Լրահոս
Հասարակական
18:00
17.09.25
109

«Գյումրու օր» տոնակատարության հարցը հանվել է ֆինանսական միջոցների ավելացման նպատակով. ՀԿԿ

Img default alt hy

«Գյումրու օր» տոնակատարության հարցը ավագանու նիստից հանվել է ֆինանսական միջոցների ավելացման նպատակով։ Այս մասին հայտարարություն է տարածել Գյումրու ավագանու կոմկուսի խմբակցությունը։

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «16.09.2025 թվականի ավագանու նիստի ընթացքում քննարկումից հանվեցին «Գյումրու օր» տոնակատարությունը, «Հայաստանի գույները» խորագրով ջրաներկի փառատոնը, որն արդեն երկու տարի հաջողությամբ իրականացվել է, Համո Սահյանի երեկոն մեծ շուքով կազմակերպելու միջոցառման նախագծերը:

Այս նախաձեռնությունները կարևոր նշանակություն ունեն Գյումրու մշակութային կյանքի հարստացման, քաղաքի պատմական ու ստեղծագործական դիմագծի պահպանման և զբոսաշրջային գրավչության բարձրացման համար։ «Գյումրու օր» ավանդական տոնակատարությունը ամրապնդում է քաղաքի ինքնությունը և համախմբում բնակիչներին, «Հայաստանի գույները» փառատոնը բացահայտում է նոր տաղանդներ և ներկայացնում մեր գեղարվեստական ներուժը, իսկ Համո Սահյանի երեկոն նպաստում է ազգային գրական ժառանգության արժևորմանը։

Տեղեկացնում ենք, որ միջոցառումների հարցի քննարկումը հանվել է ավագանու նիստի օրակարգից լրամշակման, իսկ «Գյումրու օր» տոնակատարությունը՝ ֆինանսական միջոցների ավելացման նպատակով։

Ավելորդ չենք համարում նշել, որ «Գյումրու օր» տոնակատարության մտքի հեղինակը քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է եղել՝ դեռևս 2000 ականների սկզբին և անցկացվել է ամենամյա գրաֆիկով։ Ցավում ենք, որ ավագանու ՔՊ խմբակցությունը հարցը մանիպուլացնում է՝ փորձելով էժանագին դիվիդենտներ շահել։

Հաշվի առնելով այս միջոցառումների մշակութային, կրթական, երիտասարդական և հանրային արժեքը՝ առաջարկում ենք ավագանու բոլոր խմբակցություններին կրկին անդրադառնալ այս նախագծերին՝ ի նպաստ Գյումրու մշակութային զարգացման և համընդհանուր շահերին»։