Լրահոս

2023-01-13
  • Հայաստան
    90 րոպե
    21:30
    13.01.23
    Ավելին
  • Քաղաքական
    Ալիևի լկտիացմանը նպաստել է Փաշինյանը. ընդդիմությունը չի ուզում, որ Հայաստանը խայտառակվի
    Այսօր խորհրդարանում արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ՔՊ-ականներին առաջարկել է բարձրաձայն հայտարարել, որ չեն տեսնում Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում: Իշխանական պատգամավորներից ոչ ոք Թևանյանի առաջարկը չի ընդունել: Ընդդիմադիրները ևս մեկ անգամ արձանագրել են՝ նու՛յնն են պաշտոնական Երևանի ու Բաքվի մոտեցումները:
    21:20
    13.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հորդորում ենք ՀՀ դե ֆակտո իշխանություններին՝ դադարեցնել Հայաստանի ու Արցախի շահերը արկածախնդրորեն վտանգի ենթարկելու քաղաքականությունը․ ՀՀԿ ԳՄ
    Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը հայտարարություն է տարածել․ «Արձանագրելով, որ 2022թ․ դեկտեմբերի 12-ից ի վեր՝ ավելի քան մեկ ամիս, ադրբեջանական իշխանությունների կողմից Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի՝ Քաշաթաղի (Լաչինի) միջանցքի փակումը Ադրբեջանի հայատյաց քաղաքականության և ցեղասպան գործողությունների հերթական դրսևորումն է, Խորապես անհանգստացած լինելով Արցախում օրեցօր ավելի նկատելի դարձող հումանիտար ճգնաժամի, կենսական նշանակության ենթակառուցվածքների՝ կապի, էներգամատակարարման և հաղորդակցության միտումնավոր խափանումների ծանր հետևանքներով, Համոզված լինելով կեղծ բնապահպանական ձեռնարկման անվան տակ Արցախի բնակչության նկատմամբ բարոյահոգեբանական ճնշումներ գործադրելու և հայրենազրկելու՝ Ադրբեջանի սանձազերծած քաղաքականության մեջ, Արձանագրելով, որ ստեղծված իրավիճակը 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ այն ստորագրած կողմերի ստանձնած պարտավորությունների չկատարման հետևանք է, Ողջունելով Արցախի ժողովրդի` սեփական ճակատագիրը տնօրինելու, Ադրբեջանի կազմից դուրս ազատ ապրելու և միջազգայնորեն սահմանված իր ինքնորոշման իրավունքն իրացնելու վճռական կամքն ու պատրաստակամությունը, Դատապարտելով Հայաստանի Հանրապետության դե ֆակտո իշխանությունների կրավորական կեցվածքը և արցախահայության ճակատագրի հանդեպ Հայաստանի ստանձնած պատասխանատվությունից խուսափելու քաղաքականությունը, Կարևորելով ՌԴ խաղաղարար կոնտինգենտի կողմից իրականացվող առաքելությունը, Խորապես մտահոգված լինելով Նիկոլ Փաշինյանի և նրա վարչակազմի՝ Հայաստանի անվտանգային համակարգն ու նրա կարևոր բաղադրիչ հանդիսացող հայ-ռուսական հարաբերությունները վնասող անմիտ քաղաքականությամբ և վնասարար հայտարարություններով. Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ 1. Իր անվերապահ սատարումն ու քաղաքական-քաղաքացիական աջակցությունն է հայտնում Արցախի ժողովրդին: Դիմելով այս օրերին անասելի դժվարությունների ու զրկանքների միջով անցնող Արցախի մեր հայրենակիցներին՝ ցանկանում ենք ընդգծել, որ. Հայաստանի հանրապետական կուսակցությունը, որպես Հայաստանի անկախության և Արցախյան ազատամարտի պայքարի ակունքներում կանգնած քաղաքական ուժ, անվերապահորեն և հետևողականորեն սատարում է ձեզ՝ պատմական հայրենիքում ազատ, անկախ և անվտանգ ապրելու իրավունքի իրացման համար պայքարի ճանապարհին: Այդ պայքարը եղել և մնում է համայն հայության պայքարը՝ անկախ օրվա իշխանությունների դիրքորոշումից ու գործելաոճից: Վստահեցնում ենք, որ մենք ոչ մի դեպքում չենք շեղվելու այն ուղուց, որ որդեգրել ենք ավելի քան երեք տասնամյակ առաջ և հավատարիմ ենք Հայաստանի ժողովրդի միասնական կամքն արտահայտող ՀՀ Անկախության հռչակագրի տառին ու ոգուն, ինչպես նաև ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ․ հուլիսի 8-ի որոշմանը, որ ի թիվս կարևոր մի շարք դրույթների, սահմանում է՝ «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»: 2. Անթույլատրելի է որակում աշխարհաքաղաքական սակարկությունները, Հայաստանի ու Արցախի անվտանգային համակարգերի դեմ իրականացվող նպատակաուղղված քաղաքական արկածախնդրությունները: 3. Շնորհակալություն է հայտնում ՌԴ խաղաղապահ առաքելությանը՝ ծառայության համար, միաժամանակ՝ ընդգծում, որ խնդրի շուտափույթ հանգուցալուծման համար ակնկալում է իրավիճակից բխող վճռական որոշումներ և հստակ գործողություններ՝ ապահովելու 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված կետերի անվերապահ կատարումը, 4. Կտրականապես դեմ է ցանկացած պայմանավորվածությունների՝ գրավոր, թե բանավոր, որոնք կանտեսեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման և միջազգային ճանաչման հեռանկարը, 5. Հորդորում է ՀՀ դե ֆակտո իշխանություններին՝ դադարեցնել Հայաստանի ու Արցախի շահերը աշխարհաքաղաքական ներկայիս լարված իրավիճակում գերտերությունների միջև ծավալված պայքարում արկածախնդրորեն վտանգի ենթարկելու, այլևայլ շահերի ծառայեցնելու և այդկերպ սեփական խղճուկ իշխանությունը պահելու ազգադավ քաղաքականությունը, 6. Պահանջում է Նիկոլ Փաշինյանից հրապարակել բոլոր այն կարևոր սկզբունքային պայմանավորվածություններն ու խոստումները, որոնք տրվել են Հայաստանի և Արցախի ժողովրդի անունից 2020թ. նոյեմբերի 9-ից հետո, 7. Վստահեցնում է, որ շարունակելու է աշխատանքներն իր միջազգային գործընկերների հետ՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ և Արցախի հարցի շուրջ լիարժեք, օբյեկտիվ տեղեկություններ հաղորդելով, ինչպես նաև խրախուսելով համապատասխան միջազգային ինստիտուտներում Ադրբեջանի հայատյաց քաղաքականության դատապարտումը, 8. Պահանջում է, որպեսզի գործող իշխանությունները լիարժեք իրականացնեն Արցախի անվտանգության երաշխավոր լինելու Հայաստանի Հանրապետության պարտականությունը: 9. Անթույլատրելի է համարում Արցախի առկա անվտանգային մեխանիզմների սողացող ապամոնտաժումը կամ հարվածի տակ դնելը` մինչև Արցախի հարցի վերջնական կարգավորումը: 10.Կարևորում է ԵԱՀԿ ՄԽ ինստիտուտի վերագործարկման անհրաժեշտությունը և համանախագահ երկրների առավել արդյունավետ ներգրավվումը առկա ճգնաժամի հանգուցալուծման գործում»,-ասված է ՀՀԿ ԳՄ հայտարարության մեջ:
    21:10
    13.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    ՌԴ խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցությունները Լաչինի միջանցքով երթևեկության վերականգնման հարցով
    Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը: Նշվում է, որ ՌԴ խաղաղապահների կողմից 30 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: «Զորախմբի հրամանատարությունը շարունակում է բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով (Լաչինի միջանցք – խմբ.) տրանսպորտային միջոցների երթևեկությունը վերականգնելու հարցով»,-ասվում է հաղորդագրությունում: Նախորդող օրը պարեկություն է իրականացվել Մարտունու և Մարտակերտի շրջաններում և Լաչինի միջանցքում։
    21:03
    13.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ադրբեջանի «հաղթանակի» ընթրիքին մասնակցած ֆրանսիացի պատգամավորը՝ Երևան ժամանած պատվիրակության կազմում
    Hetq.am-ը գրում է․ Պաշտոնական այցով Երեւանում գտնվող Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեի պատվիրակության կազմում ընդգրկված է պատգամավոր Անն Ժենետեն, որին Ֆրանսիայի հայկական շրջանակները եւ Ֆրանսիայի հայամետ քաղաքական գործիչները քննադատում են Ադրբեջանի հետ կապերի մեջ։ Ժենետեն Ֆրանսիայի 11-րդ ընտրատարածքի պատգամավոր է, ներկայացնում է Ֆրանսիայից դուրս ապրող ֆրանսիացիներին 49 երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։ 2021 թվականի նոյեմբերի 13-17-ը Անն Ժենետեի այցը Երեւան, «Հայաստան-Ֆրանսիա» բարեկամության խմբի կազմում, չեղարկվեց մի սկանդալի պատճառով։ Այցից օրեր առաջ՝ նոյեմբերի 9-ին, երբ Հայաստանը սգում էր 44-օրյա պատերազմում կորցրած զավակների հիշատակը, Փարիզում Ադրբեջանի դեսպանությունը ընթրիք-բանավեճ էր կազմակերպել ֆրանսիացի քաղաքական գործիչների եւ գործարարների համար՝ նվիրված «Ղարաբաղի ազատագրման 1-ին տարեդարձին»։ Դեսպանատան ֆեյսբուքյան էջում ընթրիքի մասին գրառումն ուղեկցվում է «Հաղթանակի օր», «Ղարաբաղն Ադրբեջան է» հեշթեգով։ «Ղարաբաղը խաղաղության ժամին. հույսեր և մարտահրավերներ. ի՞նչ դեր ունի Ֆրանսիան» խորագրով ընթրիքին մասնակցում էր նաեւ Անն Ժենետեն։ Նա Թվիթերում լուսանկար էր հրապարակել՝ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանի կողքին եւ գրել, որ Ֆրանսիան պետք է գործի հանուն խաղաղության, եւ խորհրդարանական դիվանագիտությունը կարող է նպաստել դրան։ Ժենետեի այս գրառումը հրապարակային լուրջ քննադատության արժանացավ, որի արդյունքում 2021-ի նոյեմբերի 11-ին նա հայտարարեց իր ճանապարհորդության հետաձգման մասին և տարածեց հետևյալ հաղորդագրությունը. «Ինձ՝ որպես Ֆրանսիայից դուրս ապրող ֆրանսիացիների 11-րդ ընտրատարածքի պատգամավորի, որն ընդգրկում է 49 երկիր, այդ թվում՝ Հայաստանը և Ադրբեջանը, պարբերաբար կոչ են անում երկկողմ շփումներ ունենալ՝ հուսալով, որ կկարողանամ բազմակողմ շփումների հնարավորություն ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի բոլոր շահագրգիռ կողմերի միջեւ ... Երեքշաբթի՝ նոյեմբերի 9-ին, Ազգային ժողովի տարբեր քաղաքական խմբերի պատգամավորների հետ Ադրբեջանի դեսպանատան հրավերով մասնակցեցի ընթրիք-բանավեճի։ «Ղարաբաղը խաղաղության ժամին. հույսեր և մարտահրավերներ». ո՞րն է Ֆրանսիայի դերը» խորագրով այս ընթրիքին իմ մասնակցությունը ճիշտ չընկալվեց Հայաստանում մեր ֆրանսիական համայնքի շրջանակներում եւ հայ քաղաքական և ինստիտուցիոնալ աշխարհում: Ես խորապես ափսոսում եմ այս իրավիճակի համար, ես ոչ մի տարեդարձ չեմ նշել։ Պահպանելով հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ ես խորհրդարանական մակարդակով ցանկանում եմ մասնակցել երկխոսության և խաղաղության հաստատման գործընթացին՝ հանուն խաղաղության։ Ես ծրագրել էի նոյեմբերի 13-ից 17-ը մեկնել Հայաստան ֆրանսիացի խորհրդարանականների պատվիրակության հետ՝ ավելի լավ հասկանալու իրավիճակը և այն անմիջականորեն քննարկելու տեղական իշխանությունների, ինչպես նաև Հայաստանում ապրող ֆրանսիացիների հետ: Մինչ օրս ես Ադրբեջանում չեմ եղել։ Խորհրդարանականի իմ դերը ոչ թե որեւէ մեկին կողմ լինելն է, այլ իրավիճակը հասկանալն ու կամուրջներ կառուցելը […] Որպես այդպիսին, ինձ համար, իհարկե, կարևոր է, որ կարողանամ մեկնել այս երկրներ և հանդիպել ֆրանսիական համայնքների և տեղական իշխանությունների հետ»։ Այս միջադեպից մեկ տարի անց՝ 2022-ի հունիսին «Le Courrier d'Erevan»-ին տված հարցազրույցում Անն Ժենետեն ընդունել է իր սխալը՝ հայերի համար վշտալի այդ օրը Ադրբեջանի հրավերն ընդունելը եւ ներողություն խնդրել հայերին վիրավորելու համար։ «Հետքը» պարզաբանում խնդրեց Հայաստանի Ազգային ժողովից՝ ինչպես է Անն Ժենետեն ընդգրկվել պատվիրակության կազմում, եւ ինչ դիրքորոշում ունի խորհրդարանի խոսնակը, որի հրավերով պատգամավորները ժամանել են Հայաստան։ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանն ասաց, որ տեղյակ չեն եղել Ժենետեի անվան հետ կապված պատմությանը, սակայն պատգամավորի գործունեությունը, ընդհանուր առմամբ, «գնահատում են հայանպաստ, քանի որ վերջինս ոչ միայն կողմ է քվեարկել Ֆրանսիայի խորհրդարանի՝ Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձևին, այլեւ այն հեղինակողներից է։ Այսօր էլ պատգամավորը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին եւ այցելել Ցեղասպանության թանգարան»։
    21:00
    13.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պատգամավորական մանդատից չրկվելու համար՝ բժշկի թուղթ է բերել․ «MediaHub»
    MediaHub-ի տեղեկություններով, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախկին անդամ Իշխան Զաքարյանը, որպեսզի չզրկվի պատգամավորական մանդատից, բժշկի թուղթ է ներկայացրել՝ բացակաները հարգելի համարելու համար։ Փաստորեն Իշխան Զաքարյանը հետեւել է ՔՊ-ականների «խորհրդին», ովքեր ծաղրելով ընդդիմությանն ասում էին՝ «հետո բժշկի թուղթ պիտի բերեք, որ բացականները հարգելի համարվեն»։ Թերևս սրանով է պայմանավորված, որ անկախ պատգամավոր Զաքարյանի անունը չկա անհարգելի բացակայածների ցուցակում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ-ն խորհրդի նիստ է գումարել՝ անհարգելի բացակաների թիվը գերազանցած պատգամավորներին մանդատից զրկելու համար ՍԴ դիմելու հարցով։ Ուշագրավն այն է, որ բացակայած 22 պատգամավորներն էլ ԱԺ «Հայաստան» խմբակցությունից են, մինչդեռ «Պատիվ ունեմ»-ի պատգամավորներն էլ են «Դիմադրություն» շարժման ակցիաների եւ հանրահավաքների ժամանակ բացակայել նիստերից։ Ստացվում է, որ իշխանությունը հակված չէ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներին զրկել մանդատներից, թեպետ "ճանապարհի կեսին" պարզվեց, ասենք այսպես փոշմանել է։ MediaHub-ը գրել էր, որ ՔՊ֊ն որոշել է շանս տալ ընդդիմությանը և մանդատներից զրկելու գործընթացից այս պահին հրաժարվում է. այսօր Հայկ Կոնջորյանը հայտարարեց. "Ընդդիմությանը հնարավորություն ենք տալիս, որպեսզի գան խորհրդարան ու աշխատեն, որովհետև ընդհանրապես սխալ է պառազիտանալ հարկատուների վրա»։ Հիշեցնենք, որ հինգ ամիս առաջ, երբ ընդդիմությունը փողոցային պայքար էր մղում՝ ինշխանության հրաժարականի պահանջով, ԱԺ փոխնախագահ, ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց․ «Եթե ընդդիմությանը թվում է՝ մենք պետք է դիմենք ՍԴ եւ ԱԺ-ից նրանց փախուստի փրկօղակ նետենք, նրանք սխալվում են, նրանք պետք է գլուխները կախ գան ԱԺ, իրենք պիտի նայեն մեր աչքերի մեջ եւ չկարողանան կրկնել այն, ինչ ասել են փողոցներում»։ Փաստացի, սա «Հայաստանը ժողովրդավարության բաստիոն» հայտարարած իշխանության հերթական "ամբիցիոզ" գործընթացն էր՝ վախի մթնոլորտ ստեղծելու եւ ընդդիմության պլանավորած պայքարի նոր ալիքը վիժեցնելու համար։
    20:55
    13.01.23
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Ֆրանսիան չի պատժում Ալիևին և չի ճանաչում Արցախի անկախությունը, բայց աջակցում է հայ ժողովրդին
    «Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը»,- այսօր Հայաստանի Ազգային ժոովի նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է երկօրյա այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն: Հարցին, թե Ֆրանսիայի տեսանկյունից ի՞նչ կարգավիճակ է նախատեսելի Լեռնային Ղարաբաղի համար Բրաուն-Պիվեն պատասխանել է. «Ֆրանսիան չէ, որ պետք է որոշի, թե ինչ կարգավիճակ կարող է ունենալ Լեռնային Ղարաբաղը տարածաշրջանում: Կարգավիճակը պետք է սահմանվի միջազգային իրավունքի շրջանակներում՝ տարբեր ժողովուրդների և, մասնավորապես, հակամարտող երկրների կողմից»:
    20:50
    13.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սա դավաճանությու՞ն է , թե՞ անտարբերություն. Ավետիք Իշխանյան
    Հասարակական գործիչ Ավետիք Իշխանյանը գրում է․ «Նորից ու նորից կրկնեմ՝ ԼՂ կարգավիճակի հարցն առաջին հերթին կախված է Հայաստանի և ԼՂ հստակ դիրքորոշման հետ։ Ձեր անգործության և անինքնավստահության մեղքերը մի բարդեք այլ երկրների վրա։Համախմբվեք, հաստատակամություն ցուցաբերեք և ճանաչեք Արցախի անկախությունը, ապա միավորվեք։ Միայն այդ դեպքում և միջազգային իրավունքը և գուցե Ֆրանսիան կլինեն ձեր կողքին։ Հիշեք Շառլ դը Գոլի խոսքերը․ «Ընտրիր ամենադժվար ճանապարհը և դու մրցակիցներ չես ունենա»։ Այսօր, իմ տպավորությամբ, միայն Արցախի ժողովուրդն է հաստատակամ և եթե արցախցիները շարունակեն իրենց համառ պայքարը, անկասկած հաջողության կհասնեն։ Բայց ինձ զարմացնում է Հայաստանի իշխանության , նաև ժողովրդի կեցվածքը։Ես այլ նման պետություն չգիտեմ, որ իր հայրենակիցներին թողնի բախտի քմահաճույքին, ցեղասպանության վտանգի տակ։ Սա դավաճանությու՞ն է , թե՞ անտարբերություն։ Ինձ զարմացրեցին նաև Հայաստանի պաշտոնյաների ուրախ, ժպտերես դեմքերը, կարծես ամեն ինչ հիասքանչ է, չկա շրջափակված Արցախ, հայ գերիներ։ Ի՞նչ ասեմ․․․»
    20:45
    13.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստանի և Արցախի ՄԻՊ-երը հրապարակել են Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետևանքների վերաբերյալ թարմացված արտահերթ զեկույց
    Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների հաստատությունները հրապարակել են Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետևանքների վերաբերյալ արտահերթ զեկույց՝ 2023թ հունվարի 13-ի դրությամբ նոր թարմացված տվյալներով։ Զեկույցում Պաշտպաններն անդրադարձել են Լաչինի միջանցքի խնդրին միջազգային կառույցների, գործիչների և մեդիայի արձագանքին, Լաչինի միջանցքը շրջափակելու վերաբերյալ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների և հասարակային գործիչների կողմից սադրիչ հայտարարություններին, Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից էթնիկ զտման շարունակական նշաններին, շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամին, «Էկո-ակտիվիստների» ակցիայի կեղծ էությունը հիմնավորող նոր տվյալներին, ինչպես նաև Ադրբեջանի կառավարության հետ ճանապարհը ապօրինաբար փակած անձանց անմիջական կապերին: Զեկույցում անդրադարձել են նաև բնակչության ազատ տեղաշարժի, բավարար կենսամակարդակի ապահովման, սննդի հասանելիության, առողջության պահպանման իրավունքներին, ինչպես նաև երեխաների իրավունքների խախտումներին։ Զեկույցի տարբեր բաժիններում իրավունքների խախտումները վերլուծվել են ըստ միջազգային մարդու իրավունքների և հումանիտար իրավունքի սկզբունքների ու նորմերի։ Պաշտպանների հետևությունն է, որ միջազգային փաստահավաք առաքելության գործուղումն անհրաժեշտ է ի թիվս այլնի, էթնիկ զտման ադրբեջանական քաղաքականության առավել հեռուն գնացող քայլերը կանխարգելելու համար։ Հաստատված պրակտիկայի համաձայն՝ զեկույցը կներկայացվի մարդու իրավունքների միջազգային մանդատ ունեցող կազմակերպություններին ու դերակատարներին։
    20:40
    13.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Վանաձորում
    Ոստիկանության ՔՈԳՎ, Լոռու մարզային վարչության և Տարոնի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունվարի 12-ին Վանաձոր քաղաքի Հյուսիսային փողոցում հայտնաբերվել և Տարոնի բաժին է տեղափոխվել 34-ամյա Սահակ Մ.-ն, որը ՌԴ Չելյաբինսկի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    20:30
    13.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պատրաստ ենք ցանկացած սցենարի․ Իշխան Սաղաթելյան
    Մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի։ Այն իշխանությունը, որը մեզ հայրենիքից է զրկել, հինգ հազար հայ մարդու կյանքից է զրկել, պարզ է, որ կփորձի նաև մանդատներից զրկել, բայց դա երկրորդական է, «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ Հիշեցնենք, որ իշխող ուժը նախաձեռնել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության 22 պատգամավորներին մանդատից զրկելու գործընթաց։ Իշխանությունների թիրախում, սակայն, առավելապես Իշխան Սաղաթելյանն է։ Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ իշխանությունները մտադիր են պատգամավորական մանդատից զրկել միայն Իշխան Սաղաթելյանին։ ԱԺ խորհրդի նիստը ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու համար ՍԴ դիմելու օրակարգով նախատեսված էր այսօր, սակայն մեկ շաբաթով հետաձգվել է, քանի որ ընդդիմադիր պատգամավորները չեն ներկայացել Խորհրդի նիստին։ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն՝ պատգամավորի բացակայության դեպքում հարցի քննարկումը հետաձգվում է մեկ շաբաթով և վերսկսվում սահմանված ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը հրավիրված Խորհրդի նիստում՝ անկախ նրա ներկայությունից: Սաղաթելյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է, որ պատրաստ են ցանկացած սցենարի, մտածել են հավանական ելքերի մասին, ունեն մշակած համապատասխան, համարժեք քայլեր։ «Մեկ անգամ ևս վստահեցնում եմ քաղաքացիներին՝ մանդատով, թե առանց մանդատի՝ մենք մեր պայքարը շարունակելու ենք հանուն Արցախի, հանուն Հայաստանի, հանուն հայ ժողովրդի»,- նշել է Իշխան Սաղաթելյանը։ Ի դեպ, ընդդիմադիր գործիչներին մանդատից զրկելու գործընթացին զուգահեռ՝ իշխանությունները հետապնդումներ են իրականացնում դաշնակցական գործիչների նկատմամբ։ Հունվարի 11-ի վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվել Երևանում և Արարատում բնակվող ՀՅԴ մի շարք անդամների տներում, ընդ որում, վեց ամիս առաջ հարուցված գործի շրջանակներում։ Դաշնակցական երեք գործիչ ձերբակալված է, նրանց կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Խուզարկություններ են իրականացվել նաև ՀՅԴ ԳՄ նախագահ Սիմոն Սիմոնյանի տանը՝ երկու անգամ, նրա փաստաբանը գտնում է, որ թիրախավորված է ՀՅԴ ԳՄ ղեկավարությունը։ «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան Իշխան Սաղաթելյանը ընդգծել է, որ հանրահայտ իրողություն է և փաստ, որ օրվա իշխանության կողմից, մասնավորապես, ՀՅԴ-ի նկատմամբ սկսվել է հետապնդումների, ապօրինությունների, բռնաճնշումների նոր շրջափուլ։ «Այս երևույթները նոր չեն, բայց ակնհայտ է, որ վերջին օրերին մեծ ծավալի գործողությունների են անցել։ Դատախազությունն օրեր առաջ հաղորդագրություն տարածեց ԳՄ անդամ, պատգամավոր Աշոտ Սիմոնյանի դեպքով, գործը դատարան են ուղարկել, արդեն քանի օր է՝ խուզարկում են դաշնակցական մեր մարզային կառույցների ընկերների բնակարանները, երեք հոգու քիչ անց դատարան են տանելու ՝ կալանքի, քիչ առաջ ԳՄ նախագահի տունն էին խուզարկում, այսինքն, ակնհայտ է, որ ինչ-որ գործողություններ են սկսել։ Դրա պատճառը շատ հայտնի է։ Դաշնակցությունն, իբրև ազգային ուժ, լուրջ խոչընդոտ է Նիկոլ Փաշինյան-Էրդողան-Ալիև պայմանավորվածություններին և հայտնի է, որ առնվազն Դաշնակցության պարագայում այդ պայքարը բոլոր ձևերով շարունակվելու է։ Հավանաբար, իրենց կարճ խելքով հույս ունեն, որ այս քայլերով կկարողանան ընկճել կամ պայքարից հետ պահել, բայց անիմաստ է, Դաշնակցությանը ճանաչողը գիտի, որ մեր վախը վաղուց են բռնել, նման բաները չեն ազդում»,- նշել է Իշխան Սաղաթելյանը։
    20:27
    13.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Բարձրաձայնեք Արցախի խնդրի մասին, խոսեք, մի լռեք»․ Անդրե
    Երգիչ Անդրեն ֆեսյբուքյան իր էջում հանրությանը հայտնի անձանց կոչ է արել բարձրաձայնել Արցախի խնդրի մասին․ «Հենրիխ Մխիթարյան, Արթուր Աբրահամ, Լեւոն Արոնյան, Ռազմիկ Ամյան, Տղերք ջան, բարձրաձայնեք Արցախի խնդրի մասին, տարածեք ձեր էջերում, խնդրում եմ, խոսեք, մի լռեք: Սիրելի հետևորդներ, մեկնաբանություններում նշեք բոլոր հայ հայտիներին, թող միանան»,-սոցցանցի իր էջում գրել է Անդրեն:
    20:25
    13.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վիճաբանություն՝ Արգավանդում․ մարմնական ծանր վնասվածք պատճառած երիտասարդը ձերբակալվել է
    Հունվարի 8-ին, ժամը 00.45-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում էր ստացվել, որ գանգուղեղային վնասվածքով, գլխի սալջարդով և ծնոտի պատռվածքով բուժօգնության է դիմել Արգավանդ գյուղի 44-ամյա մի բնակիչ։ Նա հայտնել էր, որ վնասվածքը ստացել է տանն ընկելու հետևանքով։ Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հունվարի 7-ին, ժամը 23.30-ի սահմաններում, բուժօգնության դիմած տղամարդն ու 25-ամյա համագյուղացին կենցաղային հարցերի շուրջ վիճել էին։ Այդ ընթացքում 25-ամյա երիտասարդը բռունցքներով խփել էր 44-ամյա տղամարդուն՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածք։ Հունվարի 11-ին Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Նույն օրը արգավանդցի 25-ամյա երիտասարդը հայտնաբերվեց, ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղ խոստովանեց արարքը: Երիտասարդը ներկայացվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն։
    20:20
    13.01.23
    Ավելին
  • Հասարակական
    Վեց քույրերի մենությունը. մոր հետդարձի ճանապարհը ադրբեջանցիները փակել են
    Մեկ ամիս է՝ առանց մոր են ապրում Մարգարյան ընտանիքի 6 անչափահաս աղջիկները, որ 44-օրյա պատերազմում իրենց տան միակ տղամարդուն՝ եղբորն են կորցրել: Պատերազմից հետո Քաշաթաղից տեղահանված ու Հայաստանում՝ Շիրակի մարզի Մայիսյան գյուղում հաստատված ընտանիքի մայրը բլոկադայի նախորդ օրը՝ դեկտեմբերի 11-ին, Արցախ էր գնացել՝ տան թղթաբանության հարցերով: Համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նախագահն է երեխաների ամանորյա ցանկություններն իրականացել: Մեկ երազանք է անկատար մնացել:
    20:10
    13.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Դա իմ կարիերայի ամենակարևոր տիտղոսն էր․ Ռոնալդու
    Կրիշտիանու Ռոնալդուն Եվրո-2016-ում տարած հաղթանակն անվանել է իր կարիերայի ամենակարևոր տիտղոսը։ Եզրափակիչում Պորտուգալիայի հավաքականը հաղթել էր Ֆրանսիային (1:0) և պատմության մեջ առաջին անգամ դարձել Եվրոպայի չեմպիոն։ Ռոնալդուն, որը վնասվածքի պատճառով փոխարինվեց եզրափակիչ խաղում երեք գոլ էր խփել մրցաշարում։ «Դա իմ կարիերայի ամենակարևոր տիտղոսն էր։ Քո երկրի համար տիտղոս նվաճելը շատ կարևոր է։ Այդպիսի պահերին ես մեծանում, երբ ունես ընտանիք, ընկերներ: Դուք աճում եք որպես խաղացող, որպես տղամարդ, որպես հայր: Դա այնքան հիանալի էր»,- ասել է «Ալ-Նասրի» հարձակվողը Livescore-ին տված հարցազրույցում։
    20:00
    13.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Մասնագետները գնահատել են COVID-19-ի «կրակեն» շտամի վտանգավորության աստիճանը
    Կորոնավիրուսի «կրակեն» նոր ենթատեսակը, ամենայն հավանականությամբ, կկարողանա հաղթահարել ինչպես պատվաստանյութերի կողմից ստեղծված իմունային պաշտպանությունը, այնպես էլ նախորդ շտամներով հիվանդացած անձանց ձեռք բերած իմունիտետը, հայտարարել Է «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան: Այդ մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով РБК պարբերականին։ Պոպովան միևնույն ժամանակ նշել է, որ ըստ արտերկրից ստացված տվյալների՝ վիրուսի նոր տարբերակն ավելի ծանր կամ մահացու չԷ։ «Առայժմ մենք կենտրոնանում ենք այն երկրների գիտնականների, հետազոտողների, բժիշկների տվյալների վրա, որտեղ այս վիրուսն ամենաարագն է զարգանում։ Եվ այդ տվյալները խոսում են այն մասին, որ այս մուտացիան էական ազդեցություն չի ունեցել կլինիկական դրսևորումների վրա։ Այսինքն՝ այն ավելի ծանր կամ ավելի մահացու չի դարձել», - հստակեցրել Է «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավարը։ Պոպովայի հայտարարությունից հետո РБК պարբերականը հարցազրույց է վարել մի քանի այլ մասնագետների հետ: Կենսաբանական գիտությունների դոկտոր Աննա Բարանովան համարում է, որ ,կրակենիցե ավելի շատ պաշտպանված են այն մարդիկ, ովքեր հիվանդացել են «օմիկրոն N2» ենթատեսակով, քանի որ «կրակենն» ավելի մոտ է վիրուսի այդ տեսակին: Ըստ «Ռոսպոտրեբնադզորի» համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ​​ինստիտուտի կլինիկական և վերլուծական աշխատանքների գծով փոխտնօրեն Նատալյա Պշենիչնայայի՝ ,կրակեննե առաջացել է ,օմիկրոնիե երկու ենթատեսակների միակցությունից, այդ պատճառով հակամարմինները կարող են չազդել դրա վրա: Այնուամենայնիվ, ըստ մասնագետի, կորոնավիրուսի նախկին տարբերակներով հիվանդացածների մոտ հիվանդության ծանր ընթացքի հավանականությունը փոքր է: Ռուսաստանում «կրակենով» վարակման առաջին դեպքը հայտնաբերվել է Պենզայում՝ COVID-19-ով հիվանդացած կնոջ մոտ։ Ինչպես հաղորդել Է «Ռոսպոտրեբնադզոր»-ը, նա հիվանդացել է 2022 թ.-ի դեկտեմբերի 27-ին և արդեն ապաքինվել է։ Կինը պատվաստում չի ստացել, հիվանդությունն անցել է թեթև ձևով։ 2023 թ. հունվարի 12-ին գերատեսչության մամուլի ծառայությունը հաղորդել է, որ Ռուսաստանը չի նախատեսում սահմանափակումներ մտցնել՝ կապված «կրակենով» վարակման առաջին դեպքի հայտնաբերման հետ։ Ի դեպ, Ֆինլանդիայի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը հայտնել է, որ երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսի «կրակեն» շտամով վարակման առաջին դեպքը: «Ֆինլանդիայում «օմիկրոն» շտամի նոր տարատեսակի հայտնաբերումն սպասելի Էր», - ասել Է գերատեսչության գլխավոր մասնագետ Կարիտա Սավոլայնեն-Կոպրան: Նա իր հերթին նշել Է, որ ներկայում հայտնի չէ՝ արդյոք այն ավելի լուրջ հիվանդություն է առաջացնում, քան «օմիկրոն»-ի մյուս տարատեսակները։ Սավոլայնեն-Կոպրան ասել Է, որ պատվաստումը պահպանում Է իր բարձր արդյունավետությունը՝ անկախ վիրուսի տարատեսակներից։
    19:50
    13.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի ամբողջ տարածքում ինտերնետ-կապը վերականգնված է
    Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով վարած բանակցությունների շնորհիվ «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲ ընկերության տեխնիկական մասնագետներին հաջողվել է մեկնել վթարման վայր և տեղում համապատասխան աշխատանքներ իրականացնել մալուխի վնասված մասը վերականգնելու ուղղությամբ։ Այս պահի դրությամբ Արցախի Հանրապետության ողջ տարածքում ինտերնետ-կապը վերականգնված է։ Հունվարի 12-ից Արցախի Հանրապետության ողջ տարածքում ինտերնետ-կապը խափանվել էր` Հայաստանից Արցախ եկող միակ մալուխի վնասման պատճառով։ Ըստ Արցախում գործող ինտերնետ կապի միակ օպերատոր «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի տեխնիկական սարքերի տվյալների՝ մալուխը վնասվել էր Լաչինի միջանցքի հենց այն հատվածում, որտեղ տեղակայվել են բնապահպան ձևացող ադրբեջանական կառավարության գործակալները։
    19:45
    13.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    44-օրյա պատերազմի ընթացքում ՊԲ N պաշտպանական շրջանի հրամանատարի վերաբերյալ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
    ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ավարտվել է 2019 թվականի նոյեմբերից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 4-ը Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N պաշտպանական շրջանի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած, կոչումով գնդապետ Ս.Ա.-ի կողմից ուժեղացված մարտական հերթապահության մեջ գտնվելու պայմաններում «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքով, ՀՀ պաշտպանության նախարարի մի շարք հրամաններով, արձակված կարգադրություններով սահմանված մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Իրականացված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները: Մասնավորապես, Ս.Ա.-ն 2020 թվականի սեպտեմբերի 26-ին զորամասի սպայական կազմի հիմնական մասի և իր կողմից հրավիրված այլ հյուրերի` պաշտպանության բանակի շուրջ 100 սպաների մասնակցությամբ կազմակերպել և անցկացրել է զորամասի կազմավորման օրվան նվիրված խնջույք՝ հացկերույթ, որի ընթացքում մարտական հերթապահությունում ընդգրկված ենթակա ստորաբաժանումների հրամանատարներից ստացել է առաջնագծում և հակառակորդի թիկունքում ուժերի և միջոցների տեղաշարժերի ու կուտակումների, մարտական գործողությունների անցման վտանգի կտրուկ բարձրացման վերաբերյալ զեկույցներ։ Այդ պայմաններում, վերջինս ի պաշտոնե պարտավոր է եղել իր նախաձեռնությամբ որոշում ընդունել զորամասի ամբողջ անձնակազմը և միջոցները լրիվ մարտական պատրաստականության աստիճանի բերելու, պաշտպանության անցնելով մարտական դիրքերը համալրելու և այդ կերպ հակառակորդի հանկարծակի հարձակումը բացահայտելու, կանխելու, դիմագրավելու և այդ մասին առաջին իսկ հնարավորության դեպքում անմիջական պետին զեկուցելու համար, մինչդեռ որևէ միջոց չի ձեռնարկել այդ ուղղությամբ։ Ավելին, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին` ժամը 06:10-ից, իր ենթակա զորամասի պահպանության բնագծում հակառակորդի կողմից դեպի առաջնագիծ տանկերի, զրահատեխնիկաների և անձնակազմի առաջ շարժվելու պայմաններում ի պաշտոնե պարտավոր լինելով իր նախաձեռնությամբ որոշում ընդունել զորամասի ամբողջ անձնակազմը և միջոցները լրիվ մարտական պատրաստականության աստիճանի բերելու և այդ կերպ հակառակորդի հանկարծակի հարձակումը բացահայտելու, կանխելու, դիմագրավելու և այդ մասին վերադաս հրամանատարին զեկուցելու համար, շարունակել է դրսևորել անգործություն և չի կատարել հիշյալ կանոնադրություններով և հրամաններով իրեն վերապահված լիազորություններն ու իր վրա դրված պարտականությունները։ Այդ պայմաններում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին` ժամը 07:10-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը լայնածավալ հարձակում են գործել տվյալ պաշտպանական բնագծի երկայնքով և առաջիկա ժամերի ընթացքում յուրային զորքին մեծ կորուստներ պատճառելով ճեղքել են պաշտպանության շրջանի մի շարք մարտական դիրքերի, հրամանատարական դիտակետերի պաշտպանությունը, մխրճվել թիկունքային հատվածներ, ինչի պայմաններում յուրային զորքին չի հաջողվել պատշաճ վերախմբավորում կատարել, լրիվ ծավալով անցնել պաշտպանության, դիմակայել հակառակորդի հարձակմանը և կասեցնել այն։ Դա հակառակորդի զորքին հնարավորություն է ընձեռել զարգացնել հաջողությունը` գրավել գերիշխող բարձունքները և հրամանատարական դիտակետերը, միաժամանակ գրոհներ կազմակերպել յուրայինների թիկունքից, մխրճվել պաշտպանության խորքը՝ շրջափակման վտանգի մեջ գցելով պաշտպանության շրջանի անձնակազմի մի մասին, որի հետևանքով զորամասի ողջ անձնակազմը պարտադրված նահանջել է՝ կրելով զոհեր և վիրավորներ, Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերն անցել են հակառակորդի վերահսկողության տակ: 2022 թվականի հուլիսի 28-ին Ս.Ա.-ին մեղադրանք էր առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 540-րդ հոդվածի 5-րդ մասին, այն է՝ մարտական հերթապահություն կրելու կանոն խախտելը, եթե այն հանգեցրել է պետության դեմ հարձակումը ժամանակին չհայտնաբերելուն կամ դրան չդիմակայելուն) և որպես խափանման միջոց կիրառված էր կալանավորումը։ Նախաքննությունն ավարտվել է։ Հսկող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    19:40
    13.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ վերահսկում է Սոլեդարը, Ուկրաինան պնդում է, որ մարտերը շարունակվում են
    Ռուսաստանի զինված ուժերն իրենց վերահսկողության տակ են վերցրել Սոլեդար քաղաքը, որը կարևոր նշանակություն ունի Դոնեցկի ուղղությամբ հաջող հարձակողական գործողությունները շարունակելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովն այսօրվա ճեպազրույցի ընթացքում: «Սոլեդարի նկատմամբ լիակատար վերահսկողության հաստատումը թույլ է տալիս կտրել Արտյոմովսկ քաղաքից հարավ-արևմուտք տեղակայված ուկրաինական զորքերի մատակարարման ուղիները, այնուհետև արգելափակել և շրջապատել այնտեղ գտնվող Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները», - ասել է Կոնաշենկովը: Նա հավելել է, որ Սոլեդարը գրավել հնարավոր է եղել ռուսական ուժերի գրոհային և բանակային ավիացիայի, հրթիռային զորքերի և հրետանու կողմից հակառակորդին մշտական կրակային հարվածներ հասցնելու շնորհիվ: Ուկրաինայի իշխանությունները, սակայն, չեն հաստատել Սոլեդարի գրավման մասին տեղեկությունները: Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակն ավելի վաղ ֆրանսիական Le Monde պարբերականին հայտնել էր, որ Սոլեդարում և Բախմուտում իրավիճակը չափազանց ծանր է: «Արդեն մի քանի ամիս մարտեր են ընթանում, սակայն մեր մարտիկներին հաջողվում է պահել դիրքերը», - ասել է նա՝ հավելելով, որ ռուսական կողմը հսկայական կորուստներ ունի այնտեղ: Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարն իր Telegram-ալիքում այսօր առավոտյան հայտնել էր, որ Սոլեդարում «գիշերը թեժ է եղել, մարտերը շարունակվում են»: Ուկրաինայի զինված ուժերի արևելյան խմբավորման ներկայացուցիչ Սերգեյ Չրևատին իր հերթին հայտնել է, որ ռուսական ուժերը գերակշռում են, սակայն ուկրաինացի զինվորականները մարտնչում են հենց քաղաքի ներսում: Սոլեդար քաղաքը հայտնի է իր աղի հանքերով, որի պաշարները գրեթե անսպառ են:
    19:30
    13.01.23
    Ավելին