Լրահոս
Արտաքին քաղաքականություն
16:56
18.07.22
171

Կարակալպակստանում անկարգությունների զոհերի թիվը հասել է 21-ի

Img default alt hy

Կարակալպակստանում անկարգությունների զոհերի թիվն ավելացել է ևս երեքով և դարձել է 21, երկուշաբթի ասել է Ուզբեկստանի գլխավոր դատախազության խոսնակ Խայեթ Շամսուդդինովը։

«Ցավոք սրտի, ևս երեք քաղաքացի մահացել է, չնայած բժիշկների ջանքերին, քանի որ նրանց վիճակը շատ ծանր էր»,- «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ առցանց ճեպազրույցի ժամանակ ասել է Շամսուդդինովը։

Ավելի վաղ Ուզբեկստանի իրավապահները հայտնել էին, որ անկարգությունների ընթացքում զոհվել է 18 մարդ, վիրավորվել՝ 243-ը, ձերբակալվել՝ 516, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիներ։ Ավելի ուշ երկրի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ Ուզբեկստանի քրեական օրենսգրքի «սահմանադրական կարգի ոտնձգություն» հոդվածով 14 մարդ է բերման ենթարկվել։

Հուլիսի 4-ին Ուզբեկստանի խորհրդարանը որոշեց պահպանել Կարակալպակստանի կարգավիճակը, որը ենթադրում է ինքնիշխանություն:

Կարակալպակստանի մայրաքաղաք Նուկուսում հուլիսի 1-ին անօրինական ցույց է տեղի ունեցել Ուզբեկստանի Սահմանադրության փոփոխությունների դեմ։ Տեղի իշխանությունների տվյալներով՝ ձերբակալվել են անկարգությունների մի խումբ կազմակերպիչներ, որոնք փորձել են գրավել շրջանի իշխանությունը։

Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը հուլիսի 3-ից օգոստոսի 2-ը արտակարգ դրություն է մտցրել Կարակալպակստանում, ինչպես նաև պարետային ժամ՝ նշված ժամանակահատվածում։ Հուլիսի 3-ին Միրզիյոևի մասնակցությամբ կայացած կոնֆերանսի ընթացքում նշվել է, որ իրավիճակը Կարակալպակստանում կայունացել է և վերադառնում է բնականոն հուն։