Լրահոս
Աշխարհ
17:59
20.01.23
69

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում նավաբեկության հետևանքով 145 մարդ Է անհետ կորել

Img default alt hy

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության հյուսիս-արևմուտքում առնվազն 145 մարդ Է անհետ կորել գետում նավի խորտակման հետևանքով: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Africanews լրատվամիջոցին:

Նշվում է, որ նավը Լուլոնգա գետով ուղևորվում էր դեպի հարևան Կոնգոյի Հանրապետություն, երբ շրջվել է Բասանկուսու քաղաքի մոտ:

Նավում գտնվող 200 ուղևորներից 55-ին հաջողվել է փրկվել: Մյուսների որոնումները շարունակվում են։

Ջրից հանված մարմինների մասին հաղորդումներ դեռևս չկան։ Լրատվամիջոցը նշում է, որ նավը խորտակվել է երեքշաբթի գիշերը:

Այն գերբեռնված է եղել ապրանքներով և կենդանիներով: Նահանգի քաղաքացիական հասարակության խմբերի նախագահ Ժան-Պիեռ Վանգելան լրագրողներին հայտնել է, որ նավը խորտակվել է գերբեռնվածության պատճառով, սակայն բնակիչները նահանգում բեռփոխադրումների այլ տարբերակներ չունեն:

Africanews-ը նշում է, որ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հեռավոր հատվածներում ողբերգական նավաբեկություններ բավական հաճախ են տեղի ունենում, քանի որ ճանապարհներով տեղաշարժը երբեմն անհնար է:

Շատ նավեր գերբեռնված են ապրանքներով և լողալ չիմացող մարդկանցով: Երկրի հեռավոր հատվածներում փրկարարական գործողությունների հնարավորությունը նույնպես սահմանափակ է: