Լրահոս
Միջազգային
15:02
01.03.22
214

Գլխավոր խնդիրը Ռուսաստանն արտաքին սպառնալիքից պաշտպանելն է. Շոյգու

Img default alt hy

Ռուսական բանակը կշարունակի Ուկրաինայում հատուկ գործողությունները մինչև հասնի դրված նպատակներին։ Հիմնական խնդիրը Ռուսաստանը պաշտպանելն է Արևմուտքի կողմից սպառնացող արտաքին ռազմական վտանգից։ Այս մասին այսօր խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

Շոյգուն նշել է, որ ռազմական հատուկ գործողություններն իրականացվում են «Դոնբասի բնակչությանը պաշտպանելու, Ուկրաինան ապառազմականացնելու և դենացիֆիկացնելու նպատակով»։

«Մեզ համար կարևորը ՌԴ-ն ռազմական սպառնալիքից պաշտպանելն է Արևմուտքի այն երկրներից, որոնք փորձում են Ուկրաինայի ժողովրդին օգտագործել մեր երկրի դեմ պայքարում»,- ասել է ՌԴ պաշտպանության նախարարը։

Նա շնորհակալություն է հայտնել անձնակազմին ցուցաբերած քաջության և հերոսության, ինչպես նաև իրենց առջև դրված խնդիրները բարեխղճորեն և պրոֆեսիոնալ ձևով կատարելու համար։

Միևնույն ժամանակ Շոյգուն ընդգծել է, որ ռուսական բանակը «Ուկրաինայի տարածքը չի օկուպացնում, ձեռնարկում է բոլոր միջոցները խաղաղ բնակիչների կյանքն ու անվտանգությունը պահպանելու համար»։

«Ընդգծեմ, որ հարվածներ են հասցվում միայն ռազմական օբյեկտներին և բացառապես բարձր ճշգրտության զենքից»,- նշել է պաշտպանության նախարարը։

Շոյգուի տվյալներով` ուկրաինական կողմը մարտական բախումների ընթացքում համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և խոշոր տրամաչափի ականանետեր է տեղակայում բնակելի տների բակերում, դպրոցների և մանկապարտեզների մոտ, օգտագործում է խաղաղ բնակիչներին որպես կենդանի վահան։