Լրահոս

2022-12-13
  • Img default alt hy
    ՀՀ մի շարք համայնքներում ձյուն է տեղում
    «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Աբովյանի, Սևանի, Գավառի, Ճամբարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Մեղրիի տարածաշրջաններում և Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհին ձյուն է տեղում։ Հրազդանի, Սևանի, Սիսիանի տարածաշրջանների ճանապարհներին և Սարավանի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր։ Ստեփանավանի և Վարդենյաց լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
    20:40
    13.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը բանակցում է Ադրբեջանի ներկայացուցիչների հետ. ՌԴ ՊՆ
    Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող խաղաղապահ զորակազմն այսօր իր պատասխանատվության գոտում միջադեպ չի արձանագրել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին նշվում է ՌԴ ՊՆ կայքում: Նշվում է, որ պարեկություն է իրականացվել 3 ուղղություններով՝ Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում: Հաղորդագրությունում անդրադարձա կա նաև դեկտեմբերի 12-ից ադրբեջանցիների կողմից փակված Ստեփանակերտ-Գորիս ատոմայրուղու մասին: «Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը բանակցում է Ադրբեջանի ներկայացուցիչների հետ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով քաղաքացիական մեքենաների անխոչընդոտ տեղաշարժը վերսկսելու համար»,-նշվում է կայքում:
    20:35
    13.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախում ժամանակավորապես չեն գործի այն դպրոցները, որոնք ջեռուցվում են գազով
    Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետությունը սնուցող միակ գազատարի աշխատանքը խափանելու պատճառով դեկտեմբերի 14-ից ժամանակավորապես կդադարեցվեն այն ուսումնական հաստատությունների պարապմունքները, որոնք ջեռուցվում են գազով։ Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։ Դասապրոցեսի վերականգնման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Տեղեկացնում ենք, որ փայտով կամ էլեկտրաեներգիայով ջեռուցվող հաստատությունները կշարունակեն պարապմունքները սահմանված կարգով:
    20:33
    13.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Պատժամիջոցները ցավագին են, սակայն կարող են արագացնել ուկրաինական ճգնաժամի ավարտը. Իտալիայի վարչապետ
    Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին հայտարարել է, որ հակառուսական պատժամիջոցները ցավագին են երկրի համար, սակայն դրանք կարող են արագացնել ուկրաինական ճգնաժամի ավարտը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից: «Մենք պահպանում ենք մեր պարտավորությունները, այդ թվում՝ պատժամիջոցների ռեժիմի առումով, ներառյալ հիմնադրամներում 345 միլիոն եվրոյի և պատժամիջոցների ցանկում գտնվող անձանց գրեթե երկու միլիարդ եվրոյի ակտիվների սառեցումը», - ասել Է նա Իտալիայի խորհրդարանում ելույթի ժամանակ: Մելոնին հայտնել է, որ պատժամիջոցներն ազդում են նաև Իտալիայի վրա: «Իհարկե, պատժամիջոցները ցավոտ են մեր արտադրական ճյուղի համար, բայց ապացուցել են իրենց արդյունավետությունը, քանի որ դրանք անհերքելի ազդեցություն ունեն ռուսական ռազմական ջանքերի վրա: Մենք կարծում էինք, որ դրանք նշանակալի դեր ունեն հակամարտության ավարտի արագացման և կայուն բանակցությունների հանգեցնելու գործում», - ասել է Իտալիայի վարչապետը: Անդրադառնալով ՌԴ-ի դեմ նախատեսվող պատժամիջոցների 9-րդ փաթեթին՝ Մելոնին նշել է, որ դրանք կոչված են «շատ ավելի մեծացնել Ռուսաստանի ծախսերը» Ուկրաինայում գործողությունների համար, քան այն ծախսերն են, որ կատարում են եվրոպական երկրները: Ուկրաինայում ՌԴ-ի ռազմական գործողությունների սկսվելուց հետո Արևմուտքը խստացրել Է պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ և արդեն գործի Է դրել պատժամիջոցների 8 փաթեթ, որոնք ներառում են ինչպես անհատական, այնպես էլ տնտեսական սահմանափակումներ: Պատժամիջոցների հետևանքով Եվրոպայում և ԱՄՆ-ում թանկացել են էլեկտրաէներգիան, վառելիքը և սննդամթերքը։ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել Էր, որ Ռուսաստանի զսպման և թուլացման քաղաքականությունն Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն Է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ողջ համաշխարհային տնտեսությանը:
    20:30
    13.12.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Եվրոպացի դիտորդները լքում են հայ-ադրբեջանական սահմանը. ԵՄ-ն չի ուզում լարվել Բաքվի հետ
    Հայ-ադրբեջանական սահմանին հոկտեմբերի 20-ին մոնիթորինգ սկսած Եվրամիության քաղաքացիական առաքելությունը 6 օրից պատրաստվում է լքել Հայաստանը: Չնայած հայկական կողմի մեծ ցանկությանը, որ երկարաձգվի եվրոպական առաքելության ժամկետը՝ Բրյուսելը հետ է կանչում իր դիտորդներին: Փորձագետները կասկած չունեն, որ հետագա մոնիտորինգը կասեցրել է Ադրբեջանը:
    20:20
    13.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Գյուղերից մեկի ավտոտնակում հայտնաբերվել է տղամարդու դի
    SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի գյուղերից մեկի տան ավտոտնակում տղամարդու դի կա։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/12/13/1228620/
    20:15
    13.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այս իրավիճակը Արցախի հայերի կյանքի համար անտանելի պայմաններ ստեղծելու քաղաքականության շարունակությունն է. Արմեն Գևորգյան
    ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանը Արցախի շուրջ ստեղծված իրադրության վերաբերյալ նամակ է ուղղել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահին, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին: Նամակը՝ ստորև. «Հարգելի՛ գործընկերներ, Ձեզ եմ դիմում 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Արցախի Հանրապետությունում (Լեռնային Ղարաբաղում) ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Այդ օրը, ինչպես և այս տարվա դեկտեմբերի 1-ին, ազգությամբ ադրբեջանցիների մի խումբ Ադրբեջանի ներկայիս իշխանությունների լիակատար և բացահայտ աջակցությամբ փակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը։ Նման գործողություններով ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության բնակչությանը փաստացի զրկում է արտաքին շփման հնարավորությունից ՝ թողնելով վերջինիս լիակատար շրջափակման մեջ՝ դրանից բխող մարդասիրական, ռազմաքաղաքական և տնտեսական բոլոր հետևանքներով հանդերձ։ Այս գործողությունները կարելի կլիներ հստակ քաղաքական սադրանք համարել, որի նպատակը Լեռնային Ղարաբաղի խիզախ ժողովրդին հոգեբանական և բարոյական ճնշման ու շանտաժի ենթարկելն էր։ Բայց իրականում այս իրավիճակը Ադրբեջանի իշխանությունների կողմից դեռ այս տարվա գարնանը սկսված Արցախի Հանրապետության հայերի կյանքի համար անտանելի պայմաններ ստեղծելու և ահաբեկելու հետևողական քաղաքականության փաստացի շարունակությունն է։ Այս տարի սա Ադրբեջանի հերթական լայնածավալ սադրանքն է՝ մարտին գազատարի պայթեցումից և Արցախի Հանրապետությունում հումանիտար աղետային իրավիճակի ստեղծումից, զինադադարի համաձայնագրի խախտմամբ նոր տարածքների զավթումից և 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի դեմ լայնածավալ ռազմական ագրեսիայից հետո։ Հայ ժողովուրդը, լինելով ազատ Եվրոպայի և ժողովրդավարական քաղաքակրթության անբաժանելի մասը, իսկ Հայաստանի Հանրապետությունը՝ Եվրոպայի խորհրդի լիիրավ անդամ, հայտնվել է մի իրավիճակում, երբ որոշիչ գործոններ են թյուրքական համերաշխությունն ու էներգետիկ ռեսուրսները: Հարգելի գործընկերներ, Ստեղծված իրավիճակն այն բանի արդյունքն է, որ մեր կազմակերպությունը, փոխանակ ազնվորեն խոսելու այն մասին, թե ով է վերջին 30 տարիների ընթացքում տարածաշրջանում սանձազերծել բոլոր ռազմական գործողությունները և հետևողականորեն էթնիկ զտումների քաղաքականություն վարել Լեռնային Ղարաբաղում, փոխանակ հետաքննելու Ադրբեջանի կողմից 2020 թվականի պատերազմի ժամանակ արգելված ֆոսֆորային ռումբերի կիրառումը, դատապարտելու այս տարվա գարնանն ու աշնանը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության ազատատենչ հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի նոր ռազմական հանցագործությունները՝ որոշել է պարզապես հեռանալ իրականությունից և ձևացնել, թե ինտենսիվ կերպով նպաստում է կողմերի հաշտեցմանը։ Գործընկերներ, Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Արևմուտքի համատեղ ջանքերով Ադրբեջանը Հարավային Կովկասում դառնում է նոր «ցանկալի» աշխարհաքաղաքական գործընկեր, որի հետ նույն Արևմուտքն ավելի ժողովրդավար Հայաստանից պահանջում է շուտափույթ խաղաղության պայմանագիր կնքել։ Ի՞նչ ջանքերի մասին է խոսքը: Նախ՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիաների և հանցագործությունների կոշտ դատապարտումներ չեն եղել, չկան պատժամիջոցներ։ Հայաստանի նկատմամբ մշտապես հնչող տարածքային պահանջները և ուժի կիրառման նոր սպառնալիքներն էապես անհետևանք են։ Երկրորդ, միջազգային հանրությանը չի մտահոգում Ադրբեջանի շարունակվող ինտենսիվ ռազմականացումը, ինչը միջազգային պայմանագրերով սահմանված բոլոր նորմերի և քվոտաների ոտնահարում է։ Երրորդ, էներգակիրների գնման նոր ծավալների շուրջ ԵՄ-ի ինտենսիվ բանակցություններն ամրապնդեցին Ալիևի քաղաքական ռեժիմի քմահաճույքներից Եվրոպայի կախվածության մասին Ադրբեջանի պատկերացումը: Չորրորդ՝ Ադրբեջանը ելնում է նրանից, որ միջազգային հանրությունը երկար ժամանակ աչք է փակելու իր ռազմական հանցագործությունների վրա՝ դրսևորելով երկակի ստանդարտներ, այդ թվում՝ գիտակցելով, որ իր օգնությամբ կարելի է արագացնել Ռուսաստանի դուրս մղումը Հարավային Կովկասից։ Եվրոպական քաղաքական էլիտաների պահվածքը հանգեցրել է նրան, որ օրեցօր ամրապնդվում է նախագահ Ալիևի ավտորիտար ռեժիմի ոչ միայն անպատժելիության, այլև՝ ամենաթողության զգացումը։ Եվ, ի վերջո, մի քանի հարց, որոնց շուրջ առաջարկում եմ մտորել։ 1.Կցանկանայի հասկանալ՝ Արևմուտքի հիմնական քաղաքական էլիտաները պատրա՞ստ են այսօր Ուկրաինային առաջարկել համակերպվել Ռուսաստանի ռազմական գործողությունների հետ և ինտենսիվ խաղաղ բանակցություններ վարել վերջինիս առաջարկած պայմաններով։ Դատելով Ուկրաինային ցուցաբերվելիք շարունակական աջակցության մասին որոշումներից՝ քիչ հավանական է։ Այդ դեպքում ինչո՞ւ է բոլորովին այլ մոտեցում ցուցաբերվում Հայաստանի իրավիճակին, երբ Ադրբեջանի ակնհայտ ռազմական ագրեսիայի և նրա կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացման պայմաններում Արևմուտքն առավել հանդուրժող և բարյացակամ է Ադրբեջանի հանդեպ։ 2. Արդյո՞ք հարգարժան եվրոպացի գործընկերները որոշակի անհարմարության, շփոթմունքի և թերարժեքության (մեղքի) զգացում ունեն, երբ, ըստ հեղինակավոր Economist-ի ժողովրդավարության ինդեքսի, Եվրոպայի խորհրդի միակ ավտորիտար պետությունը՝ Ադրբեջանը, շարունակում է մնալ ազատ ու ժողովրդավարական պետությունների ակումբի անդամ և դասեր ու հրահանգներ տալ ազնվության ու արդարության մասին։ 3.Արդյո՞ք Արևմուտքը պատկերացնում է, թե նախագահ Ալիևի պես գործիչը որքան կմնա իր ռազմավարական ազդեցության ներքո։ Ժամանակին եվրոպական երկրները կառուցողական փոխգործակցություն էին հաստատում Հյուսիսային Աֆրիկայի և արաբական աշխարհի ավտորիտար ռեժիմների հետ՝ լուծելու էներգետիկ ռեսուրսների խնդիրները։ Թե ինչպես դա ավարտվեց Լիբիայի ու նրա նախկին առաջնորդ Քադաֆիի պարագայում, բոլորին է հայտնի։ 4.Արևմտյան էլիտաները պատրա՞ստ են համակերպվել իրենց երկրների ներքաղաքական գործընթացների վրա Թուրքիայի և Ադրբեջանի գլխավորությամբ թյուրքական աշխարհի աճող ազդեցության հետ և դառնալ ազատ Եվրոպայի քաղաքակրթական դեֆորմացիայի վկան։ 5.Ո՞րն է Ադրբեջանի դեպքում արևմտյան էլիտաների «կարմիր գիծը», որպեսզի կամք դրսևորեն և ձգտեն ստիպել նրան հարգելու միջազգային իրավունքի նորմերը, կատարելու իր պարտավորությունները և բացառեն ռազմական նոր հանցագործությունները: Գործընկերներ, Ամենից շատ չէի ցանկանա հավատալ, որ ԵԽ-ն իր այսպես կոչված չեզոք և կառուցողական գործողություններով ու մոտեցումներով խրախուսում է Ադրբեջանի ագրեսիվ ռազմական քաղաքականությունը։ Որոշ հանգամանքների բերումով ԵԽ-ն վճռականություն չի ցուցաբերում՝ հայտարարելու Եվրոպայի խորհրդի անդամ Ադրբեջանի կողմից իրականացվող մշտական և շարունակական ռազմական հանցագործությունների մասին։ Ստեղծվում է անընդունելի մի իրավիճակ, երբ Եվրոպայի խորհուրդը չի հաստատում իր անդամ երկրի գործած ռազմական հանցագործությունների փաստը և իրավիճակը թողնում է անհետևանք։ Արդյունքում ստացվում է, որ մեր կազմակերպության հեղինակությունն ու իշխանությունը ոտնահարվում են հանուն Ադրբեջանի ազգային շահերի։ Ցավոք, այսօր մեր կազմակերպությունը վերածվում է հարթակի, որն Ադրբեջանի քաղաքական ռեժիմն անխնա օգտագործում է իր հակահայ քաղաքականությունը լեգիտիմացնելու համար։ Ադրբեջանը Եվրոպայի Խորհուրդը վերածում է սեփական ազգային ու աշխարհաքաղաքական շահերը սպասարկող մեխանիզմի։ Իրերի այս դրության շարունակությունն արդեն վկայելու է ոչ այնքան երկակի ստանդարտների քաղաքականության, որքան Եվրոպայի խորհրդի անգործունակության մասին: Եվրոպայի խորհրդի համար խաղաղությունը մեր տարածաշրջանում պետք է նշանակի հետևյալը. • ստիպել Ադրբեջանին կատարելու իր պարտավորությունները, բացառապես խաղաղ միջոցներով հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը՝ ազնիվ և անկողմնակալ կերպով հաստատելով խաղաղ հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի փաստերը, • Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների օկուպացմանն ուղղված Ադրբեջանի գործողությունների դատապարտումը և ագրեսորին պատժելու կամքի դրսևորումը` համաձայն Եվրոպայի խորհրդի կանոնադրության և հիմնադիր փաստաթղթերի, • Բացառել այնպիսի իրավիճակ, երբ Ադրբեջանը կարող է օգտագործել Եվրոպայի խորհուրդը՝ որպես իր ագրեսիվ քաղաքականության օրինականացման և ժողովուրդների ինքնորոշման միջազգայնորեն ճանաչված հիմնարար իրավունքի ապալեգիտիմացման հարթակ։ . Մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության հարցերում անզիջում վերաբերմունքի դրսևորում՝ հետաքննելով և պատասխանատվության ենթարկելով Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումների և ռազմական հանցագործությունների մեղավորներին»:
    20:10
    13.12.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Կիևը գնդակահարել է 20 ուկրաինացու. պատերազմի 293-րդ օրը Ուկրաինան սպառում է զենքի պաշարը
    Դոնեցկի կեսից ավելին դուրս է ուկրաինական բանակի վերահսկողությունից: Ինքնահռչակ հանրապետությունն ամբողջությամբ վերցնելու համար կատաղի մարտեր են մղում ռուսներն ու ուկրաինացիները:
    20:00
    13.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ագրեսիա ծնող լռության ու մուրացկանային քաղաքականության հետևանքները. Անդրանիկ Թևանյան
    Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Երբ ի պատասխան Ադրբեջանի խորհրդարանի՝ 44–օրյա պատերազմին վերաբերող հայտարարության մենք հանդես էինք եկել պատասխան հայտարարության ընդունման նախաձեռնությամբ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, իր առաջնորդի ցուցմամբ, մերժեց մեր նախաձեռնությունը՝ չմասնակցելով քվեարկությանը։ Պատճառաբանությունն այն էր, որ մեր առաջարկած ձևակերպումներն ու գնահատականներն, իբր, ռիսկային են ու կարող են վնասել, այսպես կոչված, խաղաղության օրակարգին։ Անցավ մի քանի օր, ու մենք հերթական անգամ տեսանք, որ Ադրբեջանը Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը գնահատում է որպես թուլության նշան ու դիմում նոր սադրանքների՝ նախապատրաստվելով նոր պատերազմի։ Հիմա Արցախը հայտնվել է շրջափակման մեջ ու կանգնած է հումանիտար աղետի շեմին։ Ադրբեջանական սադրանքներին արձագանքելու և Արցախի շուրջ ստեղծված հումանիտար, անվտանգային հարցերին անդրադառնալու նպատակով խորհրդարանական ընդդիմությունը հրատապության կարգով նախաձեռնել է ԱԺ արտահերթ նիստ, որը պետք է կայանա վաղը (եթե, իհարկե, «Քաղաքացիական պայմանագիրը» չտապալի արտահերթ նիստը)։ Մենք առաջարկում ենք խորհրդարանի կողմից ընդունել հայտարարություն, որը մեր երկրի պաշտոնական արձագանքը պետք է լինի ստեղծված իրավիճակին։ Որպես հիմնական զեկուցող լիազորված եմ խորհրդարանում ներկայացնել կից ներկայացված հայտարարությունը և տալ դրա ընդունման անհրաժեշտ հիմնավորումները․ ․ ․ ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔԸ ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ՓԱԿԵԼՈւ ԿԱՊԱԿՑՈւԹՅԱՄԲ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը խստորեն դատապարտում է սույն թվականի դեկտեմբերի 3-ին և դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից բնապահպանական կեղծ պատրվակով Հայաստանն ու Արցախն իրար կապող Լաչինի միջանցքը փակելու սադրիչ քայլերը։ Ադրբեջանի այս հանցավոր գործողությունները հակասում են 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, ըստ որի Լաչինի միջանցքը 5 կմ լայնությամբ ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ։ Պաշտոնական Բաքուն իր ապակառուցողական քայլերով ցույց է տալիս, որ հրաժարվում է ստանձնած պարտավորություններից, խախտում է միջազգային մարդասիրական իրավունքները, փորձում է Արցախում ստեղծել վախի մթնոլորտ, հոգեբանական ճնշումներ է գործադրում արցախահայության դեմ՝ նպատակ ունենալով ցեղասպանություն իրականացնել և նոր պատերազմ սանձազերծել։ Այս և նմանօրինակ այլ ռազմատենչ և ակնհայտ ցեղասպան նկրտումներ ունեցող գործողությունները հերթական անգամ ապացուցում են, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, արցախահայության կյանքի իրավունքի ապահովման միակ հնարավոր գրավականը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն է: Լաչինի միջանցքն Արցախը Հայաստանին կապող կյանքի ճանապարհ է, որի չգործելը հղի է ծանրագույն հումանիտար հետևանքներով: Այս ճանապարհի պարբերական արգելափակումը ևս մեկ անգամ ընդգծում է ռուսական խաղաղապահ զորախմբի առկայության անհրաժեշտությունը։ Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ դատապարտել Ադրբեջանի սադրիչ քայլերն ու ռազմատենչ վարքագիծը, տալ համարժեք գնահատականներ և ձեռնարկել ՄԱԿ-ի կանոնադրությունից բխող գործողություններ։ Զորակցելով Արցախում առաքելություն իրականացնող ռուս խաղաղապահներին կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնությանը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից բխող անհրաժեշտ միջոցներ կիրառել՝ Լաչինի միջանցքի անխափան աշխատանքն ապահովելու և ադրբեջանիցների սադրանքները կանխելու համար։ Կոչ ենք անում մեր արցախահայ քույրերին ու եղբայրներին չտրվել սադրանքներին, պահպանել զգոնությունը։ Հայաստանի Հանրապետությունն ունի հանձնառություն Արցախի նկատմամբ և ամբողջությամբ տեր է կանգնելու իր հանձնառությանը։
    19:55
    13.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիայի նախագահն ընդունել է ՌԴ պետդումայի նախագահին
    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերի 13-ին ընդունել է Ռուսաստանի դաշնության Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ը: Հանդիպումը տեղի է ունեցել Թուրքիայի նախագահական նստավայրում, որին մասնակցել է նաև Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը: Հանդիպումը կայացել է մամուլի համար փակ ռեժիմով:
    19:50
    13.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ձեր աջակցության կարիքն ունենք․ Ռուբեն Վարդանյանը դիմել է միջազգային գործընկերներին
    Արցախի Պետական նախարար Ռուբեն Վարդանյանը Տելեգրամի իր ալիքում գրել է․ «Սիրելի հայրենակիցներ.Մենք վառելիքի և սննդի բավարար պաշար ունենք։ Ներկայումս դեղերի և առաջին անհրաժեշտության ապրանքների պակաս չկա։ Դուք քաջատեղյակ եք, թե ինչ ծանր իրավիճակում ենք գտնվում։ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը հերթական անգամ փակեց Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։ Ավելի քան 120.000 արցախցիների կյանքը, որոնցից 30.000-ը երեխաներ են, կրկին վտանգի տակ է։ Արցախը հումանիտար աղետի շեմին է։ Բայց Արցախին կոտրել հնարավոր չէ։ Ադրբեջանը չի թաքցնում, որ իր վերջնական նպատակը արցախահայության էթնիկ զտումն է կամ ամբողջական ոչնչացումը։ Ստեղծված իրավիճակը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանի կազմում Արցախի և Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքներ չկան։ Կա միայն Բաքվի կողմից ագրեսիայի սպառնալիք և պատրվակ՝ շարունակելու 2020 թվականի պատերազմը։ Փաստորեն, երեկվանից Արցախը լիակատար շրջափակման մեջ է, ինչպես 1941 թվականի ձմռանը Լենինգրադը։ Այս կրիտիկական իրավիճակում չափազանց կարևոր է չկորցնել զգոնությունը, լինել կարգապահ և կազմակերպված։ Ոչ մի խուճապ: Մի՛ հավատացեք կեղծիքներին և ապատեղեկատվությանը, որոնք թշնամին տարածում է Արցախի ժողովրդի ամուր կամքը կոտրելու համար։Մի՛ տրվեք ասեկոսեներին և խուճապային տրամադրություններին, մի՛ արեք չմտածված գործողություններ։ Վստահեցնում եմ, որ կառավարությունն անում է ամեն ինչ՝ իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար։ Արցախի իշխանություններն ու պատասխանատու կառույցները մշտական ​​կապի մեջ են ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարության հետ։ Կառավարությունում իմ ղեկավարությամբ գործում է շուրջօրյա օպերատիվ շտաբ։ Մենք վառելիքի և սննդի բավարար պաշար ունենք։ Ներկայումս դեղերի և առաջին անհրաժեշտության ապրանքների պակաս չկա։ Մենք անում ենք հնարավորը՝ բացառելու հումանիտար ճգնաժամը և ձեզ կտրամադրենք ճշմարիտ, արդի տեղեկատվություն զարգացումների և ի հայտ եկած խնդիրների վերաբերյալ: Իրավիճակի զարգացման մասին Արցախի օպերատիվ շտաբը պարբերաբար կտեղեկացնի։ Դիմում եմ մեր միջազգային գործընկերներին՝ հումանիտար աղետը կանխելու համար ձեր միանշանակ աջակցության կարիքն ունենք։ Ադրբեջանի գործողությունները ոչ միայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում են, այլեւ ուղղակի ահաբեկչություն։ Համաշխարհային հանրությունը պետք է վճռականորեն դատապարտի Ադրբեջանի կողմից իր բոլոր միջազգային պարտավորությունների խախտումը։ Լաչինի միջանցքում սադրանքի նպատակներից մեկն էլ ռուս խաղաղապահներին վարկաբեկելն է։ Ադրբեջանն անում է ամեն ինչ ռուսական խաղաղապահ ուժերի առաքելությունը վաղաժամկետ դադարեցնելու համար, որը կոչված է ապահովելու Արցախի ժողովրդի անվտանգությունը. Անհրաժեշտ եմ համարում ավելացնել խաղաղապահների կոնտինգենտը և ընդլայնել նրանց մանդատը։ Բայց, իհարկե, առաջին հերթին մենք պետք է հույսներս դնենք միայն մեզ վրա, Ադրբեջանը ձգտում է մեզ ճնշել, թուլացնել և զրկել հույսից։ Թող իմանան, որ մեզ չի կարելի կոտրել։ Սա մեր պետությունն է, մեր հայրենիքը, և մենք այստեղից չենք հեռանալու»։
    19:43
    13.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ադրբեջանը փորձելու է հնարավորինս երկար փակ պահել Արցախը Հայաստանին կապող ճանապարհը. Հրանտ Մելիք-Շահնազարյան
    Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. «Կարծում եմ` Ադրբեջանի հետագա գործողություններն արդեն պարզ են: Շուշիի մոտ իրենց վարքագիծն ու դրան զուգահեռ տեղի ունեցող զարգացումները շատ խոսուն են: Ուստի թույլ տվեք որոշակի կանխատեսումներ անել թշնամու ապագա քայլերի մասին: Նախապես ասեմ, որ հուսադրող ոչ մի բան խոսքերիս մեջ չի լինլու: Եվ չէր էլ կարող լինել: Եվ այսպես, ըստ հերթականության. - Ադրբեջանը փորձելու է հնարավորինս երկար փակ պահել Արցախը Հայաստանին կապող ճանապարհը` հընթացս փորձելով առավելագույնս հեղինակազրկել ռուս խաղաղապահներին, հայերի շրջանում անվստահություն սերմանել վերջիններիս հանդեպ ու, որ ամենակարևորն է, քաղաքական օրակարգ բերել նոր խնդիրներ, որոնք հետագայում կծառայեցվեն Ադրբեջանի շահերին: - Ադրբեջանը փորձելու է Արցախում իր իսկ կողմից ստեղծվող հումանիտար ճգնաժամին որոշակի լուծումներ տալ` այդկերպ ցույց տալով, որ Հայաստանը չէ այն երկիրը, որը պետք է զբաղվի արցախահայության խնդիրներով: - Ադրբեջանն էլ ավելի է բարձրացնելու հայերի կողմից «ադրբեջանական ռեսուրսների» շահագործման հարցը` դրա դիմաց պահանջելով համապատասխան փոխհատուցում: Ճնշման այսպիսի` համեմատաբար մեղմ միջոցներով հաջողության չհասնելու դեպքում Ադրբեջանն անցնելու է ավելի ագրեսիվ գործողությունների և, հնարավոր է, սկսի ռմբակոծել Արցախի հանքարդյունաբերական ձեռնարկություններն, ինչպես նաև կրիտիկական ենթակառուցվածքը: Բոլոր այս քայլերն արդեն ուրվագծվում են: Օրինակ, այսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանում գործող բրիտանական Anglo-Asian Mining ընկերությունը դատական հայց է նախապատրաստում Կաշենի հանքը «թալանողների» դեմ: Պարզ է, որ այս գործընթացը շարունակական է լինելու: Թերևս նաև արդյունավետ, եթե Հայաստանում մենք շարւնակենք հանդուրժել դավաճանների այս իշխանությունը»:
    19:40
    13.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Հայաստան» խմբակցությունը ԱԺ արտահերթ նիստ է պահանջում․ հայտարարություն
    «Հայաստան» խմբակցությունը ԱԺ արտահերթ նիստ է պահանջում․ հայտարարության տեքստը` ստորև․ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը խստորեն դատապարտում է սույն թվականի դեկտեմբերի 3-ին և դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից բնապահպանական կեղծ պատրվակով Հայաստանն ու Արցախն իրար կապող Լաչինի միջանցքը փակելու սադրիչ քայլերը։ Ադրբեջանի այս հանցավոր գործողությունները հակասում են 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, ըստ որի Լաչինի միջանցքը 5 կմ լայնությամբ ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ։ Պաշտոնական Բաքուն իր ապակառուցողական քայլերով ցույց է տալիս, որ հրաժարվում է ստանձնած պարտավորություններից, խախտում է միջազգային մարդասիրական իրավունքները, փորձում է Արցախում ստեղծել վախի մթնոլորտ, հոգեբանական ճնշումներ է գործադրում արցախահայության դեմ՝ նպատակ ունենալով ցեղասպանություն իրականացնել և նոր պատերազմ սանձազերծել։ Այս և նմանօրինակ այլ ռազմատենչ և ակնհայտ ցեղասպան նկրտումներ ունեցող գործողությունները հերթական անգամ ապացուցում են, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, արցախահայության կյանքի իրավունքի ապահովման միակ հնարավոր գրավականը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն է: Լաչինի միջանցքն Արցախը Հայաստանին կապող կյանքի ճանապարհ է, որի չգործելը հղի է ծանրագույն հումանիտար հետևանքներով: Այս ճանապարհի պարբերական արգելափակումը ևս մեկ անգամ ընդգծում է ռուսական խաղաղապահ զորախմբի առկայության անհրաժեշտությունը։ Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ դատապարտել Ադրբեջանի սադրիչ քայլերն ու ռազմատենչ վարքագիծը, տալ համարժեք գնահատականներ և ձեռնարկել ՄԱԿ-ի կանոնադրությունից բխող գործողություններ։ Զորակցելով Արցախում առաքելություն իրականացնող ռուս խաղաղապահներին կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնությանը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից բխող անհրաժեշտ միջոցներ կիրառել՝ Լաչինի միջանցքի անխափան աշխատանքն ապահովելու և ադրբեջանիցների սադրանքները կանխելու համար։ Կոչ ենք անում մեր արցախահայ քույրերին ու եղբայրներին չտրվել սադրանքներին, պահպանել զգոնությունը։ Հայաստանի Հանրապետությունն ունի հանձնառություն Արցախի նկատմամբ և ամբողջությամբ տեր է կանգնելու իր հանձնառությանը։ Հիմնավորում Հայտարարության ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող կյանքի ճանապարհը սադրիչ գործողություններով պարբերաբար շրջափակելու, հումանիտար ճգնաժամ առաջացնելու և Արցախը հայաթափելու հանցավոր վարքագծին գնահատական տալու հրամայականով: Հայաստանի Ազգային ժողովը պարտավոր է արձագանքել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կոչին՝ հիմնվելով ՀՀ օրենսդրությամբ ստանձնած հանձնառությունների վրա: Հայտարարությամբ Ազգային ժողովն ուղերձ է հղում նաև միջազգային հանրությանը՝ նպատակ ունենալով բոլորի ուշադրությունը սևեռել արցախահայության գոյաբանական խնդիրների վրա:
    19:33
    13.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Քրեական հետապնդում է հարուցել խուլիգանական գործողություններ կատարած անձանց նկատմամբ
    Գ.Բ.-ն, 2020 թվականի դեկտեմբերի 28-ին` ժամը 09:00-ից մինչև 11:30-ն ընկած ժամանակահատվածում, մասնակցելով Ազգային ժողովի բնականոն աշխատանքի խոչընդոտման նպատակով անցկացվող հավաքին, մի խումբ անձանց հետ, դիտավորությամբ, կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որը զուգորդվել է բռնության գործադրմամբ: Մասնավորապես, Գ.Բ.-ն հավկիթներով և ձնագնդիկներով, հարվածներ է հասցրել Ազգային ժողովի շենքին մոտեցող պատգամավոր Ա.Ք.-ին սպասարկող ծառայողական ավտոմեքենային, որի մեջ գտնվել է պատգամավորը: Դրանից անմիջապես հետո Գ.Բ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին: Այնուհետև, հավաքի մի խումբ մասնակիցներ, շարունակելով խուլիգանական գործողությունները, ժամը 11:00-ի սահմաններում փակել են Դեմիրճյան փողոցի երթևեկելի հատվածը: Վերջիններիս միացած Ա.Ս.-ն և գործով չպարզված անձինք խոչընդոտել են աշխատանքի վայր ժամանող Ազգային ժողովի պատգամավոր Ս.Գ.-ի երթևեկը, հնչեցրել անպարկեշտ արտահայտություններ: Պատգամավորը փորձել է խուսափել կոնֆլիկտից և առաջարկել բացել ճանապարհը, սակայն հավաքի մասնակիցներից չպարզված անձը Ս.Գ.-ին վիճաբանության մեջ ներքաշելու նպատակով հարվածել է նրա ավտոմեքենային: Վիճաբանություն է սկսվել պատգամավորի ու հավաքի մասնակիցների միջև, որի ընթացքում Ա.Ս.-ն և ինքնությունները չպարզված մասնակիցները, հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ, հավկիթներով հարվածել Ս.Գ.-ին, քաշքշել և ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին: Ա.Ս.-ն և չպարզված անձինք, հրմշտելով և ճեղքելով խուլիգանական գործողությունները խափանող ոստիկանների կենդանի պատը՝ հետապնդել են Ս.Գ.-ին՝ շարունակելով կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը, տևական ժամանակ սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել, հավկիթներով հարվածել՝ պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ՝ ձախ բազկի ստորին երրորդականի դրսային մակերեսի, աջ արմնկային շրջանի արյունազեղումներ, ձախ այտային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ: Ա.Ս.-ի և վարույթով դեռևս չպարզված անձանց խուլիգանական գործողությունները դադարել են՝ դեպքի վայրում գտնվող ոստիկանության մեծաքանակ ուժերի միջամտության արդյունքում՝ ժամը 11:20-ին՝ Ա.Ս.-ին ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկելուց հետո: Հսկող դատախազի որոշմամբ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Գ.Բ.-ի և Ա.Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում (համապատասխանաբար՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ խուլիգանություն՝ մի խումբ անձանց կողմից և Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ խուլիգանություն՝ մի խումբ անձանց կողմից՝ հարվածներ հասցնելով կամ բռնի այլ գործողություններ կատարելով): Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    19:30
    13.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նախագահի հետ
    Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն առանձնազրույց է ունեցել ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նախագահ, ՄԱԿ-ում Արգենտինայի մշտական ներկայացուցիչ Ֆեդերիկո Վիլեգասի հետ։ Պաշտպանը զրուցակցին ներկայացրել է, թե ինչ գործունեություն է ծավալում Պաշտպանի գրասենյակը որպես մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատություն։ Պաշտպանը նաև շնորհակալություն է հայտնել դեսպան Վիլեգասին Ցեղասպանության հանցագործության դեմ պայքարի Գլոբալ ֆորումին մասնակցության, արտահայտած կարևոր ուղերձների և ընդհանրապես ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդում կատարած կարևոր աշխատանքի համար։ Քրիստիննե Գրիգորյանն առիթն օգտագործել է Մարդու իրավունքների խորհրդի նախագահին ներկայացնելու ադրբեջանցիների կողմից Հայաստանի հետ Արցախի կապի միակ ճանապարհի փակման հումանիտար հետևանքներն ու ռիսկերը և կարևորել, որ միջազգային կազմակերպությունները չանտեսեն ցեղասպանական քաղաքականության նման ազդակները։ Կողմերը մտքեր են փոխանակել ՄԱԿ-ի տարբեր մեխանիզմների շրջանակներում նման հարցերի զգայունացման հնարավորությունների մասին։
    19:25
    13.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը հայտարարություն է տարածել
    Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը հայտարարություն է տարածել․ «Հաշվի առնելով, որ վերջին երկու օրերի ընթացքում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության արգելափակումը առաջացնում է Արցախի բնակիչների մի շարք հիմնարար իրավունքների խախտումներ՝ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը քննարկում է միջազգային իրավական մեխանիզմների գործարկման հնարավորությունը: Ձեռնարկած քայլերի մասին կհայտնենք լրացուցիչ»։
    19:20
    13.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հորդորում ենք չտրվել թշնամու սադրանքներին, չհուսահատվել և խուճապահար չլինել․ Արցախի թեմի առաջնորդ
    Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն անդրադարձել է ստեղծված իրավիճակին. «Սիրելի արցախցիներ,⠀ Արցախյան վերջին գոյապայքարից հետո ադրբեջանական կողմը, չբավարարվելով իր այսպես ասած «ձեռքբերումներով», ախորժակ ունի ամբողջ Արցախի վրա, և արդեն քանիցս փորձել է չարանենգ ճանապարհներով հասնել իր նպատակին՝ հոգեբանական տեռորի ենթարկելով արցախահայությանը: Քանի որ արցախահայությունն ունի շատ լավ փորձ՝ հասկանալու թշնամու ծրագրերը, ուստի այսօր էլ լավ զգում է վտանգի աստիճանը և այդ իսկ պատճառով մտահոգ է, որ Արցախը Հայաստանին կապող միակ ու կենսական ճանապարհի փակումը զուտ բնապահպանական հարց չէ, այլ Արցախի ժողովրդի դեմ պետական հովանավորությամբ ծրագրավորված ու թիրախային մի գործընթաց, որ նպատակ ունի ամեն կերպ ճնշելու արցախահայությանը և ստիպելու լքել հայրենի հողը: ⠀ Սիրելի արցախցիներ, հորդորում ենք չտրվել թշնամու սադրանքներին, չհուսահատվել և խուճապահար չլինել, չկորցնել զգոնությունը, որին հենց ձգտում է մեր թշնամին: ⠀ Սատանան Քրիստոսի խաչելության իրադարձության առաջ կանգնած չարախնդում էր, թե կարողացավ սպանել ճշմարտությունը և արդարությունը, բայց ի զորու չէր տեսնել Նրա իրական ուժը՝ Սիրո ուժը, որովհետև զուրկ էր սիրելու կարողությունից։ Հայրենի մեր Արցախի հանդեպ սերն է այն ուժը, որ մեզ պետք է գոտեպնդի դիմանալու բոլոր տեսակի նեղություններին ու սադրանքներին, որոնք չեն կարող վերացնել մեր այդ կենարար ուժը, որը վերջիվերջո հաղթելու է, ինչպես Քրիստոս Իր հարությամբ հաղթեց մահվան զորությանը։ ⠀ Լիահույս ենք նաև, որ ռուսական խաղաղապահ զորակազմը կշարունակի բարձր մակարդակով իրականացնել սրբազան իր առաքելությունը և կվերականգնի Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի կենսական ու ապահով գործունեությունը: «Նեղությունները համբերություն են բերում, համբերությունը՝ փորձառություն, փորձառությունը՝ հույս, հույսը երբեք չի ամաչեցնում» (Հռոմ․ 5:4-5)»։
    19:16
    13.12.22
    Ավելին
  • Արցախ
    «Ցանկացած զիջման դեպքում ունենալու ենք հաջորդ զիջումը». Արցախի նախագահ
    «Միակողմանի զիջումներ Ստեփանակերտը չի անի. ցանկացած զիջման դեպքում ունենալու ենք հաջորդ զիջումը»,- հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ խորհրդարանի արտահերթ նիստում: Նրա կարծիքով՝ Ադրբեջանում ցավոտ են ընդունել նոյեմբերի 5-ին Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքը, Ռուբեն Վարդանյանին Արցախի պետական նախարար նշանակելու փաստը և իր այցը Ֆրանսիա:
    19:13
    13.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել իրանցի ձեռնարկատերերի և պաշտոնյաների դեմ
    Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել իրանցի ձեռնարկատերերի և պաշտոնյաների դեմ, որոնց մեղադրել է Ռուսաստանին անօդաչու թռչող սարքերի մատակարարումներին մասնակցելու մեջ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից: Բրիտանական կառավարության կայքում զետեղված հաղորդագրության համաձայն՝ պատժամիջոցները վերաբերում են «իրանցի այն գործարարներին և պաշտոնյաներին, որոնք կապված են Կրեմլի համար անօդաչու թռչող սարքերի արտադրության և/կամ մատակարարման հետ»։ Պատժամիջոցների ցանկում է հայտնվել Oje Parvaz Mado Nafar Company ընկերությունը, դրա տնօրեն Յուսեֆ Աբութալեբին։ Բացի այդ, պատժամիջոցներ են սահմանվել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բրիգադային գեներալ Աբդոլլահ Մեհրաբիի և Իրանի ավիացիոն արդյունաբերության կազմակերպության ղեկավար Աֆշին Հաջեհ Ֆարդի նկատմամբ։ Արևմուտքի երկրները պնդում են, որ Իրանը, իբր, ներկայումս անօդաչու թռչող սարքեր է մատակարարում Ռուսաստանին Ուկրաինայում ռազմական գործողությունների համար։ Մոսկվան և Թեհրանը բազմիցս հերքել են նման մեղադրանքները։ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Թեհրանը Ռուսաստանի Դաշնությանը մատակարարել է անօդաչու թռչող սարքեր, սակայն Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից մի քանի ամիս առաջ։ Երեկ Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին հայտարարել էր, որ անօդաչուների հարցով ուկրաինացի և իրանցի փորձագետների հանդիպման ժամանակ Կիևն ապացույցներ չի ներկայացրել Ուկրաինայում Ռուսաստանի կողմից իրանական անօդաչու թռչող սարքեր օգտագործելու վերաբերյալ։ Նա նաև հավելել էր, որ Իրանի և Ռուսաստանի միջև ռազմական ոլորտում համագործակցություն գոյություն ունի վաղուց, և դարձյալ հաստատել Էր, որ երկրներն Ուկրաինայում ռազմական գործողությունների ժամանակ չեն փոխգործակցել անօդաչուների հարցով։
    19:10
    13.12.22
    Ավելին