Լրահոս

2022-12-08
  • Img default alt hy
    Աշխարհ
    Դինա Բոլուարտեն դարձել է Պերուի առաջին կին նախագահը
    Պերուի արդեն նախկին փոխնախագահ Դինա Բոլուարտեն երդում Է տվել՝ որպես Պերուի նոր նախագահ այն բանից հետո, երբ երկրի խորհրդարանն իմփիչմենթ է հայտարարել Պեդրո Կաստիլիոյին: Պաշտոնանկ արված ձախ արմատական Կաստիլիոն նախագահի պաշտոնը ստանձնել էր 2021 թ.-ի հունիսին՝ գրեթե մեկուկես տարի առաջ: Պատգամավորները երրորդ փորձից իմփիչմենթ են հայտարարել նրան: Այդ մասին հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС գործակալությանը: Դրան նախորդել են մի շարք քաղաքական սկանդալներ և Կաստիլիոյի հասցեին կոռուպցիայի և պետական պաշտոններում մերձավորների և անհրաժեշտ որակավորում չունեցող անձանց նշանակելու մեղադրանքներ: Անցյալ շաբաթ խորհրդարանականները քվեարկել էին իմփիչմենթի ընթացակարգ սկսելու օգտին, որի քննարկումը նախատեսված Էր դեկտեմբերի 7-ին: Չսպասելով նիստին՝ Կաստիլիոն հայտարարել Էր Կոնգրեսն արձակելու և պարետային ժամ հայտարարելու մասին: Նա նաև հայտարարել Էր երկրի խորհրդարանի նոր կազմի ընտրության, Սահմանադրության փոփոխման և դատական համակագի բարեփոխումների անհրաժեշտության մասին: Ինչպես երկրի խորհրդարանը, այնպես Էլ Սահմանադրական դատարանը մերժել էին Կաստիլիոյի հայտարարությունը՝ քաղաքական գործչին մեղադրելով պետական հեղաշրջման փորձի մեջ: Ոստիկանությունն ու բանակն անցել էին Կոնգրեսի կողմը: Մի քանի ժամ անց Կաստիլիոն ձերբակալվել Էր իրավապահների կողմից՝ հասարակական կարգը լրջորեն խախտելու, լիազորությունները չարաշահելու և խռովություն հրահրելու փորձի մեղադրանքով: Բոլուարտեն դարձել Է առաջին կինը Պերուի նախագահի պաշտոնում: Իր պաշտոնակալության ելույթում նա դատապարտել Է «Կաստիլիոյի ձեռնարկած պետական հեղաշրջան փորձը» և «բոլոր քաղաքական ուժերի՝ ինչպես Կոնգրեսում ներկայացված, այնպես Էլ արտախորհրդարանական ուժերի միջև ընդգրկուն երկխոսության» կոչ Է արել: Նա նաև հայտարարել Է այնպիսի կառավարության ստեղծման անհրաժեշտության մասին, որի մեջ մտնեն բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները:
    17:07
    08.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Բրյուսելն ամեն կերպ ձգտում է ներխուժել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մեջ. Զախարովա
    Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Եվրամիությունը Հարավային Կովկասում իր ակտիվությամբ բացառապես առաջնորդվում է իր սեփական կոնյուկտուրային շահերով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Զախարովան նման կարծիք է հայտնել՝ մեկնաբանելով Հայաստանում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության մանդատի երկարաձգման մասին լուրերը: «Մենք գիտենք, որ Բրյուսելն ամեն կերպ ձգտում է ներխուժել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մեջ, որպեսզի տեղում հաստատի իր ներկայությունը և, ի վերջո, տարածաշրջանից դուրս մղի Ռուսաստանին, դա նրանց երազանքն է: Մենք հայտնել ենք մեր վերաբերմունքն այս հարցի նկատմամբ: Մենք հիմա իրադարձությունների զարգացման հետ կապված կանխատեսումներ չենք անի: Գոյություն ունեն տարբեր, նույնիսկ տրամագծորեն հակադիր տեսակետեր, այդ թվում՝ Անդրկովկասի պետությունների մոտ՝ կապված Հարավային Կովկասում ոչ տարածաշրջանային գործոնի ուժեղացման հետ», - ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը: Զախարովան նշել է, որ տվյալ թեման պարբերաբար քննարկվում է և՛ Երևանի, և՛ Բաքվի հետ շփումներում: «Եթե Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմում ԵՄ դիտորդական առաքելության մանդատի երկարաձգման մասին որոշում կայացվի, այդ ժամանակ մենք լրացուցիչ կմեկնաբանենք այդ սյուժեն: Իսկ առայժմ ամեն ինչ վկայում է այն մասին, որ ԵՄ-ն Հարավային Կովկասում իր ակտիվությամբ բացառապես առաջնորդվում է իր սեփական կոնյուկտուրային շահերով», - հավելել է Զախարովան:
    17:00
    08.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Շոու բիզնես
    «Մանկական եվրատեսիլ 2022»-ին ընդառաջ Մալենան ներկայացնում է նոր երգ և տեսահոլովակ
    «Մանկական եվրատեսիլ 2022»-ին ընդառաջ «Մանկական եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենան ներկայացրել է նոր երգ և տեսահոլովակ, որի խոսքերի հեղինակն է Ռոզա Լինը:
    16:52
    08.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տաթև-Աղվանի ավտոճանապարհը խցանված է տրանսպորտային միջոցների հոսքի պատճառով
    «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 16։35-ի դրությամբ, Ստեփանավանի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։ Տաթև-Աղվանի ավտոճանապարհը խցանված է տրանսպորտային միջոցների հոսքի պատճառով։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
    16:49
    08.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Եվրոպական Միությունը Ադրբեջանին երկու միլիարդ եվրո կտա
    ԵՄ-ն և Ադրբեջանը ակտիվացնում են ներդրումների ավելացման և աշխատատեղերի ստեղծման համար համագործակցությունը: Այս մասին հայտնում է Ադրբեջանում Եմ պատվիրակության կայքը։ Նշվում է, որ դեկտեմբերի 7-ին Եվրամիությունը և Ադրբեջանը համատեղ բարձր մակարդակի աշխատանքային խումբ են ստեղծել ԵՄ տնտեսական ներդրումների ծրագրի վերաբերյալ։ Նոր համակարգող մարմինը կուղղորդի և առաջնահերթություն կդնի ԵՄ կողմից աջակցվող ներդրումները Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ), ինչպես նաև ԵՄ անդամ երկրներում զարգացման ֆինանսական հաստատությունների հետ համագործակցությունը՝ Team Europe ոգով։ Սա կօգնի առավելագույնի հասցնել Ադրբեջանի տնտեսական և ներդրումային ծրագրի ներուժը՝ երկրում մինչև 2 միլիարդ եվրոյի ներդրումներ մոբիլիզացնելու համար՝ օգտագործելով նորարարական ֆինանսական գործիքներ, ինչպիսիք են միաձուլումը և երաշխիքը: Տնտեսական և ներդրումային պլանը Եվրոպական միության Արևելյան գործընկերության քաղաքականության ներդրումային բաղադրիչն է, որն ուղղված է ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը: «Տնտեսական և ներդրումային պլանի վերաբերյալ բարձր մակարդակի աշխատանքային խմբի ստեղծումը Ադրբեջանի հետ մեր սերտ գործընկերության ևս մեկ հստակ նշան է: Տնտեսական և ներդրումային ծրագիրն արդեն իսկ շոշափելի օգուտներ է բերում ադրբեջանական ժողովրդին՝ հատկացված գրեթե 90 միլիոն եվրոյով և կառուցվող ներդրումային ծրագրերի զգալի ծավալով: - ասել է Եվրոպական հանձնաժողովի Արևելյան գործընկերության բաժնի տնօրեն Լոուրենս Մերեդիտը»։
    16:45
    08.12.22
    Ավելին
  • Արցախ
    Արցախում թունավորվել է 19 անչափահաս. կասկածելի սննդամթերքը փորձաքննելու են
    Արցախում 19 անչափահաս է թունավորվել: Արցախի դատախազությունը հայտնում է, որ «Արևիկ» մանկական բուժմիավորում և այլ բժշկական հաստատություններ են դիմել 19 երեխաներ, նրանց ախտորոշվել է հավանաբար սննդային թունավորման հետևանքով առաջացած «սուր գաստրիտ»:
    16:37
    08.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Ջրամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է
    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 8-ին ժամը 10:00-20:00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի` 📌 Մարտունի քաղաքի, 📌 Լիճք, 📌 Ներքին Գետաշեն գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    16:30
    08.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իսկ կառավարության անդամների գլուխների ծակերը վերականգնել հնարավո՞ր է․ Իշխանյան
    Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․ «ԾԱԿ ԳԼՈւԽՆԵՐԸ Լսեցի ԿԳՄՍ կոչվող նախարար Վահրամ Դումանյանի «մասնագիտական» խոսքը թամանյանական կոթող կառավարական շենքի վրա 6000 անցքեր բացելու մասին։ Պարոն նախարարն ասում է, որ ինքը ճարտարապետ չի և չի կարող մասնագիտական գնահատական տալ տեղի ունեցածին։ Կարծեմ նախարարության անվան մեջ Մ տառը նշանակում է մշակույթ։ Պարզվում է, որ ըստ նախարարի ճարտարապետությունը մշակույթ չէ։ Նախարարն ասում է, որ բոլոր անցքերը կվերականգնվեն։ Չգիտես ինչ ասել։ Կասեմ միայն հետևյալը․ -Չգիտեմ, թե ինչպես են վերականգնելու անցքերը, որ հետքերը չմնան։ Պարզ է որ այն անհնար է և այդ անցքերի հետքերը խարան են լինելու այսօրվա անմշակույթ իշխանության ճակատին։ Եվ վերջապես, պարոն նախարար, եթե շենքի անցքերի վերականգնումը ձեր կարծիքով հնարավոր է, իսկ ի՞նչ կարծիքի եք, կառավարության անդամների գլուխների ծակերը կամ անցքերը վերականգնել հնարավո՞ր է, թե՞ ոչ։ Իհարկե՝ ոչ»։
    16:22
    08.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    ԱՄՆ-ը, Ավստրալիան և Մեծ Բրիտանիան արտահայտվել են AUKUS նախագծի իրագործումն արագացնելու օգտին
    ԱՄՆ-ի, Ավստրալիայի և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարներ Լլոյդ Օսթինը, Ռիչարդ Մառլեսը և Բեն Ուոլեսը հայտնել են, որ Ավստրալիայի համար ատոմային սուզանավերի շինարարության նախագծի հարցում առաջընթաց կա, և արտահայտվել են ծրագրի շուտափույթ իրագործման օգտին: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Ինտերֆաքս» գործակալությունից: Կողմերը Վաշինգտոնում կայացած հանդիպմանն «ընդգծել են բացառիկ առաջընթացը, որը ձեռք Է բերվել եռակողմ ջանքերով՝ որոշելու Ավստրալիայի համար հնարավորինս շուտ սուզանավեր ձեռք բերելու լավագույն ուղին», - նշված է Պենտագոնի տարածած հաղորդագրությունում: Նրանք «հավանություն են տվել այն ջանքերին, որոնք ուղղված են (…) առաջիկայում տեխնոլոգիաների մատակարարման արագացմանը»: Դրա հետ մեկտեղ, ինչպես ընդգծել Է Պենտագոնը, երեք նախարարները «վերահաստատել են իրենց հանձնառությունը միջուկային զենքի չտարածման ամենաբարձր չափանիշների հաստատմանն ու պահպանմանը»՝ ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությամբ: 2021 թվականի սեպտեմբերին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը, Ավստրալիայի և Մեծ Բրիտանիայի վարչապետեր Սքոթ Մորիսոնը և Բորիս Ջոնսոնը համատեղ հայտարարություն էին հրապարակել պաշտպանության և անվտանգության բնագավառում համագործակցության նոր եռակողմ ձևաչափ ստեղծելու մասին, որն ստացել Է AUKUS (Ավստրալիա, Միացյալ Նահանգներ, ԱՄՆ) անվանումը: Այս դաշինքի շրջանակներում առաջին խոշոր նախաձեռնությունը ատոմային սուզանավերի ստեղծումն Է Ավստրալիայի ռազմածովային նավատորմի համար: Դա նշանակում Է, որ Ավստրալիան հրաժարվում է ֆրանսիական Naval Group-ի հետ 90 միլիարդ ավստրալական դոլար արժողությամբ պայմանագրից՝ հօգուտ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ համատեղ նախագծի: AUKUS նախագիծը լուրջ լարվածությու ն էր առաջացրել երեք երկրների և Ֆրանսիայի միջև հարաբերություններում:
    16:15
    08.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գեղամ Մանուկյանի ելույթը՝ Սևծովյան տնտեսական համագործակցության ԽՎ նստաշրջանում
    Գեղամ Մանուկյանի ելույթն ամբողջությամբ ---------------------Հարգելի գործընկերները, 2022թ.-ի մարտի 16-ին կայացած Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի հանձնաժողովի հիսունութերորդ առցանց նիստին ներկայացվել էր «Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ պետություններում փախստականների հոսքով պայմանավորված ճգնաժամի սոցիալական հետևանքները» զեկույցը, որում ներառված էր Հայաստանի Հանրապետությունում փախստականների խնդիրներին վերաբերող ամբողջական մի պարբերություն: Ահա դրա բովանդակությունը՝ «31. Վաթսունից ավելի տեղական և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ հումանիտար, սոցիալ-հոգեբանական և այլ ծառայություններ են մատուցվել Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Հայաստանում ժամանակավորապես գտնվող ընտանիքների երեխաներին։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Հայաստանում ժամանակավորապես բնակվող անձանց հնարավորություն է ընձեռել ստանալ կենսաթոշակ, նպաստ և այլ ֆինանսական աջակցություն։ Կարիքների գնահատումից հետո 29.110 հարկադիր տեղահանված անձ աջակցություն է ստացել բարեգործական հասարակական կազմակերպություններից»: Այս պարբերությունը զեկույցի հեղինակ պարոն Մամադովի կողմից հեռացվել է։ Հայկական պատվիրակությունը կոմիտեի նիստում փորձեց վերադարձնել այն: Զեկուցողը մերժեց դա անել, մենք արդեն ներկայացրել ենք առաջարկ: Այսօր, այստեղ կրկին առաջարկում ենք զեկույցում վերականգնել Հայաստանին վերաբերող հատվածը։ ՈՒ արձանագրում ենք։ 1. Շուրջ 90 հազար փախստական Լեռնային Ղարաբաղից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից 2020 թվականի աշնանը ապաստանել է Հայաստանի Հանրապետությունում ադբեջանական ագրեսիայի հետեւանքով, երբ թիրախավորվել են խաղաղ բնակավայրերը, երեխաներն ու կանայք։ Եթե չլիներ 2020 թվականի ադրբեջանական ագրեսիան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վրա, որտեղի՞ց Հայաստանում այդքան փախստական կապաստաներ։ 2. Բացառություն են կազմում 90-ականներին Հայաստան տեղափոխված հարյուր հազարավոր քաղաքացիներ, երբ Ադրբեջանում սկսվեցին հայկական կոտորածները։ Բայց դա այլ թեմա է։ 3. 2020 թվականը փախստականների հոսքի նոր փուլ էր։ 4. Որքան էլ մեր գործընկերները պնդեն, թե 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո այլեւս գործածելի չէ Լեռնային Ղարաբաղ տեղանունը, անհնար է անտեսել, որ միջազգային մի շարք փաստաթղթեր արձանագրում են այդ իրողությունը։ Լեռնային Ղարաբաղում իր պատմական հայրենիքի վրա բնակվում է շուրջ 120 հազար հայություն, եւ անհնար է անտեսել այդ փաստը։ 5. 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ ստորագրված հայտարարությունից մինչեւ միջազգային այլ փաստաթղթեր արձանագրում են, որ Լեռնային Ղարաբաղի հայության, նրանց ինքնորոշման իրավունքի, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը մնում է միջազգային հանրության օրակարգում։ Այդ իսկ պատճառով, առանց քաղաքական տարրերի, ձեւակերպումների մեր առաջարկն է՝ վերադարձնել զեկույցի վերոնշյալ հատվածը։ Միաժամանակ գործընկերներիս ցանկանում եմ տեղեկացնել՝ • Զեկույցի նախագիծը հրապարկվելուց, շրջանառության մեջ դրվելուց ու քննարկվելուց հետո Հայաստանի Հանրապետությունը կանգնեց ներքին տեղահանվածների նոր ալիքի առաջ, երբ դատարկվեցին արդեն Հայաստանի Հանրապետության խաղաղ բնակավայրեր, այդ թվում միջազգային առողջարանային հանգստավայրի կարգավիճակ ունեցող Ջերմուկը։ 2022 թվականի սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերն ու հաջորդող երկու օրերին Ադրբեջանի Հանրապետության զինված ստորաբաժանումները լայնածավալ նոր ագրեսիա սկսեցին Հայաստանի Հանրապետության վրա սահմանի գրեթե ողջ երկայնքով։ Մինչեւ հիմա օկուպացված է Հայաստանի սուվերեն տարածքի ահռելի հատված։ Բայց խոսեմ հումանիտար աղետի մասին միայն։ Համաձայն Հայաստանի օմբուդսմենի տրամադրած տվյալների՝ արձանագրվել է, որ սեպտեմբերի 13-ից 15-ը ՀՀ Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերից տեղահանվել է առնվազն 7600 անձ։ Տեղահանված անձանց շրջանում մեծամասնություն են կազմում կանայք, ծերեր, երեխաներ և հաշմանդամություն ունեցող անձինք, որոնցից՝ 1437 երեխա և 99 հաշմանդամություն ունեցող անձ։ Նշված անձանց գերակշիռ մեծամասնությունը սույն տեղեկատվության տրամադրման պահին դեռևս չի վերադարձել՝ առաջին հերթին հրադադարի հաճախակի ու վտանգավոր խախտումների, ինչպես նաև, շատերի դեպքում, տների հիմնովին ավերման պատճառներով: Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքների օկուպացիան եւ այդ օկուպացված տարածքներից ադրբեջանական զինված ուժերի կողմից խաղաղ բնակիչների թիրախավորումը շարունակվում է մինչ այժմ։
    16:12
    08.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքական լրատվամիջոցը հայտնում է՝ Հայաստանի և Թուրքիայի միջև օդային բեռնափոխադրումները սկսելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում
    Թուրքական «Hurrriyet» թերթը գրում է, որ մեկնարկել է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման երկրորդ փուլը, որով թուրք և հայ պաշտոնյաները քննարկում են Ամանորից առաջ բեռնափոխադրումների մեկնարկը տալու, իսկ հետագայում՝ Ալիջանի սահմանային անցակետի բացման հարցերը։ «Բանակցություններին ծանոթ պաշտոնյաներն ասացին, որ բեռնափոխադրումները կարող են սկսվել մինչև այս տարվա վերջ՝ դեկտեմբերի 31-ը»,-գրում է թերթը։ Թերթը նշում է, որ մեկ այլ ասպեկտ, որը պաշտոնյաները քննարկում են, Ալիջան սահմանային անցակետի բացումն է, որը փակ է 1993 թվականի ապրիլից։ Նշվում է, որ հայ-թուրքական սահմանին գտնվող 128 մետր երկարություն ունեցող կամուրջը շուրջ 30 տարի չգործարկվելու պատճառով վերանորոգման կարիք ունի: «Կամրջի վերանորոգման շուրջ բանակցությունները սկսվել են մի քանի շաբաթ առաջ։ Կամուրջը պետք է վերանորոգվի»,- ասել են պաշտոնյաները՝ չհրապարակելով իրենց անունները։ Տեղեկությունը հայտնած թուրք պաշտոնյաները, սակայն, հաշվի առնելով եղանակային պայմանները՝ այս հարցում արագ արդյունք չեն ակնկալում։ «Սակայն պաշտոնյաները մոտ ապագայում արդյունք չեն ակնկալում, քանի որ ձնառատ եղանակը խոչընդոտ է շինարարական աշխատանքների համար»,-փոխանցում է թերթը։
    16:07
    08.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Չեխիան Եվրամիությանը կոչ է արել ձմռանը պատրաստվել Ուկրաինայից փախստականների նոր ալիքի
    ԵՄ-ում նախագահող Չեխիայի ներքին գործերի նախարար Վիտ Ռակուշանը հայտարարել Է, որ ԵՄ-ն պետք է պատրաստվի Ուկրաինայից փախստականների նոր ալիքի: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է РИА Новости գործակալությունից: Այսօր Բրյուսելում անցկացվում Է ԵՄ-ի խորհրդի նիստ՝ նվիրված ներքին հարցերին, որտեղ, մասնավորապես, քննարկում են միգրացիան և Շենգենյան գոտու ընդլայնումը: «Մենք պետք Է պատրաստ լինենք Ուկրաինայից փախստականների հնարավոր հաջորդ ալիքին՝ ձմռան և այդ երկրում ավերված ենթակառուցվածքի պատճառով», - ասել Է նա: Ավելի վաղ ԵՄ ներքին գործերի հանձնակատար Իլվա Յոհանսոնը հայտնել Էր, որ ուկրաինացի փախստականներին ԵՄ ընդունելու ծրագիրը գործելու Է առնվազն մինչև 2024 թվականի մարտը: Ներկայում Եվրամիության ժամանակավոր պաշտպանության ներքո գտնվում Է ավելի քան 4,2 միլիոն ուկրաինացի: Ուկրաինական ենթակառուցվածքին հարվածները ՌԴ զինված ուժերն սկսել են հասցնել հոկտեմբերի 10-ին՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյուններից երկու օր անց: Ըստ ռուսական իշխանությունների՝ ահաբեկչության հետևում կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները: Ռուսական ուժերը հարվածներ են հասցնում Էներգետիկայի, պաշտպանական արդյունաբերության, ռազմական կառավարման և կապի օբյեկտներին:
    16:00
    08.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Աղվանի գյուղից Սատանի կամուրջն ընկած ճանապարհահատվածը երկկողմանի փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար: Վերին Խոտանան-Տաթև ավտոճանապարհին առկա է մերկասառույց։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում, Գորիս քաղաքում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է։ Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
    15:54
    08.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մրգավաճառի գրպանից գողացել են դրամապանակն ու բռնվել
    Ոստիկանության Արմավիրի բաժնի ՊՊԾ դասակի ոստիկանները դեկտեմբերի 7-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Արմավիր քաղաքի կենտրոնական շուկայի տարածքում նկատել են երկու կանանց, որոնք օգտվելով այն հանգամանքից, որ միրգ վաճառող տղամարդը զբաղված է միրգ կշռելով, վերարկուի գրպանից գողացել են դրամապանակն ու փորձել են հեռանալ, ինչը չի հաջողվել: Ոստիկանները ձերբակալել են նրանց և տեղափոխել Արմավիրի բաժին: Պարզվել է՝ Նոր Խարբերդ գյուղի բնակիչ են: Գողոնը հայտնաբերվել է: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն:
    15:47
    08.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արտաքին հետախուզական ծառայություն ստեղծում են գաղտնի կերպով, հետո մերժում են դրա գոյությունը. Ստեփան Դանիելյան
    Ստեփան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. Secret Intelligence Service-ը, նույն ինքը SIS/Military Intelligence, որը հայտնի է MI6 անունով, Բրիտանիայի հետախուզական ծառայություններից է, որն, իմիջիայլոց, ենթարկվում է նաև Արտաքին Գործերի նախարարությանը և դրա ղեկավարը նաև փոխարտգործնախարար է, երկար ժամանակ գործել է գաղտնի կերպով: Այդ ծառայության ներկայիս ղեկավարը Ռիչարդ Մուրն է, ով Էրդողանի անձնական ընկերն է, տիրապետում է թուրքերենին ու եղել է Թուրքիայում դեսպան ու մեծ դեր է կատարել արցախյան երկրորդ պատերազմի պլանավորման գործում: Ըստ որոշ լուրերի, հենց այդ գործը կազմակերպելու համար է 2020-ին նշանակվել MI6-ի ղեկավար: Բայց դա իմիջիայլոց, սա գրելու պատճառն այլ է: Ուրեմն, այս ծառայությունն Արտգործնախարարության վերահսկողության տակ է դրվել դեռևս 1920-ականներին ու մինչև 1994 թվականը գործել է գաղտնի, այսինքն այդ ծառայության մասին ոչ ոք տեղեկություն չի ունեցելու մինչև 1994 թվականը, և Բրիտանիայի կառավարությունը մերժում էր նման ծառայության գոյությունը, անգամ դրա շտաբ-բնակավայրի տեղը ոչ ոք չգիտեր: Հիմա, Հայաստանը դեռ արտաքին հետախուզական ծառայության չունի էլ, ու հրապարակային կերպով հայտարարում է, որ արտաքին հետախուզական ծառայություն է ստեղծում: Նման բաները ստեղծում են գաղտնի կերպով, հետո մերժում են դրա գոյությունը: Ավելի լավ կլինի, որ այդ ստեծվելիք ծառայության աշխատակիցների ցանկն էլ հրապարակեն, ապագա ռեզիդենտների ցուցակն էլ, կարևորը վարչապետի PR-ն է ու գործ անելու պատրանքի ստեղծումը: Ու հետաքրքիր է, թե որ խելապակասն է գնալու նման թափանցիկ կառույցում շպիոն աշխատելու:
    15:41
    08.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    ԱՊՀ երկրների ներկայացուցիչները կստեղծեն ինտերնետային առևտրի աշխատանքային խումբ
    ԱՊՀ մասնակից երկրների սպառողների իրավունքների պաշտպանության խորհրդատվական խորհրդի մասնակիցները համաձայնության են եկել աշխատանքային խմբի ստեղծման շուրջ՝ ինտերնետային առևտրի ոլորտում հարցերի լուծման համար: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС գործակալությանը: «Քննարկման արդյունքն Է դարձել նիստի բոլոր մասնակիցների հավանությանն արժանացած որոշումն աշխատանքային խմբի ստեղծման շուրջ՝ Էլեկտրոնային առևտրի ոլորտում խնդրահարույց հարցերի օպերատիվ քննարկման և լուծման, ինչպես նաև մարկետփլեյսների (խմբ. էլեկտրոնային առևտրի հարթակ) պրակտիկ գործունեության կատարելագործման համար, որի նպատակն է բարձրացնել ինտերնետային առևտրի նկատմամբ սպառողների վստահության մակարդակը ԱՊՀ ամբողջ տարածությունում», - լրագրողներին հայտնել են «Ռոսպոտրեբնադզորի» մամուլի ծառայությունից՝ ամփոփելով միջոցառման արդյունքները: Նիստին մասնակցել են ԱՊՀ ութ երկրների (Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի), ինչպես նաև Վրաստանի ներկայացուցիչները, ԱՊՀ Գործադիր կոմիտեի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչները: Հանդիպման հիմնական թեման են դարձել ինտերնետի, այդ թվում՝ մարկետփլեյսների միջոցով ապրանքների վաճառքի հրատապ հարցերը և ԱՊՀ երկրներում Էլեկտրոնային առևտրի բնագավառում սպառողների իրավունքների պաշտպանությունը:
    15:40
    08.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    2023թ. տնտեսական աճի կանխատեսումը էական ռիսկեր է պարունակում. «Լույս»
    «ԼՈւՅՍ» հիմնադրամը վերլուծել է 2023թ. պետական բյուջեի նախագիծը. 2023թ. տնտեսական աճի կանխատեսումը էական ռիսկեր է պարունակում Ստուեր ներկայացնելու ենք վերլուծությունը. «Բյուջեի ցուցանիշների աճի համար հիմք հանդիսացող տնտեսական բարձր աճը կարող է ժամանակավոր լինել: Կառավարությունը, անկախ իր գործողություններից, ստացել է բարձր տնտեսական աճի ստեղծած հնարավորությունները և ներկայացրել բարձր ցուցանիշներով բյուջեի նախագիծ: Սակայն, տնտեսական աճը արագացնող գործոնները կախված չեն ինչպես կառավարության գործողություններից, այնպես էլ ՀՀ ներքին այլ գործոններից: Փոխարենը դրանք կախված են աշխարհաքաղաքական իրավիճակից, որը շատ կտրուկ կարող է փոխվել: Մինչդեռ կառավարությունը իրավիճակին համապատասխան տնտեսության «գերտաքացող» ոլորտներից դեպի տնտեսության ներուժը բարձրացնող ոլորտներ ռեսուրսների վերաբաշխման քաղաքականություն չի իրականացնում, ինչը միջնաժամկետում, ներկա դրական շոկի վերացման պայմաններում, խնդիրներ կստեղծի տնտեսական աճի ապահովման տեսանկյունից: 2023թ. տնտեսական աճի կանխատեսումը էական ռիսկեր է պարունակում: Կառավարությունը շարունակել է բյուջեն կառուցել թիրախային, այլ ոչ թե կանխատեսվող տնտեսական աճի հիման վրա: Սակայն, մյուս բոլոր կառույցները 2023-ին տնտեսական աճը կանխատեսում են 4-5%-ի շրջանակներում: Հետևաբար, այս մասով առկա են ռիսկեր, որոնց նյութականացումը կհանգեցնի բյուջեի եկամուտների նվազմանը, ֆինանսավորման կարիքի աճին և պարտքի բեռի սպասվածից ավելի բարձր մակարդակի ձևավորմանը: Բյուջեի կատարման համար ռիսկային է հարկային եկամուտների կանխատեսումը: 2023-ի համար կառավարությունը թիրախավորել է հարկեր/ՀՆԱ հարաբերակցության բարելավում շուրջ 0.5 տոկոսային կետով, այն դեպքում, երբ առկա է առնվազն 0.6 տոկոսային կետով օրենսդրական բացասական ազդեցություն: Դա նշանակում է, որ հարկային վարչարարության միջոցով պետք է բարելավվի հարկեր/ՀՆԱ ցուցանիշը առնվազն 1.1 տոկոսային կետով, ինչն անիրատեսական է՝ հաշվի առնելով այն, որ 2022թ. բարձր տնտեսական աճի պայմաններում վարչարարության բարելավման հաշվին հարկեր/ՀՆԱ-ի բարելավում գրեթե չի արձանագրվել: Կապիտալ ծախսերի խոշոր ծավալի իրականացումը արժանահավատ չէ: Կառավարությունը կրկին ներկայացրել է բավական բարձր կապիտալ ծախսերի նախագիծ (557.7 մլրդ դրամ` ՀՆԱ-ի 6.0%-ը), որն ոչ ամբողջությամբ է կատարվելու՝ հաշվի առնելով ինչպես 2022-ի, այնպես էլ նախորդ տարիների կատարողականները: Հետևաբար, անհասկանալի է բարձր թիրախ սահմանելու նպատակը, եթե ի սկզբանե հայտնի է, որ այն չի կատարվելու: Այս կերպ վարվելու արդյունքում նվազում է ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը, քանի որ արտաքին վարկերը հատկացվում են ՀՀ-ին այդ ծրագրերի իրականացման նպատակով, այնուհետև վարկերից չօգտվելու համար ՀՀ կառավարությունը վճարում է մեծ չափով տույժեր: Բացի այդ, նվազում է վստահությունը հարկաբյուջետային քաղաքականության նկատմամբ՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործընկերների շրջանում, ինչը հանգեցնում է նաև երկրի նկատմամբ վստահության անկման: Պաշտպանության ոլորտի ծախսերի աճը ողջունելի է, սակայն փաստացի ցուցանիշները, ինչպես կապիտալ ծախսերի պարագայում, մտահոգության առիթ են տալիս: Պաշտպանության ոլորտի ծախսերի էական բարձրացումը դրական երևույթ է՝ հաշվի առնելով հետպատերազմական վիճակում անվտանգության ապահովման կարևորությունը: Սակայն, 2021 և 2022թթ.-ին պաշտպանության ոլորտում ծախսերի նշանակալի բարձրացում տեղի չի ունեցել, իսկ 2022թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ճշտված պլանը կատարվել է ընդամենը 67.5%-ով: Հետևաբար, ինչպես կապիտալ ծախսերի դեպքում, պաշտպանության ոլորտի ծախսերի էական մեծ մակարդակի իրականացումն արժանահավատ չէ: Կառավարության կողմից լրացուցիչ ռեսուրսների բաշխման ուղղությունները խնդրահարույց են: 2023թ. նախատեսվել է էապես բարձրացնել «Հասարակական կարգ, անվտանգություն և դատական գործունեություն» հոդվածի գծով ծախսերի ծավալը: Վերջինիս աճը կազմելու է 18.116.3%՝ գերազանցելով սոցիալական և տնտեսական ոլորտներին հատկացվող գումարների աճին: Ընդ որում, այդ հոդվածում են նաև ներառված ոստիկանության և դատական գործունեության ծախսերը, որոնք աճելու են համապատասխանաբար 14.08%-ով և 24.02%-ով, այն դեպքում, երբ սոցիալական պաշտպանության ծախսերը աճելու են ընդամենը 12.45%-ով:
    15:29
    08.12.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Ուկրաինական ուժերը սեփական հրետանու հարվածների տակ են հայտնվել. արևելյան ճակատում թեժ է
    Շարունակում է թեժ մնալ ուկրաինական պատերազմի արևելյան ճակատը: Ուկրաինայի անվտանգային ուժերը Դոնբասում Սվատովսկի վրա հարձակման հերթական փորձի ժամանակ հայտնվել են սեփական հրետանու հարվածների տակ:
    15:27
    08.12.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    ԱՄՆ Սենատի հանձնաժողովը Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները ճանաչել է «ցեղասպանություն»
    Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը բանաձև է ընդունել՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գործողությունները ճանաչելով ցեղասպանություն: Բանաձևը կոչ է անում Վաշինգտոնին ու դաշնակիցներին շարունակել աջակցել Ուկրաինայի կառավարությանը, ինչպես նաև հետաքննություն սկսել պատերազմական հանցագործություններ գործածներին պատասխանատվության ենթարկելու համար:
    15:24
    08.12.22
    Ավելին