Լրահոս
Հայաստան
12:00
18.03.22
117

Վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննությունները ապրիլի 11-ից կանցկացվեն նոր հարցաշարով

Img default alt hy

2020 թ. մարտի 26-ի ՀՀ կառավարության որոշմամբ, որը ուժի մեջ է մտել անցած տարվա հունվարի 1-ից, Հայաստանի Հանրապետությունը միացել է Եվրամիության անդամ-երկրների՝ վարորդական իրավունքի վկայականների ներկայացվող օրինակելի ձևը, վարորդական իրավունքի վկայական ստանալու համար տեսական և գործնական քննությունների կարգը, դիմումատուի առողջական չափանիշները և անհրաժեշտ բոլոր իրավական կարգավորումները սահմանող Եվրապառլամենտի և Եվրախորհրդի ընդունած հրահանգին։

Համաձայն նոր կարգի՝ վարորդական իրավունքի վկայական ստանալու համար նախատեսվել է տեսական քննությունների անցկացումը, բացի հայերեն լեզվից, հնարավոր դարձնել նաև անգլերեն, ռուսերեն, պարսկերեն և արաբերեն լեզուներով։ Մեծացել է գիտելիքների ստուգման թեստերի հարցաշարը՝ նախկինում եղած քննական 600 հարցին ավելացվել է ևս 500-ը։ Տեսական քննության 10 հարցի փոխարեն սահմանվել է 20 հարց, իսկ քննության 15 րոպե տևողության փոխարեն՝ 30 րոպե։

Հարցաշարի հարցերի ավելացումը նպատակ ունի հնարավորինս բացառել տարբեր հարցատոմսերում նույն հարցի կրկնությունը։

Նոր հարցաշարերն արդեն ոստիկանության պաշտոնական՝ police.am կայքում են։ Հարցաշարերը հասանելի են հայերեն, անգլերեն, ռուսերեն, պարսկերեն և արաբերեն ։ Նոր հարցաշարերի գործարկմամբ քննությունները կանցկացվեն ապրիլի 11-ից։