Լրահոս
Արցախ
11:00
14.08.22
223

Ալիևը չի էլ թաքցնում, որ ինքն ագրեսոր է․ միջազգային հանրությունը լուռ է. Բաբայան

Img default alt hy

Իհարկե, Ադրբեջանի կազմում մենք չենք ունենալու ոչ մի բան, Արցախն առհասարակ վերանալու է, եթե հանկարծ հայտնվեց Ադրբեջանի կազմում, սա շատ պարզ ճշմարտություն է, որն ապացուցվել է պատմության մեջ: Այս մասին Արցախի Հանրային ՀԸ-ն հետ զրույցում ասել է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը:

«Հետևաբար բոլորս պետք է շատ լավ հասկանանք և հանկարծ չխաբնվենք և չմտածենք, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է նման տարբերակով»,-ասում է նա:

Բաբայանի խոսքով` անկողմնակալ վերաբերմունքի դեպքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նման հայտարարության համար միջազգային կառույցների կողմից պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեր:

«Իհարկե, Ալիևը չի էլ թաքցնում` ինքը սկսել է պատերազմը, ինքն ագրեսոր է, ինքը կոպտորեն խախտել է միջազգային իրավունքը, հանդիսանում է նաև ցեղասպան քաղաքականության իրականացնող, հետո ինչ: Մենք տեսնում ենք, որ միջազգային հանրությունը պապանձված է, լուռ է, մենք տեսնում ենք` այն կազմակերպությունները, որոնք պետք է ահազանգեն, նույնպես պապանձված ևլուռ են: Այն, որ Արցախի հարցը Ադրբեջանի ներքին խնդիրը չէ, դա շատ ակնհայտ է ու պարզ է և դրա մասին փաստում են բոլոր միջազգային փաստաթղթերը, այդ թվում նաև այդ չարաբաստիկ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը: Բնական է, որ այսպիսի հայտարարություններով Ալիևը փորձում է տապալել միջազգային կարգավորման գործընթացը, բայց չեմ կարծում, որ դա իրեն կհաջողվի»,-ասել է Բաբայանը:

Նշենք, որ Ալիևի այս հայտարարութուններին արձագանքել է միայն Ստեփանակերտը, պաշտոնական Երևանը դեռ լուռ է:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ Ղարաբաղում ապրող հայերը չեն ունենա ո՛չ կարգավիճակ, ո՛չ անկախություն, ո՛չ հատուկ արտոնություններ, կլինեն Ադրբեջանի սովորական քաղաքացիներ: