Լրահոս
Հայաստան
16:28
18.03.22
125

Ի՞նչ անենք, դուռը շրխկացնենք, դո՞ւրս գանք սենյակից․ ՔՊ-ական պատգամավոր

Img default alt hy

Ադրբեջանը բանակցությունները սկսելու համար ներկայացրել է իր համար ընդունելի առաջարկները, առանց իմ ասելու էլ պարզ է, որ մենք էլ մեր առաջարկներն ենք ներկայացնելու, շատ տարօրինակ կլինի գնալ բանակցությունների առանց առաջարկի և քննարկել իրենց առաջարկները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը։

Անդրադառնալով  իր հնչեցած հայտարարությանը այն մասին, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում՝ Եղոյանը նշել է, որ դա ոչ թե տեսակետ է, այլ պարզ տրամաբանություն։

«Կոնֆլիկտը չի ավարտվել, Արցախի կարգավիճակը դեռ որոշված չէ, ես նորություն չեմ ասել և հայտնագործություն չեմ արել։ Արցախի հարցը այն գերկարևոր համաշխարհային ստրատեգիական բալանսին վերաբերող հարցերից է, որի վերաբերյալ միջուկային համաշխարհային տերությունները ունենում են առանձին խոսակցություն»,- ասել է Եղոյանը։

Հարցին՝  եթե Ադրբեջանը բանակցությունների սեղանին նստի այն օրակարգով, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում, ո՞րն է լինելու հայկական կողմի դիրոքորոշումը, պատգամավորը նշել է․

«Ըստ Ձեզ՝ դրան ի՞նչ պետք է հետևի, դուռը շրխկացնենք, դո՞ւրս գանք սենյակից, մեր պատասխանը լինելու է այն, որ Արցախի հարցը պետք է կարգավորվի Մինսկի խմբի համանախագահության առաջարկած 3 հիմնական սկզբուքնների շրջանակում»։

ՔՊ-ական Եղոյանը նշել է, որ կարմիր գծերը ձևավորվում են բանակցությունների սեղանի շուրջ։