Լրահոս

2025-03-07
  • Img default alt hy
    Իրավական
    ՀՀ ՊՆ զորամասի հրամանատարը հափշտակել է 2 մլն դրամի գույք
    Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար Տ. Մ.-ն, պատասխանատու լինելով գնդի նյութական միջոցների պահպանության համար, խմբի կազմում հափշտակել է իր տիրապետմանը հանձնված 2 մլն ՀՀ դրամ արժողությամբ գույք: «Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Տ. Մ.-ն զորամասի հաշվեկշռում առկա 2 մլն ՀՀ դրամ արժողությամբ գույք հափշտակելու դիտավորությամբ, հանձնարարել է նույն զորամասի ավտոմոբիլային ջոկի վարորդ Գ. Դ.-ին և պահեստապետ Կ. Ա.-ին զորամասի պահեստից հանել ընդհանուր 10 տոննա դյուրալյումինից պատրաստված զրահատեխնիկայի շարժիչի՝ օգտագործման համար ոչ պիտանի պահեստամասերն ու վաճառել: Մասնավորապես՝ Տ. Մ.-ի հանձնարարությամբ զորամասի ինժեները, տեղյակ չլինելով ավտոմեքենայի շահագործման իրական նպատակի և երթուղու մասին, կազմել է կեղծ ուղեգրեր, որոնց հիման վրա Գ. Դ.-ն և Կ. Ա.-ն զրահատեխնիկայի շարժիչի՝ օգտագործման համար ոչ պիտանի պահեստամասերը բարձել են զորամասին ամրակցված բեռնատարը և 2024 թվականի փետրվարի 2-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում տեղափոխել Կոտայքի մարզի բնակավայրերից մեկը, որտեղ հիշյալ պահեստամասերը բեռնաթափել են Գ. Դ.-ին պատկանող հողամասերի տարածքում: Այնուհետև վերջինս, հիշյալ պահեստամասերը վաճառելու՝ Տ. Մ.-ի ապօրինի հանձնարարությունը կատարելու նպատակով, պայմանավորվածություն է ձեռք բերել մետաղի ջարդոն ընդունող անձի հետ և հափշտակված պահեստամասերը՝ մեկ կիլոգրամը 400 ՀՀ դրամով, վաճառել նրան: Արդյունքում՝ ստացված 4 մլն ՀՀ դրամից 3 մլն դրամը Գ. Դ.-ն տվել է Տ. Մ.-ին, իսկ գումարի մնացած մասը՝ 1 մլն ՀՀ դրամը, տնօրինել են ինքն ու պահեստապետ Կ. Ա.-ն: Վերջիններիս կողմից հիշյալ 1 մլն դրամը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է»,- նշված է Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Տ. Մ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և 445-րդ հոդվածի 1-ին մասով, Գ. Դ.-ին՝ 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, իսկ Կ. Ա.-ին՝ 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    18:45
    07.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Շոկ՝ դպրոցում անհավատալի դեպքից հետո. ի՞նչ է իրականում կատարվել Ջրվեժում
    Հայլուր 18։30 Շոկ՝ դպրոցում անհավատալի դեպքից հետո. ի՞նչ է իրականում կատարվել Ջրվեժում
    18:30
    07.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սառցաբեկորը պոկվել և ընկել է ընթացող մեքենայի վրա․ ուղևորին տեղափոխել են հիվանդանոց
    Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Երևան-Գյումրի Մ1 ավտոճանապարհի 83 կմ հատվածում Ազատանի կամրջից սառցաբեկորը պոկվել և ընկել է այդտեղով ընթացող, Շիրակի մարզի բնակիչ 25-ամյա Ա․ Խ․-ի վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենայի դիմապակու վրա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենայի ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 25-ամյա Շ․ Հ․-ն տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով ՊԾ Շիրակի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն։
    18:15
    07.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երկքաղաքացիներին ազգային վարորդական վկայական կտրամադրվի պարզեցված ընթացակարգով
    Մարտի 6-ին Կառավարությունն ընդունել է «Հայաստանի Հանրապետության Կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 385-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշումը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ-ից: Որոշմամբ սահմանվում է, որ 1968 թվականի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայի պահանջներին համապատասխանող այլ պետություններում ստացած վարորդական վկայականների հիման վրա Հայաuտանի Հանրապետության երկքաղաքացի հանդիսացող քաղաքացուն կտրվի ազգային վարորդական վկայական՝ առանց որակավորման քննություններ հանձնելու (տեսական և գործնական): Ընդ որում, նոր վկայականը տրվելու է առանց մյուս վկայականը վերցնելու։ Այս ընթացակարգի շրջանակում՝ 1. քաղաքացին պետք է ներկայացնի այլ պետություններում ստացած վարորդական վկայականների պատճենը, ցանկի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը, այդ թվում՝ անձը հաստատող փաստաթուղթ, պետական տուրքի վճարման անդորրագիր։ 2. Կատարվում է ստուգում՝ քաղաքացու թմրաբանական կամ հոգեբուժական բժշկական հաստատություններում և տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձանց ցանկում հաշվառված չլինելու, սույն կարգի 8-րդ կետով նախատեսված (բժշկական) այլ հիմքերի բացակայության, ինչպես նաև այլ պետություններում ստացած վարորդական վկայականի վավերականության վերաբերյալ։ Նշված ընթացակարգերն ավարտելուց հետո քաղաքացին լուսանկարվում է համակարգչային տեխնիկայի միջոցով, և մեկ աշխատանքային օրվա ընթացքում նրան տրամադրվում է ազգային վարորդական վկայական։ Այս բարեփոխումները միտված են հանրային անվտանգության ամրապնդմանը և անվտանգային մշակույթի զարգացմանը՝ ապահովելով վարորդական վկայականների տրամադրման առավել պարզեցված և արդյունավետ գործընթաց։
    18:00
    07.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ոստիկանները ձերբակալել են Գյումրիում թմրանյութի փաթեթներ տեղադրող երկու երիտասարդի (տեսանյութ)
    Փետրվարի 25-ին Կումայրիի բաժնի ծառայողները ստացել էին հավաստի տեղեկություն, որ երկու երիտասարդ «Օպել» մակնիշի մեքենայով շրջում են Գյումրի քաղաքում և կպչուն ժապավենով փաթեթավորված թմրանյութեր տեղադրում: Հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից։ Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ մեկը երևանցի է, մյուսը` Աբովյան քաղաքից` երկուսն էլ 22 տարեկան: Ստացվել է նաև տեղեկություն, որ նրանք Ազատանից Ղարիբջանյան գյուղ տանող ճանապարհի հարակից դաշտերում, Գյումրիի օդանավակայանի խճուղու մոտակայքում և Վարդ-Բաղ թաղամաս տանող ճանապարհին տեղադրել են թմրանյութեր և բջջային հեռախոսներով լուսանկարել թաքստոցները: Նույն օրը, թմրամիջոցներ ապօրինի պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով, Վարդ-Բաղ տանող ճանապարհի սկզբնամասում երիտասարդները ձերբակալվել և, «Օպելով» հանդերձ, տեղափոխվել են Կումայրիի բաժին: Անձնական խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել և վերցվել են բջջային հեռախոսները և դեղնականաչավուն զանգվածով մեկական կաթուցիչ: Երկուսն էլ հայտնել են, որ կարմիր և կապույտ 24 փաթեթներով մարիխուանան ձեռք են բերել «Տելեգրամի» մի կայքէջի միջոցով` որոշակի գումարի դիմաց դրանք Գյումրիի տարբեր հատվածներում տեղադրելու համար: Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Երիտասարդներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:
    17:45
    07.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ալմաթիի օդանավակայանում ձերբակալվել է աշխատակցուհուն պատանդ վերցրած տղամարդը
    Ալմաթիի միջազգային օդանավակայանում ուղևորը դանակով հարձակվել է զննման ծառայության աշխատակցուհու վրա և յոթ րոպե բռնած պահել է նրան, որից հետո տղամարդուն ձերբակալել են՝ շնորհիվ մեկ այլ ուղևորի միջամտության: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից։ «Տեղական ժամանակով մոտավորապես 11:45-ին ներքին չվերթերի տերմինալի նախաթռիչքային զննման գոտում ագրեսիվորեն տրամադրված տղամարդը մոտեցել է՝ ձևանալով ուղևոր: Օդանավակայանների միջազգային ասոցիացիայի ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցները տղամարդուն խնդրել են ներկայացնել փաստաթղթերը, ինչին ի պատասխան նա բռնել է զննման ծառայության աշխատակցի մազերից և դանակով սպառնացել նրան», - ասվում է օդանավակայանի մամուլի տեղեկագրում: Յոթ րոպե անց հարձակվողին զինաթափել են օդանավակայանի ոստիկանության գծային բաժնի աշխատակիցները և օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցները։ Չարագործի ձերբակալությունից առաջ մեկ այլ ուղևոր առաջարկել է աշխատակցուհու փոխարեն իրեն վերցնել պատանդ, և երբ հարձակվողը ուշադրությունը շեղել է, նրանից խլել է դանակը։ Դրանից հետո հանցագործին բռնել են ոստիկանները։ «Պետության ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևին տեղեկացրել են Ալմաթիի օդանավակայանում պատանդ վերցնելու հետ կապված միջադեպի մասին: Նախագահը նշել է հանցագործին վնասազերծող տղամարդու խիզախությունն ու ճարպկությունը և հանձնարարել պետական ​​պարգևի ներկայացնել նրան», - Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը:
