Լրահոս
13:51
01.03.22
231

Նախորդ տարի ծառայության հետ կապված մահացել է 42 զինծառայող

Img default alt hy

ՀՀ ԶՈւ-ի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է հանցագործության 2072 դեպք. 2020թ. համեմատ ԶՈւ-ում հանցագործությունները նվազել են 944 դեպքով կամ 31.2%-ով: Այսօր դատախազությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ տեղեկությունը հայտնել է ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանը։

Նա հայտնել է նաև, որ նախորդ տարի ԶՈւ-ում առանձնապես ծանր հանցագործությունները նվազել են 34.8, ծանր հանցագործությունները՝ 74,39%-ով։

«Առանձնապես ծանր հանցագործություններից սպանության 10 դեպքը կատարվել է հակառակորդի կողմից, իսկ 4-ը ԶՈւ-ում ներքին սպանություններ են։ Բացի այդ, հակառակորդի կողմից կատարվել է սպանության 40 փորձ, 11 դեպք է եղել ռազմական դրության ժամանակ պետի, իսկ 10՝ ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու»,–հայտնել է Հարությունյանը։

Բացի այդ, նախորդ տարի 280 դեպք էլ առնչվել է ռազմական դրության ժամանակ զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելուն, իսկ 11-ը՝ հակառակորդի կողմից պետության տարածքային ամբողջականությունը խախտելուն:

2021թ. ընթացքում ծառայության հետ կապված մահացել է 42 զինծառայող (2020թ.՝ 46), որից 19-ը՝ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշել է, որ թեև ԶՈւ-ում քրեական ենթամշակույթին բնորոշ մտածողությունից ածանցվող հարաբերությունների դեմ պայքարը տվել է որոշակի արդյունքներ, սակայն խնդիրը դեռ առկա է:

Դավթյանն անընդունելի է համարել հատկապես պատերազմից հետո բանակում կոռուպցիոն դրսևորումների շարունակումը: Նշենք, որ ՀՀ ԶՈւ և այլ զորքերի զորամասերում 2021թ. արձանագրված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերից 192-ով հարուցվել են քրգործեր:

ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ թեև նախընթաց շրջանում եղել են զինված ուժերի մարտունակության դեմ ներքին հանցագործությունների առանձին գործերով առանձին անձանց քրեական հետապնդման ենթարկելու դեպքեր, սակայն ընդհանուր արդյունքները չեն կարող բավարար համարվել:

Գլխավոր դատախազը կոնկրետ պահանջներ է դրել նաև Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և ԶՈւ-ի կողմից կատարված միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումների, պատերազմական հանցագործությունների վերաբերյալ քննվող մեծածավալ քրեական գործի առնչությամբ:

Նա նաև նշել է, որ առաջիկայում նախաձեռնելու է ՀՀ ՊՆ-ի հետ խորհրդակցությունների շարք։