Լրահոս
Իրավական
23:40
18.10.25
1 420

Արբիտրաժի որոշումը կատարելուց հրաժարվելը հայ հարկատուների վրա կարող է 700 մլն դոլար փոխհատուցում արժենալ․ փաստաբան

Img default alt hy

Հայաստանի իշխանությունների կողմից ՀԷՑ–ի վերաբերյալ Ստոկհոլմի արբիտրաժի որոշումը կատարելուց հրաժարվելը հայ հարկատուների վրա կարող է 500-700 մլն դոլար արժենալ, որը դատարանի կողմից կնշանակվի որպես փոխհատուցում: Sputnik Արմենիայի փոխանցմամբ՝  նման գնահատական է հնչեցրել իրավաբան, միջազգային իրավունքի փորձագետ և արդարադատության նախկին փոխնախարար Արամ Օրբելյանը։

Ավելի վաղ Օրբելյանը հայտնել էր, որ ՀՀ կառավարությունն ավելի քան 3.2 միլիոն դոլար է ծախսելու Ստոկհոլմի արբիտրաժային դատարանում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հայցից պաշտպանվելու համար, մինչդեռ կարելի էր խուսափել այդ հսկայական ծախսերից՝ միջանկյալ դատական ակտը կատարելով․ չկատարելը ընդամենը բերելու է նրան, որ վերջնական վճիռն ուղղակի ավելի ծանր գին է արժենալու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար։

«Հայաստանի Հանրապետությունը, որքան հասկանում եմ, վարձել է «Foley Hoag» ընկերությանը, խոսքը 3 մլն դոլարից մի փոքր ավելի գումարի մասին է։ Դրանք արբիտրաժային վարույթի ծախսերն են, չհաշված լրացուցիչ ծախսերը՝ արբիտրների, թարգմանչի ծառայությունների և այլնի համար։ Ընդհանուր առմամբ գումարը կարող է հասնել 500 հազար դոլարի` կախված հանգամանքներից։ Այսպիսով, միայն իրավաբանական ծախսերը կկազմեն մինչև 4 մլն դոլար»,-  նշել է Օրբելյանը։

Նա ընդգծել է, որ Ստոկհոլմի արբիտրաժը վերջնական վճիռ դեռ չի կայացրել: Առայժմ միջանկյալ որոշում կա, որով արբիտրաժը Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրել է չվատթարացնել իրավիճակն այնքան ժամանակ, քանի դեռ չի պարզվել, թե արդյոք «Հայաստանի էլեկտրական ցանցերի» շուրջ ընթացող գործընթացները և ընդունված օրենքները կարող են համարվել միջնորդավորված ազգայնացում և հայ-կիպրական պայմանագրերով նախատեսված երաշխիքների խախտում:

Հայաստանի Հանրապետությունը հրաժարվել է կամավոր կատարել այդ որոշումը, սակայն, ըստ Օրբելյանի, դա նույնն է, ինչ եթե Հայաստանի քաղաքացիների միջև դատական գործընթացում կողմերից մեկը հրաժարվի կատարել դատարանի վճիռը: Իրավաբանն ընդգծեց, որ արբիտրաժի վճռի կատարումից խուսափելն ավելի շուտ քրեական պատասխանատվության, քան քաղաքացիական-իրավական հարթության մեջ է:

«Ուզում եմ, որ բոլորը հասկանան։ Չկատարելն անհետևանք չի մնա։ Պետությունը ստիպված կլինի փոխհատուցել վնասը․ դա պաշտպանության հիմնական միջազգային մեխանիզմն է։ Այսինքն մենք՝ հարկատուներս, ստիպված ենք լինելու վճարել 500, 600, 700 մլն դոլար, որովհետև պետական պաշտոնյան որոշել է լիազորությունները գերազանցելով, օրենքը խախտելով, հանցագործություն կատարելով չկատարել արբիտրաժի վճիռը»,-ասել է Օրբելյանը։

Միաժամանակ նա նկատեց, որ փոխհատուցումը վճարելու կարիք չէր լինի, եթե Ստոկհոլմի արբիտրաժի որոշմանը համապատասխան դադարեցվեր Ռոմանոս Պետրոսյանի գործունեությունը ՀԷՑ-ի պետական կառավարչի պաշտոնում և պետությունը չխառնվեր «Հայաստանի էլեկտրական ցանցերի» աշխատանքներին:

Սակայն հիմա, երբ ՀԷՑ-ի դեմ քայլեր են կատարվել, արբիտրաժը փոխհատուցում կնշանակի, եթե նույնիսկ պետությունը պնդի, որ վնասը տեղական օրենքների կատարման հետևանքով է առաջացել։