Լրահոս
Քաղաքական
11:42
10.11.22
285

Ալիևը փորձում է կառուցողական երևալ՝ հայտարարելով, որ ԼՂ հայերն Ադրբեջանի քաղաքացիներ են․ Փաշինյան

Img default alt hy

Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է, որ 2022թ-ի նոյեմբերի 8-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արած հայտարարությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Ադրբեջանի իշխանությունների աշխարհաքաղաքական հավակնությունները շարունակում են սպառնալիք լինել Հարավային Կովկասի և տարածաշրջանի անվտանգության և կայունության համար։ 

«Միջազգային հանրությանն ուղղված անհասցե և Հայաստանին ուղղված հասցեական մեղադրանքներով լեցուն այդ ելույթը, որտեղ Ադրբեջանի նախագահը փորձ է անում  պայմանավորվածությունները և պարտավորությունները չկատարելու մեջ մեղադրել Հայաստանին և մեր կառավարությանը, փաստում է տրամագծորեն հակառակը։ Ընդ որում Ալիևի հայտարարությունները հնչում են Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման և հավանական խաղաղության պայմանագրի քննարկումների հենց հաջորդ օրը, երբ կողմերի պատվիրակությունները դեռ չէին էլ հասցրել վերադառնալ իրենց մայրաքաղաքներ։

Տխրահռչակ այդ ելույթով Ադրբեջանի ղեկավարությունը կոպտորեն խախտել է օրեր առաջ՝ հոկտեմբերի 31-ին Սոչիի եռակողմ հայտարարությամբ արձանագրված գրավոր պայմանավորվածությունը՝ ուժի կիրառումից ձեռնպահ մնալու մասին։ Ի հեճուկս Սոչիի և Պրահայի հայտարարությունների՝ Ադրբեջանի ղեկավարը բարձրաձայնում է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ունեցած նկրտումների մասին, հայաստանյան մի շարք բնակավայրերի անվանումների ու այլանունների սպառնալից օգտագործմամբ խաղաղ բնակչությանն ահաբեկելու մղումով։

2020թ-ի դեկտեմբերին Ադրբեջանը ապօրինի կերպով օկուպացրել է ԼՂ Խծաբերդ և Հին Թաղեր բնակավայրերը և հարակից տարածքները՝ ի հեճուկս նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, համաձայն  որի ԼՂ տարածքում իրականացվում է կրակի ամբողջական դադարեցում և կողմերը մնում են իրենց զբաղեցրած դիրքերում»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ Ադրբեջանը նման օկուպացիա իրականացրել է նաև 2022թ-ի մարտին՝ ներխուժելով խաղաղապահների պատասխանատվության գոտի, խախտելով նոյեմբերի 9-ով սահմանված շփման գիծը, հիմա Ադրբեջանի նախագահը հպարտությամբ դա անվանում է «օպերացիա Փառուխ»։

«Ադրբեջանը գրեթե ամենօրյա ռեժիմով խախտում է հրադադարը, զուգահեռաբար հայտարարելով, որ ԼՂ գոյություն չունի, այս պնդումը նոյեմբերի 9-ի հայտարարության կոպտագույն խախտում է։ Նաև Ադրբեջանի կողմից հիշատակված այդ փաստաթղթում 4 անգամ հիշատակվում է ԼՂ անունը։

Ադրբեջանը մինչ օրս քայլեր չի ձեռնարկել նաև ԼՂ բնակչության ներկայացուցիչների հետ միջազգային հանրության համար տեսանելի երկխոսություն սկսելու ուղղությամբ, ինչի վերաբերյալ պարտավորություն է ստանձնել միջազգային մի շարք հարթակներում, զուգահեռաբար փորձ է արվում կառուցողական երևալ և հայտարարում է, որ ԼՂ հայերը իրենց քաղաքացիներն են և նրանց իրավունքներն ու անվտանգությունը երաշխավորված է:

Թե որքանով է այս պնդումը համապատասխանում իրականությանը, կարելի է ապացուցել՝ ստուգելով, թե Ադրբեջանը ինչ պայմաններ է ստեղծել Հադրութի և ԼՂ այլ տարածքների հազարավոր բնակիչների անվտանգ վերադարձի համար, այս ուղղութայմբ ոչ մի քայլ չի ձեռնարկվել»։