Լրահոս
Հայաստան
11:50
15.08.22
159

IRNA գործակալությունը ներկայացրել է՝ ինչպես են հայերը Թեհրանում նշել Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը

Img default alt hy

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին օգոստոսի 14-ին նշել է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը: Սուրբ Պատարագի ավարտից հետո Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանին կատարվել է Խաղողօրհնեքի արարողությունը:

«Tert.am»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Թեհրանում՝ հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցում, արքեպիսկոպոս Սեպուհ Սարգսյանի և մի խումբ հայորդիների մասնակցությամբ, ևս նշվել է այս տոնը, ինչի վերաբերյալ ստորև ներկայացված է ծավալուն ֆոտոշարք:

Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է եւ Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Կցկտուր են Աստվածամոր մասին տեղեկություններն Աստվածաշունչ մատյանում, իսկ նրա կյանքի մյուս մանրամասները, ինչպես նաև վերափոխման պատմությունը պահպանվել և փոխանցվել են Եկեղեցու Ավանդության շնորհիվ:

Ավանդության համաձայն` Սբ. Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո ապրել է Երուսաղեմում, Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո: Շուրջ 12 տարի Աստվածամայրը պահքով անդադար աղոթել է: Այդ ժամանակ նրան է հայտնվել Գաբրիել հրեշտակապետն ու ավետել Տիրամոր` երկրային աշխարհից Վերին Երուսաղեմ վերափոխվելու լուրը:

Աստվածածինն էլ այս բարի լուրը հայտնել է իր ազգականներին ու մյուս բոլոր քրիստոնյաներին` պատվիրելով, որ իրեն թաղեն Գեթսեմանիի ձորակում: Սբ.Կույսը նաև պատվիրել է Հովհաննես առաքյալին, որ վերջինս Սբ. Պատարագ մատուցի, որպեսզի ինքը վերջին անգամ Սբ. Հաղորդություն ընդունի:

Ինչպես յուրաքանչյուր տաղավար տոն, այս տոնին նույնպես հաջորդում է մեռելոց հիշատակման օրը: Այս տոնը Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է, որը նշվում է ամեն տարի օգոստոսի 15-ի ամենամոտ կիրակի օրը և սկսել է տոնվել դեռ հինգերորդ դարից: