Լրահոս
Միջազգային
22:00
14.10.25
174

Մադագասկարի բանակը հայտարարել է իշխանությունն իր ձեռքը վերցնելու մասին

Img default alt hy

Մադագասկարում զինվորականները հայտարարել են երկրում պետական ​​իշխանությունը ռազմական խորհրդի վերահսկողությանը փոխանցելու մասին, որի մեջ մտնում են բանակի, ժանդարմերիայի և ազգային ոստիկանության ներկայացուցիչները։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն։ 

Իշխանափոխությունը տեղի է ունեցել Մադագասկարի նախագահ Անդրի Ռաձուելինայի արտասահման փախուստի մասին լուրը տարածվելուց մեկ օր անց։ 

«Մենք իշխանությունը մեր ձեռքն ենք վերցրել», - հայտարարել է գնդապետ Մայքլ Ռանդրիանինան։

Սահմանադրությունը կասեցվել է, և բոլոր պետական ​​հաստատությունները, բացառությամբ Մադագասկարի խորհրդարանի ստորին պալատի, լուծարվել են: Զինվորականների կողմից իշխանափոխության մասին հայտարարելուց մի քանի րոպե առաջ խորհրդարանի անդամները քվեարկել են Ռաձուելինային պաշտոնանկ անելու օգտին:

Ռազմական խորհրդի կազմում են նաև CAPSAT էլիտար ստորաբաժանման անդամները, որը 2009 թվականի հեղաշրջման ժամանակ օգնել է Անդրի Ռաձուելինային գալ իշխանության։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռաձուելինան ֆրանսիական ռազմական ինքնաթիռով լքել է երկիրը հոկտեմբերի 12-ին՝ զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին: Ռուձուելինայի մեկնումը երկրից համաձայնեցվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: