Լրահոս
Հայաստան
16:30
19.03.22
2 187

Ապրիլ-մայիս ամիսներին Ադրբեջանը կարող է անցնել հարձակման․ Հրանտ Բագրատյան

Img default alt hy

Ռուս-ուկրաինական հակամարտությունը կարող է հարմար առիթ հանդիսանալ, որպեսզի Ադրբեջանն անցնի հարձակման, լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

«Իրենք առիթ են ման գալիս հարձակվելու համար, լավ առիթ կարող է լինել ռուս-ուկրաինական պատերազմը։ Եղանակների տաքացմանը զուգընթաց՝ ապրիլ-մայիս ամիսներին Ադրբեջանը կարող է անցնել հարձակման։

Հայտնի փաստ է, որ թուրքերը լեռներում՝ ցեխերի մեջ չեն կռվում։ Այսքան ժամանակ մեկ անգամ են թուրքերը ձմեռային եղանակի ժամանակ հարձակման անցել՝ 1993 թվականի դեկտեմբերին Քելբաջարում»,- ընդգծել է Բագրատյանը։

Նախկին վարչապետը կարծում է, որ պետք է ամեն կողմից պաշտպանական ամուր համակարգ ստեղծել, հակառակ դեպքում՝ փորձերը թուրքերի հետ հարաբերությունների կարգավորման ձախողված են։

«Այս իշխանությունը հավատում է, որ Ադրբեջանի և Թուրքիայի հետ քաղաքական պայմանավորվածությունները բավարար են մեր սուվերեն տարածքը պաշտպանելու համար։

Հայաստանի իշխանությունը ի զորու չէ զուգորդել քաղաքական ջանքերը ռազմականի հետ։ Ամենալավ փաստաթղթերը ստորագրեք, ոչ մի բան չի բերելու»,- ընդգծել է Հրանտ Բագրատյանը։

Նախկին վարչապետն առաջարկել է ստեղծել ռազմականացված բնակավայրեր, ինքնապաշտպանական դասեր անցկացնել մեծահասակ կանանց և տղամարդկանց հետ, կառուցել կապսուլներ։

«Կապսուլները բետոնյա կառույցներ են, որոնց «Բայքրաքթար»-ը որքան էլ խփի, չի վնասի։ Երեխեքին խրամատը չի պաշտպանում»,- եզրափակել է Բագրատյանը։