Լրահոս
Առողջապահական
16:47
13.09.24
436

Այրվածքի վրա մի քսեք ձեթ, ձու, մածուն, դրա պատճառով ունեցանք երեխայի մահվան դեպք. Հովհաննիսյան

Img default alt hy

ՀՀ ԱՆ այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե թեթև այրվածքների դեպքում մինչ բժշկին դիմելն առաջին բուժօգնության ինչ կանոններ կան, որոնց մարդիկ կարող են հետևել, ասաց, որ առաջին հերթին հարկավոր է փորձել հնարավորինս հեռու մնալ բարձր ջերմաստիճանի աղբյուրից կամ այն գործոնից, որն առաջացրել է այրվածք։

«Երկրորդը ծորակի՝ ոչ սառնարանային ջերմաստիճանի ջրով մաշկի այրված հատվածը լվանալն է։ Երբեք չի կարելի օգտագործել շատ ցածր ջերմաստիճանի ջուր, քանի որ դրանով կխորացվեն սնուցման խնդիրները։ Ոչ մի դեպքում չի կարելի քսել տարբեր քսանյութեր, ձեթ, կենդանական ճարպեր, ձու, ատամի մածուկ, մածուն, թթվասեր և այլն։ Կարող են քաղաքացիներն ասել՝ մենք օգտագործել ենք, օգնել է։ Բնականաբար, շատ թեթև դեպքերում ոչինչ չանելով կարող ես ունենալ դրական արդյունք, բայց լինում են դեպքեր՝ միջին ծանրության կամ երկրորդ աստիճանի այրվածքներ, որոնք մշակվում են մածունով, և խորացված, ծանր վիճակում դիմում են մեր կենտրոն: Ցավոք սրտի, բավականին ակտիվ գործում են տարատեսակ «մասնագետներ», որոնք բուժում են այրվածքներն ու մեծ արդյունքներ են խոստանում, բայց ընդամենը շուրջ վեց ամիս առաջ մենք ականատես եղանք դեպքի, երբ բավական փոքր մակերեսով այրվածքի պարագայում ունեցանք երեխայի մահվան ելքով դեպք նմանատիպ ժողովրդական մեթոդներին դիմելու պատճառով»,- հավելեց նա։