Լրահոս
Արտաքին քաղաքականություն
11:45
23.01.23
167

«Բնապահպաննե՞ր, թե՞ զինվորականներ». գերմանական թերթի անդրադարձը՝ Արցախի բլոկադային

Img default alt hy

Գերմանական Tagesspiegel թերթն անդրադարձել է Արցախի բլոկադային: «Բնապահպաննե՞ր, թե՞ զինվորականներ»․ այսպես է հոդվածագիրը գրել Լաչինի միջանցքը փակած, բնապահպաններ ներկայացող ադրբեջանցիների մասին։

«Լաչինի միջանցքը Լեռնային Ղարաբաղում ապրող 120․000 հայերի համար կենսական նշանակություն ունի։ Այն արյունատար անոթի պես է՝ կյանքի ճանապարհ։ Այս ճանապարհով է բանկիչներին հասնում սննդամթերք, վառելանյութ, դեղորայք, ամեն ինչ։ Եթե ճանապարհի արգելափակումը շարունակվի, հումանիտար աղետ կլինի»․ գրված է Շտեֆան Մայսթերի հոդվածում։

Հոդվածագիրն անդրադարձել է նաև ռուս խաղաղապահներին։ Նշել է, որ Լաչինի միջանցքում տեղակայված ռուսական զորակազմն այժմ, կարծես, ի վիճակի չէ ապահովել Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի անվտանգությունը, քանի որ Մոսկվան խառն է ուկրաինական պատերազմով։

Միաժամանակ Մայսթերը շեշտել է Եվրամիության և Միացյալ Նահանգների անտարբերությունը։ «Ադրբեջանին ոչինչ հետ չի պահում Հայաստանի տարածքային ամբողջականությունը բռնի ուժով կասկածի ենթարկել։ Դրանում համոզվեցինք 2022թ․ սեպտեմբերին, երբ ադրբեջանական հարձակման հետևանքով մոտ 300 մարդ զոհվեց։

Բաքվի նպատակն է 90-ականներից հետո հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի տարածքն ամբողջությամբ իր վերահսկողության տակ վերցնել՝ տեղահանելով այժմ այնտեղ ապրող հայերին։ Հնարավո՞ր է արդյոք Բաքվին հետ պահել։ Դրա համար անհրաժեշտ է Ադրբեջանի իշխանության վրա ճնշում գործադրել։

Սակայն ճնշում չկա։ Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները, որոնք կարող են նպաստել Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության դեէսկալացիային, ամենևին էլ հետաքրքրություն չեն ցուցաբերում։ Իսկ իրավիճակը կարող է ամեն պահի ավելի սրվել»․ գրված է հոդվածում։ Գերմանական Tagesspiegel թերթը 50 միլիոն ընթերցող ունի։