Լրահոս
Աշխարհ
19:15
20.08.25
185

Լեհաստանում դաշտում ռազմական անօդաչու թռչող սարք է ընկել

Img default alt hy

Ըստ նախնական հետաքննության արդյունքների՝ Լեհաստանի արևելքում եգիպտացորենի դաշտին հարվածած և այն այրած օբյեկտը եղել է ռազմական անօդաչու թռչող սարք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես տեղեկացնում է Reuters–ը՝ այս մասին հայտնել է Լյուբլինի շրջանային դատախազ Գժեգոժ Տրուսևիչը։ 

Լեհաստանը բարձր զգոնության վիճակում է իր օդային տարածքը ներխուժած սարքերի առումով, քանի որ 2022 թվականին ուկրաինական մոլորված հրթիռը հարվածել էր Լեհաստանի Պժևոդով գյուղին, որի հետևանքով 2 մարդ էր զոհվել: 

«Պայթյունի ուսումնասիրությունը ցույց է տալիս, առարկան, ամենայն հավանականությամբ, ռազմական անօդաչու թռչող սարք է», -ասել է Տրուսևիչը։ 

Ոստիկանությունն ավելի վաղ հայտարարել էր, որ անհայտ առարկա է ընկել Լյուբլինի Օսինի գյուղի դաշտում, որը գտնվում է Ուկրաինայի սահմանից ավելի քան 100 կմ և Բելառուսից մոտ 90 կմ հեռավորության վրա։

Լեհաստանի PAP պետական լրատվական գործակալությունը, հղում անելով պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած անձի, հայտնել է, որ ԱԹՍ–ն մարտագլխիկ չի ունեցել, պարունակել է միայն փոքր քանակությամբ պայթուցիկ նյութեր և, որ ամենայն հավանականությամբ, խայծ է եղել։