Լրահոս
Հայաստան
13:27
23.03.22
153

Գյուղացիները փակել են Երևան-Սևան-Իջևան ճանապարհը․ խցանումը հասնում է մի քանի կիլոմետրի

Արդեն մոտ կես ժամ է՝ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում։ Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերի բնակիչներրը՝ ի նշան բողոքի, փակել են Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Ճամբարակի խաչմերուկի հատվածը։

«Shamshyan.com»-ը գրում է, որ երթևեկությունը ամբողջովին կաթվածահար է եղել։ Խցանումը արդեն հասնում է մի քանի կիլոմետրի։ 

Այդ գյուղերի բնակիչները դեմ են խոշորացմանը։

«Մենք դեմ ենք այդ ծրագրին, քանի որ դա, առաջին հերթին, վնասում է գյուղացուն։ Իսկ մենք ուզում ենք, որպեսզի ինչպես եղել է դեռ ԽՍՀՄ տարիներից, այնպես էլ մնա։

Պատանդ ե՞նք դարձել ինչ-որ մարդկանց ձեռքին։ Հազիվ մեր գյուղապետերը իրենց կապերով ու գյուղի ժողովրդով ծաղկացրել ու շենացրել են Ծովագյուղն ու Սեմյոնովկան։

Հիմա ի՞նչ, ուզում եք՝  կյանքը մեռնի՞ այդ գյուղերում։ Դա մենք հաստատ թույլ չենք տա։ Ասում էիք՝ ժողովրդի իշխանություն։ Եթե այդպես է, հարամ լինի էն պայքարը, որ ձեզ իշխանություն բերեցինք, բերեցինք, որ ավելի լավը լինի, բայց հիմա մի ամբողջ ժողովորդի հասցրել եք անդունդի եզրին։

Ձեզ ի՞նչ կա․ դուք քաղաքում նստած՝ որոշումներ եք կայացնում, բայց չեք մտածում, որ եթե գյուղացին չլինի, քաղաքացին էլ լիքը պրոբլեմներ կունենա։  Պահանջում ենք տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին, որպեսզի անձամբ ինքը գա ու վերջնական լուծում տա մեր խնդրին։

Իսկ որ մեր խնդիրը արդար է, դա իշխանությունը մեզնից լավ գիտի։ Ուղղակի, չգիտես ինչու, որոշ իշխանիկներ իրենց երկու ոտքը դրել են մի կոշիկի մեջ ու չեն ուզում ընդառաջեն մեր ժողովրդի արդար խնդրի լուծմանը»։