Լրահոս
Առողջապահական
20:05
18.07.22
310

Կերատոկոնուս. ախտանշանները, առաջացման պատճառները, բուժումը

Img default alt hy

«Aysor.am»-ը գրում է․

«Կերատոկոնուսը եղջերաթաղանթի քրոնիկ հիվանդություն է, որի դեպքում եղջերաթաղանթը բարակում է, ապա արտափքվում՝ հանգեցնելով տեսողության սրության իջեցման։ 

Հիվանդությունը սովորաբար հայտնաբերվում է դեռահասների մոտ, հաճախ մինչև 30 տարեկանը։ Հիվանդությունը կարող է դանդաղ զարգանալ տարիների ընթացքում։

Կերատոկոնուսի առաջացման պատճառներն են՝

• ժառանգականությունը
• արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը 
• աչքում քրոնիկ ինֆեկցիաները
• աչքի վնասվածքները
• կարող է դիտվել նաև որոշ համակարգային հիվանդությունների դեպքում (Դաունի համամախտանիշ, նեյրոֆիբրոմատոզ, շաքարային դիաբետ և այլն)

Հիվանդությունը բնորոշվում է ծանրության չորս աստիճանով. առաջինը հիվանդության զարգացման սկզբնական փուլն է, չորրորդը ծանրագույն վիճակն է, երբ կա եղջերաթաղանթի թափածակման վտանգ։

Կերատոկոնուսի ախտանշանները՝

• տեսողության սրության իջեցում
• պատկերների աղավաղում
• ակնոցի հաՃախակի փոխելու կարիք (քանի որ աստիճանաբար մեծանում է կարճատեսության  և աստիգմատիզմի չափը)
• լուսավախություն
• ցավ աչքերում

Ախտորոշման հաստատման համար անհրաժեշտ է տեսողության սրության որոշում,  կարճատեսության և աստիգմատիզմի չափի տվյալներ (ավտոռեֆրակտոմետրիա), եղջերաթաղանթի հաստության և մակերևույթի մասին տվյալներ (կերատոպախիմետրիա, կերատոտոպոգրաֆիա)։

Բուժման մեթոդներն են կրոսս-լինկինգը, եղջերաթաղանթում ստրոմալ օղերի տրանսպլանտացիան և եղջերաթաղանթի տրանսպլանտացիան (կերատոպլաստիկա)։

Կերատոկոնուսը տարածված հիվանդություն է, վաղ հայտնաբերումը նպաստում է բուժման արդյունավետությանը, բարդությունների՝ եղջերաթաղանթի մթագնման, թափածակման կանխարգելմանը»։