Լրահոս
Քաղաքական
20:45
09.01.25
604

Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ

Img default alt hy

Կալիֆոռնիայում hունվարի 7-ից բռնկված հրդեհների հետևանքով զոհվածների թվում, այս պահին ունեցած տեղեկություններով, ՀՀ քաղաքացիներ չկան: Այդ մասին «Լուրերին» տեղեկացրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

«Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն աշխատում է բնականոն ռեժիմով, իրականացվում է հյուպատոսական ընդունելություն:

Հունվարի 8-ին ստացվել է մոտ երեք տասնյակ հեռախոսազանգ՝ հյուպատոսական հարցումներով։

Գլխավոր հյուպատոսությունը մշտական կապի մեջ է տեղական իշխանությունների, մասնավորապես՝ Լոս Անջելեսի և Գլենդելի քաղաքապետարանների, ինչպես նաև համայնքային կառույցների հետ»,- նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:

Լոս Անջելեսում մոլեգնող անտառային հրդեհների ֆոնին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կալիֆոռնիայում աղետի ռեժիմ է հայտարարել և չեղարկել Իտալիա այցը: Նախագահը մեկնել է Կալիֆոռնիա, նաև կարգադրել գումար հատկացնել՝ աջակցելու տեղական իշխանությանը:

Հրդեհի հետևանքով տասնյակ հազարավոր մարդիկ տարհանվել են, հայտնի է առնվազն 5 զոհի մասին, կան տուժածներ:

Հազարավոր տներ և ձեռնարկություններ են այրվել: Հայաշատ քաղաքները նույնպես կրակի գոտում են: