Լրահոս
Քաղաքական
13:00
06.12.22
87

Նախագահ չունեցող կառույցը մեկ անձից ակտիվորեն գնումներ է կատարում. «Ժողովուրդ»

Img default alt hy

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Չնայած ՀՀ կառավարությանը ենթակա Միջուկային անվտանգության կոմիտեն անգամ նախագահ չունի, սակայն մեկ անձից գնումներում բավականին ակտիվ է: Օրինակ՝ «ՎԻՆՈ-ՎԻՆՈ» ՍՊԸ-ի հետ կոմիտեն պայմանագիր է կնքել 184.500 դրամի չափով՝ ներկայացուցչական ծախսերի համար:

Պայմանագրից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կոմիտեն այդ ՍՊԸ-ից 124 հազար 500 դրամ արժողությամբ «Ախթամար» և 60 հազար դրամ արժողությամբ «Արարատ» կոնյակներ է գնել: Եվս 80 հազար դրամի պայմանագիր կոմիտեն կնքել է «Կարեն Ռեզյան» ԱՁ-ի հետ՝ ավտոմեքենաների պահպանման ծառայությունների համար:

Նույն ՍՊԸ-ի հետ նույն նպատակով կոմիտեն նաև 91 հազար դրամ արժողությամբ է պայմանագիր կնքել: Համակարգչային սարքերի պահպանման և վերանորոգման համար կոմիտեն միանգամից երկու ՍՊԸ-ից է մեկ անձից գնում կատարել՝ 28 և 365 հազար դրամ արժողությամբ պայմանագրեր կնքելով: Իսկ ինչո՞վ է զբաղվում ՀՀ կառավարությանը ենթակա Միջուկային անվտանգության կոմիտեն:

Ինչպես արդեն նշեցինք, այն անգամ նախագահ չունի: Ամեն դեպքում, կառավարության պաշտոնական կայքում այդ տվյալները բացակայում են, և նշված է միայն առաջին տեղակալի և տեղակալի անունները: Ավելին՝ անգամ կոմիտեի պաշտոնական կայքն է գտնվում անմխիթար վիճակում, և որևէ այլ տեղեկություն կամ կոմիտեի գործունեության մասին տվյալներ ուղղակի անհնար է գտնել:

Մինչ այդ նկատենք՝ «Նկարագրություններ» բաժնում նշված է, թե Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն իրականացնում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի պետական կարգավորումը բնակչության և անձնակազմի անվտանգության ապահովման, շրջակա միջավայրի պաշտպանության և ՀՀ անվտանգության պաշտպանության նպատակներով:

Այսինքն՝ իրականում կարևոր գործառույթներ են, սակայն կոմիտեն ոչ միայն նախագահ, պաշտոնական կայք չունի, այլև անհասկանալի գործունեության համար կասկածելի գնումներ է անում»: