Լրահոս
Հասարակական
23:40
23.12.22
134

Անթիլիասի Մայրավանքում կայացել է Լաչինի միջանցքի խնդրին նվիրված միջկուսակցական հանդիպում

Img default alt hy

Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսն այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան, Հայ Յեղափոխական Դաշնակցության և Ռամկավար Ազատական կուսակցությունների ներկայացուցիչների հետ քննարկել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը, որի հետևանքով ադրբեջանցիների կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը դեկտեմբերի 12–ից փակ է։

Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսը ֆեյսբուքյան էջում գրել է.

 «Այս գիշեր՝ Ուրբաթ, 23 Դեկտեմբեր 2022-ին, Կաթողիկոսանիստ Մայրավանքին մէջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին հրաւէրով, Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան (Ս.Դ.Հ.Կ.), Հայ Յեղափոխական Դաշնակցութեան (Հ.Յ.Դ.) և Ռամկավար Ազատական Կուսակցութեան (Ռ.Ա.Կ.) վերին մարմիններու ներկայացուցիչները՝ Ալեքսան Քէօշկէրեան, դոկտ. Մկրտիչ Մկրտիչեան և տոքթ. Աւետիս Տագէսեան խորհրդակցական հանդիպում մը ունեցան: Հանդիպումին ներկայ էին նաև Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Ազգային Կեդրոնական Վարչութեան համա-ատենապետները՝ Ստեփան Տէր Պետրոսեան և Գրիգոր Մահսերէճեան:

Վեհափառ Հայրապետը ներկայացուց ազերիներուն կողմէ Արցախը Հայաստանին կապող միջանցքին փակման գծով միջազգային մամուլին իր կատարած յայտարարութիւնը և այդ ուղղութեամբ հաստատած կապերը՝ միջ-եկեղեցական ու միջ-կրօնական շրջանակներէն ներս, ինչպէս նաև յիշեալ շրջանակներուն կատարած թէ՛ դատապարտումի արտայայտութիւնները և թէ՛ դիւանագիտական աշխատանքները: Նորին Ս. Օծութիւնը նաև անդրադարձաւ Արցախի նախագահին և պետական նախարարին հետ ունեցած իր հեռաձայնային զրոյցին, Կաթողիկոսութեան թեմերու առաջնորդներուն կատարած թելադրութիւններուն և այլ աշխատանքներու՝ շեշտելով հաւաքական ճիգով Սփիւռքէն ներս մեր բողոքը արտայայտելու հրամայականը և միջազգային համայնքին պարզելու Բերձորի միջանցքին փակման ստեղծած յատկապէս մարդասիրական ծանր հետևանքները և անոր շուտափոյթ վերաբացման անհրաժեշտութիւնը:

Վեհափառ Հայրապետը ապա կոչ ուղղեց համասփիւռքեան մաշտապով և բոլոր համայնքներու, կուսակցութիւններու, մարմիններու և մեր ժողովուրդի զաւակներու մասնակցութեամբ, հաւաքական կեցուածք ճշդելու, դատապարտումի ձայն բարձրացնելու և միջանցքին շուտափոյթ վերաբացումը պահանջելու կարևորութիւնը: Այս ծիրէն ներս Հայրապետը ընդգծեց երեք կուսակցութիւններուն կարևոր դերը:

Ներկաները խօսք առնելով՝ ողջունեցին Վեհափառ Հայրապետին տարած աշխատանքները ու բաժնեցին անոր մտահոգութիւններն ու տեսակէտները՝ շեշտելով համահայկական ճիգով ու միջ-կուսակցական գործակցութեամբ Սփիւռքի բոլոր գաղութներէն ներս կազմակերպուելու և ազդու միջոցներով ու գաղութներու շրջապատին համապատասխան մօտեցումով մեր հաւաքական բողոքը արտայայտելու անյետաձգելի անհրաժեշտութիւնը»։