Լրահոս
Իրավական
18:00
22.04.25
501

Արցախի քա՞նի կայք է փակվել Հայաստանի ԱԱԾ-ի կողմից, ի՞նչ պատճառով․ ԱԱԾ-ի պատասխանը՝ Yerevan.Today-ին

Img default alt hy

Yerevan.Today-ը օրերս պարզել էր, որ Արցախի Հանրապետության պետական կառույցների պաշտոնական կայքէջերը՝ Nankr.am-ը (ԱԺ), Nkr.am-ը (ԱԳՆ), Nkrgov.am-ը (Կառավարություն), Milnkr.am-ը (ՊԲ) և այլն, այլևս չեն գործում։

Արցախի տեղեկատվական շտաբից Yerevan.Today-ին հայտնել էին, որ պաշտոնական էջերը փակվել են Հայաստանի ԱԱԾ-ի կողմից 2024 թվականի փետրվարին՝ Արցախի ամբողջական հանձնումից մի քանի ամիս անց:

Yerevan.Today-ը հարցում էր ուղարկել ԱԱԾ՝ խնդրելով նշել՝ քա՞նի կայք է փակվել Հայաստանի ԱԱԾ-ի կողմից, ո՞ր կայքերն են, ե՞րբվանից է դադարեցվել կայքերի հասանելիությունը, ի՞նչ պատճառով։ Անհրաժեշտության դեպքում վերականգնել հնարավո՞ր է, թե՞ ոչ։

Օրենքով նախատեսված ժամկետի զգալի խախտմամբ, ԱԱԾ-ին կրկին դիմելուց հետո, ի վերջո, ստացանք հետևյալ պատասխանը․ «ՀՀ կառավարության 2013 թ. դեկտեմբերի 26-ի «Ինտերնետ ցանցում պետական մարմինների պաշտոնական կայքերին ներկայացվող նվազագույն պահանջները հաստատելու մասին» թիվ 1521-Ն որոշման համաձայն` ՀՀ ԱԱԾ–ի կողմից իրականացվում են համապատասխան աշխատանքներ ՀՀ պետական մարմինների պաշտոնական կայքերի անվտանգության ապահովման ուղղությամբ»։

Պետի տեղակալ Ս․ Գևորգյանը, ցավոք, մեր 5 հարցերից 4-ն անտեսել է, իսկ մեկին էլ ընդամենը մասամբ է վերաբերում պատասխանը։