Լրահոս
Քաղաքական
13:20
18.09.25
370

Ամիսներ առաջ ենք քննարկել Արարատի պատկերը ելքի կնիքից հանելու հարցը. Փաշինյան

Img default alt hy

ՀՀ կառավարության որոշումը՝ Արարատ լեռան պատկերը վիզայի կնիքի վրայից հեռացնելու վերաբերյալ, պայմանավորված չէր Թուրքիայի պահանջներով։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ինչ վերաբերվում է անձնագրերի դրոշին, այդ խնդիրը շրջանառության մեջ է դրվել ամիսներ առաջ։ Հայաստան-Թուրքիա որևիցե բանակցության մեջ նման հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել։ Անվտանգության մեր ռազմավարության մեջ առանցքային է լեգիտիմության գործոնը։ Մենք ինքներս պիտի ճանաչենք և ճանաչում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը իր միջազգային ճանաչված տարածքով։ Մենք ունենք ռազմավարություն ապահովելու մեր պետության հարատևությունը։ Իսկ դրա համար պետք է պետությունը դնենք ճիշտ աէրոդինամիկայի մեջ»,- ասել է Փաշինյանը։

Հիշեցնենք՝ 2025 թվականի նոյեմբերի 1-ից ՀՀ մուտքի կամ ելքի սահմանահատման կնիքի վրա այլևս չի լինելու Արարատ լեռան պատկերը, չեն լինելու նաև այլ տեղեկություններ, բացառությամբ սահմանահատման վերաբերյալ: Գործադիրն այս որոշումն ընդունել է սեպտեմբերի 11-ին։