Լրահոս
Հայաստան
21:30
28.07.21
38

«Միանգամից սկսեցին կրակել, չհասկացա՝ ինչ կատարվեց». Հայկական կողմը 3 զոհ, 5 վիրավոր ունի

Գիշերը 3:40-ից սկսված ու մոտ 6 ժամ շարունակված մարտերի մասին Զինուժի տեսախցիկի առաջ պատմել են վիրավորված  տղաները: Մութ է եղել, մառախուղ, թշնամին անսպասելի սկսել է հարվածել ականանետով:

Մեր 5 վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, բժիշկները նրա կյանքի համար են պայքարում: Բոլորն էլ տեղափոխվել են Երևանի զինվորական հոսպիտալ: Վնասվածքները բեկորային ու հրաձգային են: Ադրբեջանական սադրանքին դիմակայելիս՝ զոհվել է 3 զինծառայող: Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողություններ, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ:

 Հայաստանը կեսօրից առաջ համաձայնել է Ռուսաստանի միջնորդությամբ  հրադադար հաստատել Ադրբեջանի հետ:  Պաշտպանության նախարարությունը վստահեցնում է, որ հրադադարի պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է։  Գեղարքունիքում վիճակը կայուն է, սահմանի մնացած մասերում՝ հարաբերականորեն հանգիստ: Շփման գծի փոփոխություն տեղի չի ունեցել: «Կողմերն ինչպես դիրքավորված էին, հիմա նույն դիրքով կանգնած են». Գեղարքունիքի մարզպետն է ասել լրատվամիջոցներին: Գնել Սանոսյանի խոսքով` խաղաղ բնակչության շրջանում տուժածներ չկան, բնակավայրերում խուճապ չկա: