Լրահոս
Հասարակական
13:15
23.01.23
179

Արտակարգ պատահար՝ Լոռու մարզում․ հիվանդանոց տեղափոխված կնոջ վիճակը կայուն ծանր է

Img default alt hy

Պայթյունի հետևանքով հիվանդանոց տեղափոխված կնոջ վիճակը գնահատվում է կայում ծանր, շարունակում է ստանալ անհրաժեշտ բուժօգնություն: Այս մասին հայտնում են Վանաձորի բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից։

«Կինը շտապ բուժօգնության մեքենայով Վանաձորի բժշկական կենտրոն էր ընդունվել հունվարի 22-ին’ ժամը 20:45-ի սահմաններում, ծայրահեղ ծանր, շոկային վիճակում:

Տուժածի մոտ հայտնաբերվել է աջ վերին վերջույթի տրավմատիկ սուբտոտալ ամպուտացիա՝ պրոֆուզ արյունահոսությամբ, մարմնի տարբեր հատվածներում առաջին և երկրորդ աստիճանի այրվածքներով, վերին ծնոտի և վերին շրթունքի վնասվածքներով:

Անմիջապես տեղափոխվել է վիրահատարան, հերթապահ բուժանձնակազմի և հրավիրված նեղ մասնագետների կողմից ցուցաբերվել անհրաժեշտ բուժօգնություն:

Ելնելով վնասվածքի բարդությունից և խորհրդակցելով համապատասխան ավագ մասնագետների հետ, կնոջ վնասված վերջույթի պահպանելը համարվել է անհեռանկարային, որոշում է կայացվել ամպուտացնել՝ ելնելով վնասվածքի բարդությունից:

Կատարվել է աջ վերին վերջույթի վերջնական անդամահատում, վերքի առաջնային վիրաբուժական մշակում, արյունահոսության դադարեցում, ծայրատի ձևավորում: Դիմածնոտային վիրաբույժի կողմից կատարվել է վերին ծնոտի և վերին շրթունքի վերքի առաջնային վիրաբուժական մշակում, այրվածքների մշակում:

Պացիենտը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք: Վիճակը գնահատվում է կայուն ծանր:

Շարունակում է ստանալ անհրաժեշտ բուժօգնություն:
Մեկ անգամ ևս հորդորում ենք՝ հատկապես տարվա այս սեզոնին, խստորեն պահպանել անվտանգության կանոնները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ հունվարի 22-ին, ժամը 20:22-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արջուտ կայարանի 35-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել ջեռուցման համակարգի պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման․ կա տուժած։

Պարզվել է, որ տեղի է ունեցել ինքնաշեն գազի կաթսայի պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման։

Փրկարարներն Ա․ Մ․-ին (ծնված 1971 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր։