Լրահոս
Տարածաշրջան
14:45
04.06.23
139

Չավուշօղլուն և Հուլուսի Աքարը լքել են Էրդողանի կառավարությունը. ՏԵՔՍՏԸ՝ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆՈՒՄ

Թուրքիայի վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  գիշերը բացահայտել է երկրի նոր կաբինետի կազմը, որում նախորդ կազմից գրեթե նախարարներ չեն մնացել: Նորեկների մեծ մասը սովորել է ԱՄՆ-ում և Եվրոպայում։

Էրդողանը որոշել է «շարունակել ուղին» առողջապահության  նախարար, 58-ամյա Ֆահրեթին Քոջայի հետ: Նա նախարարությունը ղեկավարում է 2018 թվականից։ Պաշտոնը պահպանել է նաև զբոսաշրջության և մշակույթի նախարար 55-ամյա Մեհմեդ Նուրի Էրսոյը։

Էրդողանը 56-ամյա Ջևդեթ Յըլմազին նշանակել է փոխնախագահ, նա 2020 թվականից գլխավորում է Թուրքիայի խորհրդարանի բյուջետային հանձնաժողովը։

Թուրքիայի արտաքին գործերի նոր նախարարը 55-ամյա Հաքան Ֆիդանն է, որն Ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավարն էր: Ֆիդանը փոխարինել է Մևլութ Չավուշօղլուին, որն ավելի քան 9 տարի պաշտոնավարելուց հետո վերադարձել է խորհրդարան: Չավուշօղլուն պատգամավոր է ընտրվել իր ծննդավայր Անթալիա նահանգից:

48-ամյա Ալփարսլան Բայրաքթարը էներգետիկյի և բնական պաշարների փոխախարարից դարձել է նախարար: Ստամբուլի նահանգապետ, 54-ամյա Ալի Երլիքայան, որն այս պաշտոնը զբաղեցնում էր 2019 թվականից, նշանակվել է Թուրքիայի ՆԳՆ ղեկավար։ Նա փոխարինել է Սուլեյման Սոյլուին: Նախընտրական քարոզարշավի ընթացքում նա աչքի է ընկել ԱՄՆ-ի ու նրա դեսպանի հասցեին իր կոշտ քննադատությամբ:

Թուրքիայի պաշտպանության նոր նախարարը 68-ամյա Յաշար Գյուլերն է: Նա 2018 թվականի հուլիսից զբաղեցնում էր զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնը։

Թուրքիայի ֆինանսների  և գանձապետարանի նախարար է նշանակվել 56-ամյա Մեհմեդ Շիմշեքը, որը այդ պաշտոնը զբաղեցրել էր 2009-2015 թվականներին։ Տրանսպորտի նախարարությունը կգլխավորի 57-ամյա Աբդուլքադիր Ուրալօղլուն, որը 2018 թվականից գլխավորում է Ճանապարհների գլխավոր վարչությունը։ Առևտրի նոր նախարարը 59-ամյա Օմեր Բոլատն է:

Արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարությունը ղեկավարելու է 39-ամյա Մեհմեթ Ֆաթիհ Քաջիրը, որը զբաղեցնում էր փոխնախարարի պաշտոնը։ Կրթության նախարար  է դարձել 53-ամյա Յուսուֆ Թեքինը, որը Անկարայի AHBV համալսարանի ռեկտորն էր։

56-ամյա Օսման Աշքին Բաքը, որը գլխավորել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական  վեհաժողովում թուրքական պատվիրակությունը, մագիստրոսի կոչում է ստացել Մեծ Բրիտանիայում, դարձել է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար: