Լրահոս

2023-03-10
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Էրդողանը հրամանագիր է ստորագրել Թուրքիայում ընտրությունների նշանակման մասին
    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամանագիր է ստորագրել մայիսի 14-ին երկրում համընդհանուր ընտրություններ նշանակելու մասին: Փաստաթուղթը ստորագրվել է Անկարայի Բեշթեփե նախագահական նստավայրում, արարողությունը հեռարձակվել է տեղական հեռուստաալիքներով։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է РИА Новости գործակալությունից: Ավելի վաղ ելույթ ունենալով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նիստում՝ Էրդողանը հաստատել էր, որ երկրում համընդհանուր ընտրությունները նշանակված են մայիսի 14-ին։ Էրդողանի մրցակիցն ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածուն է՝ Ազգային հանրապետական ​​կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն։ Նախընտրական հարցումների արդյունքները դեռ չեն բացահայտում գալիք ընտրությունների ֆավորիտին, սակայն փորձագետները նշում են, որ ներկայիս ընտրական գործընթացն ամենադժվարն է լինելու իշխող կուսակցության համար՝ հաշվի առնելով ավելի քան 46 հազար մարդու կյանք խլած ավերիչ երկրաշարժերը և երկրի ծանր տնտեսական վիճակը: Թուրքիայի նախագահի կողմից ընտրությունների հրամանագրի ստորագրումից հետո ակնկալվում է, որ Բարձրագույն ընտրական խորհուրդը կհավաքվի շաբաթ օրը՝ մարտի 11-ին, և հանրությանը կհայտարարի, որ ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին։ Եթե ​​ընտրությունների երկրորդ փուլ լինի, ապա այն կանցկացվի մայիսի 28-ին։ Ակնկալվում է, որ նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 16-ին կամ 18-ին: Պատգամավորների թեկնածուների ցուցակները Բարձրագույն ընտրական խորհուրդ պետք է ներկայացվեն մինչև ապրիլի 9-ը. այս ամսաթիվը կարող է փոխվել՝ կախված քարոզարշավի մեկնարկի ամսաթվից։
    19:30
    10.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Որոնվում է տեսագրությունում պատկերված անձը
    Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է: Ոստիկանությունը տեսնողներին խնդրում է ահազանգել։
    19:15
    10.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նորանշանակ պետնախարարը խմբակցություների պահանջով ներկայացել է ԱՀ Ազգային ժողով
    Այսօր՝ մարտի 10-ին, ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը, ընդառաջելով ԱՀ ԱԺ բոլոր խմբակցությունների պահանջին, ներկայացել է Ազգային ժողով՝ մարտի 7-ին news.am-ին տված հարցազրույցում արտահայտած որոշ մտքերի կապակցությամբ բացատրություններ տալու համար։ Հիշեցնենք որ, հարցազրույցի ժամանակ պետնախարարն ասել էր․ «Ես որևէ կերպ չեմ պատկերացնում, թե երևանյան և ստեփանակերտյան դիրքորոշումների միջև կարող են տարբերություններ լինել, հակառակը՝ Երևանը, երբ հարցը վերաբերում է արցախյան խնդրին, առավելապես հենվում է արցախյան իշխանությունների դիրքորոշման և կարծիքի վրա, որն ամբողջությամբ արտացոլում է Արցախի ժողովրդի նպատակները»։ Ի պատասխան ԱՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարների հարցադրմանը՝ նորանշանակ պետնախարարը նշել է, որ իր աշխատակազմի միջոցով արդեն պարզաբանումներ է տվել և որպես հիմք պետք է ընդունել դրանք: Նա համոզմունք է հայտնել, որ ԱՀ ԱԺ ապրիլի 14-ի հայտարարությունը շարունակում է մնալ որպես Արցախի պաշտոնական դիրքորոշում։ ԱՀ ԱԺ 2022թ․ ապրիլի 14-ի հայտարարության մեջ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության վերաբերյալ հատկապես ասվում է․ «Պահանջում ենք, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները հրաժարվեն իրենց ներկայիս աղետալի դիրքորոշումից և առաջնորդվեն բացառապես այս արժեքներով: Ոչ մի իշխանություն իրավունք չունի «խաղաղության» պատրվակով Արցախի համար անընդունելի կարգավիճակի, ինչպես նաև՝ միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի բանակցային նշաձողն իջեցնելու»։ Հանդիպման ավարտին քննարկվել են հանրապետությունում շրջափակման հետևանքով ստեղծված խնդիրները և դրանց մեղմման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
    19:11
    10.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Պարեկները հայտնաբերեցին հիվանդանոցում խուլիգանություն արած տղամարդուն
    Մարտի 9-ին-ին, ժամը 21.20-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ վթարի հետևանքով բուժօգնության տեղափոխված տղամարդը հայհոյել է, կռիվ արել ու հեռացել: ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում Ֆուչիկի փողոցում հայտնաբերել, խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Մաշտոցի բաժին են տարել 60-ամյա տղամարդուն: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
    19:00
    10.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Վրաստանի խորհրդարանը տապալեց «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը
    «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը պաշտոնապես հետ է կանչվել։ Վրաստանի խորհրդարանը օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ տապալեց: Այս մասին հայտնում է Ալիք մեդիան: Խորհրդարանում ներկա էր 112 պատգամավոր: Նախագծին երկրորդ ընթերցմամբ չաջակցեց 35 պատգամավոր, մեկ պատգամավոր կողմ էր։ Հիշեցնենք՝ խորհրդարանական մեծամասնությունը երեկ՝ բողոքի ակցիաների ճնշման ներքո որոշում կայացրեց հետ կանչել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։ Վրաստանի կանոնակարգի համաձայն՝ օրենքի նախագծի պաշտոնական հետկանչման համար անհրաժեշտ էր լիագումար նիստում ներկայացնել առաջին ընթերցմամբ ընդունված նախագիծը, դնել քվեարկության երկրորդ ընթերցմամբ ու տապալել այն: Իսկ «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրինագիծը նախաձեռնողները հետ են կանչել խորհրդարանից: Խորհրդարանի բյուրոյի նիստին ներկայացվել է օրենքի նախագիծը նախաձեռնող «Ժողովրդի ուժը» շարժման պատգամավորների գրավոր դիմումը, որն էլ բավարարվել է:
    18:45
    10.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով
    Երևանում այսօր ցերեկը, մարտի 11-13-ը, 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը և առավոտյան ժամերին հնարավոր է անձրև: Մարզերում այսօր և մարտի 13-ի երեկոյան ժամերին, 14-ին և 15-ին օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Մարտի 11-ին և 12-ին, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 2-4 մ/վ արագությամբ, մարտի 11-14-ը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 12-15մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 10-12-ը ցերեկն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով: Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։
    18:30
    10.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Իտալիայի կենտրոնական մասում 2 երկրաշարժ է տեղի ունեցել
    4,6 և 3,9 մագնիտուդ ուժգնությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել հինգշաբթի օրը երեկոյան Իտալիայի կենտրոնական մասում գտնվող Պերուջայի շրջանում: Նման տվյալներ է հաղորդել Իտալիայի երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտը (INGV): Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից: Տատանումներն զգացվել են հարևան Մարկեի և Տոսկանայի շրջաններում։ Ստորգետնյա ցնցումների հետևանքով տուժածներ և ավերածություններ չկան։ Հրշեջ ծառայությունից հայտնել են, որ քաղաքացիներից հաղորդագրություններ են ստացվել շինությունների ոչ մեծ վնասվածքների մասին, ինչպիսիք են ճաքճքված սվաղը և տանիքից ընկած կղմինդրասալիկները: Ինչպես հաղորդել է la Repubblica թերթը, Պերուջայի և Ասիզիի քաղաքապետերը նախազգուշական նպատակներով կարգադրել են փակել դպրոցներն ուրբաթ և շաբաթ օրերին: Այս ընթացքում պլանավորվում Է ստուգել շենքերի վնասվածքները։ Նմանատիպ միջոցներ են ձեռնարկվել Ումբրիայի մարզի համալսարանների համար։ Ումբերտիդե քաղաքի իշխանությունները վրաններ են տեղադրել, որտեղ կարող են գիշերել քաղաքի այն բնակիչները, որոնք վախենում են տուն վերադառնալ։
    18:15
    10.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլ Փաշինյանը նոր պատերազմ է բերում Հայաստանի գլխին․ Անդրանիկ Թևանյան
    Անդրանիկ Թևանյանը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը շարունակում է հակառուսական քաղաքականությունը։ Հայաստանը ՀԱՊԿ-ին ներկայացրել է առաջարկ՝ գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից հրաժարվելու վերաբերյալ։ Ինչպես Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը, այնպես էլ Փաշինյանի այս հակառուսական քայլը տեղավորվում է Պրահայում ընդունված, ապա Մյունխենում վերահաստատված որոշման մեջ։ Սա նշանակում է, որ Ադրբեջանը հերթական հնարավորությունն է ստանում, օգտվելով հայ–ռուսական հարաբերությունների վատացումից, անցնել գրոհի։ Այդպես եղավ նաև 2020–ի 44–օրյա պատերազմից առաջ։ 2018–ին Գեներալ Խաչատուրովի դեմ շինծու քրեական գործ հարուցելը, մի շարք հակառուսական քայլերի գնալն ու ՌԴ–ին «թավշյա» հեղափոխությանն ադապտացնելը, փչացրեց հայ–ռուսական հարաբերությունները, ինչն ազդակ էր Ադրբեջանի համար անցնել գրոհի։ Հայաստանի համար անվտանգային այլընտրանք չապահովելով՝ Փաշինյանի թշնամացնում է ՀՀ–ն ՌԴ–ի հետ ու փաստացի ՀԱՊԿ–ից դուրս գալու քաղաքականություն իրականացնում, ինչն Արցախի ու Հայաստանի համար հղի է լինելու ողբերգական հետևանքներով։ Բայց դա Նիկոլին չի հետաքրքրում, քանզի ինքը բացառապես իր անձնական երաշխիքների հարցով է զբաղված՝ իր տեղն ապահովելով Բելառուսի նախագահի խամաճիկային թեկնածու Տիխանովսկայայի կողքին»։
    18:07
    10.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Սյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներից 14-ը երեխաներ են, ունեն տարբեր կոտրվածքներ․ ԱՆ
    Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով Կապանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 23 տուժած` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով: Նրանցից 14-ը երեխաներ են, ունեն տարբեր կոտրվածքներ: Բոլորի առողջական վիճակն այս պահին գնահատվում է բավարար: Այդ մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ «Տուժածներից 9-ը մեծահասակ են: Նրանցից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր, մյուսներինը` բավարար: Տուժածները ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն»,- նշված է հաղորդագրությունում:
    18:00
    10.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վարկային խարդախություններով բազմաթիվ անձանցից ընդհանուր 101մլն դրամ է հափշտակվել
    ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է 108 տուժողից խարդախությամբ շուրջ 101 մլն ՀՀ դրամի գույք և գումար հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով՝ 3 մեղադրյալի մասով նախաքննությունը: Ինչպես փոխանցում են ՔԿ-ից, քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 40-ամյա բնակիչը 2020թ. ամռանը 32-ամյա ծանոթից առաջարկ է ստացել ստանձնել վերջինիս կողմից հիմնադրված և տնօրինվող կեղծ վարկային ընկերությունների գրասենյակների տնօրենի գործառույթը։ Առաջարկն ընդունելով` 40-ամյա տղամարդը 2020թ. հունիսից 2021 թվականի ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում համաձայնեցված համախոհությամբ 47 և 22-ամյա երկու կանանց և ինքնությունները չպարզված այլ անձանց հետ, ծանոթի կողմից փաստացի հիմնադրված, սակայն առանց պետական գրանցման 14 տարբեր անվանումներով իբրև վարկային կազմակերպություններ ներկայացվող գրասենյակների անունից Facebook.com սոցիալական ցանցում գրանցած էջերով թիրախային գովազդի միջոցով տարածել է շահավետ պայմաններով վարկեր տրամադրելու վերաբերյալ հայտարարություններ: Հայտարարությունների հիման վրա իրենց դիմած և վարկեր ստանալու ցանկություն հայտնած քաղաքացիներին հրավիրել են իբրև վարկերի տրամադրման միջնորդ կազմակերպություն հանդիսացող, նախապես Երևան քաղաքի տարբեր հասցեներում վարձակալված գրասենյակներ, որտեղ ներկայացրել են, թե իբր ցածր տոկոսներով միջնորդավճարի դիմաց կարող են կազմակերպել տարբեր բանկերից և վարկային կազմակերպություններից վարկային գումարների ուղղակի կամ անուղղակի ձևով, այն է՝ վերջիններիս անվամբ ապառիկ եղանակով ապրանքներ ձեռք բերելու, դրանք վաճառելու և գումարը տրամադրելու եղանակով ստացումը: Այնուհետև, հաճախորդներին ուղեկցել են տարբեր բանկեր, վարկային և առևտրային կազմակերպություններ և չարաշահելով վերջիններիս վստահությունը՝ վերցրել են նրանց տրամադրված վարկային գումարները, ապրանքները կամ դրանց ստացման կտրոնները։ Ապա խաբեությամբ ներկայացրել են, թե իբր անհրաժեշտ է կատարել վերջնահաշվարկ, իրացնել ձեռք բերված ապրանքները, հաշվարկել միջնորդավճարների չափը, որից հետո միայն ամբողջությամբ կտրամադրեն խոստացված գումարները։ Սակայն այդ գումարները չեն տրամադրել և հափշտակել են: Բացի այդ, իրենց դիմած անձանց ուղեկցել են ՀՀ բանկերից մեկի տարբեր մասնաճյուղեր, խաբեությամբ հաճախորդներից ստացել են վերջիններիս անուններով բացված «Մոբայլ Բանկինգ» ծառայության մուտքի տվյալները, որոնց միջոցով բանկից առցանց ստացել են վարկային գումարներ։ Սակայն, չարաշահելով քաղաքացիների վստահությունը՝ գումարները նրանց չեն տրամադրել և, փոխանցելով այլ անձանց հաշիվների, հետագայում կանխիկացնելու եղանակով հափշտակել են: Նախաքննությամբ պարզվել է, որ նշված անձանց կողմից գործադրված խարդախության վերոնշյալ սխեմայի կիրառմամբ բազմաթիվ քաղաքացիներից խարդախությամբ հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 101.182.461 ՀՀ դրամ գումար: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 40-ամյա տղամարդուն և հիշյալ երկու կանանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով։ Երկու կանանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը, տղամարդու նկատմամբ բացկայելու արգելքը և գրավը 2 միլիոն դրամի չափով: Վերջիններիս վերաբերյալ մասն առանձնացվել է առանձին վարույթում, որով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան: Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ մեղադրյալներից մեկի՝ հիշյալ 32-ամյա ծանոթի մասով քրեական գործի նախաքննությունը ևս ավարտվել է, և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան: Ծանուցում: Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    17:45
    10.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Աճանան գետն ընկած ավտոբուսից ՆԳՆ-ն նոր տվյալներ է հաղորդում
    Մարտի 10-ին, ժամը 14:20-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոբուսը շրջվել է ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 16-րդ կմ-ին Օխտար գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտներին և անձնակազմին տեղափոխող «PAZ» մակնիշի ավտոբուսը (վարորդ Լ. Գ., ծնված 1948 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի եթևեկելի հատվածից և կամրջից (մոտ 5 մ բարձրություն) ընկել Աճանան գետը: Փրկարարները 7 տուժածի մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին։ Թվով 25 տուժած (ավտոբուսի վարորդը, դպրոցի 9 աշխատակից և 15 աշակերտ) հոսպիտալացվել է Կապանի ԲԿ, որտեղ արձանագրվել է ուսուցիչ Թ․ Դ․-ի (ծնված 1970 թ․) մահը։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոբուսը և փակել գազի բալոնի փականը: Հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոբուսը դուրս է բերվել գետից։
    17:30
    10.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    ԱՄՆ-ն Իրաքին թույլ է տվել 500 մլն դոլար վճարել Իրանին՝ գազի մատակարարումների պարտքի դիմաց
    Բաղդադն ԱՄՆ-ից թույլտվություն է ստացել բաց թողնել 500 մլն դոլարի իրանական արգելափակված ակտիվները՝ պատժամիջոցների մեղմացման շնորհիվ: Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով իրանական Tasnim գործակալությանը: «Իրաքի արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնի՝ վերջերս (ԱՄՆ) կատարած այցի ժամանակ Իրաքը թույլտվություն է ստացել Իրանին վճարել 500 միլիոն դոլար գումար, որն արգելափակված էր իրաքյան բանկերում», - այսօր հայտարարել է Իրանաիրաքյան Առևտրի պալատի գլխավոր քարտուղար Համիդ Հոսեյնին։ Հոսեյնին նշել է, որ Իրաքի իշխանությունները համաձայնել են Իրանի էլեկտրաէներգիայի և գազի ֆոնդերը փոխանցել բանկային հաշվեհամարին, որը պատկանում է Իրանի պետական գազային ընկերությանը և Իրանի էլեկտրաէներգիայի արտադրության, փոխանցման և բաշխման կառավարման ընկերությանը: Tasnim-ը նշում է, որ իրանական ակտիվները մնացել են բանկում՝ ԱՄՆ-ի խիստ վերահսկողության տակ, և կարող են օգտագործվել միայն պատժամիջոցների չենթարկված ապրանքների ներմուծման համար: Գործակալությունը հավելում է, որ անցյալ տարի Իրանին են փոխանցվել 1 մլրդ դոլար արժողությամբ ապրանքներ, որպեսզի Իրանի՝ գազի ներմուծման պարտքը Թուրքմենստանին վճարվի այս ընթացակարգի միջոցով: Իր հերթին ТАСС-ը հաղորդում է, որ Իրաքի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ Արաբական Հանրապետության ընդհանուր պարտքը Թեհրանին կազմում է մոտավորապես 18 մլրդ դոլար։ Իրանի Կենտրոնական բանկի գնահատումները մի փոքր քիչ են՝ մոտ 10 մլրդ դոլար։ Հոսեյնիի խոսքով՝ գումարների տարբերությունը, հավանաբար, պայմանավորված է Բաղդադի կողմից վերջին ժամանակներս իրանական գազի և էլեկտրաէներգիայի ներմուծման հաշվառմամբ։ ԱՄՆ-ն Իրանի դեմ սահմանել Է տարբեր պատժամիջոցներ, որոնց մի մասն արգելք Է դնում Թեհրանի հետ բանկային գործառնությունների իրականացման վրա: Օտարերկրյա բանկերը նույնպես հրաժարվում են ֆինանսական գործարքներ իրականացնել Իրանի հետ, քանի որ այդ դեպքում նրանց դեմ կսահմանվեն ամերիկյան երկրորդային պատժամիջոցներ:
    17:15
    10.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանի իշխանությունը ներել է Ադրբեջանին նաև 44-օրյա պատերազմը․ Արմեն Աշոտյան
    Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Վոպկե Հուքստրան, խոսելով Հայաստանի Հանրապետության տարածք Ադրբեջանի՝ արդեն տևական ժամանակ ներխուժման մասին, ասել է՝ ԵՄ կոչ է անում Ադրբեջանին վերադառնալ մինչև 2022 թվականի սեպտեմբերի 12-ի սահմանները։ Թեև Հայաստանի տարածքի օկուպացիան դադարեցնելու՝ ԵՄ երկրների կոչերը կարևոր են, սակայն, զարմանալիորեն, այդ կոչերը վերաբերում են սեպտեմբերյան ագրեսիային։ Վերադառնալով 2022 թվականի սեպտեմբերի 12-ին ունեցած դիրքերին, Ադրբեջանը, միևնույն է, Հայաստանի տարածքում է այդպիսով մնալու, քանի որ դրանից առաջ 2021 թվականի մայիսի 12-ին, դարձյալ ներխուժել էր և, տարբեր հաշվարկներով, ավելի քան 40 քառակուսի կիլոմետր խորացել Սյունիքում և Գեղարքունիքում։ «Ադրբեջանն արդեն մարսե՞լ է 2021 թվականի մայիսի 12-ի ներխուժումը, քանի որ տարբեր ուղերձներում խոսվում է միայն 2022 թվականի սեպտեմբերյան ներխուժման մասին։ Հայաստանի դիվանագիտական ո՞ր թերացումների պատճառով 2021 թվականի ներխուժումները Սյունիքում ու Գեղարքունիքում դարձան ընդունելի «միջազգային հանրության» համար»։ Այս մասին Yerevan.Today-ը հարց ուղղեց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանին։ Արմեն Աշոտյանի պատասխանը՝ ստորև․ «Բազմիցս ասել եմ, որ աշխարհը մեզ վերաբերվում է, մեզ հետ վարվում է այնպես, ինչպես մենք ենք թույլ տալիս։ 2020թ․ նոյեմբերի 9-ից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ միջազգային հանրության տարբեր դրսևորումները կախված են նրանից, որ մեզ շարունակում է ներկայացնել մարդ, ով բերել է այդ պատերազմը, բերել է այդ պարտությունը և ով նոյեմբերի 9-ից հետո, հղում անելով ժողովրդից ստացած մանդատի վրա, շարունակում է հայ ժողովրդի անարգանքի սիմվոլը մնալ։ Իհարկե՝ Նիդերլանդների ԱԳ նախարարի հայտաարությունը այդ համատեքստում չեմ դիտարկում, բայց ավելի լայն պատկեր եմ առաջարկում դիտարկել։ Դուք շեշտում եք միայն մայիսի 12-ի ներխուժումը․ բայց հիշեցնեմ, որ 2021 թվականի նոյեմբերի 14-ին ևս մեկ ներխուժում է եղել։ Շաղկապելով այս տվյալներն իմ առաջին մտքի հետ, փաստենք, որ 2021 թվականի ներխուժումների հետ կապված Նիկոլ Փաշինյանը առաջին դեպքում ասում էր՝ Սև լճի 30 տոկոսի համար հո կռիվ չե՞նք տալու, իր թիմակից բարձրաստիճան պաշտոնյաներն ասում էին՝ ամայի տարածքներ են, ամայի տարածքների համար կռիվ չենք տալու։ Եվ այո, մայիսի 12-ի խնդիրը չբարձրաձայնվեց Հայաստանի իշխանությունների կողմից, ինչպես նաև հետո մոռացության տրվեց նույն թվականի նոյեմբերին Ադրբեջանի ագրեսիան։ Իսկ 2022 թվականի սեպտեմբերի 12-ի հետ կապված իշխանությունը մի քիչ ավելի բարձրաձայն ներկայացրեց աշխարհին՝ ելնելով իր իսկ շահերից, որովհետև այպես կոչված՝ «խաղաղության գործընթացում» հերթական կոպտագույն սխալները և դավաճանությանը հավասարված բանակցային հիմարությունները պետք էր սրբագրել։ Այդ սրբագրման համար միջազգային հանրությունը ամենահարմար վայրն է՝ ուղղելու Նիկոլ Փաշինյնաի ուղերձները։ Այնպես որ, Հայաստանի իշխանությունը ներել է Ադրբեջանին նաև 44-օրյա պատերազմը։ Հայաստանն ուներ բոլոր հիմքերը միջազգային բոլոր հնարավորությունները (հիշեցնեմ՝ դա մինչև ուկրաինական պատերազմն էր) դիմել միջազգային ատյաններին՝ հետաքննելու 44-օրյա պատերազմը, հայտնաբերելու ագրեսորին և պատժելու։ Այս համատեքստում Ալիևի պահվածքն է շատ դիտարժան։ Անմիջապես պատերազմի ժամանակ, պատերազմից հետո նա խուսափում էր ասել, որ Ադրբեջանն է սկսել պատերազմը, թեպետ բոլորը դա շատ լավ գիտեին։ Մշտապես խոսում էր, թե Հայաստանը փորձել է հարձակվել, իրենք անցել են լայնամասշտաբ կոնտր հարձակման։ Եթե հետևել եք Ալիևի խոսույթին երեկ Բաքվի գլոբալ ֆորումին, մյունխենյան կոնֆերանսում, Ալիևը բաց տեքստով է ասում, որ Ադրբեջանն է սկսել 44-օրյա պատերազմը։ ԻՆչո՞ւ։ Որովհետև Հայաստանը բաց թողեց ագրեսորին պատժելու շանսը, և Ալիևն արդեն հպարտանում է իր ռազմական հացագործություններով։ Կրկնեմ հիմնական միտքս․ մեզ հետ վարվում են այնպես, ինչպես մենք ենք թույլ տալիս։ Իսկ քանի դեռ Հայաստանի վարչապետը նիկոլ Փաշինյանն է, աշխարհին թվում է, որ մեզ հետ կարող է անել ամեն ինչ։ Կյանքը ցույց է տալիս, որ այս պարագայում իրենք այդքան էլ հեռու չեն ճշմարտությունից։ Ավաղ»։
    17:15
    10.03.23
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Կրեմլը բացասաբար է վերաբերվում ՌԴ որոշ քաղաքացիների՝ Հայաստան մուտքի արգելքին. Պեսկով
    «Կրեմլը բացասաբար է վերաբերվում Ռուսաստանի որոշ քաղաքացիների Հայաստան մուտքի արգելքին»,- հայտարարել է Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Անցած շաբաթ հայտնի մեդիամենեջեր, ռուսաստանաբնակ Արամ Գաբրիելյանովին «Զվարթնոց» օդակայանում վայրէջք կատարելուց հետո տեղեկացրել էին, որ նա Հայաստանի իշխանության սև ցուցակում է:
    17:07
    10.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Շոու բիզնես
    Հայաստանին էլ տվեք զենք, ինչպես Ուկրաինային. Սերժ Թանկյանը՝ ԱՄՆ-ին
    System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանն անդրադարձել է ԱՄՆ քաղաքականությանը` Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառելու վերաբերյալ: «Դա խնդիր է, եթե դուք չեք պատրաստվում պատժել բռնապետի գլխավորած ահաբեկչական պետությանը, որովհետև նա նավթ է վաճառում Եվրոպային կամ Իրանի դեմ Իսրայելի համար բազաներ ունի: Սա Ալիևին ինքնավստահություն է տալիս իրականացնելու էթնիկ զտումների իր ծրագիրը: Այդ դեպքում Հայաստանին էլ տվեք զենք, ինչպես Ուկրաինային»,- «Թվիթերում» գրել է Սերժ Թանկյանը:
    17:00
    10.03.23
    Ավելին
  • Հասարակական
    «Եկան թուրքի պես ապրանքը հավքին, լցրին ճամփին». փողոցային առևտրով զբաղվողների ապրանքն առգրավել են
    Տիգրան Մեծի պողոտայից այսօր քաղաքապետարանի ներկայացուցիչները ոստիկանների հետ, առգրավել են փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքները: Միրգ-բանջարեղենի, ձկնեղենի ու ծաղկի վաճառքով զբաղվող քաղաքացիների խոսքով՝ քաղաքապետարանի պաշտոնյանները կեսօրին մոտեցել են, առանց որևէ բառ ասելու սկսել առգրավել ապրանքները, մի մասը շաղ տվել փողոցում: Քաղաքացիները գիտեն, որ փողոցային առևտուրը թույլատրված չէ, բայց ասում են՝ ընտանիքներին կերակրելու համար են զբաղվում այդ գործով:
    16:52
    10.03.23
    Ավելին
  • Քաղաքական
    Լարված խոսակցություն՝ ՀՀ վարչապետի ու Արցախի նախագահի միջև. 7or.am
    Հայաստանի վարչապետի ու Արցախի նախագահի միջև երեկ լարված խոսակցություն է եղել՝ ըստ 7or.am-ի տեղեկությունների: Լրատվամիջոցը գրում է՝ Նիկոլ Փաշինյանը Արայիկ Հարությունյանին ասել է, որ իրենք Արցախն Ադրբեջանի կազմում են տեսնում, և հորդորել է Բաքվի հետ լեզու գտնել ու ինտեգրվել:
    16:45
    10.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով տուժածները 23-ն են, զոհ կա
    Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր, ժամը 14։20-ին, ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Կապան համայնքի Նորաշենիկ բնակավայրի ճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. վթարի է ենթարկվել «ՊԱԶ» մակնիշի ավտոբուս: Ժամը 16.10-ի դրությամբ տուժած 24 քաղաքացի, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն: Նրանցից մեկը՝ 1970 թ. ծնված Թամարա Դավթյանը, մահացել է:
    16:43
    10.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Քովիդի գործով» հարցաքննվում են առողջապահության նախարարության բազմաթիվ աշխատակիցներ, փոխքաղաքապետը ձերբակալվել է
    Aysor.am-ի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն կոմիտե են հրավիրվել և հարցաքննվում են ՀՀ առողջապահության նախարարության և կից ստորաբաժանումների բազմաթիվ աշխատակիցներ, որոնք նախկինում ներգրավված են եղել Covid համավարակի ժամանակ հիվանդների բուժման կազմակերպման և պետական միջոցների բաշխման գործընթացում։ Մեր տեղեկություններով՝ կոմիտեում մի շարք վարույթներ են հարուցվել վերոնշյալ գործով, որոնք վերաբերում են բազմաթիվ չարաշահումներին, գումարների ձևական դուրսգրմանն ու յուրացմանը, երբ հիվանդներին գրանցել են որպես ստացիոնար բուժում ստացող, սակայն փաստացի նրանք չեն եղել հիվանդանոցում, իսկ հոսպիտալացման կարիք ունեցողները զրկվել են ստացիոնար բուժումից։ Նշենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր խուզարկություն է իրականացրել Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում։ Նա փոխնախարար էր Արսեն Թորոսյանի՝ աոռղջապահության նախարար եղած ժամանակ։ Aysor.am-ի տեղեկություններով՝ Գևորգ Սիմոնյանը ձերբակալվել է։ Չի բացառվում, որ նույն գործով մեղադրվողների շարքում կարող է հայտնվել Արսեն Թորոսյանը, իսկ գլխավոր դատախազությունը կարող է միջնորդություն ներկայացնել ԱԺ նրան անձեռնմխելիությունից զրկելու հարցով։ Aysor.am-ը դիմել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ մանրամասներ ստանալու համար։ Դրանք լինելուն պես կներկայացնենք։
    16:38
    10.03.23
    Ավելին