Լրահոս
17:18
21.10.21
41

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց հունվարի 2-5-ը և 7-ը աշխատանքային դարձնելու նախագծին

Img default alt hy

ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության հեղինակած նախագծին, որով առաջարկվում է Ամանորյա տոներին ոչ աշխատանքային օրեր սահմանել միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և 6-ը:

Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Առաջարկում ենք հոդված 1-ը փոփոխել հետևյալ կերպ՝ Ամանոր և Ծննդյան տոներ՝ նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ը ներառյալ (Ամանոր) եւ հունվարի 6-ը (Սուրբ Ծնունդ եւ Հայտնություն), ոչ աշխատանքային օրեր: Նախագծի ընդունումը պայմանավորված է հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը աշխատանքային օրեր սահմանելու նպատակահարմարությամբ»,-ասաց Քերոբյանը:

«Հայաստան» խմբակցությունից Աղվան Վարդանյանը հետաքրքրվեց, թե այդ թվերն ինչի՞ վրա են հիմնված, արդյոք 2022-ի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու և պետություն տեսնելո՞ւ է այդ եկամուտները:

«Ես համարում եմ՝ այդ վիճակում, որ գտնվում է երկիրը, մենք իրավունք չունենք 7-8 օր քեֆ անելու»,-արձագանքեց Քերոբյանը:

Վարդանյանն առաջարկեց անպայման հունվարի 2-ը և հունվարի 7-ը ոչ աշխատանքային դարձնել: «Հայաստան» խմբակցությունից Արամ Վարդևանյանը ևս նույն առաջարկն արեց: Նախարարը խոստացավ անդրադառնալ այդ առաջարկին: «Ամսի 2-ը ավելի հավանական է, որ մենք կդիտարկենք ընդունման համար»,-նշեց Քերոբյանը: