Լրահոս
Քաղաքական
20:40
31.01.23
256

«Իմ Քայլը» հիմնադրամի փողերը վերջացե՞լ են․ Hraparak.am

Img default alt hy

«Հրապարակ»-ը գրել է․ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամը սոցկայքերով տեղեկացնում է, որ հունվարի 30-ին, համագործակցության հուշագիր է ստորագրել Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի հետ: Համատեղ ջանքերով իրականացնելու են 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորված զինվորների սոցիալ-տնտեսական վերաինտեգրում, պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում, նրանց համար գործարարությամբ զբաղվելու համապատասխան պայմանների ստեղծում:

Կարդացի ու` լրիվ ԴԵԺԱՎՅՈւ: Այս ամենն արդեն կարդացել էի, այս ամենի մասին Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամը հայտարարել է դեռևս կես տարի առաջ:

ՀՀ փոխվարչապետի (այդ պահին՝ Համբարձում Մաթևոսյան) մայիսի 17-ի 327-Ա որոշմամբ բարեգործական էր որակվել Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագիրը: Աննա Հակոբյանն ասել է, որ ծրագրի վրա 39,02 միլիոն դրամ է ծախսելու, որով Շիրակի մարզում բնակվող, 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած զինվորների համար մասնագիտական կողմնորոշման ճամբար, վերապատրաստումներ է կազմակերպելու: Աննա Հակոբյանը չի ասել քանի հոգու համար, բայց ծրագիրը հաստատվել է:

ՀՀ փոխվարչապետի (այդ պահին՝ Համբարձում Մաթևոսյան) 2022 թվականի հունիսի 9-ի 403- Ա որոշմամբ բարեգործական էր որակել Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի 148,22 միլիոն դրամ արժողությամբ «Քվանտա» մագիստրոսական կրթություն» ծրագիրը: Աննա Հակոբյանը հավակնոտ նպատակ է սահմանել. Հայաստանում ձևավորել քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի և տեխնոլոգիաների զարգացման մշակույթ և Հայաստանը վերածել տարածաշրջանային գիտակրթական կենտրոնի, պատրաստել բարձրորակ մասնագետներ, որոնք կարող են իրականացնել գիտահետազոտական աշխատանք, հիմնել նորարարական ընկերություններ, որոնք հետագայում հնարավոր կլինի վերածել հայրենական տեխնոլոգիական ընկերությունների: Աննա Հակոբյանը չի ասել քանի հոգու համար, բայց ծրագիրը հաստատվել է:

Ըստ նշված որոշումների, «Իմ քայլը» հիմնադրամը պարտավոր է եռամսյակը մեկ հաշվետվություն ներկայացնել: Որոշումներից անցել է ավելի քան 6 ամիս ու առնվազն երկուական հաշվետվություն պիտի լիներ: Չկա: «Իմ քայլը» հիմնադրամի պաշտոնական կայքում չկա, առանց սոցկայքերի իրենց կյանքը չպատկերացնող թավշյա-քայլոների սոցկայքերի էջերում չկա: Արված աշխատանքի վերաբերյալ հաշվետվություն չներկայացնելը «Իմ քայլը» հիմնադրամի այցեքարտն է:
Ու հիմա նույն՝ պատերազմի մասնակիցներին օգնելու նպատակով համագործակցություն է սկսում Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի հետ: Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղը բարի համբավ ունի, բազմաթիվ հաջող իրականացված և իրականացվող ծրագրեր: Հաշվետվություն ներկայացնելուց խուսափող «Իմ քայլը» հիմնադրամի հետ համագործակցությունը ռիսկային է Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի համար:

Իսկ նույն ծրագրի մասին երկու անգամ, վեց ամիս ընմիջումով հայտարարելը հատուկ է թավշյա-քայլոներին: Երևանի քաղաքապետի 2020 թվականի մարտի 17-ի 1004-Ա որոշմամբ, Կոմիտասի պողոտայի 49/9 հասցեում գտնվող 2 016 քմ մակերեսով հողամասը կառուցապատման իրավունքով մինչև 2080 թվականի ապրիլի 1-ը «Հայկ-88» ՍՊԸ-ին՝ 10 միլիոն դոլար ներդնելու և բազմաֆունկցիոնալ կենտրոն կառուցելու նպատակով:

Քաղաքապետի որոշումից 6 ամիս անց՝ 2020 թվականի նոյեմբերի 26-ին ՀՀ կառավարությունը 1859-Ա որոշմամբ, նույն տարածքը տրամադրել է նույն՝ «Հայկ-88» ընկերությանը՝ բազմաֆունկցիոնալ կենտրոն կառուցելու նպատակով: Որոշումներից անցել է ավելի քան երկու տարի: Նշված տարածքում բան չի արվել,ինչպես բան չի արվում «Իմ քայլը» հիմնադրամի «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» և «Քվանտա» մագիստրոսական կրթություն» ծրագրերով: Բայց մնում են հարցեր. եթե Աննա Հակոբյանը ծրագրի իրականացման համար փող չուներ, փոխվարչապետը ինչո՞ւ է հաստատել ծրագիրը, եթե փող ուներ` ինչո՞ւ է մեկնարկից հազիվ վեց ամիս անց վերջացել ու արդյունք չկա, եթե չի վերջացել` նոր գործընկեր-ներդրողի անհրաժեշտությունը ո՞րն է: