Լրահոս
Քաղաքական
13:20
18.08.25
430

Բաքվում պահվող անձանց ազատ արձակման հարցը մնում է մեր առաջնային օրակարգում. ԱԳՆ

Img default alt hy

Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց հայրենադարձման խնդիրը շարունակում է մնալ ՀՀ ուշադրության կենտրոնում: Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան փոխանցել են ԱԳՆ-ից:

«Հարցին վերջերս հրապարակային անդրադարձ եղել է ամենաբարձր մակարդակով՝ ՀՀ վարչապետի կողմից, ով ընդգծել է, որ չկա որևէ բանակցություն, որի ընթացքում խնդրին չի հատկացվում պատշաճ, անհրաժեշտ տեղ: ՀՀ ներկայացուցիչները տարբեր ձևաչափերի հանդիպումներում բարձրացնում են խնդիրը և փնտրում լուծումներ:

Նույն կերպ, պահվող անձանց ազատ արձակման հարցը շարունակում է մնալ ՀՀ ԱԳ նախարարության առաջնային օրակարգում՝ առաջին հերթին ադրբեջանական կողմի հետ շփումներում՝ ակնկալելով դրական հանգուցալուծում, այդ թվում նաև՝ որպես կողմերի միջև վստահության ամրապնդմանն ուղղված կարևոր քայլ: Թեման և հնարավոր լուծումները պարբերաբար քննարկվում են նաև միջազգային գործընկերների հետ շփումների ընթացքում թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում, այդ թվում՝ ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ քննարկումներում»,- հայտնեցին ԱԳՆ-ից:

Ավելի վաղ Tert.am-ը գրել էր, որ ԿԽՄԿ-ն այլևս չի այցելի Բաքվի բանտում ապօրինի պահվող հայերին:

«Քանի որ ԿԽՄԿ-ն ստացել է՝ Ադրբեջանի իշխանությունների՝ գրասենյակը փակելու մասին գրություն, և գրասենյակը շուտով փակվելու է, այդ կապակցությամբ կարող ենք հաստատել միայն այն, ինչ այս պահի դրությամբ ունենք: Վերջին տեսակցությունը, որ ունեցել ենք նրանց հետ, հունիսին էր: Մինչև գրասենյակի պաշտոնական փակումը, որի մասին լրացուցիչ կհայտնենք՝ երբ դա տեղի ունենա, այս պահին նախատեսված որևէ այց հստակեցված չէ»,- Tert.am-ի հետ զրույցում ասել էր Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին:

Իսկ թե ինչ պետք է անել, որ Բաքվում ապօրինի պահվող հայերը չմնան մեկուսացման մեջ, Tert.am-ը զրուցել էր իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի հետ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։