Լրահոս
Քաղաքական
15:54
03.05.22
1 077

Կարմիրբերետավորը ձեռքը մտցրել էր գրպանս․ քաղաքացին պնդում է՝ բերման ենթարկվելիս գողացել են իր գումարը

Img default alt hy

Այսօր անհնազանդության ակցիայի ժամանակ Բաղրամյան պողոտայում կարմիրբերետավորը բերման ենթարկվող քաղաքացու գրպանից գողացել է 200 հազար դրամ։ Այս մասին պատմել է «News.am»-ի խմբագրություն ահազանգած քաղաքացի Մանուկյանը, որը խնդրեց չհրապարակել իր անունը։

«Ինձ բերման էին ենթարկում չորս կարմիրբերետավորներ։ Մեքենա նստելիս զգացի, որ նրանցից մեկը ձեռքը մտցրել էր գրպանս։ Ես ասացի, որ հեռու տանի ձեռքերը, բայց այդ պահին չէի զգացել, որ ինքն արդեն վերցրել էր գումարս»,- ասել է Մանուկյանը։

Քաղաքացին ոստիկանական բաժանամունքի մոտ նկատել է, որ իր գումարն անհետացել է և աղմուկ է բարձրացրել։

«Սկսեցինք գումարը փնտրել ավտոմեքենայի մեջ, իհարկե, այն չկար։ Ես կասկած չունեմ, որ այդ բերետավորն է վերցրել իմ գումարը։ Ես կասկածներ ունեմ, որ ոստիկանական համազգեստի տակ մեծ մասամբ թաքնված են թաղային խուժանները կամ էլ վերջին ընթացքում ոստիկանական շարքերը շատ հեշտությամբ համալրած կասկածելի մարդիկ են»,- նշել է Մանուկյանը։

Քաղաքացին հավելել է, որ դեպքի առնչությամբ հաղորդում է ներկայացրել ոստիկանական բաժանմունք․

«Դեմքը շատ լավ հիշում եմ․մինչև երեսուն տարեկան տղամարդ էր, հուսով եմ կգտնվի»։