    17:30
    07.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևան-Գյումրի ճանապարհի Հոռոմի խաչմերուկում ճանապարհը չզիջելու համար վարորդների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել
    Երևան-Գյումրի ավտոճանապարհի Հոռոմի խաչմերուկը շարունակում է մնալ ամենավտանգավոր հատվածներից մեկը Հանրապետությունում, իսկ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարային դեպարտամենտ» հիմնադրամը 2 տարուց ավելի է՝ ավարտին չի հասցնում այդ խաչմերուկի վերջնական բացումը, ինչի պատճառով էլ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը, այդ թվում՝ ողբերգական, չի նվազում, հայտնում է Shamshyan.com-ը: Կահավորումն էլ արված է բավականին փնթի, գիշերային ժամերին բացակայում են հատուկ լուսային փարոսիկները, անհրաժեշտ պարագաները, ինչի պատճառով էլ վթարների աճը չի նվազում: Այսօր՝ մարտի 7-ին, նշված խաչմերուկում ճանապարհը չզիջելու պատճառով ինչպես են վարորդները իրար ամենավերջին հայհոյանքները տալիս, հարվածում միմյանց, մեկը մեկին մեղադրում, որ ինքը պետք է ճանապարհն անցներ, իսկ եթե «Ճանապարհային դեպարտամենտ» հիմանդրամը անհրաժեշտ պարագաներով կահավորեր Հոռոմի խաչմերուկը, իսկ հետո հանձնեին շահագործման, նման դեպքեր տեղի չէին ունենա: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
    17:15
    07.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հակակոռուպցիոն դատարանի վճռով պետբյուջե կվերադարձվի շուրջ 200 հազար ԱՄՆ դոլար
    ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ներկայացրած հայցի հիման վրա Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի մարտի 6-ի վճռով հաստատել է հաշտության համաձայնություն, որի արդյունքում պետբյուջե կվերադարձվի շուրջ 200 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 79 միլիոն 642 հազար դրամ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը։ «Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ներկայացրած հայցի հիման վրա՝ Հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի մարտի 6-ի վճռով հաստատված հաշտության համաձայնության արդյունքում՝ Վերականգնված միջոցների միասնական հաշվին կվճարվի շուրջ 200 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 79 միլիոն 642 հազար դրամ»,- նշված է հաղորդագրության մեջ։
    17:00
    07.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Չափազանց ծանր է լսել Ռուբենին 1,5 տարի անց. Առաքելյան
    «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը գրել է. «Չափազանց ծանր է լսել Ռուբենին 1,5 տարի անց։ Ռուբենին շատ լավ եմ ճանաչում, ու իր խոսքում որևէ նոր բան չկա։ Այդ արժեքների ու սկզբունքների մասին նա միշտ է խոսում ու խոսելու է։ Դա իր ապրելակերպն է։ Ռուբենը չի հանձնվում և չի հանձնվելու։ Ռուբենը վերադառնալու է և շարունակելու է իր նվիրումը հայրենիքին»։
    16:45
    07.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Զնդանում գտնվող ռազմագերիներից ոմանք անգամ մեզ են դիմում՝ տոկուն լինելու ակնկալիքով. Գևորգ Դանիելյան
    Բաքվի շինծու դատավարությունը, շնորհիվ քավության նոխազ դարձած հայազգի ռազմագերիների, թերևս, ամբողջովին խառնեց թուրք-ադրբեջանական քաղաքականության խաղաքարտերը: Նրանց կեղծիքները փաստարկված ու համարձակ կեցվածքով մերկացվում, իսկ մեղադրանքները հրապարակայնորեն հերքվում են: Այս մասին իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Անսալով անմարդկային կտտանքները և տարրական նորմերի բացահայտ ոտնահարումներով դատավարություն կոչված ֆարսը, մեր հայրենակիցները կարողացան դրսևորել անհրաժեշտ տոկունություն և հուսախաբ անել այդ անհատների կոտրվելն ակնկալող իրական թուլամորթներին: Զնդանում գտնվող ռազմագերիներից ոմանք անգամ մեզ են դիմում՝ տոկուն լինելու ակնկալիքով: Մեր խորին երախտագիտությունը նրանց բոլորին: Մի վերապահում՝ ինչպես և ակնկալվում էր, «մեղադրող» կոչված կողմը, մեղադրանքի առանձին կետեր իբր հիմնավորելու նկատառումով, չի զլանում և հաճախ հղումներ է անում մեր գործիչների հայտարարություններին, ինչը վերջապես պետք է սթափեցնի բոլորիս և հուշի, որ հարկ է ձեռնպահ մնալ այդ մարդկանց առնչվող մտքերը՝ ներքին քաղաքականության նյութ դարձնելու գայթակղությունից, սա է իրական «չվնասելու» սկզբունքը: Աստված պահապան մեր ռազմագերիներին»։
    16:30
    07.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Դատարանը չեղյալ է հայտարարել Հարավային Կորեայի նախագահի կալանքը
    Հարավային Կորեայի դատարանը իմփիչմենթի ենթարկված նախագահ Յուն Սոկ Յոլին կալանքից ազատելու հրաման է տվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։ Փետրվարին նախկին Յուն Սոկ Յոլի փաստաբանները համապատասխան դիմում էին ներկայացրել Սեուլի կենտրոնական շրջանային դատարան, որը որոշել է, որ կալանավորումն անօրինական է եղել։ Նախագահի փաստաբան Սոկ Դոն Հյոնը պարզաբանել է, որ նա ազատ չի արձակվի այնքան ժամանակ, քանի դեռ դատախազությունը բողոքարկելու հնարավորություն ունի։ «Չնայած կալանքը չեղարկելու դատարանի որոշմանը, ազատ արձակումն անմիջապես տեղի չի ունենա: Կենտրոնական շրջանի դատախազությունը յոթ օրվա ընթացքում կարող է բողոքարկել: Նա ազատ կարձակվի, եթե նրանք հրաժարվեն բողոքարկումից կամ ժամանակին չօգտվեն այդ իրավունքից», - հայտարարել է փաստաբանը։ Հունվարի 15-ին Բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ հակակոռուպցիոն հետաքննությունների վարչությունը նախագահ Յուն Սոկ Յոլին Սեուլի նրա նստավայրում ձերբակալել էր ռազմական դրություն սահմանելու պատճառով սահմանադրական կարգի դեմ խռովության գործով։ Հունվարի 19-ին Սեուլի Արևմտյան շրջանային դատարանը որոշում էր կայացրել կալանավորել պետության ղեկավարին։ Յուն Սոկ Յոլն արտակարգ ռազմական դրություն էր հայտարարել 2024 թ. դեկտեմբերի 3-ի երեկոյան՝ անակնկալ հեռուստաուղերձով դիմելով ժողովրդին և ընդդիմությանը մեղադրելով «հակապետական» գործողությունների միջոցով կառավարությունը «կաթվածահար անելու» մեջ։ Ռազմական դրության հայտարարումից հետո զինվորականները մտել էին խորհրդարանական համալիրի տարածք և բախվել մարդկանց մեծ խմբի հետ, որը փորձել էր փակել նրանց ճանապարհը։ Միաժամանակ, մարդկանց մեկ այլ՝ ավելի մեծ խումբ ընդհարվել էր ոստիկանության և անվտանգության աշխատակիցների հետ։ Դեկտեմբերի 4-ի վաղ առավոտյան նախագահը չեղարկել էր ռազմական դրությունն Ազգային ժողովի քվեարկությունից հետո, որի արդյունքում պատգամավորները միաձայն պահանջել էին չեղյալ համարել այն։
    16:15
    07.03.25
    Ավելին
  • Միջազգային
    Մոռանում եք՝ ինչ է լինում ռուսներին թերագնահատելիս. Պուտին-Մակրոն հեռահար կսմիթներ
    Միացյալ Նահանգների և Ուկրաինայի ներկայացուցիչները հաջորդ շաբաթ կհանդիպեն Սաուդյան Արաբիայում: Զելենսկին է հայտնում այդ տեղեկությունը: Նա Իքսում գրել է, որ Ուկրաինայի և Ամերիկայի խմբերը վերսկսել են աշխատանքը: Արդյո՞ք Վաշինգտոնն ու Կիևը ի վերջո կստորագրեն «Հազվագյուտ մետաղների» համաձայնագիրը և արդյոք ուկրաինական կողմը կհամաձայնի Թրամփի խաղաղության պլանին: Այս հարցի պատասխանը դեռ չեն գտել վերլուծաբանները: Ուկրաինական ճգնաժամը հանգուցալուծելու ճանապարհների փնտրտուքի ֆոնին Մոսկվան ու Փարիզն են կսմիթներ ուղարկում միմյանց: Մակրոնի՝ Ռուսաստանը սպասռնալիք է հայտարարուոփյունից հետո Պուտինը Ֆրանսիայի նախագահին հիշեցրել է Նապոլեոնի հետ կատարվածը:
    16:00
    07.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՀՀ-ին է վերադարձվելու Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի շուրջ 644 հազար ԱՄՆ դոլար արժեքով հողամասը
    Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցադիմումը 2025 թվականի մարտի 6-ին բավարարվել է Հակակոռուպցիոն դատարանի կողմից: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը: «Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվելու Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ «անտառային» նպատակային նշանակությամբ, 254 միլիոն 244 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 6640 քմ մակերեսով հողամասը: Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմումով դատարանից պահանջել էր անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի և Ա.Մ.-ի միջև 2005 թվականի հունիսի 30-ին կնքված առուվաճառքի պայմանագիրն ու կիրառել անվավերության հետևանքներ: Մասնավորապես՝ պահանջվել էր որպես հետևանք անվավեր ճանաչել հողամասի առուվաճառքի պայմանագրի հիման վրա նշված անշարժ գույքի նկատմամբ կատարված՝ Ա.Մ.-ի իրավունքի պետական գրանցումը»,- ասված է հաղորդագրության մեջ:
    15:45
    07.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    15 վիրավոր․ անցած 1 օրվա ընթացքում արձանագրվել է տրանսպորտային 10 պատահար
    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 6-7-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 134 դեպք, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 29, թմրանյութի հայտնաբերման՝ 22, մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 9-ական, ֆիզիկական ներգործության ու հոգեկան ներգործության՝ 8-ական, թմրանյութի իրացման՝ 7, բնակարանային գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և կաշառակերության՝ 3-ական, համակարգչային հափշտակության, խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման ու սառը զենքի հայտնաբերման՝ 2-ական, մարդու առևանգման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտավորությունները չկատարելու, բռնությունը հրապարակայնորեն քարոզելու, ֆինանսական բուրգ ստեղծելու, կազմակերպելու կամ ղեկավարելու, ապացույցներ, բացատրություններ, փաստաթղթեր և օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքով ստացված տվյալներ կեղծելու, փոխելու, ոչնչացնելու կամ թաքցնելու, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու, փաստաթուղթ կեղծելու, հարկերից խուսափելու, կանխամտածված սնանկության, ալիմենտ չվճարելու, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցությանը խոչընդոտելու և անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու՝ 1-ական դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է համակարգչային հափշտակության՝ 2, խարդախության, խուլիգանության, անձնական ունեցվածքի գողության, գույքը դիտավորյալ ոչնչացնելու կամ վնասելու ու բնակարանային գողության՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 8 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 4-ը։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է մարմնական վնասվածքներով ճանապարհատրանսպորտային 10 պատահար․ 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
    15:30
    07.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Կնոջը կրակայրիչով հրկիզած ամուսինը կալանավորվել է
    Հաշվի առնելով, որ ԶԼՄ-ներում լայնորեն տարածվում են ամուսնու կողմից կնոջ նկատմամբ բռնության դեպքի վերաբերյալ հրապարակումներ, ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Ա.Ա.-ի հաղորդման հիման վրա Արմավիրի մարզային քննչական վարչությունում 2025 թվականի փետրվարի 26-ին նախաձեռնվել է քրեական վարույթ: «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Արմավիրի մարզի գյուղերից մեկում ամուսինը կնոջը ծեծի է ենթարկել, շինարարական ներկը և սպիրտը լցրել է վերջինիս վրա և կրակայրիչով դիտավորյալ հրկիզել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Նախաքննության ընթացքում ձեռքբերված փաստական տվյալների հիման վրա Ա.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (առողջությանը ծանր վնաս պատճառելը): Ա.Հ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը»,- ասված է հաղորդագրությունում:
    15:15
    07.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Քաղաքացուն «Աչքերդ չկլորցնե՛ս» հրահանգ տված կարմիրբերետավորը չի պատժվել․ՆԳՆ-ից ասում են՝ «անկեղծորեն զղջացել» է. Factor
    «Աչքերդ չկլորցնես» և քաղաքացիներին այլ վիրավորական արտահատություններով դիմած կարմիր բերետավորը պատասխանատվության չի ենթարկվել։ Չնայած Ներքին գործերի նախարարությունը ծառայողական քննությամբ արձանագրել է նրա թույլ տված խախտումները, այնուհանդերձ, որոշել է նրան չպատժել, գրում է Factor TV-ն։ Գերատեսչությունից հայտել են, որ իրականացված ծառայողական քննությամբ պարզվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողը խախտել է ոստիկանության կարգապահական կանոնագրքով սահմանված կանոնները։ «Այն է՝ ընդգրկված լինելով ծառայության, չի ցուցաբերել զսպվածություն, հարգալից վերաբերմունք քաղաքացու նկատմամբ, նրա հետ զրույցի ժամանակ խոսել է վրդովված և ոստիկանին ոչ հարիր բառապաշարով, ինչով խախտել է «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի «թ» կետով սահմանված ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները: Ոստիկանության ծառայողը թույլ է տվել «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 42.1 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված կարգապահական խախտում»,- նշել են ՆԳՆ-ից, բայց շեշտել են, որ կարմիր բերետավորը որևէ պատասխանատվության չի ենթարկվել: «Նկատի ունենալով, որ ոստիկանության նշված ծառայողը բնութագրվում է դրական, նման արարք կատարել է առաջին անգամ և անկեղծորեն զղջացել, ուստի ղեկավարվելով «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն՝ նրա նկատմամբ կարգապահական տույժ չի կիրառվել»,- նշված է պատասխանում։
    15:00
    07.03.25
    Ավելին
  • Միջազգային
    Բեռլինի փողոցներում աղբակույտեր կլինեն. գործադուլ՝ Գերմանիայում
    Պաշտպանական ծախսերն ավելացնելու որոշումների ֆոնին՝ Եվրոպայում կարծես նոր թափ է հավաքում սոցիալական բողոքը: Գերմանացի հարյուրավոր բուժաշխատողներ դուրս են եկել փողոց՝ պահանջելով աշխատավարձի 8 տոկոսի բարձրացում:
    14:45
    07.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում բախվել են «Lexus»-ն ու «Volvo» բեռնատարը
    Այսօր՝ մարտի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում Արտաշատի խճուղում բախվել են «Lexus» մակնիշի ավտոմեքենան և «Volvo» բեռնատարը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 43 բրիգադը տեղում բուժօգնություն է ցուցաբերել, սակայն նա հրաժարվել է հիվանդանոց մեկնել: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների և տեղում շտապօգնության բժիշկների կողմից բուժօգնություն ստացած քաղաքացու ինքնությունը:
    14:30
    07.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Օդի ջերմաստիճանը կբարձրանա
    Քամին՝ հյուսիսարևմտյան, 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը 7-12-ը աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։
    14:15
    07.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով 34-ամյա երիտասարդը ձերբակալվել է
    Մարտի 6-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է ահազանգ, որ որովայնի շրջանում դանակի հարվածի հետևանքով ստացած մարմնական վնասվածքով «Արտաշատ» բժշկական կենտրոն է դիմել 34-ամյա գյումրեցի մի երիտասարդ։ Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի և Ռազմական ոստիկանության Արարատի մարզի ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրն Արտաշատում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ գյումրեցուն դանակով հարվածել է 34-ամյա կապանցի մեկ այլ երիտասարդ: Կապանցին հայտնաբերվել, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչություն: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Ձեռնարկվում են միջոցներ դեպքի հանգամանքները պարզելու և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
    14:00
    07.03.25
    Ավելին