Լրահոս
Քաղաքական
16:52
10.06.23
201

Ինչպես լուծել օրվա իշխանության ոչ լեգիտիմության խնդիրը․ Անդրանիկ Թևանյան

Img default alt hy

«Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի համակարգող, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը գրում է․

«Ինչպես լուծել օրվա իշխանության ոչ լեգիտիմության խնդիրը

Օրվա իշխանությունը մեր երկրի համար կարևորագույն հարցերով 2021-ին հանդես է եկել մի տեսակետով և հիմա իրականացնում է լրիվ հակառակ քաղաքականությունը: Դրանով իսկ իշխանությունը հայտնվել է ոչ լեգիտիմության դաշտում:

1. Խոստացվել էր Արցախի ինքնորոշման իրավունքի հարցի պաշտպանություն՝ բացառելով Ադրբեջանի կազմում հայտնվելը: 2022-ի հոկտեմբերի 6-ից սկսած իշխանությունը որդեգրել է Արցախն Ադրբեջանինն է քաղաքականությունը՝ դրանով իսկ հնարավորություն տալով թշնամուն շրջափակել Արցախը և սպառնալ Հայաստանի գոյությանը:

2. Բացառվել էր Հայաստանի տարածքաների հանձնումը: Հիմա առնվազն չեն բացառում Հայաստանի գյուղերի ու ճանապարհների հանձնում Ադրբեջանին, ինչը վերջինիս ախորժակը բարձրացրել է մինչև «Հայաստանն Արևմտյան Ադրբեջան է» մակարդակի:

3. Խոստացվել է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացում, սակայն վարվում է ճիշտ հակառակ քաղաքականություն, ինչը լրջագույն սպառնալիք է մեր անվտանգությանը:

Ահա այս երեք ռազմավարական հարցերում տեղի է ունեցել մեծ խաբեություն (մյուս մանր ու միջին ստերը դեռ մի կողմ դրած): Սա նշանակում է, որ ունենք ոչ լեգիտիմ իշխանություն, որն ապօրինաբար հանդես է գալիս ժողովրդի ու պետության անունից: Սրա քաղաքական կապիտալիզացիան պետք է դրսևորվի իշխանափոխության ձևով:

Որքան էլ որ առաջին հայացքից պարզունակ թվա, իշխանափոխության աղբյուրը պետք է լինի ժողովուրդն իր հավաքական կամքով: Զուտ վերնախավային գործընթացով հնարավոր չէ լուծել ոչ լեգիտիմության խնդիրը: Ուստի՝ պետք է գնալ տնից տուն, բակից բակ, շփվել հանրության տարբեր շերտերի հետ, բացատրել իրականությունը, լսել մարդկանց կարծիքները՝ այն հստակ գիտակցությամբ, որ նոր իշխանության լեգիտիմությունը պետք է ստանալ ժողովրդից: «Մայր Հայաստան» շարժումն առաջնորդվում է այդ սկզբունքով ու աշխատում է այդ տրամաբանությամբ»։