Լրահոս
Միջազգային
15:03
23.12.22
72

ԱՄՆ-ը դաշնակիցների հետ ուշադիր հետևում Է Չինաստանի և Ռուսաստանի ծովային զորավարժություններին

Img default alt hy

ԱՄՆ զինված ուժերը տարածաշրջանում դաշնակիցների և գործընկերների հետ միասին ուշադիր հետևում են Արևելաչինական ծովում Չինաստանի և Ռուսաստանի ռազմածովային զորավարժություններին, հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի Հնդկախաղաղօվկիանոսյան հրամանատարությունը, հայտնում է ТАСС գործակալությունը։

«Մեր դաշնակիցների և գործընկերների հետ ուշադիր հետևում ենք Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ռազմական գործունեությանը Հարավչինական և Ֆիլիպինյան ծովերում, ինչպես նաև Արևելաչինական ծովում շարունակվող ռուս-չինական զորավարժություններին »,-ասված է հրամանատարության հայտարարության մեջ։

Զինվորականները նշել են, որ Միացյալ Նահանգները շարունակում է գործողությունները տարածաշրջանում «խաղաղություն և կայունություն պահպանելու» համար և ձգտում է ապահովել միջազգային իրավունքի իրացումը, այդ թվում՝ «նավարկության և թռիչքների ազատությունը, ինչպես նաև անխոչընդոտ առևտրի պահպանումը»:

«Ծովային փոխգործակցություն» ռուս-չինական համատեղ ռազմածովային զորավարժությունները տեղի են ունենում դեկտեմբերի 21-ից 27-ը: Ռուսաստանի ռազմածովային ուժերը զորավարժություններում ներկայացնում են Խաղաղօվկիանոսյան նավատորմի դրոշակակիր «Վարյագ» հրթիռակիր հածանավը, «Մարշալ Շապոշնիկով» ֆրեգատը, «Ռուսաստանի Դաշնության հերոս Ալդար Ցիդենժապով» և «Սովերշեննի» 20380 նախագծի կորվետները: Չինաստանի ժողովրդական-ազատագրական բանակի ռազմածովային ուժերից ներգրավված են երկու Էսկադրային ականակիր, երկու պահականավ, համալիր մատակարարման նավ, ինչպես նաև դիզելային սուզանավ։

Բացի նավերից, զորավարժություններում ներգրավված են Խաղաղօվկիանոսյան նավատորմի ծովային ավիացիայի և Չինաստանի ժողովրդական-ազատագրական բանակի ռազմածովային ուժերի ինքնաթիռներ և ուղղաթիռներ: