Լրահոս
Քաղաքական
11:25
12.08.22
92

Ի՞նչ է ցույց տալիս Երևանը. որ նա թքած ունի Ռուսաստանի վրա, «что он видел в гробу Россию». Կոլերով

Img default alt hy

«Հրապարակ»-ը գրում է․

«Ռուսաստանցի քաղաքագետ, «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովի հետ մեր վեճ-զրույցը տխուր ու հուսահատ ստացվեց: Ես փորձում էի ամեն կերպ լույս տեսնել թունելի վերջում, նա ասում էր, որ 19 տարի զբաղվել է հայկական հարցերով, և առաջինն ինքն իրեն խոստովանում է, որ չգիտի՝ ինչպես կարելի է դուրս գալ այս վիճակից: «Լաչինի միջանցքից դուրս ես գալիս, գնում ես դեպի Հայաստան, և այնտեղ ընդամենը 3 բնակեցված կղզյակ կա, մնացածը անապատ է:

Ռուսներն այնտեղ կբնակվե՞ն: Երբեք: Ռուսների համար այնտեղ շոգ է: Ինչպես Երևանն է մեկուսացված «միլիոննիկ», ինչպես Վատիկանը, այդպիսին էլ Ստեփանակերտն է: Սրանք դառը իրողություններ են, որոնց մասին դժվարանում եմ խոսել: Հայերը լավ կլինի իրենց քթի տակ նայեն: Հավ ման տալու տեղ չունեն արդեն, բայց անընդհատ խոսում են ռուսների մասին: Ես 19 տարի զբաղվում եմ հայկական հարցերով, և առաջին անգամ սկսել եմ ինքս ինձ խոստովանել, որ չունեմ էլ ոչ մի իդեա: Որովհետև ոնց որ խուլ պատի խփեմ` ոչ մի արձագանք»: 

-Հայաստանում հիմնականում դեպրեսիվ տրամադրություններ են, մարդիկ ոչ մի լավ բան չեն սպասում: Թեև բնակչության մեծ մասի հայացքն ուղղված է դեպի Հյուսիս, բայց այսօր ռուս խաղաղապահներին մեղադրում են պասիվության մեջ, մեր վարչապետը նույնիսկ խոսեց ռուսական կողմի թողտվության  մասին, որի պայմաններում էլ տեղի ունեցավ վերջին սրացումը շփման գծում: Դուք համաձա՞յն եք նման գնահատականի հետ և ինչի՞ հետ է կապված խաղաղապահների պասիվությունը:  

-Ինչո՞ւմ է պասիվությունը: 

-Նրանում, որ Ադրբեջանը խախտում է նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները, կրակում են, օրինակ, իսկ ռուս խաղաղապահները չեն պատասխանում: 

-Դե, կրակելն  անձրևի նման մի բան է դարձել: Իսկ Երևանը կատարե՞լ է պայմանավորվածությունները: 

-Այո, հիմնականում, միայն Լաչինին զուգահեռ ճանապարհը չենք սարքել, դրա համար էլ դեռ ժամանակ կա, ի՞նչ պրետենզիա ունեք Երևանին: 

-Հայկական զորքը միայն հիմա է դուրս բերվել, բառացիորեն հենց հիմա, այն էլ միայն վերջին սրացման պահին: Երևի թե պետք է նախ կատարել պայմանավորվածությունները և հետո նոր պահանջներ ներկայացնել: Դա` առաջինը: Ինչ վերաբերում է ձեր հարցին: Խաղաղապահները ընդամենը միջնորդ են հակամարտող կողմերի միջև և չեն կարող ոչ մի կողմից հանդես գալ: Դա ևս փաստ է: Նրանք չեն կարող պարտավորություն վերցնել, օրինակ, կառուցելու Լաչինի այդ զուգահեռ ճանապարհը: Ո՞վ  չի կառուցել այն: Հայաստանը չի կառուցել: Ադրբեջանը ճանապարհի իր հատվածը ավարտել է: Բերձորը դատարկ է, ես անցել եմ ու տեսել եմ, որ այնտեղ մարդ չկա: 

-Բայց Բերձորում կան որոշ քանակով բնակիչներ, շատ չեն, բայց կան, Լաչինի այդ երեք բնակավայրում մոտ 100 ընտանիք է մնացել: 

-Ոչ: Օֆիցիալ տվյալներով, այնտեղ 10 մարդ կա: Բերձորում ոչ մի մարդ չի մնացել: Ես այնտեղով անցել եմ ու պատահաբար տեսել եմ կանգառում մի երիտասարդ կնոջ երկու երեխաների հետ, վերջ: Օֆիցիալ տվյալներով Բերձորը դատարկ է: Ինչո՞ւ են հայկական իշխանությունները պահանջում, որ Բերձորի շրջակայքում մարդիկ չայրեն իրենց տները: 

-Դա հերքվել է Արցախի իշխանությունների կողմից, ասել են, որ նման բան չի եղել, որ մարդիկ սխալ են հասկացել, որ ասվել է՝ որպես բարոյական փոխհատուցում կարող եք այրել տները: 

-Դա միայն խոսակցություն է: Բնակիչներին ասել են՝ մի ոչնչացրեք տները, որովհետև փոխհատուցումը վճարում է Ադրբեջանը և այլն: Հենց սկսում ենք խորանալ այս հարցերի մեջ, շատ տխուր պատկեր ենք ստանում: Օրինակ, ես, որպես երրորդ կողմ, ոչ մի պատճառ չեմ տեսնում, թե ինչու պետք է դադարեցնել Բերձորով անցնող Լաչինի միջանցքի գործարկումը և նոր ճանապարհ կառուցել: Ես չեմ հասկանում, թե ինչու է դա արվում: Ասենք, ինչ-որ մարդիկ ուզում են  փող ծախսել:

Իտալիայում, օրինակ, ճանապարհաշինության համար հատկացված գումարների 40 տոկոսը մարդիկ դնում են իրենց գրպանը: Հիմարներ, որոնք սա չեն հասկանում, չկան, բայց քաղաքական իմաստը ո՞րն է: Ինչո՞ւ է պետք մի Լաչինի միջանցքը փոխել մեկ այլ միջանցքով, կամ ճանապարհով:  

-Անկեղծ ասած, մենք էլ դա չենք հասկանում, բայց դա նոյեմբերի 9-ի պայմանավորվածություններից մեկն է և ամենևին հայկական կողմի պահանջը չէ: 

-Ախ, ուզում եք ասել, էլի Պուտի՞նն է մեղավոր: 

-Ես նման բան չասացի, բայց պատասխանատու են ստորագրողները: Ի վերջո, ես ներկայացնում եմ հասարակ մարդկանց տեսակետը, որոնք ի սկզբանե համաձայն չեն եղել այդ փաստաթղթի տրամաբանությանը և Նիկոլ Փաշինյանին են մեղադրում դրա համար: Բայց ունենք այն, ինչ ունենք: 

-Գիտե՞ք ինչ եմ ուզում ասել: Երևանի ջանասիրությունը` շուտափույթ և արագ գցել իր վրայից Ղարաբաղի համար պատասխանատվությունը տեսանելի է ամբողջ աշխարհին: Հիմարներ չկան: Միակը, ինչը զորքերի դուրս բերումը հետո կապում է Հայաստանը Արցախի հետ` սուբվենցիաներն են, դոտացիաները, էլ ոչինչ: Ես ձեզ հարց տամ: Ասենք, դուք ղեկավարում եք 100 հոգանոց կոլեկտիվ, և ձեզ դոտացիա են տալիս են ոչ թե 100, այլ 300 հոգու համար: Ինչո՞ւ: 

-Որ գրպա՞նս դնեմ: Չգիտեմ…

-Պատասխանը հռետորական է՝ դա բիզնես է: Եվ հիմա դա տեղի է ունենում: Բիզնեսը կարող է լինել երկարաժամկետ, կարճաժամկետ, բայց այն կա, կատարվում է: 

-Արդյունքում տուժում է հասարակ ժողովուրդը: 

-Դա հասկանալի է: Եվ հիմա Ռուսաստանի խնդիրը և ռուս խաղաղապահների խնդիրը, ինչպես ես եմ հասկանում, նրանում է, որ պահպանեն Լեռնային Ղարաբաղի սուբյեկտայնությունը: Սա նշանակում է, որ վաղ թե ուշ այդ վճարումները, դոտացիաները Ռուսաստանը ստիպված է լինելու վերցնել իր վրա: Իհարկե, ոչ բիզնես-չափերի: Ռուսաստանը չունի դրա վրա փող սարքելու խնդիր: Բայց կլինի ռեզերվային ֆոնդ, որի ապահովումը Ռուսաստանը կվերցնի իր վրա:

Այն իր վրա վերցնելու համար Ռուսաստանը պետք է ունենա անվտանգության  երաշխիքներ, որոնք պետք է իրենց վրա վերցնեն Ադրբեջանը, Ռուսաստանը և, հավանաբար, Թուրքիան: Համար մեկ հարց՝ 100 տարի առաջ արդեն եղել են պայմանավորվածություններ Ռուսաստանի և Թուրքիայի միջև՝ Ղարսի և Մոսկվայի պայմանագրերը: Դրանց արդյունքում տրվել են երաշխիքներ, որ Ռուսաստանն իր հովանու տակ կվերցնի Նախիջևանի մարզը: Նախիջևանում, այնուամենայնիվ էթնիկ զտում եղավ: Երաշխիքները չգործեին: 

-Եվ հիմա էլ չեն գործի, կարծում եմ: 

-Տեսեք, դուք նախօրոք արդեն որոշեցինք: 

-Մենք ելնում ենք  նրանից, ինչին ամեն օր ականատես ենք լինում: 

-Եթե դրանք չաշխատեն, եթե հայկական բնակչությունը Լեռնային Ղարաբաղի մնացյալ տարածքից դուրս գա, հեռացվի այնտեղից, ապա մեր խաղաղապահները պետք չեն լինի, դա կլինի վերջը, ուրեմն հարցը կփակվի: Ես երկար դիմադրում էի Լեռնային Ղարաբաղն Արցախ վերանվանելուն, և միայն վերջերս հասկացա, թե ինչու են այն վերանվանում՝ որովհետև Լեռնային Ղարաբաղից մնաց միայն Արցախը, ըստ տարածքի:

-Ձեր կանխատեսմամբ, ռուս խաղաղապահների մանդատը կերկարացվի՞: 

-Վախենամ՝ ոչ: 

-Իսկ ինչո՞ւ: 

-Որովհետև Ադրբեջանը չի ուզում: 

-Եվ ամեն կերպ ցու՞յց է տալիս դա: 

-Այո, նախ դա է, երկրորդն էլ՝ Երևանը դրա համար չի պայքարում: Ռուսաստանը վաղուց է դուրս եկել Մինսկի ֆորմատից ու բազմիցս դա հաստատել է: Ի՞նչ է անում Երևանը: Ջերմագին համբուրվում է Մինսկի խմբի մյուս երկու համանախագահների հետ, կարծես թե այն լեգիտիմ է: Չէ՞ որ եթե մեկը դուրս է եկել Մինսկի խմբից, մնացած երկուսն արդեն ոչինչ են, խումբը ոչինչ է դառնում, ոչ լեգիտիմ: Ինչո՞ւ եք նրանց հետ համբուրվում: Ի՞նչ եք դրանով ցույց տալիս, ի՞նչ է ցույց տալիս Երևանը. որ նա թքած ունի Ռուսաստանի վրա, «что он видел в гробу Россию»: Եվ նման վերաբերմունքի պարագայում դուք ուզում եք պայքարել խաղաղապահների  ներկայությունը պահպանելու համա՞ր:  

-Բայց Փաշինյանը հայ-ադրբեջանական սահմանի անվտանգության հարցերը մշտապես քննարկում է Պուտինի հետ: 

-Դրանք միայն բառեր են: Փաշինյանը օր ու գիշեր անցկացնում է  Բրյուսելում, մշտապես խոսում է Մինսկի խմբի մասին, նա այդպես պայքարում է խաղաղապահների՞ համար, թե՞ այդ արդեն առասպելական Մինսկի խումբն է նրան խաղաղապահներ խոստացել ուղարկել: Ոչ: Ոչ ոք այնտեղ չի մտնի` բացի ռուսներից»: