Լրահոս

2022-11-05
  • Img default alt hy
    Միջազգային
    Շվեդիան հայտնել է Սիրիայում քրդական միավորումներին այլևս չաջակցելու մասին
    Շվեդիայի նոր կառավարությունն այլևս հանդես չի գալիս ի պաշտպանություն Սիրիայում գործող քրդական միավորումների՝ «Ժողովրդական պաշտպանության ստորաբաժանումների» (YPG) և «Ժողովրդավարական միության» (PYD)։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Շվեդական ռադիոյին տված հարցազրույցում ասել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմը։ Ուշագրավ է, որ այս հայտարարությունն արվել է Շվեդիայի վարչապետ Ուլֆ Կրիստերսոնի՝ նոյեմբերի 8-ին Անկարա կատարելիք այցի նախաշեմին։ Հենց այդ այցի շրջանակում նախատեսվում են բանակցություններ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ քննարկելու Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության դիմումը վավերացնելու հարցը։ «Այս կազմակերպությունները սերտ շփումներ ունեն Քրդական բանվորական կուսակցության հետ, որը ԵՄ ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում է։ Մեզ համար կարևոր է, որ երկիմաստ շփումներ չլինեն։ Շվեդիայի համար կարևոր է հեռավորություն պահպանել այդ կազմակերպություններից։ Մենք լավ հարաբերություններ ենք ուզում Թուրքիայի հետ»,- ասել է Բիլստրյոմը։ YPG-ն համարվում է Սիրիայում ՆԱՏՕ-ի և ԱՄՆ դաշնակիցը։ Նախկինում Շվեդիան ևս աջակցում էր YPG-ին և PYD-ին, որոնց Թուրքիան ահաբեկչական է որակում։ Շվեդիան և Ֆինլանդիան մայիսի 18-ին ՆԱՏՕ-ի անդամ դառնալու դիմում էին ներկայացրել, սակայն այս գործընթացը արգելակել էր Թուրքիան՝ պահանջելով, որ այդ երկրները քրդական կազմակերպություններն ահաբեկչական համարեն, հանձնեն ահաբեկչության կամ Թուրքիայի 2016 թվականի ռազմական հեղաշրջման փորձի մեջ մեղադրվող անձանց։
    15:29
    05.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Թաիլանդի դեսպանը հայտարարել է, որ երկիրը պատրաստ է երկխոսության հարթակ տրամադրել ՌԴ-ին և Ուկրաինային
    Թաիլանդը պատրաստ է Մոսկվային և Կիևին բանակցային հարթակ տրամադրել ուղիղ երկխոսության և ուկրաինական ճգնաժամը լուծելու համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանում Թագավորության դեսպան Սասիվատ Վոնգսինսավատը։ «Մենք պատրաստ ենք հարթակներ տրամադրել հակամարտության բոլոր կողմերին, եթե նրանք պատրաստ լինեն ուղիղ երկխոսության՝ ուկրաինական ճգնաժամի խաղաղ լուծում գտնելու համար»,- ասել է դիվանագետը։
    15:22
    05.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ֆիլիպիններում արևադարձային փոթորիկը 155 մարդու կյանք է խլել
    «Նալջի» արևադարձային փոթորկի հետևանքով Ֆիլիպիններում տուժել է ավելի քան 4,23 միլիոն մարդ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, աղետի զոհ է դարձել 155 մարդ: 1,01 մլն տեղահանվածներ գտնվում են 1038 տարհանման կենտրոնում։ Ավելի քան 355,4 հազար մարդ նախապես լքել է տները։ Առնվազն 129 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել, 34-ը անհետ կորած են համարվում։ Երկրի տարբեր հատվածներում ջրհեղեղներ ու սողանքներ են։ Փոթորիկը վնասել է 24,9 հազար տուն, ավերել է ավելի քան 3 հազար շինություն։ Աղետի հետևանքով վնասվել է 503 ճանապարհ և 119 կամուրջ։ 359 քաղաքում էլեկտրամատակարարման ընդհատումներ են գրանցվել, սակայն 252-ում այն վերականգնվել է, 38 համայնքներում կապի, 11-ում՝ ջրամատակարարման խնդիր կա։ Ուսումնական պրոցեսը դադարեցվել է 666 ուսումնական հաստատությունում, աշխատանքը՝ 223 ձեռնարկություններում։ Գյուղատնտեսությանը հասցված վնասը գնահատվում է 2,82 միլիարդ պեսո (48,33 միլիոն դոլար):
    15:15
    05.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրաքն ու Ռուսաստանը պատրաստվում են միջուկային համագործակցության հուշագիր ստորագրել
    Մոսկվան և Բաղդադը պատրաստվում են համագործակցության հուշագիր ստորագրել խաղաղ կիրառման նպատակներով միջուկային տեխնոլոգիաների շուրջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին ՌԻԱ Նովոստիի թղթակցին տված հարցազրույցում ասել է Իրաքում ՌԴ դեսպանատան տնտեսական խորհրդական Իլյա Լոբովը։ «Նախապատրաստական աշխատանքներ են տարվում խաղաղ նպատակներով միջուկային տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրման համար»,- ասել է դիվանագետը՝ նշելով, որ կողմերը քննարկում են նաև կրթության ոլորտում համագործակցությունը: Նրա խոսքով, Իրաքը հետաքրքրություն է ցուցաբերում ռուսական միջուկային էներգիայի նկատմամբ: Կողմերը 1975 թվականին ատոմային էներգիայի օգտագործման ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում վերսկսել են բանակցային գործընթացը՝ այս ոլորտում գործընկերություն հաստատելու համար։
    15:07
    05.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Առանց Արցախի չկա Հայաստան, առանց Արցախի չի կարող լինել խաղաղություն․ Սաղաթելյան
    Այսօր՝ նոյեմբերի 5-ին, Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունենում Միասնության հանրահավաք։ Ինչպես նախապես հայտարարել էր «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը, հանրահավաքը միասնություն է խորհրդանշում ոչ թե որևէ անձի կամ ուժի շուրջ, այլ Հայաստանի և Արցախի պաշտպանության գաղափարի շուրջ: Հանրահավաքը ի պաշտպանություն Արցախի է։ Հանրահավաքին մասնակցելով՝ հայ մարդը հայտարարում է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, արձանագրում է, որ օրվա իշխանությունը չունի որևէ մանդատ երկիրը նոր զիջումների ու կորուստների տանելու: «Նոյեմբերի 5-ին ամբողջ աշխարհը պետք է ֆիքսի, որ օրվա իշխանությունը չի արտահայտում հայ ժողովրդի հավաքական կամքը: Նոյեմբերի 5-ին մենք պետք է փաստենք, որ գիտակցում ենք, որ սա միայն Արցախի հարց չէ. Արցախը կորցնելով` կորցնելու ենք ամբողջ Հայաստանը: Առանց Արցախի չկա Հայաստան, Առանց Արցախի չի կարող լինել խաղաղություն»,- հայտարարել էր Իշխան Սաղաթելյանը:
    15:00
    05.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Չինաստանի կառավարությունը մտադիր չէ թուլացնել հակաքովիդյան միջոցառումները
    Չինաստանի իշխանությունները չեն թուլացնի քովիդի դեմ խիստ միջոցառումները՝ արտերկրում և երկրի ներսում բարդ համաճարակային իրավիճակի ֆոնին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ՉԺՀ-ի հիգիենայի և առողջության պետական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Մի Ֆենը «Ներկայումս մեր պետությունը դեռ կանգնած է կրկնակի ռիսկի առաջ՝ դեպքերի ներմուծում արտերկրից և համաճարակի տարածում երկրի ներսում։ Համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր»,- ասել է նա:
    14:52
    05.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նույնիսկ Փաշինյանի ձայներն են գողացել․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության ընտրությունների վերահաշվարկի արդյունքներից պարզ է դառնում, որ զեղծարարների խումբը չի խորշել գողանալ անգամ առաջնորդի՝ Նիկոլ Փաշինյանի ձայները։ Հիշենք․ անցած շաբաթ տեղի ունեցած համագումարից եւ վարչության ընտրություններից հետո տեղեկացանք, որ, ըստ նախնական արդյունքների, Նիկոլ Փաշինյանի օգտին գրանցվել է 941 ձայն: Մենք տեղեկացանք, որ վերահաշվարկից հետո վարչապետի ձայները 4-ով ավելացել են: Փոխարենը 4-ով պակասել են Ռուբեն Ռուբինյանի ձայները, 3-ով՝ Արփի Դավոյանի, 6-ով` Գնել Սանոսյանի, 4-ով՝ Վահագն Ալեքսանյանի, 27-ով՝ Համբարձում Մաթեւոսյանի, 3-ով՝ Հայկ Կոնջորյանի, 3 ձայնով՝ Սասուն Միքայելյանի: Վերահաշվարկի արդյունքում ավելացել են Գեւորգ Պապոյանի, Վաղարշակ Հակոբյանի, Ռոմանոս Պետրոսյանի ձայները, առաջինինը՝ 10, երկրորդինը՝ 3, Ռոմանոսինը` 8 ձայնով: 7 քվե գողացել էին Արմեն Փամբուխչյանից, առնվազն 20 ձայն՝ Արսեն Թորոսյանից, ինչի արդյունքում վերջին երկուսը դուրս էին մնացել վարչության կազմից։ Ավելի վաղ գրել էինք, որ 40-ով ավել են հաշված եղել Վիլեն Գաբրիելյանի, 30-ով՝ Տրդատ Սարգսյանի ձայները»:
    14:45
    05.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախում ակտիվ քաղաքական գործընթացներ են․ «Փաստ»
    «Փաստ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 30-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքից հետո Արցախում քաղաքական տրամադրությունների լուրջ փոփոխություններ են եղել։ «Փաստ» թերթի արցախյան աղբյուրը հայտնում է, որ փոփոխություններ են տեղի ունեցել նաև հանրային հատվածում։ Մեր տեղեկություններով, Արցախում ընթացող ակտիվ քաղաքական գործընթացները, ի թիվս այլ գործոնների, պայմանավորված են նաև այն հանգամանքով, որ առաջիկայում արցախյան քաղաքական տիրույթում գլխավոր դերակատարը դառնալու է Ռուբեն Վարդանյանը։ Հավելենք նաև, որ այս օրերին Արցախում է գտնվում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը. մեր ունեցած տեղեկություններով, Սարգսյանը Արցախում, որպես կանոն, հանդիպում է ընկերներին, մարտական ընկերներին ու արցախյան բարեկամներին, սակայն այլ բնույթի քննարկումներ նույնպես ունենում է։ Նշենք, որ հանդիպումների ժամանակ նրան մշտապես ուղեկցում է Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը։ Ի դեպ, մենք տեղեկություններ ունենք, որ նոյեմբերի 5-ին Ֆրանսիայի հրապարակում նախատեսված հանրահավաքին Արցախից նույնպես լուրջ ներկայություն է լինելու»:
    14:30
    05.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Բլինկենը կարծում է՝ Ռուսաստանը կշարունակի շահագրգռված մնալ նավթի վաճառքով գների սահմանաչափի ներդրումից հետո
    Ռուսաստանը կպահպանի համաշխարհային շուկաներում նավթ վաճառելու շահագրգռվածությունը գների սահմանաչափի ներդրումից հետո։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը նման կարծիք հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ՝ G7-ի արտգործնախարարների հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում: «Ռուսաստանն ինչպես ուզի, որոշում կկայացնի, բայց ես կարծում եմ, որ նա շահագրգռված է էներգառեսուրսների վաճառքով: Սա լավ մեխանիզմ է շուկայում դրանց պահպանումն ապահովելու համար»,- ասել է նա։ Բլինկենը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանին անհրաժեշտ է էներգակիրներ վաճառել՝ տնտեսությանը աջակցելու համար։ «Մեծ յոթնյակի» երկրների ֆինանսների նախարարներն ավելի վաղ հայտարարել էին Ռուսաստանի Դաշնությունից նավթի գնային սահմանափակում սահմանելու մտադրության մասին։ Դրա համար նրանք ցանկանում են ստեղծել «լայն միջազգային կոալիցիա» և արգելել ռուսական նավթի ծովային փոխադրման համար որևէ ծառայությունների մատուցում, եթե այն վաճառվի կոալիցիայի կողմից համաձայնեցված սահմանաչափից բարձր գնով։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը սեպտեմբերի 1-ին լրագրողներին ասել էր, որ Մոսկվան կդադարեցնի նավթի և նավթամթերքի մատակարարումը այն երկրներին, որոնք կորոշեն սահմանափակել նավթի արժեքը։
    14:22
    05.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Շանհայում մեկնարկեց Չինաստանի 5-րդ միջազգային իմպորտ-էքսպոն
    Չինական Շանհայ քաղաքում մեկնարկեց Չինաստանի 5-րդ միջազգային իմպորտ ցուցահանդեսը (China International Import Expo): «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ`Շանհայում մեկնարկած ցուցահանդեսին բացման խոսքով հանդես եկավ Չինաստանի նախագահ, Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Սի Ծինպինն, ով ընդգծեց ցուցահանդեսի կարևորությունը համաշխարհային համագործակցության հետագա խթանման հարցում: «Քաղաքակրթությունների առաջընթացի առանցքային շարժիչ ուժը և գլոբալ բարգավաճման ու զարգացման անբաժանելի ուղին բաց լինելու մեջ է: Աշխարհը մեր օրերում բախվում է արագ իրար հաջորդող փոփոխությունների: Մենք պետք է բաց քաղաքականությամբ բարձրացնենք նորարարության տեմպերը, որպեսզի բոլորին օգուտ բերենք: Չինաստանը կաշխատի աշխարհի բոլոր երկրների հետ` կիսելով իր ընդարձակ շուկայի հնարավորությունները»,-ասաց նախագահ Սի Ծինպինը: Վերջինիս խոսքով` Չինաստանը կփորձի զարկ տալ բարձրորակ համագործակցությանը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում: «Իր նոր զարգացման շնորհիվ՝ Չինաստանը կշարունակի նոր հնարավորություններ ստեղծել ամբողջ աշխարհի համար, կխթանի բաց համաշխարհային տնտեսության ձեւավորումը: Չինական միջազգային ներմուծման էքսպոն վերածվել է համաշխարհային հանրության համար մատչելի հարթակի»,-ասաց նա: Բացման պաշտոնական արարողությանն առցանց ձևաչափով մասնակցություն ունեցան մի շարք երկրների ղեկավարներ: Չինաստանի 5-րդ միջազգային իմպորտ ցուցահանդեսն առաջին անգամ անցկացվել է 2018 թվականին: 5-րդ հոբելյանական Էքսպոյին այս տարի մասնակցում է 145 երկիր, ինչպես նաև Fortune Global 500-ի ցանկում ընդգրկված 284 ընկերություններ և ոլորտի առաջատար ձեռնարկություններ: Ցուցահանդեսը կավարտվի նոյեմբերի 10-ին:
    14:15
    05.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հայ առաքելական եկեղեցին նշում է Հրեշտակապետեր Գաբրիելի և Միքայելի և ողջ երկնային զորքի հիշատակության օրը
    Qahana.am-ը գրում է, որ Հայ եկեղեցու հրեշտակաբանության համաձայն` հրեշտակներն անմարմին հոգիներ են՝ իմացական, անձնիշխան, մշտաշարժ, անսեռ, անմահ և սպասավոր Աստծուն: Ըստ եկեղեցու սուրբ հայրերի` հրեշտակները, իբրև լուսեղեն էակներ, ստեղծվել են արարչագործության առաջին օրը` լույսի հետ միասին: Աստծո հրահանգով նրանք կոչված են սպասավորելու մարդ արարածին: Հետևաբար նրանք սպասավոր հոգիներ են, որոնք երկնաբնակ լինելով հանդերձ, իրենց մասնակցությունն են բերում նաև երկրավոր կյանքի ընթացքին, գործում են ժամանակի և տարածքի մեջ ապրող մարդու հետ, մարդու համար: Հրեշտակներին անվանում են նաև Աստծո պատգամավորներ, ովքեր մեզ են փոխանցում Տիրոջ կամքը: Ս. Գիրքը վկայում է, որ նրանք բազմաքանակ են: Ըստ Ս. Դիոնիսիոս Արիսպագացու` հրեշտակներն ունեն ինը դաս` Աթոռներ, Քերովբեներ, Սերովբեներ, Տերություններ, Զորություններ, Իշխանություններ, Պետություններ, Հրեշտակապետեր և Հրեշտակներ: Գաբրիել անունը, որ նշանակում է «Աստծո այր», Բարձրյալի անմիջական պաշտոնյան է, որին վերապահված է Տիրոջ վերին խորհուրդներն ավետարանելու շնորհ: Այս հրեշտակապետը, որ ուղարկվել էր Տիրոջ կողմից, Ս. Կույս Մարիամին բարի լուրը հաղորդեց, իսկ Զաքարիային` Ս. Հովհաննես Մկրտչի ծննդյան ավետիսը: Միքայել անունը, որ նշանակում է «Ո՞վ է Աստծուն նման», Երկնավոր Արքայի փառքի և նրա ժողովրդի պաշտպանության համար մարտնչողն է, որին տրված է կառավարելու և թագավորելու շնորհ: Միքայել հրեշտակապետի անունը չորս անգամ վկայակոչված է Ս. Գրքում (Դան. Ժ 13, ԺԲ 1, Հուդ. Ա 9, Հայտ. ԺԲ 7):
    14:07
    05.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Լավ էլ կեղծում են․ «Փաստ»
    «Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության՝ նախորդ շաբաթ կայացած ընտրության արդյունքները փոփոխվեցին: Վերահաշվարկի արդյունքում պարզվել է, որ «անճշտություններ» են եղել, իսկ եթե ավելի պարզ արտահայտվենք, պարզապես ընտրությունները կեղծվել են: Երբ այս թեման հայտնի դարձավ հանրությանը, իշխանամերձ որոշ շրջանակներ սկսեցին տարածել թեզ, թե «սրանք այնքան ապաշնորհ են, որ նույնիսկ ընտրություն կեղծել չեն կարողանում»: Արտաքուստ իբր քննադատության տակ իրականում իշխանությունների իմիջը փրկելու նպատակ կա այստեղ, և, «Փաստ» թերթի տեղեկություններով, դա այդ շրջանակների ինքնագործունեությունը չէ, այլ կազմակերպված տեղեկատվական միջոց: «Կլյուչեվոյ» միտքը «ընտրություն կեղծել չեն կարողանում»-ն է: Նպատակը հասկանալի է. Նիկոլ Փաշինյանը սիրում է հայտարարել, թե իրենց իշխանության օրոք Հայաստանում այլևս ընտրակեղծիքների էջը փակված է, թե իրենք անցկացնում են արդար ու թափանցիկ ընտրություններ, այնինչ հենց միայն ՔՊ-ի ներսում ընտրակեղծիքները կարող են հանրության շրջանում լուրջ կասկածներ առաջ բերել, որ թե՛ համապետական, թե՛, առավել ևս, ՏԻՄ ընտրությունները Նիկոլ Փաշինյանի օրոք էապես կեղծվել են: Պատահական չէ, որ սոցցանցերում օգտատերերը նշում են, որ եթե սեփական կուսակցության ներսում են կեղծիքներ թույլ տալիս, դժվար չէ պատկերացնել, թե ինչի են պատրաստ իրենց իշխանությունը պահելու համար: Ի դեպ, կան տեղեկություններ, որ Նիկոլ Փաշինյանը սարսափելի զայրացած է ներկուսակցական այս կեղծիքից, բայց, ըստ մեր աղբյուրների, ոչ թե նրա համար, որ ընտրակեղծիք են արել, այլ որ հնարավոր չի եղել դա «պարտակել» հանրությունից»:
    14:00
    05.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Մասկն անխուսափելի է համարել «Թվիթեր» ընկերության աշխատակիցների մի մասի կրճատումը
    «Թվիթեր» ընկերության նոր սեփականատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ մեծ ֆինանսական կորուստների պատճառով ընկերությունը չի կարող խուսափել անձնակազմի մի մասի կրճատումից։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Մասկն այս թեմայով գրառումներ է կատարել հենց «Թվիթեր»-ի իր էջում։ «Ինչ վերաբերում է «Թվիթեր»-ի անձնակազմի կրճատմանը, ցավոք, այլընտրանք չկա, ընկերությունն օրական կորցնում է ավելի քան 4 մլն ԱՄՆ դոլար։ Հեռացվող բոլոր աշխատակիցներին առաջարկվել է եռամսյա արձակման վճար, որը օրենքով պահանջվողից 50 տոկոսով ավելին է»,- գրել է նա։ Մասկը հավելել է, որ ընկերությունը շարունակելու է հանձնառու լինել բովանդակության մոդերացիային։ Նա նշել է, որ այս շաբաթ սոցիալական ցանցում ատելություն պարունակող խոսքը պակասել է։ Ձեռնարկատերն ընդգծել է, որ «Թվիթեր»-ը չի պատրաստվում ցենզուրայի ենթարկել հավաստի տեղեկատվությունը։
    13:52
    05.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
    13:45
    05.11.22
    Ավելին
  • Հասարակական
    Արմանն ու Բեքը. այս տանն ապրում են Ազատյանները
    Այս պատմությունը 4 ամսական Արման Ազատյանի մասին է: Նա 44-օրյա պատերազմում զոհված Արման Ազատյանի հարազատ եղբայրն է: Արմանը պատերազմին մասնակցել է ընդամենը երեքուկես ժամ: Վիրավորվել է սեպտեմբերի 27-ին՝ Վարանդայում: Անմահացել՝ արդեն Երևանում: 4 օր պայքարելուց հետո բժիշկներին չի հաջողվել փրկել Արմանի կյանքը:
    13:37
    05.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ավարտվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
    Նոյեմբերի 1-4-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը: Ժողովն ատենապետեց Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, նիստերը վարեց Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ, Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը: Մայր Տաճարի հիմնանորոգության ընթացքի, Տաճարի օծման և Մյուռոնօրհնության արարողությունների նախապատրաստման մասին ԳՀԽ-ին զեկույց ներկայացրեց Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: Ժողովականները գոհունակությամբ արձանագրեցին, որ Մայր Տաճարի հիմնանորոգման և շրջափակի բարեկարգման աշխատանքները մոտենում են ավարտական փուլին։ 2023 թվականին Մայր Տաճարի վերաբացման ու Մյուռոնօրհնության արարողությունների և հարակից հոգևոր-մշակութային միջոցառումների կազմակերպման համար ստեղծվեց հանձնախումբ։ Կարևոր անդրադարձ կատարվեց ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Հայաստանում և Արցախում ստեղծված ծանր կացությանը, քննարկվեցին Հայաստանի և Արցախի անվտագնային խնդիրներին, տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը, Արցախի ինքնորոշման իրավունքի արդար պահանջատիրությանը, առկա իրավիճակում Եկեղեցու առաքելությանը, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցեր։ Քննարկումների արդյունքում Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ։ Արցախյան 44-օրյա պատերազմի և սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների և սահմանամերձ բնակավայրերից տեղահանված ընտանիքների, վիրավոր զինվորականների սոցիալական կարիքների համար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող ծրագրերը ներկայացրեց Մայր Աթոռի Սոցիալական ծառայության գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը։ Տեր Հայրը ժողովականներին տեղեկացրեց, որ Մայր Աթոռի կողմից դրամական աջակցություն է ցուցաբերվել ռազմական գործողությունների ժամանակ զոհված 195 զինվորականների ընտանիքներին։ Առաջիկայում դրամական աջակցություն կցուցաբերվի նաև անհետ կորած, գերեվարված զինվորականների ընտանիքներին և վիրավորում ստացած զինվորականներին։ Հիշյալ ծրագրի համար առաջին փուլով հատկացվել է 600.000 ԱՄՆ դոլար գումար։ Ծրագրի շրջանակներում ըստ թեմակալ առաջնորդների ներկայացրած ցուցակների ապահովվել է սահմանամերձ բնակավայրերից տեղահանված ընտանիքների կեցությունը, տրամադրվել սննդի փաթեթներ։ Հայաստանի և Արցախի թեմերում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կրթադաստիարակչական առաքելության զորացմանն ուղղված ծրագրերի վերաբերյալ զեկույցով հանդես եկավ Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը: Հայր Սուրբը ժողովականներին ներկայացրեց քարոզչական–կրթական գործունեության ռազմավարական հայեցակարգի նոր նախագիծը։ ԳՀԽ անդամները, արժևորելով հոգևոր կրթադաստիարակչական ծրագրերի խթանումը և ազգային-հոգևոր արժեքների պատշաճ ջամբումը մատաղ սերնդին, իրենց թելադրությունները կատարեցին նախագծի վերաբերյալ՝ հանձնարարելով մասնագիտական քննարկումների միջոցով լրամշակել և ամբողջացնել հայեցակարգը։ Գերագույն հոգևոր խորհուրդը նաև կարևորությամբ անդրադարձավ եկեղեցականների պատրաստության, հոգևոր կրթական հաստատությունների գործունեության առավել աշխուժացման խնդրին։ Այս առնչությամբ որոշում կայացվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հաստատել առանձին հանձնախումբ՝ աշխատանքներ իրականացնելու երիտասարդների մեջ հոգևոր կոչման խթանման ու ժամանակի պահանջներին համահունչ հոգևոր կրթության ապահովման ուղղությամբ։ Գերագույն հոգևոր խորհրդում քննարկումներ ծավալվեցին նաև տաղավար տոների, սրբերի հիշատակության օրերի շրջանակներում հոգևոր, մշակութային միջոցառումների կազմակերպման անհրաժեշտության մասին՝ դրանց առավել ժողովրդականություն հաղորդելու և համազգային համախմբման առիթ դարձնելու նպատակով։ Այս ուղղությամբ ևս կայացվեցին համապատասխան որոշումներ։ Ժողովի ընթացքում քննարկվեցին նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնական, հովվական, թեմական և վարչական, կյանքին առնչվող հարցեր:
    13:29
    05.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արշակունյաց պողոտայում 5 մեքենա է բախվել
    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 10:08-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Տեց» կոչվող հատվածից «Հայրենիք» կինոթատրոն տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի թիվ 286 հասցեում բախվել են «Toyota» (վարորդ՝ Ր․ Խ․, ծնված 2001 թ.), «Opel» (վարորդ՝ Ռ․ Խ․, ծնված 1979 թ.), «Nissan X-Trail» (վարորդ՝ Վ․ Գ․, ծնված 1987 թ.), «Nissan Teana» (վարորդ՝ Հ․ Գ․, ծնված 1997 թ.) և «Volkswagen» (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1981 թ.) մակնիշների ավտոմեքենաները, տուժածներ չկան․ առկա է վառելիքի արտահոսք։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Opel» և «Nissan X-Trail» մակնիշների ավտոմեքենաների գազի բալոնների փականները։
    13:27
    05.11.22
    Ավելին
  • Հայաստանի ՊՆ-ն հայտնում է՝ Ադրբեջանի զինուժը կրակել է ուրբաթ երեկոյան
    Ադրբեջանի զինուժը երեկ երեկոյան կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ, հայկական կողմը կորուստներ չունի: Այս մասին հայտնում է մեր Պաշտպանության նախարարությունը: Ըստ գերատեսչության՝ ժամը 22-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է եղել: «Հայլուրը» փորձել է մանրամասներ ճշտել Կուտականի, Սոթքի, Նորաբակի, Վերին Շորժայի վարչական ղեկավարներից, Ջերմուկի փոխքաղաքապետից: Բայց նրանք բոլորը մեր թղթակցին ասել են, որ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան մասում գտնվող բնակավայրերում կրակոցների ձայներ վերջին օրերին չեն լսվել:
    13:24
    05.11.22
    Ավելին