Լրահոս
Իրավական
11:45
06.06.23
333

Գայանե Հակոբյանի նկատմամբ կիրառված կալանքն օրինաչափ չէ, պետք է կիրառվեր ստորագրությամբ չհեռանալը. իրավապաշտպան

Img default alt hy

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի նկատմամբ կիրառված կալանքն օրինաչափ չէ:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը:

Նրա կարծիքով՝ Գայանե Հակոբյանի նկատմամբ պետք էր այլընտրանքային խափանման միջոց կիրառել, օրինակ, ստորագրությամբ չհեռանալը: Հովհաննիսյանը նաև նշեց, որ Գայանե Հակոբյանի հուզական վիճակը ևս անհամատեղելի է կալանքի հետ:

«Կալանքը, որպես ինստիտուտ, ունի կիրառման հիմնավորումներ՝ որքանով մարդը կարող է խոչընդոտել դատաքննությանը: Այս ամենը պետք է հիմանավորվի կալանք տալու ժամանակ: Առաջինը մարդու խոչընդոտելն է նախաքննությանը, որն այս դեպքում, կարծում եմ, անհիմն է:

Ճիշտ կլիներ, որ տիկին Գայանեի դեպքում կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին, նա կարող էր այսպիսով լիներ ընտանիքի հետ, դստեր կողքին: Եթե դու մարդուն կալանավորում ես, ուրեմն՝ զրկում ես ազատությունից: Տիկին Գայանեն կարող էր ստորագրություն տալ և մասնակցել քննությանը»,-համոզմունք հայտնեց իրավապաշտպանը:

Զարուհի Հովհաննիսյանի պնդմամբ՝ վիճակագրական տվյալները վկայում են, որ Հայաստանում դեռևս մասսայական կիրառվում է կալանքը:

Ինչ վերաբերում է առհասարակ կալանքի ինստիտուտին, իրավապաշտպանը հետևյալ դիտարկումները ներկայացրեց.

«Եվրոպայի խորհրդի երկրների շրջանում մեր հանրապետությունը կալանավայրերում գտնվող բնակչության մասով գտնվում է բավականին բարենպաստ պայմաններում, սակայն, ինչ վերաբերում է հենց կալանքի ինստիտուտին, գտնվում է առաջին տեղում:

Այսինքն՝ դատապարտյալների և կալանավորների թվով այդքան վատ չէ վիճակը, որքան՝ կալանքի կիրառման ինստիտուտի մասով խնդիր ունենք: Կալանքը դեռևս շարունակում է մասսայաբար կիրառվել՝ չնայած օրենսգրքով կալանքը կարող է փոխարինվել այլ միջոցներով: Շատ դեպքերում և հենց տիկին Գայանեի դեպքով կալանքի կիրառումն անընդունելի է: Հայաստանն իսկապես պետք է լրջորեն մտածի կալանքի ինստիտուտի կիրառման մասսայականության վերացման ուղղությամբ»:

Բացի այս, Զարուհի Հովհաննիսյանը նկատում է՝ 44-օրյա պատերազմի ավարտից հետո պետությունն այդպես էլ բավարար քայլեր չի արել աջակցելու զոհվածների ծնողներին: 

Նշենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանին նորից կալանավորել է 1 ամիս 15 օր ժամկետով։ 

Հիշեցնենք, որ Գայանե Հակոբյանը Աշոտ Փաշինյանի «առևանգման գործով» մեկ ամսով կալանավորվել էր մայիսի 20-ին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր Գայանե Հակոբյանի կալանքի դեմ նրա պաշտպանների բողոքն ու որոշել փոխել նրա խափանման միջոցը տնային կալանքով։