Լրահոս
Հասարակական
17:34
02.03.22
172

Երևանում քննարկել են Ադրբեջանում հայատյացության ու Արցախում էթնիկ զտման վտանգի հետ կապված իրավիճակը

Img default alt hy

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը, որը միավորում  է քաղաքացիական հասարակության ավելի քան 60 կազմակերպություն, և Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը  մարտի 2-ին Երևանում կազմակերպել է «Հայատյացությունն Ադրբեջանում և էթնիկ զտման վտանգը Արցախում» խորագրով հանրային քննարկումը։

Քննարկմանը մասնակցել են Հայաստանի կառավարության, Անվտանգության խորհրդի գրասենյակի, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների, միջազգային կառույցների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Քննարկման նպատակն էր Հայաստանի պետական մարմիններին, միջազգային կառույցներին, հասարակական կազմակերպություններին ներկայացնել հայատյացության և ռասիզմի դրսևորումները Ադրբեջանում, Արցախում ստեղծված իրավիճակը, որը ակնհայտ պարունակում է էթնիկ զտումների վտանգ, և պահանջել բոլոր կառույցներից իրենց մասնակցությունն ունենալ այս իրավիճակները կանխելու և դրանց դեմ տարբեր միջազգային ատյաններում պայքարելու գործում:

ՀՀ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն իր խոսքում շեշտել է, որ քննարկման թեման առանցքային է համայն հայության համար։ «Հայատյացությունն Ադրբեջանում  առնվազն վերջին տասնամյակում ունեցել է պրոգրեսիվ աճ, և մենք, ցավոք սրտի, դրան և դրա կործանարար հետևանքներին ականատես ենք եղել։ Նմանատիպ ատելության քարոզի արդյունքները պատերազմական հանցագործություններն են, մարդկության դեմ հանցագործությունները և միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումները»,- ընդգծել է Կիրակոսյանը։

Նրա խոսքով, Ադրբեջանի այդ քաղաքականության հիմնական նպատակը երկրում հայատյացության մթնոլորտը պահելն է և այս տարածաշրջանում էթնիկ հայերի պատմական ներկայությունը ժխտելը։ Կիրակոսյանը հավելեց, որ Բաքվի այդ հայատյաց քաղաքականությանն ընդդիմանալու նպատակով էլ Հայաստանը նախաձեռնել է միջազգային իրավական գործընթացներ, և նմանատիպ քննարկումներ ի օգուտ են գալիս պետության կողմից ձեռնարկվող քայլերին։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն իր ելույթում կարևորել է իրավապաշտպան համայնքի ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ուժերի ու ջանքերի համատեղումը մարդու իրավունքների պաշտպանության գործում։ Պաշտպանի խոսքով, Ադրբեջանի կողմից տարվող հայատյացության քաղաքականությունը համակարգային բնույթ ունի, որը դրսևորվել է թե՛ խորհրդային տարիներին, թե՛ Ադրբեջանի անկախացումից հետո։

Քրիստինե Գրիգորյանի խոսքով, 2020թ․-ի 44-օրյա պատերազմն ուղեկցվել է Ադրբեջանի կողմից հայերի հանդեպ թշնամանքի ու ատելության քարոզով, իսկ պատերազմից հետո այդ քարոզը ստացել է ծայրահեղ դրսևորումներ։ «Շարունակվող ատելության, հայատյացության քարոզը, պետական քաղաքականությունը փակ շղթա է, որը  գեներացվում է Ադրբեջանի բարձրագույն պետական մարմինների կողմից, այնուհետև լայն խրախուսվում է  մշակութային և հանրային գործիչների կողմից, արժանանում հանրային գովասանքի՝ շատ հաճախ թիրախավորելով անգամ երեխաներին»,- նշել է օմբուդսմենը։