Լրահոս
Առողջապահական
11:45
04.06.23
115

Ինչու՞ է կարևոր երեխայի պատվաստումը և ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ հետագա կյանքի վրա

Img default alt hy

Կյանքի առաջին օրերից երեխայի իմունային համակարգն արդեն իսկ կարող է դիմակայել շատ մանրէների, սակայն կան որոշ վտանգավոր վիրուսներ, որոնց դեմ երեխայի օրգանիզմն ունակ չէ ինքնուրույն պայքարել։

Պատվաստումների օգնությամբ իմունային համակարգը ճանաչում է այդ հիվանդությունները և պայքարում դրանց դեմ։

Պատվաստումների շնորհիվ աշխարհում տարեկան կանխվում է 2-3 մլն մահ, գրում է Aysor.am-ը։

Ավելի հեշտ չէ՞ վարակվել այդ հիվանդությամբ և ձեռք բերել բնական իմունիտետ

Թե՛ հիվանդանալուց, և թե՛ պատվաստվելուց հետո զարգանում է պաշտպանիչ իմունիտետ, սակայն բնական վարակներից հետո հաճախ զարգանում են այնպիսի բարդություններ, ինչպիսիք են՝ թոքաբորբը, գլխուղեղի և դրա թաղանթների բորբոքումը, սեպսիսը, կուրությունը, բնածին արատները, կաթվածը, ուռուցքները և այլն։

Պատվաստվելուց հետո օրգանիզմը ձեռք է բերում պաշտպանիչ իմունիտետ՝ առանց նմանատիպ բարդությունների զարգացման։

Անվտա՞նգ են արդյոք պատվաստումները

Բոլոր պատվաստանյութերը՝ մինչ արտոնագրումը և կիրառումը, անցնում են արդյունավետությունը և անվտանգությունը ապացուցող նախակլինիկական, այնուհետև՝ երեք լայնածավալ կլինիկական հետազոտություններ, իսկ արտոնագրումից հետո մշտապես վերահսկվում են բազմաթիվ կառույցների կողմից։

Բազում հետազոտությունների և ուսումնասիրությունների արդյունքում ապացուցվել է, որ ո՛չ պատվաստանյութերում պարունակվող օժանդակ նյութերը, ոչ էլ այլ բաղադրիչները չեն առաջացնում աուտիզմ, դիաբետ, աուտոիմուն հիվանդություններ, չբերություն և այլն։
Ժամանակին պատվաստելով երեխային՝ հնարավոր է պաշտպանել ոչ միայն նրան, այլ նաև ամբողջ շրջապատը։

Նյութը տրամադրեց «Ուիգմոր» հիվանդանոցային համալիրը։