ ՊՆ համար N զորամասի գաղտնի դրոշմագրով մարտական պատրաստվածության պլանը, քարտեզները և մարտական կարգադրությունները, սակայն չի կարողացել հանցավոր գործունեությունն ավարտին հասցնել, քանի որ բացահայտվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայողների կողմից: Քրեական վարույթի ընթացքում ապացույցների բավարար համակցություն է ձեռք բերվել նաև առ այն, որ նույն անձը պատերազմի ընթացքում վարելով ՀՀ ՊՆ համար N զորամասին ամրակցված, ռազմական տեխնիկա հանդիսացող ռեակտիվ համակարգի ավտոմեքենան, նպատակ ունենալով դիտավորությամբ վնասել այն և նույն զորամասի մեկ այլ ռազմական տեխնիկա հանդիսացող տրանսպորտալիցքավորման ավտոմեքենան ու դրա վրա տեղադրված ռազմամթերք հանդիսացող ռեակտիվ արկերը, տեսնելով իր վարած տրասնպորտային միջոցի հետնամասում կայանված հիշյալ ավտոմեքենան, կտրուկ հետընթաց է կատարել և հետնամասով բախվել է հիշյալ ավտոմեքենային՝ վնասելով այն և դրա վրա բեռնված ռեակտիվ արկերը, որի արդյունքում հիշյալ ռազմական տեխնիկան 44-օրյա պատերազմի ընթացքում տևական ժամանակ չի օգտագործվել մարտական խնդիրների լուծման նպատակով։ Այսպիսով, գործով որպես մեղադրյալ ներգրավված անձը հակառակորդին ընձեռել է իրական հնարավորություն հավանական մարտական գործողությունների պլանավորման ընթացքում կատարելու ուժերի և միջոցների ճշգրիտ հաշվարկներ, որոշել տարբեր հատվածներում իր կողմից խնդիրների կատարմանն ընդգրկվող ուժերի և միջոցների քանակը, տեղակայումները, ինչպես նաև կանխորոշել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հատուկ կարգավիճակի զորամասերի կողմից իրենց առջև դրված մարտական խնդիրների բնույթը, նրանց կողմից իրականացվելիք խնդիրների հնարավոր ծավալները և արդյունքում խոչընդոտել զինված ուժերի ստորաբաժանումների առջև դրված խնդիրների պատշաճ իրականացմանը՝ այդ կերպ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության կատարել պետական դավաճանություն: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ միայն 2022 թվականի ընթացքում պետական դավաճանություն կատարելու դեպքերով հարուցված քրեական վարույթներով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչների կողմից մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել ընդհանուր թվով 8 քրեական վարույթներ 15 անձանց վերաբերյալ։ Հարուցված այլ վարույթներով նախաքննությունը շարունակվում է և նկատի ունենալով դրանց նկատմամբ հանրային լայն շրջանակների հետաքրքրությունը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պարբերաբեր տեղեկություններ կտրամադրի դրանց ընթացքի և արդյունքների մասին», - ասվում է ԱԱԾ հաղորդագրությունում։
    11:37
    09.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱՄՆ-ը ողջունում է Ադրբեջանում գերության մեջ գտնվող հինգ հայ զինծառայողների Հայաստանին վերադարձնելը
    ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Նեդ Փրայսը Twitter-ում գրել է . «Միացյալ Նահանգները ողջունում է Ադրբեջանում գերության մեջ գտնվող հինգ հայ զինծառայողների Հայաստանին վերադարձնելը: Մենք ողջունում ենք հայ զինծառայողների վերադարձի լուրը, ինչը դրական իրադարձություն է հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացում։ Հուսով ենք, որ մյուս բոլոր ձերբակալվածները ևս շուտով կվերադառնան իրենց տները, և Ադրբեջանն ու Հայաստանը կշարունակեն քայլեր ձեռնարկել վստահության ամրապնդման և առկա տարաձայնությունների կարգավորման ուղղությամբ»։
    11:34
    09.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի ֆինանսավորումը հասավ 500 մլն դրամի
    «Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունը երեկ որոշեց վերաբաշխում կատարել Հայաստանի այս տարվա բյուջեում եւ «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին հատկացնել մոտ 39 միլիոն դրամ: Նախագծի հիմնավորման մեջ գրված է, թե պետական աջակցության բոլոր ծրագրերի մասին տեղեկանալու, դրանց մասին սպառիչ տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է դարձել ստեղծել պետական աջակցության ծրագրերի իրազեկման միասնական հարթակ։ Ի հավելումն՝ «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի գործառույթների ավելացման համատեքստում անհրաժեշտություն է առաջացել համալրել կառույցի հաստիքացուցակը։ Նոր գործառույթները ենթադրում են պետական աջակցության ծրագրերի շուրջ պոտենցիալ շահառուների շրջանում հանրային իրազեկման արշավների կազմակերպում, պետական աջակցության իրազեկման միասնական հարթակի վարում, ինչպես նաեւ՝ պետական խոշոր ծրագրերի ու բարեփոխումների հանրայնացման աշխատանքներում պետական գերատեսչություններին աջակցում։ Եվ երրորդ․ հաշվի առնելով «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ստեղծագործական թիմի կողմից իրականացվող լուսաբանման եւ ստեղծագործական աշխատանքի հագեցվածությունը, տեխնիկայի ամորտիզացիայի եւ մաշվածության խնդիրները, անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել տեխնիկական նոր միջոցներ։ «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ն առավել հայտնի է «Ֆեյքերի ՊՈԱԿ» անունով, եւ միակ տեսանելի բանը, որ անում է, սոցկայքերում կեղծ օգտահաշիվներ է բացում եւ սպասարկում՝ ապահովելով իշխանության գովքը, քարոզն ու հայհոյում բոլորին, ով իշխանության հետ համակարծիք չէ: Մեկ էլ մի ծեծկռտուքով է հայտնի այս ՊՈԱԿ-ը: Անցած տարվա մարտին «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր Դանիել Իոաննիսյանը մի խումբ անձանց հետ մտել էր ՊՈԱԿ եւ հարձակվել աշխատակիցներից մեկի վրա՝ պնդելով, որ նա իր եւ իր քրոջ մասին սուտ լուրեր է տարածում սոցկայքերով: Բայց դա վաղուց էր, հիմա Դանիել Իոաննիսյանի հետ շատ ջերմ համագործակցություն է ձեւավորվել։ Այս տարի արդեն երրորդ դեպքն է, որ «ֆեյքերի ՊՈԱԿ»-ին լրացուցիչ գումար է հատկացվում: «Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի տարեկան ֆինանսավորումը պետական բյուջեից կազմում է 450 միլիոն դրամ։ ՊՈԱԿ-ի խնդիրների մեջ մտնում է արտասահմանյան ԶԼՄ-ների եւ սոցցանցերի մոնիթորինգը, կառավարության ֆեյսբուքյան էջերի կառավարումը, ներքաղաքական թեմաներով հոդվածներ գրելը եւ նման նպատակները: Մարտին էլ 10 միլիոն ստացավ՝ հայկական ԶԼՄ-ների մոնիթորինգի ու Վրաստանի հայալեզու լրատվամիջոցներին քարոզչական բնույթի նյութեր տրամադրելու համար: Այսինքն՝ 450 միլիոնը եւ գումարած այս 48 միլիոնը՝ ողջը միասին՝ մոտ 500 միլիոն դրամ: Երկու տարի առաջ՝ 2020 թվականին, «ֆեյքերի ՊՈԱԿ»-ի բյուջեն 733 միլիոն դրամ էր: Ստացվում է, որ այս ՊՈԱԿ-ի տարեկան բյուջեն կազմում է 500 միլիոն դրամ: Իսկ նպատակներն ու կատարած աշխատանքի չափման հնարավորություններն անորոշ են: Օրինակ, ինչո՞ւ է կառավարությունը մտադիր ստեղծել պետական աջակցության ծրագրերի իրազեկման միասնական հարթակ: Իսկ ինչի՞ համար են գերատեսչական, համայնքային կայքերը, ինչի՞ համար է նույն «ֆեյքերի ՊՈԱԿ»-ը: Թող հաղորդագրություն գրեն ու տրամադրեն լրատվամիջոցներին: Գրել չգիտե՞ն: Ուրեմն իրենց տրված փողերը վատնելու են, ունակ չեն սպասարկել ո՛չ գործող, ո՛չ ստեղծվելիք կայքերը»:
    11:26
    09.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինչո՞ւ գործը տեղից չի շարժվում. Վահե Հովհաննիսյան
    Հրապարակը բեկման ակնկալիքով նայում է հարթակին, հարթակը՝ շատանալու ակնկալիքով, հրապարակին։ Բոլոր գիտակից մարդիկ անհուսությունից խելագարվում են, մի քանի հարյուր հազար մտահոգ մարդ սպասում է փոփոխության՝ նայելով հարթակին ու հրապարակին, շատ ավելի մեծ զանգված հասկանում է, որ սա ապրելու ձև չէ, բայց չգիտի, թե ինչ է ուզում, պատրաստ չէ քայլի։ Բայց վերջնարդյունքում գործը տեղից չի շարժվում, իսկ երկիրը համակարգային փլուզման մեջ է։ Ինչու՞։ Հայտնի ծուղակում ենք. երկար տարիներ պատրաստվում էինք «նախորդ պատերազմին» ու պարտվեցինք, կա խոր մտահոգություն, որ մենք այժմ պատրաստվում ենք նախորդ խաղաղությանը, որն էլի կբերի պարտության։ Եվ կա լայն հանրության մոտ տպավորություն, թե, մերժելով ներկան, պատրաստվում ենք նախորդ իշխանությանը։ Որպեսզի հաջողություն լինի՝ մենք պետք է պատրաստվենք ու խնդիր դնենք՝ հասնել հաջորդ իշխանությանը։ Իսկ «հաջորդ իշխանություն» առաջին հերթին նշանակում է նոր բովանդակություն՝ նոր ասելիք, նոր ձևակերպումներ, նոր գաղափարներ, նոր մարդիկ։ Չափազանց շատ բան է փոխվել. հին պատկերացումներով ու հին ձևակերպումներով հնարավոր չի լինելու համախմբել մարդկանց՝ ներսում, հնարավոր չի լինելու ընկալվել դրսում՝ հարևանների ու պոտենցիալ դաշնակիցների կողմից, հնարավոր չի լինելու պետություն պահել։ Քաղաքական միտքը և պետական մտածողությունը պետք է լուծեն այս խնդիրը. ընկալել փոփոխությունների իրական ծավալը, և վերանայել մեր պատկերացումները՝ այդ բոլոր փոփոխությունները հաշվի առնելով։ Հակառակ դեպքում գործը տեղից չի շարժվի։ Փոխվել է Ղարաբաղի հարցը, փոխվել է Հարավային Կովկասը, հետևաբար՝ հայ-թուրքական հարաբերությունների բովանդակությունը, հայ-ռուսական հարաբերությունները, մեր դերը, մեր հասարակությունը, մեր հեռանկարը։ Առանց Արցախ չկա Հայաստան Ղարաբաղյան հարցի բովանդակությունը փոխվել է։ Մինչև 2020թ. «Ղարաբաղի հարցի» տակ ուրիշ բովանդակություն էր, հիմա՝ ուրիշ։ Սա պետք է ընդունել։ Մինչև 2020 թվական եղել է Հայաստանը որպես անվտանգության երաշխիք ունեցող Արցախի պետություն, 2020-ին տեղի է ունեցել այդ պետականության կորուստ և անվտանգության երաշխիքի զրոյացում։ Հիմա գոյություն ունի ֆիզիկական բնաջնջման, հայաթափության ռեալ վտանգի առաջ կանգնած Արցախ, որի պետականությունը և նախկին անվտանգային համակարգը զենքի ուժով ջարդել են։ Երբ սեպտեմբերի 2-ին և մնացած օրերին ցույց ենք տալիս 1990-ականների մեր փառահեղ հաղթանակների կադրերը, ողջ հարգանքով հանդերձ, կրկնում եմ՝ անձնային, անձնական, պատմական մակարդակներում ողջ խոր հարգանքով հանդերձ՝ այդ հաղթանակը կերտածների հանդեպ, պետք է ընդունել, որ այդ կադրերն այս պահին այլևս ոչ մի կիրառական նշանակություն չունեն։ Դրանք հանրագիտարանային պատմություն են։ Պետական մտածողությունը և պետության հանդեպ պատասխանատվությունը պահանջում են զսպել բոլոր էմոցիաները և հասկանալ, որ այսօրվա խնդրի լուծման բանալին այդ կադրերում չէ, պահանջատիրական վանկարկումները չեն, առանց իրատեսական հիմքերի «կարմիր գծերը» չեն։ Կա մեկ կարմիր գիծ. պետք է գիտակցել, որ Արցախի կորուստ նշանակում է Հայաստանի կորուստ։ Արցախի վերջնական կորստից հետո Հայաստանը 10-15 տարվա ընթացքում դառնալու է այլոց ծառայութուններ մատուցող հայկական ռեզերվացիա։ Սա հասկանալով՝ պետք է ձևակերպենք խնդիրը. ինչպե՞ս պահել Ղարաբաղը հայկական, որպեզի պահենք հայկականությունը՝ ընդհանրապես։ Պետական մտածողության և սառը պրագմատիզմի վրա պետք է գծագրել այն փոքր, միջին քայլերի շղթան, որով Արցախը պետք է պահվի հայկական։ 90-ականների փառահեղ հաղթանակների կինոխրոնիկայում չէ այլևս ելքը, կամ՝ Նիկոլի պարզունակ հեռացման մեջ։ Այն, որ Նիկոլը պետք է հեռանա, չի քննարկվում, բայց Նիկոլին պետք է հաջորդի պետական մտածողությունը։ Հայաստանի հաջորդ իշխանությունը ժառանգելու է ահռելի փոփոխություններով անցած երկիր. այդ թիմի նոր էջը այսօրվա իրականությունն է, ու նրանից պահանջվելու է ոչ թե պոպուլիզմ, այլ՝ ծանր իրականության մեջ սոլիդ ու գրագետ քաղաքականություն։ Իսկ ո՞րն է Արցախի հարցում ոչնիկոլական ճամբարի կողմից մշակված տեսլականը։ Նիկոլի ծրագրին այլընտրանքը կա՞, պատրա՞ստ է։ Էմոցիաներն ու մեր սրտից բխող վանկարկումները մի կողմ։ Հենց լինի ընկալելի այլընտրանքային տեսլական՝ հանրային վստահությունը կլինի էապես ավելի մեծ։ Ու այդպես՝ բոլոր կարևոր հարցերում։ Իշխանությունների ճանապարհները Հայաստանն ունեցել է իշխանություն, որը կառուցել է Լաչինի ճանապարհը, ունեցել է իշխանություն, որը կառուցել է Սոթք-Քարվաճառը, և ունի իշխանություն, որը երկուսն էլ հանձնել է Ադրբեջանին։ Հիմա պետք է ուրվագծվի հաջորդ իշխանությունը, որը, սառը ընդունելով այս աղետալի իրականությունը, կստեղծի պատմության հաջորդ էջը։ Այն չի լինելու շռնդալից, եռատոնի մասնիկ, օրացույցի նոր տոն, բայց այն լինելու է պատմական կարևորության։ Խաղաղ Արցախի կոնցեպցիան Հայաստանի հաջորդ իշխանությունը պետք է ունենա Խաղաղ Արցախի մշակված կոնցեպցիան, որով նա կխոսի միջնորդների, հարևանների, հակառակորդի հետ։ Ռուսական խաղաղապահների անժամկետ ներկայությունն այդ կոնցեպցիայի առանցքում է։ Պետք է ոչ միայն ունենալ Արցախում խաղաղ կյանքի զարգացման տեսլական, այլև՝ այն ապահովել կոնկրետ ծրագրերով։ Հասկանալու համար, թե ինչպես է փոխվել Ղարաբաղյան հարցի բովանդակությունը, փորձենք տեսնել նոր իրողություններից ամենաերևացողները։ Վաղը Ադրբեջանն ամենախաղաղ պայմաններում կառուցելու է 200 հազարանոց Աղդամ, բազմահազարանոց նոր գյուղեր, որոնք մխրճվելու են հայկական բնակավայրերի մեջ։ Որևէ մեկը սրա մասին մտածե՞լ է։ Արդեն չկա անվտանգության գոտի, ու Ադրբեջանն իր տարածքներում ինչ ուզի՝ կառուցելու է։ Այսօր արդեն կառուցել է երկու միջազգային օդանավակայան, բազմաթիվ ճանապարհներ, թունելներ... Իսկ Լաչինը հանձնելու ընթացքում Հայաստանը չբարձրացրեց Ստեփանակերտի օդանավակայանի հարցը։ Ու այսպես՝ բազմաթիվ հարցեր։ Անհատներ ու առաջարկություն Միևնույն ժամանակ, Հայաստանում կան մարդիկ, ովքեր պարբերաբար հանդես են գալիս հետաքրքիր ու կիրառական առաջարկներով։ Իմ առաջարկն է՝ սկսել Ղարաբաղի հարցով ծրագրային մշակումներ՝ հաշվի առնելով նոր, առկա իրողությունները։ Ինքս պատրաստ եմ ամբողջությամբ նվիրվել այդ աշխատանքին։ Ղարաբաղյան հարցի նոր փուլի շուրջ մշակումներ՝ հիմքում ունենալով հստակ բանաձև և համոզմունք՝ Արցախը պետք է մնա հայկական, հայկական Արցախի կորուստը Հայաստանի վերջն է։
    11:24
    09.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հնդիկները փորձում են Հայաստանը անցողիկ պետություն դիտարկել
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Չնայած Հայաստանում գործազուրկների թիվը գերազանցում է 60 հազարը, սակայն մեր երկրում արդեն մի քանի տարի է, ինչ էժան աշխատուժ են համարվում հնդիկները: Նախորդ տարիներին հնդիկները հայկական գյուղերում ներգրավվում էին հիմնականում ջերմոցային աշխատանքներում: Իսկ ահա վերջին շրջանում նրանք աշխատում են նաեւ շինարարության ոլորտում: Օրինակ` շինաշխատանքներից հայերի մեծ մասը հրաժարվում է, իսկ հնդիկներն այդ աշխատանքն անում են 4-5 հազար դրամով: Իրենք իրենց երկրում սովոր են նման աշխատանքների: Իսկ մեր հայրենակիցներն ուղղակի չեն նախընտրում նման աշխատանքներ կատարել: Բացի այս` հնդիկները փորձում են Հայաստանը անցողիկ պետություն դիտարկել, որ հետո Հայաստանով կարողանան գնալ այլ երկրներ, վիզաներ ստանալ, բիզնես հիմնադրել, ինչ-որ ծառայություններում աշխատել: Օրինակ` նրանց մեծ մասը Հայաստանով նախընտրում է գնալ Արաբական Միացյալ Էմիրություններ: Այսինքն` նրանք Հայաստանում այդքան էլ չեն կուտակվում: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա առաջին 7 ամիսներին Հայաստան ժամանել է Հնդկաստանի 9898 քաղաքացի, դուրս եկել՝ 11 հազար 262-ը։ Նկատենք, որ մեր հայրենակիցները գնում են այլ երկրներ, հատկապե ՌԴ, ու հենց շինաշխատանքներ են կատարում, իսկ մեր երկրում այդ հարցում ծուլացել են: Առաջարկվող գումարի դիմաց չեն ցանկանում աշխատել, բայց եւ դժգոհում են, թե աշխատանք չկա»:
    11:19
    09.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» դատապարտել է սերիալում ցուցադրվող բռնությունը
    «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» հայտարարություն է տարածել «Արմենիա» հեռուստաընկերության «Կույր աշխարհ» սերիալի վերաբերյալ՝ դատապարտելով դրանում ցուցադրվող բռնությունը։ Հայտարարությունը՝ ստորև․ «Արմենիա» հեռուստաընկերությունը օրերս մեծ հնչեղությամբ սկսել է հեռարձակել հերթական սերիալը, որը շարունակում է հղփացած, բիրտ ու բռնարար, անշնորհք բառապաշարով տղամարդկանց և որբ, դժբախտ, բամբասկոտ, անվերջ բռնության ենթարկվող կանանց կերպարային մոդելների վերարտադրությունը։ Առաջին անգամը չէ, որ մենք հայտարարություն ենք տարածում նույն հեռուստաընկերության արտադրած հեռուստասերիալներում բռնության առկայության վերաբերյալ։ Մեր հայտարարության արդյունքում «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ ընկերության նկատմամբ կիրառվել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 15-րդ մասով սահմանված տույժ` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով: Սակայն կարծես սա բավարար միջոց չէր՝ կանխելու ակնհայտ բռնության ցուցադրությունն ու քարոզը, և այս անգամ հեռուստատեսային նախագիծն է՛լ ավելի հեռու է գնում։ «Կույր աշխարհ» հեռուստասերիալի սցենարային հիմքը կնոջ կուսաթաղանթն է, ավելի ճիշտ՝ դրա բացակայությունը։ Հեռուստասերիալի հենց այս դրվագն է տարածվում որպես սյուժետային համառոտ շարադրանք (անոնս), որը պատմում է նորապսակ զույգի ամուսնական առաջին գիշերվա ընթացքում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Այն, որ աղջիկը կուսաթաղանթից զրկվել է անհավանական տրավմայի արդյունքում, քննարկման ենթակա չէ, բայց այն բռնությունը, ապա նաև բռնաբարությունը, որ կատարվում է տրավմայի արդյունքում կուսության կորուստը հավաստող բժշկական փաստաթղթի անհետանալուց հետո, ուղղակի նողկանք է առաջացնում։ Անընդունելի է կուսության թեման վերստին դարձնել մեր հասարակության կարևորագույն, անկյունաքարային արժեքներից մեկը, որը, իբրև թե «արդարացիորեն», հանգեցնում է կանանց նկատմամբ բռնության սիստեմատիկ դրսևորումների։ Իհարկե, մեր հասարակության տարբեր շերտերում դեռևս կան պահպանված վնասակար ավանդույթներ, որոնք մեծ տարբերություններ են դնում կանանց և տղամարդկանց միջև և հանգեցնում խտրականության, ապա նաև բռնության։ Սակայն այդ արատավոր երևույթների նմանօրինակ ներկայացումը հեռուստասերիալների միջոցով անընդունելի է և հղի վտանգներով։ 2010 թվականից ի վեր «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» արձանագրել է կնասպանության 90-ից ավել դեպքեր, որոնց ուսումնասիրությունը փաստում է․ մի կողմից կանանց նկատմամբ հանցագործությունների կատարումը թույլատրելի է դառնում կնոջ ստորադաս լինելու համոզմունքի գերակայության արդյունքում (մի բան, որ ձևավորվում է հա՛տկապես մեդիայի միջոցով), իսկ մյուս կողմից՝ այդ հանցագործություններն արդարացվում են՝ որակվելով իբրև կնոջ վարքի «հակաբարոյականությամբ» պայմանավորված գործողություններ։ Առկա են բազմաթիվ հետազոտություններ, համաձայն որոնց մեդիայում և հատկապես հեռուստասերիալներում արտացոլված՝ կանանց նկատմամբ խտրականությունն ու բռնությունն անմիջականորեն ազդում են հանրային կյանքի վրա։ Ներկայացվող հերոսները դառնում են վարքային մոդելներ և նպաստում բռնության օջախների բռնկմանը, մարդիկ համարում են, որ հենց դա՛ է իրականն ու ճշմարիտը։ Իրավակարգավորումների տեսանկյունից՝ «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան, որը Հայաստանը վավերացրել է անկախության առաջին տարիներին՝ 1993 թվականին, լրջագույն ուշադրություն է դարձնում մեդիադաշտի վրա` ընդգծելով, որ այն մեծ ազդեցություն ունի հանրային գիտակցության վրա, և պետությունը պարտավոր է անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել մեդիայում կարծրատիպերի և կանանց նկատմամբ բռնության արտացոլումները վերացնելու ուղղությամբ։ Ներպետական օրենսդրության շրջանակներում «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքը ևս համարում է, որ գենդերային անուղղակի խտրականության դրսևորման ձևերից է գենդերային կարծրատիպերի վերարտադրությունը զանգվածային լրատվությամբ, կրթության և մշակույթի միջոցով։ Նույն օրենքի 8-րդ հոդվածում հստակ սահմանված են գենդերային հավասարության ապահովման պետական քաղաքականության հիմնական ուղղությունները, ըստ որոնց՝ գենդերային հավասարության խախտմանն ուղղված տեղեկատվությունից և քարոզչությունից հասարակության պաշտպանությունը պետության պարտավորությունն է։ Այս համատեքստում շատ կարևոր է մեդիադաշտի որակի համար պատասխանատու հանրային մարմինների կարգավորիչ նշանակությունը, որոնց արդյունավետ գործունեությունը կարող է կանխել բռնությունը: Մասնավորապես, այն երկրներում, որտեղ վերահսկողություն կա մեդիայում ցուցադրվող բռնության տեսարանների վրա, աստիճանաբար նվազում է հասարակության շրջանում տեղի ունեցող բռնությունների քանակը: Եվ հակառակը՝ հեռուստասերիալներում քարոզվող բարքերը անմիջական ազդեցություն են ունենում կանանց նկատմամբ բռնության և ակնհայտ խտրական մոտեցումների ամրապնդման հարցում: Այժմ նույնիսկ զարմանալի չի լինի, եթե իրական դեպքեր լսենք առաջին ամուսնական գիեշերը կատարվող դաժան բռնությունների ու կնասպանությունների վերաբերյալ։ Հաշվի առնելով վերոնշյալ խնդրի կարևորությունն ու ազդեցությունը հանրության գիտակցության վրա՝ պահանջում ենք․ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից՝ հրավիրված նիստում դիտարկել «Կույր աշխարհ» հեռուստասերիալում առկա բռնության, բռնաբարության և այլ բռնություն պարունակող երևույթները և տալ իրավական գնահատական։ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովից՝ գումարել նիստ և քննարկել, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել հայաստանյան հեռուստատեսությամբ հեռարձակվող սերիալներում կանանց նկատմամբ խտրականության և բռնության դեմ պայքարի արդյունավետ միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ։
    11:11
    09.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել․ ՀՀ ՊՆ
    Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է տարածել։ «ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել: Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության տակ», - հաղորդում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
    11:04
    09.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    39 ահազանգ` փակ դռների վերաբերյալ
    Սեպտեմբերի 7-9-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 39 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Շիրակի մարզի Գյումրի, Լոռու մարզի Վանաձոր, Արարատի մարզի Արտաշատ, Արմավիրի մարզի Էջմիածին, Վայոց ձորի մարզի Վայք քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները:
    11:00
    09.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    11 քաղաքացի օգնության կարիք է ունեցել
    Սեպտեմբերի 7-9-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Կոտայքի մարզի Հրազդան, Լոռու մարզի Վանաձոր, Շիրակի մարզի Գյումրի, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն։
    10:45
    09.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ-ականներն իրար մեջ «դավաճաններ» են փնտրում
    «Իրավունք» թերթը գրում է. «Խորհրդարանական աշնանային նիստերը սեպտեմբերի 12-ից կմեկնարկեն կրկին առանց ընդդիմության: ԱԺ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները շարունակելու են բոյկոտել քառօրյա նիստերը: Սակայն սա չի նշանակում, թե Ազգային ժողովում արշալույսները խաղաղ են լինելու: «Իրավունքի» տեղեկություններով` ՔՊ-ականները գերլարված են եւ իրար մեջ «դավաճաններ» են փնտրում, կոմպրոմատներ հավաքում, թե ովքեր են այն հնարավոր պատգամավորները, որոնք ինչ-որ փուլում ձայներով կաջակցեն ընդդիմությանը»:
    10:37
    09.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ` Երևան-Սևան ավտոճանապարհին
    Սեպտեմբերի 9-ին, ժամը 04։12-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանա­պարհին՝ «Բալի» հյուրանոցի մոտակայքում, այրվում է «BMW» մակնիշի ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 14-րդ կմ-ին՝ «Բալի» հյուրանոցի մոտակայքում, այրվում է «BMW 520i» մակնիշի ավտոմեքենա (վարորդ՝ Վ․ Տ․)։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:30-ին, մարվել՝ 04:53-ին։ Այրվել են շարժիչի հատվածը, առջևի անվադողերը և սրահը՝ մասամբ:
    10:30
    09.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Դատավորները դուրս են եկել ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի դեմ
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դատավորները դուրս են եկել ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի դեմ, քանի որ, ըստ նրանց, հանձնաժողովը սեւ գիծ է քաշում իրենց մասնագիտական առաջխաղացման եւ կարիերայի վրա։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Բարձրագույն դատական խորհուրդը 2022թ. օգոստոսի 5-ին որոշում էր կայացրել 10 դատավորի հանել առաջխաղացման եւ հակակոռուպցիոն մասնագիտացման թեկնածուների ցանկից՝ պատճառաբանելով, որ Հանրապետության նախագահը հուլիսի 22-ին եւ օգոստոսի 1-ին գրություններով առարկություններ է ներկայացրել: Իսկ ովքե՞ր էին զրկվել Հակակոռուպցիոն դատարանում աշխատելու հնարավորությունից։ Նրանք Կարեն Գրիգորյանը եւ Ռիմա Առաքելյանն էին, որոնց անունները հանվել են հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժնից: Ինչպես նաեւ՝ դատավոր Նաիրա Ավետիսյանը եւ Սյուզաննա Վարդանյանը, որոնց անուններն էլ հանվել են հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժնից: Իսկ ինչո՞ւ էր նախագահը դեմ եղել, որ այս դատավորները կարողանային իրենց ցանկալի դատարանում դատավոր նշանակվել կամ աշխատել։ Բանն այն է, որ Հակակոռուպցիոն դատարանում աշխատելու համար կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դատավորների բարեվարքության մասով կարծիք է հայտնում։ Վերոնշյալ դատավորների մասով հանձնաժողովը բացասական կարծիք է հայտնել որոշ դեպքերում, ըստ ցուցակում ներկայացվածների, ոչ պրոֆեսիոնալիզմի դրսեւորման արդյունքում, եւ այդ կարծիքի հիման վրա նախագահը մերժել էր բավարարել այս դատավորների՝ Հակակառուպցիոն դատարանում դատավոր նշանակելու դիմումները: Ու այժմ դատավորները ահազանգում են, որ չեն լռելու եւ դատի են տալու հանձնաժողովին, քանի որ այն օբյեկտիվորեն չի քննել, ավելին՝ իրենց կարիերայի վրա սեւ գիծ է քաշել»:
    10:22
    09.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ` ավտոմեքենայում
    Սեպտեմբերի 8-ին, ժամը 19:37-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ենոքավան գյուղում՝ անտառում, քաղաքացին (ազգությամբ արաբ) մոլորվել է․ անհրաժեշետ է փրկարաների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները ժամը 21:15-ին հայտնաբերել են Մարոկկոյի Թագավորության քաղաքացի Աբդեսսամադ Դանիին (ծնված 1982 թ.) և ավտոմեքենայով տեղափոխել հյուրատուն:
    10:15
    09.09.22
    Ավելին