Լրահոս
Քաղաքական
16:46
26.01.23
93

Հայաստանի անվտանգային նկատառումներից ելնելով՝ պետք է դիվանագիտական հարաբերություններ հաստատել հարևան երկրների հետ. Լենա Նազարյան

Img default alt hy

Հարուստ են այն պետությունները, որոնք ունեն կայացած և զարգացած ինստիտուտներ, աղքատ են այն պետությունները, որոնք թերացել են կառուցել իրենց պետական ինստիտուտները,  «Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած Երևանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 հիմնական դպրոցի աշակերտների և ուսուցիչների հետ հանդիպման ժամանակ «Ինչո՞ւ են որոշ երկրներ հարուստ, իսկ որոշները՝ աղքատ» գրքից մեջբերել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը:

Պատասխանելով աշակերտների հարցերին՝ Լենա Նազարյանն անդրադարձել է կրթական ոլորտի բարեփոխումներին՝ կարևորելով ուսուցիչների աշխատավարձերի բարձրացումը։

Խոսելով մեդիագրագիտությունից՝ նա նշել է, որ այն պետք է սերմանել վաղ հասակից։ «Հատկապես այս ժամանակահատվածում, երբ բազմաթիվ են ինֆորմացիայի առցանց աղբյուրները, պետք է կարողանալ տարբերել կեղծ լուրերը՝ իրականից»,- ընդգծել է նա։

Անդրադառնալով Լաչինի միջանցքի փակմանը վերաբերող աշակերտի հարցին՝ պատգամավորը նշել է․ «Հայաստանի անելիքն այս դաշտում բացառապես դիվանագիտական ճանապարհով լուծումներ գտնելն է»։

Նա նշել է, որ մեր երկրի անվտանգային նկատառումներից ելնելով՝ պետք է դիվանագիտական հարաբերություններ հաստատել հարևան երկրների հետ։

«Ազգային ժողովը մեր երկրի գլխավոր քաղաքական ինստիտուտն է, հիմնական որոշումներն ու օրենքները մեր երկրի հետ կապված ընդունվում են այստեղ»,- ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը խորհրդարան այցելած Երևանի Ներսես Մեծի թիվ 124 հիմնական դպրոցի աշակերտների և ուսուցիչների հետ հանդիպման ժամանակ։

Պատգամավորը ներկայացրել է խորհրդարանի դերը, գործունեությունը։

Պատասխանելով աշակերտի այն հարցին, թե արդյո՞ք դժվար չէ պատգամավոր լինելը՝ Սարգիս Խանդանյանը նշել է, որ շատ պատասխանատու աշխատանք է։ Նա տեղեկացրել է, որ պատգամավորները ժողովրդի ներկայացուցիչներն են, նրանք պիտի ընտրողների խնդիրները ներկայացնեն խորհրդարանում և փորձեն լուծումներ գտնել։ Խորհրդարանականը նաև ընդգծել է, որ պատգամավորներն ունեն նաև լիազորություններ՝ ներկայացնելու մեր երկրի խնդիրները տարբեր դիվանագիտական հարթակներում։

Պատգամավորը, պատասխանելով Լաչինի միջանցքի փակմանը վերաբերող հարցին, նշել է, որ իշխանությունը հնարավոր բոլոր միջազգային հարթակներում բարձրաձայնում է այդ հարցը՝ ակնկալելով խնդիրը լուծել դիվանագիտական, բանակցային ճանապարհով։
Սարգիս Խանդանյանը, խոսելով կրթական ոլորտի բարեփոխումներից, անդրադարձել է ներառական կրթությանը, դրա կարևորությանը։ Նա խոսել է նաև դպրոցների վերանորոգման և վերակառուցման ծրագրերից։

Հյուրերն այցի ընթացքում եղել են ԱԺ գրադարանում և թանգարանում: