Լրահոս
Քաղաքական
13:23
23.03.22
160

Այս իշխանությունները վախենում են Ադրբեջանին բացասական պատասխան տալ․ քաղաքագետ

Img default alt hy

Արարատ Միրզոյանի խոսքերից պարզ դարձավ, որ Հայաստանը չի մերժելու Ադրբեջանի առաջարկը և փորձելու է իբր նոր փաթեթավորումով կամ ինչ-որ լրացումներով ընդունել այն։ Այս մասին «ArmDaily.am»-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։ 

«Սա է խնդիրը։ Այսինքն, այս իշխանությունները վախենում են Ադրբեջանին բացասական պատասխան տալ և նրանք մտածում են, թե ինչ փաթեթավորմամբ ձևակերպեն, որպեսզի կարողանան բավարարել ադրբեջանցիների առաջարկը։ 

Սա է խնդիրը ընդամենը՝ ուրիշ ոչ մի բան չկա։ Երբ որ Արարատ Միրզոյանն ասում է, որ որևէ կետ չկա, որ մերժելի կլինի հայկական կողմի համար, նշանակում է , որ Հայաստանը պարզապես պատրաստվում է ընդունել Ադրբեջանի առաջարկը»,- ասել է Բոզոյանը։

Մեր հարցին, թե արդյոք դա նշանակում է Արցախը ճանաչել որպես Ադրբեջանի մաս, քաղաքագետն ասաց, որ միգուցե քողարկված ձևով դա հայկական կողմը ձևակերպի, որ Արցախի հարցը պետք է քննարկվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում և այլն, և այլն, բայց դե ֆակտո դա է նշանակում։

«Երբ որ Հայաստանի դիրքորոշումը լղոզված է, իսկ Ադրբեջանի դիրքորոշումը հստակ, ապա այդ դիրքորոշումները երևում են նաև դրսից, այսինքն միջազգային շրջանակներն էլ հասկանալով, որ փաստացի հայկական կողմը լղոզված դիրքորոշում ունի, հստակ տեսակետ չի ասում այդ մասին, իսկ Ադրբեջանը հստակ պահանջում է, ապա բնականաբար, միջազգային հանրությունը նույնպես, այն շրջանակները, որոնք որ զբաղվում են Արցախի հարցով, բնականաբար նույնպես կսկսեն արդեն դիրքավորվել պրոադրբեջանական դիրքորոշման մեջ»,- ասել է Բոզոյանը։

Քաղաքագետը նշեց, որ միջազգային հանրությունն ու միջազգային շրջանակները փորձում են կոնսենսուսային տրամաբանությամբ հանդես գալ, որպեսզի հայկական և Ադրբեջանի համադրությամբ լինի։ 

Բայց եթե Ադրբեջանը հստակ է իր դիրքորոշման հարցում, իսկ հայկական կողմը լղոզված, ապա բնական է, որ միջնորդներն էլ փորձելու են բավարարել ավելի շատ Ադրբեջանի պահանջները, ոչ թե հայկական կողմինը։ 

Ռուսաստանի դիրքորոշման մասին մեր հարցին, Բոզոյանը նշեց, որ իր կարծիքով Ռուսաստանը փորձում է այդ թեմայի մասին չխոսել։ 

«Այսինքն, ֆորմալ իմաստով կա Մինսկի խմբի համանախագահների հետ հարթակը, բայց հաշվի առնելով այսօրվա Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները, բնականաբար այդ հարթակը այսօր չի կարող կենսունակ լինել, գոնե ժամանակավորապես մինչև որ վերականգվեն այդ հարաբերությունները, իսկ երբ կվերականգնվեն՝ պարզ չի, իսկ դա նշանակում է, որ Ռուսաստանը Արցախի կարգավիճակի վերաբերյալ փորձելու է ընդհանրապես լռել, դրա մասին չխոսել, որպեսզի չզայրացնի ոչ հայկական, ոչ էլ ադրբեջանական կողմին։ 

Ինչ վերաբերում է Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրներին՝ Ֆրանսիային և Միացյալ Նահանգներին, ապա նրանք էլ մեծ հաշվով առանձնապես ոգևորված չեն լինելու այդ թեմայի մասին խոսել, որովհետև այդ թեմայի վերաբերյալ հայկական կողմը չի ուզում խոսել, ադրբեջանական կողմը հստակ պահանջում է, որպեսզի հայտարարվի, որ Լեռնային Ղարաբաղի խնդիր այլևս գոյություն չունի։ 

Ադրբեջանի դիրքորոշումը շատ կարծր և լկտի է և հասկանալի է, որ այդ լկտի պահվածքը ոչ ոք չի ուզում ընդունի՝ ոչ ռուսական, ոչ ամերիկյան և ոչ էլ ֆրանսիական կողմը, որովհետև դա խայտառակություն կլինի։ 

Երկար տարիներ նրանք զբաղվել են այն հանգամանքով, որ կա Լեռնային Ղարաբաղի խնդիր և ահա նրանք պիտի ընդունեն Ադրբեջանի՝ այսպես ասած պարտադրանքը՝ դա ծիծաղելի կլինի նրանց համար»,- շեշտել է Բոզոյանը։

Քաղաքագետը հավելել է, որ այդ պատճառով էլ բոլորը գերադասում են լռել, ու քանի որ հայկական կողմն էլ է լռում, ստացվում է, որ Ադրբեջանի դիրքորոշումն է ավելի ակնհայտ ու տեսանելի է դառնում։