Լրահոս

2023-05-15
  • Img default alt hy
    Սպորտ
    4 հայ լողորդ կմասնակցի աշխարհի առաջնությանը
    Հայաստանի լողի հավաքականը ավագ մարզիչ Արման Վահանյանի գլխավորությամբ հուլիսի վերջին Ճապոնիայում կմասնակցի լողի աշխարհի առաջնությանը։ Հայաստանի թիմի կազմում ընդգրված կլինեն Անի Պողոսյանը, Վարսենիկ Մանուչարյանը, Աշոտ Չախոյանը և Արթուր Բարսեղյանը։ Լողի աշխարհի առաջնությունը կանցկացվի հուլիսի 20-ից 31-ը։
    20:15
    15.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Անկախ Թուրքիայում ընտրությունների արդյունքներից՝ այդ երկրից եկող սպառնալիքները Հայաստանի համար չեն չեզոքանալու․ «Լույս» հիմնադրամ
    Թուրքիայում համապետական ընտրությունների վերաբերյալ վերլուծություն է ներկայացրել «Լույս» հիմնադրամը։ «2023թ․ մայիսին Թուրքիայում սպասվող ընտրությունները կարող են շրջադարձային նշանակություն ունենալ ոչ միայն Թուրքիայի, այլև ողջ տարածաշրջանի համար, իսկ Հայաստանի համար այն առավել մեծ հետաքրքրություն է ներկայացնում՝ հաշվի առնելով մի շարք գործոններ․ · Նախ, Թուրքիան և Հարավային Կովկասում վերջինիս կցորդ Ադրբեջանը շարունակում են մնալ Հայաստանի ամենամեծ անվտանգային մարտահրավերները: · Թուրքիայում հնարավոր ներքաղաքական վերադասավորումները շատ կարևոր են հայ-թուրքական ակտիվ շփումների և Անկարայի հետ հարաբերությունները «կարգավորելու»՝ ՀՀ գործող իշխանությունների զիջողական քաղաքականության համատեքստում: · Կարևոր է, թե ինչպիսին կլինեն մեր տարածաշրջանում Թուրքիայի արտաքին և ռազմական քաղաքականության առանձնահատկությունները մայիսյան ընտրություններից հետո: · Տարածաշրջանի կայունության տեսանկյունից էական է, թե ինչպիսի բնույթ կկրեն Թուրքիայի հարաբերությունները ՌԴ-ի և Իրանի հետ, ինչպես նաև ձևավորվող կառավարությունը ինչպիսի մարտավարություն կորդեգրի Ադրբեջանի հետ ինտեգրացիայի խորացման հարցում։ · Կարևոր է նաև Թուրքիայի աշխարհաքաղաքական դիրքավորումը, վերջինիս հարաբերությունների հետագա զարգացումը ԵՄ-ի և ԱՄՆ-ի, ինչպես նաև Արաբական երկրների հետ։ Անկախ Թուրքիայում նախագահական ընտրությունների արդյունքներից՝ քիչ հավանական է դրանց արդյունքում Թուրքիայի արտաքին և անվտանգային ռազմավարության էական վերանայումը, սակայն հաշվի առնելով ներկայումս Թուրքիայի աշխարհաքաղաքական կշիռը միջազգային և տարածաշրջանային հարաբերություններում, վստահաբար կարելի է պնդել, որ Անկարայի քաղաքականության նույնիսկ մարտավարական փոփոխությունները էական ազդեցություն են ունենալու ողջ տարածաշրջանի վրա։ Այս իմաստով կարևոր է հասկանալ իշխանության համար պայքարում երկու հիմնական մրցակիցների արտաքին քաղաքական մոտեցումներն ու տեսլականը։ Էրդողանի հաղթանակը առաջիկա ընտրություններում վերջինիս հնարավորություն կտա ի վերջո հաղթող դուրս գալ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի և նրա գաղափարական հետևորդների հետ կատաղի պայքարում՝ առաջիկա 5 տարիներին ավարտին հասցնելով Թուրքիայի ազգայնական-իսլամական ապագայի շուրջ իր քաղաքական տեսլականը։ Ընդդիմության պարտությունը կնշանակի Թուրքիայում միակուսակցական և ավտորիտար համակարգի ամրապնդում՝ Էրդողանին հնարավորություն տալով իր քառորդդարյա կառավարմամբ նոր հետք թողնել Թուրքիայի պատմության մեջ՝ վերաիմաստավորելով Աթաթուրքի ստեղծած թուրքական հանրապետության բովանդակությունը։ Այս է պատճառը, որ կողմերը ամենայն հավանականությամբ այս ընտրություններում պատրաստ են գնալու մինչև վերջ՝ ընդհուպ մինչև փողոցային պայքար և ռազմական հեղաշրջում։ Ուշագրավ է, որ ընդդիմության առաջնորդ Քըլըչդարօղլուն փողոցային ակցիաների մեծ փորձ ունի (վերջինիս նույնիսկ երբեմն անվանում են թուրքական Գանդի) և դեռ 2017-ին առաջնորդել է այսպես կոչված «Արդարության երթը», որը ավարտվել է Ստամբուլում հարյուրհազարավորանոց հանրահավաքով։ Էրդողանն իր հերթին վերջին 20 տարիներին հաղթահարել է մի շարք քաղաքական մարտահրավերներ՝ փողոցային ակցիաներից մինչև հեղաշրջման փորձ, և ինքն էլ ի վիճակի է Թուրքիայի փողոցները ողողել բազմահազարանոց՝ հիմնականում պահպանողական և ազգայնական զանգվածով։ Էրդողանի կողմից այսօր վարվող «անկախական» քաղաքականությունը և համաշխարհային ու տարածաշրջանային քաղաքականության ինքնուրույն բևեռ դառնալու նկրտումները վայելում են Թուրքիայի բնակչության մեծ մասի աջակցությունը։ Պատահական չէ, որ Թուրքիայում իշխող քաղաքական ուժի նախընտրական քարոզարշավի առանցքային դեմքերից մեկն է դարձել ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, ով պարբերաբար հանդես է գալիս հակաամերիկյան հայտարարություններով։ Վերջինս թուրքական լրատվամիջոցներից մեկի եթերում նախընտրական քարոզարշավի ժամանակ նույնիսկ հրապարակել է ԱՄՆ նախագահ Բայդենի դեռևս մինչև նախագահ ընտրվելը արած հայտարարությունն առ այն, որ ԱՄՆ-ն պետք է աջակցի Թուրքիայի ընդդիմությանը և «տապալի» Էրդողանին ընտրությունների միջոցով։ Մյուս կողմից թուրքական և միջազգային մամուլում լայն տարածում ստացավ մայիսի 11-ին Քըլըչդարօղլուի գրառումը Թվիթերում, որտեղ վերջինս Ռուսաստանին կոչ էր անում «ձեռքերը հեռու պահել թուրքական պետությունից»՝ ռուսական կողմին մեղադրելով մոնտաժների, դավադրությունների, Deep Fake բովանդակություն ստեղծման մեջ և սպառնալով ընտրություններից հետո վերանայել Ռուսաստանի հետ համագործակցությունը։ Այս հայտարարությունները ընդգծում են Թուրքիայի ընտրությունների աշխարհաքաղաքական համատեքստը և ավելի հավանական են դարձնում հետընտրական զարգացումները՝ աշխարհաքաղաքական բևեռների ներգրավվածությամբ։ Անկախ Թուրքիայում ընտրությունների արդյունքներից՝ այդ երկրից եկող սպառնալիքները Հայաստանի համար չեն չեզոքացվելու, քանի որ հակահայկական և ազգայնական տրամադրությունները խոր արմատներ ունեն Թուրքիայի հասարակության բոլոր շերտերում, որոնց կարկառուն ներկայացուցիչները ակտիվորեն ներգրավված են ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության շարքերում։ Այնուամենայնիվ, այդ մարտահրավերներին դիմակայելու տեսանկյունից շատ կարևոր է նաև Թուրքիայի այս կամ այն իշխանության արտաքին քաղաքականության մարտավարական առանձնահատկությունների գնահատումը։ Անկախ նախընտրական խոստումներից՝ Թուրքիայի ցանկացած նոր իշխանություն ռազմավարական հարցերում բախվելու է մի կողմից՝ բավական կայացած պետական համակարգի ինստիտուցիոնալ հղկմանը, մյուս կողմից՝ տարածաշրջանային և աշխարհաքաղաքական առկա իրողություններին։ Փաստն այն է, որ Թուրքիայի արտաքին քաղաքականության վրա ազդող երկու հիմնական գործոններն են՝ ընտրազանգվածի տրամադրություններն ու տնտեսական առաջնահերթությունները, որոնք փոխկապակցված են։ Որքան էլ ընդդիմությունը եվրոինտեգրման խոստումներ շռայլի, Թուրքիայի տնտեսության ներկայիս կառուցվածքը էականորեն տարբերվում է նախաէրդողանական շրջանի իրողություններից, որոնք էլ հանդիսացել են այդ գործընթացի մեկնարկի հիմնական նախադրյալը։ Այսպես, 2003թ. Թուրքիայի արտաքին առևտրի 60%-ը բաժին էր ընկնում ԵՄ 27 երկրներին, ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային, իսկ օրինակ՝ ԲՐԻՔՍ-ի, Մերձավոր և Միջին Արևելքի, ինչպես նաև Հյուսիսային Աֆրիկայի և թյուրքական երկրների հետ առևտուրը միասին կազմում էր Թուրքիայի արտաքին առևտրաշրջանառության ընդամենը 21%-ը: Եթե վերցնենք 2022-ին Թուրքիայի արտաքին առևտրի մասնաբաժինը ԲՐԻՔՍ-ի, Մերձավոր և Միջին Արևելքի, ինչպես նաև Հյուսիսային Աֆրիկայի և թյուրքական երկրների հետ, ապա այն կազմում է շուրջ 37% կամ գրեթե նույնքան, ինչ պայմանական Արևմուտքի հետ առևտրի մասնաբաժինը(2022թ․ տվյալներով ԵՄ-ի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի հետ Թուրքիայի փոխադարձ առևտրի մասնաբաժինը նվազել է մինչև 40%)։ Ըստ Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի տվյալների՝ միայն ՌԴ հետ առևտրի ծավալները վերջին 20 տարիների ընթացքում տասնապատկվել է, իսկ ՌԴ մասնաբաժինը Թուրքիայի արտաքին առևտրաշրջանառության մեջ այժմ կազմում շուրջ 11%՝ 2003-ի շուրջ 6%-ի փոխարեն։ Արտաքին առևտրի տեսանկյունից Ռուսաստանը 2022թ. դրությամբ Թուրքայի ամենախոշոր առևտրատնտեսական գործընկեր երկիրն է, իսկ երկրորդը Չինաստանն է։ Սա, իհարկե, ազդում է Թուրքիայի արտաքին քաղաքական առաջնահերթությունների վրա, ինչի հետ պետք է հաշվի նստի ցանկացած նոր իշխանություն։ Վերոհիշյալը, բնականաբար, չի նշանակում, որ Թուրքիայի վարքագիծը անկախ ամեն ինչից կանխատեսելի է, քանի որ քաղաքականության ռազմավարական վերանայումները քիչ հավանական են։ Ընդհակառակը, կախված Թուրքիայում առաջիկա ընտրությունների ընթացքից, արդյունքներից և հետընտրական զարգացումներից՝ տարածաշրջանում իր ռազմավարական նպատակներին հասնելու ուղղությամբ Անկարայի վարքագիծը կարող է այս կամ այն անակնկալ դրսևորումն ունենալ։ Ինչպես արդեն նշվեց, ընտրապայքարը և հետընտրական փուլը կատաղի են լինելու, ինչը կարող է ինչպես նվազեցնել տարածաշրջանում Թուրքիայի արտաքին քաղաքական և ռազմական ակտիվությունը՝ կենտրոնանալով ներքաղաքական խնդիրների վրա, այնպես էլ ակտիվացնել տարածաշրջանում Անկարայի ռազմատենչ վարքագիծը՝ ներքաղաքական խնդիրները արտաքին գործիքակազմով հօգուտ այս կամ այն ուժին լուծելու նպատակով»։
    20:00
    15.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլ Փաշինյանի որևէ հայտարարություն կամ գործողություն լեգիտիմ չէ. ՀՅԴ Հայաստանի ԳՄ
    Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումների վերաբերյալ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը․ «Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը պաշտոնապես հայտարարել է, որ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 1991 թ. Ալմա-Աթայի Հռչակագրի հիման վրա՝ 86.6 հազար քառ. կմ տարածքով։ Հայտարարությունը տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի Հանրապետությունների նկատմամբ ուժի շարունակական կիրառման և ագրեսիայի, ինչպես նաև արցախահայության տեղահանության, էթնիկ զտման և ցեղասպանության ենթարկելու ահագնացող սպառնալիքների պայմաններում: Այս հայտարարությունը կատարվել է՝ անտեսելով հետևյալ հանգամանքները. 1. Հաշվի չեն առնվել և չեն հիշատակվում ԱՊՀ ստեղծման մասին Համաձայնագրի վավերացման ժամանակ Ալմա-Աթայի՝ ԱՊՀ ստեղծման մասին Համաձայնագրին կից Արձանագրությամբ նախատեսված իրավասությամբ Հայաստանի Հանրապետության կողմից արված վերապահումները: 2. Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը չի ներառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը. վերջիններս ԽՍՀՄ-ից անկախացել են տվյալ պահին գործող օրենսդրական ընթակարգերին համապատասխան: Ավելին՝ Ադրբեջանն իր անկախությունը հայտարարել է 1918-1920 թթ. Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդության հիման վրա, որի կազմում Լեռնային Ղարաբաղը չի եղել: 3. Արհամարհվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ միջազգայնորեն ճանաչված հիմնական ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ ամրագրված և բազմիցս հայտարարված սկզբունքները, ինչպես նաև Հայաստանի և ԵՄ միջև կնքված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը»: 4. Նիկոլ Փաշինյանը իրավասու չէ տալ համաձայնություն՝ առանց հայկական կողմի վերապահումներին հղում կատարելու, անտեսելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, խախտելով Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրը, Սահմանադրությունը, ինչպես նաև Հայաստանի Գերագույն խորհրդի 1992 թ. հուլիսի 8-ի որոշմամբ ստանձնած հանձնառությունները, այդ թվում՝ այն, որ Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ-ն կնշվի Ադրբեջանի կազմում: 5. Հայաստանի ներպետական օրենսդրության նշված պահանջները ապօրինի շրջանցելով, առանց Արցախի համաձայնության վերջինիս անունից և վերաբերյալ որևէ համաձայնություն տալով Նիկոլ Փաշինյանը վերազանցում է իր լիազորությունները, օժանդակում է Արցախի հայաթափման և արցախահայության հայրենազրկման ալիևյան ռեժիմի քաղաքականությանը, առերևույթ կատարում է առանձնապես ծանր հանցագործություններ: Բացի այդ, Նիկոլ Փաշինյանի կողմից ի հակառակ իր, ինչպես նաև իր իսկ կողմից գլխավորած քաղաքական ուժի նախընտրական և ձևավորած կառավարության ծրագրերի, որևէ հայտարարություն կամ գործողություն լեգիտիմ չէ և անխուսափելիորեն առաջացնելու է քաղաքական, բարոյական և իրավական կոնկրետ հետևանքներ: Առ այդ, վերը նշված հանգամանքների ներքո տրված համաձայնությունները (նախատեսվող պայմանագրերը) Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի ուժով առ ոչինչ են: Դիմելով միջազգային հանրությանը՝ կոչ ենք անում մասնակից չդառնալ և թույլ չտալ 21-րդ դարի մարդկության դեմ ուղղված հերթական միջազգային հանցագործությունների իրականացմանը: Սիրելի՛ արցախցիներ, սիրելի՛ հայրենակիցներ, չե՛նք հաշտվում, չե՛նք հանդուրժում: Ինքնորշումն Արցախի ժողովրդի անքակտելի իրավունքն է, որը չունի այլընտրանք։ Միասնական պայքարով և ազգային համաձայնությամբ հաղթահարենք հայոց պետականությանն ուղղված գոյութենական սպառնալիքը»։
    19:55
    15.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դատապարտյալների սննդի համար նախատեսված սայլակում հայտնաբերվել է կասկածելի սրվակ
    Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները, իրացնելով նույն բաժնում նախապես ստացված օպերատիվ տեղեկություններն այն մասին, որ տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում ներգրավված դատապարտյալ Ն.Խ.-ն պատրաստվում է մեկ այլ դատապարտյալի փոխանցել կասկածելի զանգված, մայիսի 15-ին խուզարկության են ենթարկել նրա մոտ առկա, ազատազրկված անձանց սնունդ մատակարարելու համար նախատեսված սայլակը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից, խուզարկության արդյունքում սայլակի մեջ եղած սննդի տարայից հայտնաբերվել է պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված ապակյա սրվակ՝ թմրանյութին նմանվող հեղուկով: Դատապարտյալ Ն.Խ.-ն բանավոր հայտարարել է, որ սրվակում մեթադոն է: Հայտնաբերված հեղուկը հանձնվել է ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, նախաձեռնվել է քրեական վարույթ:
    19:45
    15.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Միջանձնային վեճ և խուլիգանություն մայրաքաղաքի կենտրոնում. ձերբակալվել է չորս երիտասարդ
    Մայիսի 13-ին, ժամը 23.30-ին, անհայտ քաղաքացուց ստացվել է ահազանգ, որ մայրաքաղաքի Ամիրյան փողոցում վիճաբանություն է, լսվում են կրակոցներ: Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը հնարավորինս արագ մեկնում է դեպքի վայր, տեղյակ են պահվում նաև պարեկները: Միջադեպի հնարավոր զարգացումը հաջողվում է կանխել, և խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվում ու բաժին է տեղափոխվում 18-20 տարեկան գյումրեցի չորս երիտասարդ: Ըստ նախնական տվյալների` երիտասարդների վեճը միջանձնային բնույթի էր: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են գազային ատրճանակի մեկ պարկուճ, երկու փամփուշտ և դանակ: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ վիճաբանության մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին, հանգամանքները պարզվում են:
    19:30
    15.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Փորձել էր բանկում կեղծ դոլարներ իրացնել
    Մայիսի 14-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել Երևանում գործող բանկերից մեկի աշխատակիցը և հայտնել, որ մի քաղաքացի կեղծ 100 և 50 դոլար է ներկայացրել բանկ: Մեկնած ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները կեղծ արտարժույթ իրացնելու փորձի հիմքով ձերբակալել և բաժին են տարել Սյունիքի մարզի մի բնակչի: 44-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    19:15
    15.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Գյումրեցի տղամարդը սպառնում էր պայթեցնել նռնակը. Կումայրիի ոստիկանները զինաթափել են նրան
    Մայիսի 13-ին ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել գյումրեցի 73-ամյա մի կին և հայտնել, որ հարևանն ընդհանուր բակում սպառնում է պայթեցնել ձեռքի նռնակը: Մյասնիկյան փողոցի նշված հասցե ոստիկանության Կումայրիի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել: Ոստիկանները տներից մեկի դռան մոտ նկատել են 52-ամյա տանտիրոջը: Նա սպառնում էր պայթեցնել «Ֆ-1» տիպի պայթուցիչով նռնակը՝ պահանջելով, որ կինն ու որդին տեսակցեն իրեն: Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ տղամարդը զինաթափվել է: Նա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կումայրիի բաժին: Գյումրեցի 52-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    19:00
    15.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Նախորդ շաբաթ Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4864 խախտում
    Մայիսի 8-15-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4864 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 127 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 194, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 309 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 63, չամրակապված վարելու՝ 243, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 347, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու՝ 592 իրավախախտումներ։ 196 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 389-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 92-ը՝ թաղանթապատված դիմապակիով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 81 անձ։ Նույն ժամանակահատվածում Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի և Արագածոտնի մարզերի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 6802 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 173 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 110, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 381 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 52, չամրակապված վարելու՝ 876, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 167 իրավախախտումներ։ 354 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1232-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 56-ը՝ թաղանթապատված դիմապակիով։ Տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 46 անձ։
    18:45
    15.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ճապոնիան, Ավստրալիան, Նոր Զելանդիան և Հարավային Կորեան կմասնակցեն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
    Ճապոնիայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի և Հարավային Կորեայի պետությունների ու կառավարությունների ղեկավարները կմասնակցեն ՆԱՏՕ-ի` հուլիսին կայանալիք գագաթնաժողովին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին այսօր հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ ելույթ ունենալով Կոպենհագենում կայացած վեցերորդ «Ժողովրդավարության գագաթնաժողովում»։ «Մեր պատմության մեջ երկրորդ անգամ մենք հրավիրում ենք պետությունների և կառավարությունների ղեկավարներին Ճապոնիայից, Հարավային Կորեայից, Նոր Զելանդիայից և Ավստրալիայից: Դա ցույց է տալիս, որ մենք հասկանում ենք, թե որքան կարևոր է ՆԱՏՕ-ի համար այն, ինչ կատարվում է Ասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Ուստի մենք ամրապնդում ենք մեր գործընկերությունը նրանց հետ», - ասել է նա։ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Վիլնյուսում նախատեսված է հուլիսի 11-12-ը:
    18:30
    15.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Տիգրան Բարսեղյանը դարձել է Սլովակիայի չեմպիոն
    Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը «Սլովանի» հետ երկրորդ տարին անընդմեջ դարձել է Սլովակիայի չեմպիոն, գրում է Shantnews.am-ը: Առաջնության 31-րդ տուրում «Սլովանը» 2-1 հաշվով արտագնա խաղում հաղթել է «Դուկլային» ու 69 միավորով անհասանելի դարձել երկրորդ տեղում գտնվող «Դունայսկա Ստրեդայի» համար, որն իր ակտիվում ունի 64 միավոր: Բարսեղյանը խաղին մասնակցել է մեկնարկային րոպեներից և փոխարինվել 82-րդ րոպեին: Ընթացիկ մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը թիմի կազմում 41 խաղում դարձել է 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: Սա «Սլովանի» 13-րդ չեմպիոնությունն էր երկրի առաջնություններում:
    18:15
    15.05.23
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    «Այն զինվորները, որոնք մոլորվել ու մյուս կողմ են անցել, ազատ կարձակվեն». Փաշինյան-Ալիև փոխըմբռնում
    «Կա փոխըմբռնում, որ առաջիկա շաբաթներին ձերբակալվածների ազատ արձակում է լինելու»,- Բրյուսելում հայտարարել է Շառլ Միշելը, ընդգծել՝ «այն զինվորները, որոնք պարզապես մոլորվել և մյուս կողմ են անցել, ազատ կարձակվեն արագ ընթացակարգով»։
    18:07
    15.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Մշակույթ
    Հայաստանում հանդես կգա ակորդեոնահար Մարկո Շևարլիչը
    Հայաստանի պետական ֆիլհարմոնիան, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի չորս մարզերում իրականացնում է միջազգային համերգաշար՝ չորս անվանի երաժիշտների մասնակցությամբ։ «Արմենպրես»—ի հաղորդմամբ՝ նախագիծի երկրորդ փուլի շրջանականերում ՀՀ Լոռու մարզում կհյուրընկալվի ակորդեոնահար Մարկո Շևարլիչը (Սերբիա)։ Մայիսի 17-ին Ստեփանավանի Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատում Շևարլիչը վարպետության դաս կանցկացնի տեղի երիտասարդ երաժիշտների մասնակցությամբ։ Նույն օրն ակորդեոնահարը հանդես կգա մենահամերգով։ Ճանաչված ակորդեոնահարը համերգով հանդես կգա Երևանում. այն կկայանա մայիսի 16-ին՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում: Մարզային համերգաշարի շրջանակներում Հայաստանի չորս մարզերում կհյուրընկալվեն չորս աշխարհահռչակ երաժիշտներ՝ դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովը (Ռուսաստան), ակորդեոնահար Մարկո Շևարլիչը (Սերբիա), շեփորահար Մարկուս Շտոկհաուզենը (Գերմանիա), ալտահար Վենսան Ռուայեն (Ֆրանսիա)։ Երաժիշտները ելույթներ կունենան համապատասխանաբար՝ Շիրակի, Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում։ Համերգներից բացի կանցկացվեն նաև վարպետության դասեր և սեմինարներ՝ տեղի երիտասարդ երաժիշտների մասնակցությամբ։ Մարզային համերգաշարի նպատակն է էլ ավելի ակտիվացնել մարզային կյանքն ու տեղաբնակներին նվիրել բարձրակարգ համերգային երեկոներ։ 1.jpg (478 KB) 2.jpg (400 KB)
    18:00
    15.05.23
    Ավելին
  • Քաղաքական
    «Միշելն ու Եվրոպան թքեցին ժողովրդավարության վրա». Արցախի կոշտ արձագանքը
    Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը Միշելի հայտարարությունը անվանել է զզվելի, գարշելի ու հանցավոր, բայց նաև շնորհակալ է Եվրախորհրդի նախագահին, որ անկեղծ ասել է, ինչ կա: Ըստ նրա՝ այդ հայտարարությամբ արդարացվեց Ադրբեջանի՝ 2020 թվականի ագրեսիան, արդարդացվեց ադրբեջանցի պսևդոբնապահպանների կողմից Լաչինի միջանցքի շրջափակումն ու ադրբեջանական անցակետի տեղադրումը:
    17:52
    15.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Միկրոավտոբուսի վթարի հետևանքով 26 մարդ է զոհվել
    Մեքսիկայի հյուսիս-արևելյան Տամաուլիպաս նահանգում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 26 մարդ է մահացել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով El Nuevo Dia պարբերականին: Դեպքը տեղի է ունեցել մայիսի 14-ին Սիուդադ Վիկտորիա քաղաքի մայրուղու վրա: Վթարի պատճառը դեռևս հայտնի չէ: Բախումից հետո երկու մեքենաներն էլ սկսել են այրվել: Երբ ոստիկանները ժամանել են դեպքի վայր, բեռնատարի քարշակը չի հայտնաբերվել, ինչը նշանակում է, որ վարորդն, ամենայն հավանականությամբ, անջատել է այն և փախուստի դիմել: Կատարվում է հետաքննություն:
    17:45
    15.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանի ձեռքը պետք է բռնել հենց հիմա, հետո ուշ կլինի. Վարդան Օսկանյան
    Ակնհայտ է, որ մտնում ենք Արցախի հանձնման վերջնական փուլ։ Փաշինյանի ամեն մի հանդիպում աշխարհագրական որևէ վայրում առավել խորացնում և անշրջելի է դարձնում Արցախի հանձնման գործընթացը։ Բրյուսելյան հանդիպման ընթացքում խնդիրն ավելի բարդացավ ու խորացավ, երբ Փաշինյանն ընկավ իր իսկ լարած թակարդը։ Այնքան խոսեց 29 800 քառակուսի կիլոմետրի մասին, որ Ալիևն արդեն ինքն էլ իր երկրի քառակուսի կիլոմետրերի ճանաչման պահանջ դրեց, ինչը, բնականաբար, չի կարող մեկնաբանության տեղ թողնել, որ դրա մեջ չի մտնում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը։ Շառլ Միշելի նկարագրած դրույթներով որևէ փաստաթղթի ստորագրում նշանակում է, որ ստորագրման պահից Արցախը վերածվում է Ջավախքի և, ի տարբերություն Ջավախքի, որոշ ժամանակ՝ միգուցե մեկ տասնամյակ անց, վերածվելու է Նախիջևանի։ Եթե Փաշինյանի ձեռքը պետք է բռնել, որ նա նման փաստաթուղթ չստորագրի, ապա դրա ժամանակը հենց հիմա է։ Այլապես հետո ուշ կլինի։ Ես կարծում եմ, որ հայ ժողովուրդը ունի բոլոր տեսակի իրավունքները Փաշինյանին ետ պահելու այդ քայլից։ Նախ՝ Փաշինյանը պարզապես իրավունք չունի նման փաստաթուղթ ստորագրելու։ Առաջին՝ իրավական տեսակետից այդ փաստաթուղթը կհակասի Հայաստանի Սահմանադրությանը և անկախ Հայաստանի Գերագույն խորհրդի 1992-ի ընդունած որոշմանը։ Նման փաստաթուղթ ստորագրելու և վավերացնելու համար պետք է փոխել Հայաստանի Սահմանադրությունը և չեղարկել Գերագույն խորհրդի որոշումը։ Երկրորդ՝ նման իրավունք որևէ մեկին վերապահված չէ։ Ընտրություններում մեծամասնություն ունենալը չի նշանակում իրավունք ձեռք բերել հայ ժողովրդի համար գոյութենական հարցում կամայական որոշումներ կայացնելու։ Երրորդ՝ Արցախի ժողովուրդը, որի ֆիզիկական գոյության հարցն է դրված նժարին, եղել է անցած տասնամյակների զրկանքների և տառապանքների հիմնական կրողը և իր ճակատագիրը որոշելու լիազորություն որևէ մեկին չի տվել։ Չորրորդ՝ Հայաստանի Ազգային ժողովի հաստատած՝ Փաշինյանի իսկ կառավարության ծրագրում Լեռնային Ղարաբաղի մասով կա դրույթ, ըստ որի՝ հետամուտ պետք է լինել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը «անջատում հանուն փրկության» սկզբունքի հիման վրա, որի աներկբա իրավունքն ունի Արցախի ժողովուրդը։ Ավելին, սառը պատերազմի ավարտից անմիջապես հետո աշխարհում գոյություն ունեցող հիսունից ավելի ինքնորոշման ընթացիկ շարժումներից մենք՝ հայերս, կլինենք առաջինը և միակը, որ հրաժարվում է իր իրավունքներից։ Եթե Հայաստանը, հայ ժողովուրդը, Արցախը երբևէ պարտադրված կամ կամովին հրաժարվեն ինքնորոշման իրենց անքակտելի իրավունքից և ընդունեն Ադրբեջանի ինքնիշխանությունն Արցախի նկատմամբ, ապա դա աշխարհում կլինի նախադեպ, որը մեզ կարժանացնի ժողովուրդների կամային արժանիքների որակավորման ցածր և նվաստացուցիչ գնահատականի։ Ցավալի նաև այն է, որ այսօր առկա՝ ժողովուրդների ինքնորոշման չորս տասնյակից ավելի շարժումներից ամենաուժեղ ու հիմնավոր պատմական, իրավական և քաղաքական հիմքերը ունի հենց Արցախի ինքնորոշման շարժումը։ Պատմականորեն՝ Արցախի ժողովուրդը հազարամյակներ ապրել և գոյատևել է հենց այս տարածքում։ Ավելին, այսօր մեր երկու պետությունների՝ հայերով բնակեցված տարածքներից ամենահայկականը հենց Արցախն է։ Պատմության ընթացքում, երբ Հայաստանը ենթարկվել է տարբեր ազգերի ասպատակությունների, Արցախը միշտ պահել է առնվազն իր կիսանկախ կարգավիճակը։ Իրավականորեն՝ Արցախի ինքնորոշման իրավունքի հիմքերը պարզապես անխոցելի են։ Ինքնորոշման իրավունքի պահանջատիրության հիմնական նախապայմանները նախկինում և այսօր ամբողջությամբ բավարարված են։ Քաղաքականորեն՝ Արցախը ունի երեք տասնամյակից ավելի բանակցային նախապատմոււթյուն, որի ընթացքում ինչ-որ պահի միջազգային հանրությունը՝ միջնորդների բերանով, հարցի խաղաղ կարգավորման օպտիմալ միջոց է համարել Արցախի ժողովրդի ազատ և անկաշկանդ կամարտահայտությունը։ Ես շարունակում եմ համոզված մնալ, որ չենք սպառել դիվանագիտական հնարավորությունները և որ այսօր հայանպաստ լրջագույն այլընտրանքներ կան այն ամենին, ինչ անում են Հայաստանի իշխանությունները։ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի դիվանագիտությունը որևէ լուրջ ջանք գրեթե չի գործադրել հայանպաստ արդյունքի հասնելու համար։ Ցանկացած բանակցությունների արդյունք պետք է առնվազն բարելավի կողմերի հարաբերությունները։ Ճանապարհը, որն ընտրել են Հայաստանի իշխանությունները, չի կարող բավարարել այս պայմանը։ Միգուցե նման փաստաթղթի ստորագրումը բարեկամական կապեր հաստատի ներկա իշխանությունների և Ադրբեջանի միջև, բայց վստահաբար չի կարող բարեկամության հիմք ծառայել Հայաստան պետության, հայ ժողովրդի և Ադրբեջանի միջև։
    17:39
    15.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՔՈԳՎ-ն բացահայտել է թմրաշղթա, հայտնաբերել մեթամֆետամին, ափիոն
    Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի 31-ամյա մի բնակիչ ձեռք է բերում առանձնապես խոշոր չափերի տարատեսակ թմրամիջոցներ և դրանք մաս-մաս իրացնում Երևանում: Օպերատիվ տեղեկության իրացումը սկսվեց մայիսի 5-ին, երբ արդեն պարզվել էր, թե ումից է նա ձեռք բերում թմրանյութը: Ժամը 19.30-ին 31-ամյա տղամարդը ձերբակալվեց Երևանի Վաղարշյան-Ավետիսյան փողոցների խաչմերուկում և, իր վարած մեքենայով հանդերձ, տեղափոխվեց ոստիկանության Արաբկիրի բաժին: Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, իսկ մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվեց 10 գրամ մեթամֆետամին: Հետագա միջոցառումներն իրականացվեցին Արաբկիրի ոստիկանների հետ: Հիմնավորվեց, որ 31-ամյա երևանցին թմրանյութը ձեռք է բերում Երևանում բնակվող 29-ամյա մի օտարերկրացուց, որն էլ իր հերթին այն ձեռք է բերում Երևանում բնակվող 39-ամյա համաերկրացուց: Մայիսի 8-ին, ժամը 19.30-ին, նրանք ձերբակալվեցին Կասյան փողոցում և, 39-ամյա օտարերկրացու վարած մեքենայով հանդերձ, տեղափոխվեցին Արաբկիրի բաժին: Անձնական խուզարկությամբ ուղևորի մոտ հայտնաբերվեցին ընդհանուր 9 գրամ քաշով ութ փաթեթ մեթամֆետամին և պլաստիկ տարայով մարիխուանա: Մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվեց հոգեմետ 10 դեղահաբ: Խուզարկություն եղավ նաև նրանց բնակարաններում: 39-ամյա տղամարդու տնից հայտնաբերվեցին մոտ 16 գրամ մեթամֆետամին, նույնքան ափիոն և թմրամիջոց օգտագործելու գլանակներ: Երկուսն էլ կալանավորվել և տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    17:30
    15.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ ՀՀ զինանշանի
    Բրյուսել մեկնելուց առաջ, ինչպես հայտնի է, գնացել էր Ներքին Բազմաբերդ՝ հանդիպելու այնտեղ բերման ենթարկված Երևանի Մ. Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական և հիշատակված գյուղի Ե. Ասատրյանի անվան միջնակարգ դպրոցների 8-րդ դասարանի աշակերտներին և ուսուցչական անձնակազմերի հետ: Իրականում դա յուրօրինակ քարոզչահոգեբանական գրոհ էր Հայաստանի հանրության վրա՝ Փաշինյանի տարփողած թշնամական «գաղափարների» շրջանառման և տարածման նպատակով: Հաշվի առնելով այն, որ այսպես կոչված՝ «իշխանության» քարոզչական կեղտոտ խնդիրները լուծելու համար ներգրավվել էին դպրոցական պատանիներ ու պարմանուհիներ, Ներքին Բազմաբերդում տեղի ունեցածը Փաշինյանի կողմից բարոյաքաղաքական առումով մանկապղծություն էր: Այն իմաստով, որ նա փորձեց պղծել դպրոցականների աշխարհընկալումը՝ քարոզելով, որ Արարատը մերը չի, ընդհանրապես մերը չի էլ եղել, որովհետև «ով խոսեց Արարատի մասին, ուրիշ բանից խոսեց», իսկ այ, ով խոսեց Արագածի մասին, նա խոսեց Հայաստանի մասին: Սա այլ կերպ, քան ուրացում, դժվար է բնորոշել: Եվ այդ ուրացման առարկայական մարմնավորումը՝ Նիկոլ Փաշինյանը, քարոզում է դպրոցականներին, իսկ վերջիններիս, թող ներվի ասել՝ «ուսուցչուհիները», զզվելի քծնական արտահայտությամբ ժպտում են: Ուղղակի սրտխառնուք էր առաջացնում այդ ամենը: Փաշինյանն առաջին անգամ չէ, որ Արարատը ջնջում է, ու հայտարարում, որ Հայաստանի ամենաբարձր գագաթն Արագածն է: Փաշինյանը ամեն կերպ ջնջում է Արարատը, որովհետև նման հանձնառություն ունի Թուրքիայի առաջ: Այդ առումով Նիկոլ Փաշինյանը գործնականում հանդես է գալիս ՀՀ Սահմանադրության դեմ, գործնականում թույլ է տալիս սահմանադրական բնույթի օրինախախտում: Բանն այն է, որ ՀՀ զինանշանի վրա պատկերված է Արարատը: Ավելին, ՀՀ զինանշանի նկարագրությունն ամրագրված է ՀՀ գործո՛ղ Սահմանադրությամբ: Ահավասիկ. «Հայաստանի Հանրապետության զինանշանն է. կենտրոնում՝ վահանի վրա, պատկերված են Արարատ լեռը՝ Նոյյան տապանով, և պատմական Հայաստանի չորս թագավորությունների զինանշանները: Վահանը պահում են արծիվը և առյուծը, իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն» (ՀՀ Սահմանադրություն, հոդված 21, կետ 2): Հարց է ծագում. եթե Նիկոլ Փաշինյանն այդ աստիճան զզվում է Արարատից ու Արարատ սարը տեսնելիս նրա մոտ խուճապային դողէրոցք է սկսվում, ապա ինչո՞ւ իր մեծն «սահմանադրագետ» Վահագն Հովակիմյանի օգնությամբ չի խմբագրում հիմնական օրենքը: Ավելին, ինչո՞ւ է այդ դեպքում Փաշինյանը կրում ինչ-որ հագուստներ, որոնց վրա պատկերված է ՀՀ զինանշանը՝ նրա համար այդքան ատելի Արարատի պատկերով: Թե՞ հատուկ իրեն համար հագուստի վրայի զինանշանի պատկերից Արարատ սարը ջնջված է: Ինչո՞ւ էր երեխաների հետ հանդիպմանը դրել գլխարկ, որի վրա էլի ՀՀ զինանշանն էր: Բնական կլիներ, եթե Նիկոլ Փաշինյանն իր գլխին դրած ՀՀ զինանշանով գլխարկը միանգամից նետեր խարույկը, որի շուրջ նստեցրել էին խեղճ երեխաներին: Առհասարակ, Նիկոլ Փաշինյանին թե՛ բարոյական, թե՛ բովանդակային առումով կվայելի թուրքական զինանշանով ու թուրքական կիսալուսնով գլխարկ կրելը: Այ դա իրենն է: Ի վերջո, այդպես գոնե ավելի ազնիվ կլինի, չէ՞ որ Նիկոլ Փաշինյանը, զավթելով Հայաստանի ղեկավարի պաշտոնը, սպասարկում է բացառապես թուրքական ու ադրբեջանական շահերը: Հա, ու կառավարության թիվ 1 շենքի ֆասադն էլ է պետք փոխել, մասնավորապես, քերել Հայկական ԽՍՀ զինանշանը պատկերող բարձրաքանդակը, որովհետև այնտեղ շատ ավելի պարզ ու խոշոր է պատկերված Արարատը: Պարզից էլ պարզ է, որ Արարատը ամեն կերպ ջնջելու Փաշինյանի մղումը Թուրքիայի պահանջն է արտացոլում:
    17:15
    15.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Մայիսի 28-ին տեղի կունենա նախագահական ընտրությունների 2-րդ փուլը. Թուրքիայի ԿԸՀ
    Մայիսի 28-ին Թուրքիայում տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում ասել է Թուրքիայի Գերագույն ընտրական խորհրդի նախագահ Ահմեդ Էները, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
    17:05
    15.05.23
    Ավելին