Լրահոս
Առողջապահական
22:15
18.04.23
170

Դաջվածքը բաց վերք է, որը պահանջում է ուշադրություն և խնամք. Մաշկաբանի խորհուրդը

Img default alt hy

Aysor.am-ի փոխանցմամբ՝ դաջվածքը մաշկի տակ ներկանյութերի ներարկմամբ պատկերների, նախշերի, խորհրդանշանների դրոշմումն է: Հատուկ ասեղի օգնությամբ 3 մմ խորությամբ մաշկի տակ է ներարկվում պիգմենտը, որը բավականին երկար մնում է այնտեղ: Դաջվածքների համար նախատեսված ներկերը կարող են վնասակար լինել, իսկ երբեմն էլ ալերգիաների առաջացման պատճառ դառնալ:

Մաշկաբան-վեներոլոգ Սահակ Հակոբյանը նշում է, որ դաջվածքը հակացուցված է ինչպես անչափահասներին, հղիներին և  քրոնիկական հիվանդություններ ունեցողներին, այնպես էլ շաքարային դիաբետ, սիրտ-անոթային հիվանդություններ, մաշկային և արյան խնդիրներ ունեցող մարդկանց:

Մաշկաբանի խոսքով՝ խորհուրդ չի տրվում դաջվածք անել դաշտանային ցիլկի մեջ գտնվողներին, արյան մակարդելիության խնդիր ունեցողներին, մաշկային նորագոյացությունների և էպիլեպսիայի դեպքում:

Դաջվածքն, ինքնին, համարվում է բաց վերք և մշակելիս պահանջվում է հատուկ ուշադրություն, քանի որ սխալ խնամելու դեպքում կարող է մաշկի տակ վարակ անցնել:  

Դաջվածք անելուն հաջորդող առաջին շաբաթը համարվում է դաջվածքի ապաքինման փուլ: Այդ ընթացքում անհրաժեշտ է հետևել մասնագետի ցուցումներին, հարկ եղած դեպքում դիմել մաշկաբանի: Քոր և այրոցի զգացողություն կարող է առաջանալ անգամ արևի ճառագայթներից:

Դաջվածք կատարելու ընթացքում ցավը հաղթահարելու համար անհրաժեշտ է ընդհատել գործընթացը և խորը շունչ քաշել՝ հետևելով մասնագետի խորհուրդներին:

Ուշադրություն դարձրեք, որ դաջվածք անելիս մասնագետը օգտագործի բոլորովին նոր պարագաներ՝ ասեղներ, ձեռնոցներ, ներկեր: Վարակները կարող են փոխանցվել նաև թանաքի միջոցով:

Սանիտարահիգիենիկ վատթար պայմանները կարող են դառնալ մի շարք հիվանդությունների առաջացման պատճառ՝ հեպատիտ A, B, C, սնկային  հիվանդությունների հարուցիչներ և այլն:

Մաշկաբան-վեներոլոգի խոսքով՝ անչափահասների մոտ հինայից ևս կարող է առաջանալ կոնտակտային մաշկաբորբ:

Դաջվածքները ճիշտ խնամելու համար  անհրաժեշտ է պահպանել մի քանի կանոն.

«Մաշկի տակ օտարածին նյութեր անցնելու պարագայում հնարավոր է առաջանան ալերգիկ ռեակցիաներ: Դաջվածք անելուց հետո մի քանի օր խորհուրդ չի տրվում լվանալ տվյալ հատվածը»,- նշում է Սահակ Հակոբյանը:

Անհրաժեշտ է մասնագետի կողմից առաջարկած մաքրող և սնուցող օճառով լվանալ դաջվածքի  հատվածը՝ խուսափելով այն օճառներից, որոնք կարող են գրգռել մաշկը:

Պետք է հիշել մի կարևոր պայման ևս՝ դաջվածք անելն ավելի հեշտ է, քան այն հեռացնելը: «Կատարվում է լազերային հեռացում, սակայն ամբողջությամբ դաջվածքը  հեռացնելու համար անհրաժեշտ է գործընթացը կրկնել մի քանի անգամ»,-ավելացնում է մաշկաբանը:

Հիշե՛ք, որ դաջվածքը բաց վերք է և յուրաքանչյուր բակտերիա կարող է վնասել ձեզ և դանդաղեցնել բուժման ընթացքը: